«Անկլավների թեման կքննարկվի միայն սահմանազատումից հետո»․ կարծիքներ Երևանից
Փաշինյանը խոսում է Արծվաշենի վերադարձից
«Սահմանազատման հետ կապված, այդ թվում՝ անկլավային հարցերով որևէ էական նորություն չկա։ Հանձնաժողովների հանդիպում վերջին շրջանում չի եղել և նոր զարգացումներ չկան»,- Հայաստանի խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու աբսուրդային որակել «զիջումների գնալու» մասին ընդդիմադիրների պնդումները։
Ինչպե՞ս է լուծվելու ռազմավարական ճանապարհների խնդիրը ադրբեջանական անկլավների վերադարձ պարագայում։ Բանն այն է, որ տավուշյան անկլավների փոխանցման դեպքում Ադրբեջանին կանցնի Հայաստանը Վրաստանին կապող մայրուղու ավելի քան երկու կիլոմետրըб ինչպես նաև Իրանի հետ կապող ճանապարհի մի հատվածը։ Ռուբինյանն այս հարցին պատասխանել է․ անկլավներին առնչվող բոլոր հարցերը պետք է քննարկվեն սահմանազատման հանձնաժողովներում։
«Կողմերը կորոշեն՝ ինչպես անդրադառնալ այդ հարցերին։ Տեսականորեն, եթե փոխանակման որոշում լինի, դա հնարավոր է անել միայն հանրաքվեով»,- ասել է նա։
Անկլավների վերադարձի/փոխանակման շուրջ քննարկումները երկրում ակտիվացվել են Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունից հետո։ Այխան Հաջիզադեն խոսել էր ադրբեջանական 4 անկլավների վերադարձի մասին և նշել, որ հարցը Բաքվի ուշադրության կենտրոնում է։
«Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»,- ֆեյսբուքյան էջում գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, այդ կերպ արձագանքելով Ադրբեջանից հնչող հայտարարություններին։
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր՝ «Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քյարքի գյուղի վերադարձը Ադրբեջանին միշտ էլ գերակա խնդիր է»։ Հաջիզադեն նշեր էր նաև, որ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի շրջանակում։
Անկլավների (Տիգրանաշեն՝ Քյարքի, Վերին Ասկիպարա, Սոֆուլու և Բարխուդարլու) հնարավոր վերադարձի թեման ՀՀ-ում մտահոգության տեղիք է տալիս, քանի որ եթե դրանք չփոխանակվեն, այլ վերադարձվեն Ադրբեջանին, ադրբեջանական վերահսկողության տակ կհայտնվեն Հայաստանը Վրաստանին և Իրանին կապող ռազմավարական նշանակության ճանապարհների մի քանի հատվածներ։
Նախորդ տարի՝ դեռևս սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հաստատումից առաջ Հայաստանն Ադրբեջանին վերադարձրեց հայկական վերահսկողության տակ գտնվող չորս գյուղ: Հայտարարվեց, որ սահմանազատվել է Տավուշի մարզի շուրջ 12 կմ-անոց հատվածը։ Գործընթացի շարունակությունը, սակայն, գետնի վրա դեռ տեսանելի չէ։ Ակնկալվում է, որ սահմանազատման աշխատանքներն առաջնահերթ տեղի կունենան Սյունիքի մարզում՝ այն հատվածում, որտեղով անցնելու է «Թրամփի ուղին»։
- «Հետ գնալու դեպքում քարտեզներում չենք տեսնի Ադրբեջանը»․ արձագանք Ալիևին
- «Ալիևը տորպեդահարում է Թրամփի նախաձեռնած խաղաղության գործընթացը»․ հայ քաղաքագետ
- Սահմանազատումը կշարունակվի Տավուշի մարզում․ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են
«Չենք կարող չխոսել Արծվաշենի մասին, մեր տարածքն է»
Նման արձանագրում է արել Աժ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Արծվաշենը մեր տարածքն է։ Ես սահմանադրորեն պարտավորված եմ խոսել Արծվաշենի վերադարձի անհրաժեշտության մասին, որովհետև դա մեր տարածքն է։ Չեմ կարող չխոսել Արծվաշենի մասին։ Ընդ որում, ոչ միայն Արծվաշենի, Ջերմուկում հատվածներ կան, Սյունիքում, Տավուշում»,- նշել է նա։
Իշխանական պատգամավորի հիշեցրել է՝ վարչապետը խոսել է Արծվաշենի և այլ տարածքների մասին, որոնց Հայաստանին պատկանելիության «մասին որևէ կասկած չունենք»։
«Փոխանակման հարցն այս փուլում չի կարող դիտարկվել»
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի փոխանցմամբ՝ անկլանվերի հարցը պետք է հասցեագրվի սահմանազատման գործընթացի շրջանակներում.
«Թաքցնելու որևէ թեմա չկա։ Փոխանակման հարցն այս փուլում չի կարող դիտարկվել, որովհետև նախ պետք է անկլավները սահմանազատվեն։ Թե երբ դա տեղի կունենա, հայտնի չէ, քանի որ սահմանազատման գործընթացը դեռ պետք է շարունակվի, և այն ունի իր տրամաբանությունը»։
Խանդանյանն ասում է՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացն ունի մի քանի փուլ՝
- սահմանազատում,
- համապատասխան արձանագրությունների հաստատում,
- Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի մասին պայմանագրի կնքում և վավերացում,
- սահմանագծման աշխատանքների իրականացում։
«Հետո արդեն Հայաստանը և Ադրբեջանը պետք է որոշեն, թե ինչպես են անդրադառնալու անկլավների թեմային։ Եթե որևէ փուլում որոշվի, որ պետք է տարածքներով փոխանակվեն, ապա ՀՀ օրենսդրության համաձայն՝ դա չի կարող իրականացվել առանց հանրաքվեի։ Այդ հարցի համար պետք է հանրաքվե»,- արձանագրել է պատգամավորը։
Խոսելով սահմանազատման հանձնաժողովների ընթացիկ աշխատանքների մասին՝ Սարգիս Խանդանյանը հիշեցրել է, որ հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերին և վերաբերվել է «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծին։ Ենթադրում է՝ անկլավների հարցը կքննարկվի հետագա նիստերում։
«Այս հարցն ամբողջությամբ հանձնաժողովների տիրույթում է։ Այստեղ որևէ քաղաքական կամ աշխարհաքաղաքական ենթատեքստ չկա»,- հայտարարել է Խանդանյանը։
Կա «սահմանագծի օպտիմալացման» հնարավորություն
Երևանն ու Բաքուն սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը համաձայնեցրել են 2024 թ․-ի օգոստոսին։ Այդ փաստաթղթի համաձայն՝ կողմերը համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
Կանոնակարգն ունի 7 հոդված, որոնցում նկարագրված են գործընթացին վերաբերող տեխնիկական և բովանդակային մանրամասները։ Ըստ փաստաթղթի՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը սահմանազատման գործընթացում օգտագործելու են «բոլոր վերաբերելի քարտեզագրական փաստաթղթերը»
Սահմանվել է նաև, որ կողմերը կարող են դիտարկել սահմանագծի օպտիմալացման հնարավորություն, այդ թվում՝
- սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման,
- ինժեներական, էներգետիկ, տրանսպորտային և այլ ենթակառուցվածքների գործունեության ապահովման
- ջրային ռեսուրսների օգտագործման նպատակով։
Մեկնաբանություններ
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրել է․
«Արծվաշենի վերադարձը Հայաստանին, եթե հաջողվի, ապա կիրականանա միայն ադրբեջանական անկլավների հետ վերադարձի պայմաններով:
Արծվաշենը Հայաստանի հետ վերամիավորումը, իհարկե, ինքնին դրական իրողություն է, ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման առումով: Բայց այն ռազմավարական, տնտեսական կամ մյուս առումներով չի կարող համեմատվել այն կորուստների հետ, որ կարող է ունենալ Հայաստանը անկլավները հանձնելով Ադրբեջանին:
Լավագույն լուծումը գնալ դիվանագիտական ճանապարհով փոխհամաձայնության՝ Արծվաշենը և անկլավների հարցը հանել օրակարգից»։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ, պատմաբան Սուրեն Սուրենյանցը նկատել է․
«Արծվաշենի թեման երբեք չի եղել բանակցային օրակարգում, համենայն դեպս՝ Ադրբեջանի ընկալմամբ, մինչդեռ անկլավների հարցը վաղուց ընդգրկված է Ադրբեջանի պահանջների ցանկում։
Կարելի է եզրակացնել, որ Փաշինյանը կամ արդեն տվել է իր համաձայնությունը, կամ պարզապես հրաժարվել է դիմադրությունից։
Անկլավների վերադարձը Հայաստանի համար կարող է վերածվել անվտանգային և ինստիտուցիոնալ աղետի։
Դա նշանակում է.
- Ադրբեջանի իրավական և ֆիզիկական ներկայության վերականգնում Հայաստանի ներսում,
- սահմանային անկայունություն և լոգիստիկ ռիսկեր,
- հակամարտության տեղափոխում Հայաստանի տարածք՝ պետականության հիմքում ականներ տեղադրելով։
Սա տեսլական չէ խաղաղության մասին, սա ադրբեջանական վերահսկողության նոր մեխանիզմ է խաղաղության անվան տակ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանը խոսում է Արծվաշենի վերադարձից