«Մեզ է անհրաժեշտ, ոչ թե ուրիշներին»․ Փաշինյանը՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին
Փաշինյանը՝ Անկախության հռչակագրի և այլ հարցերի մասին
Հայաստանի Սահմանադրության փոփոխության շուրջ խոսակցությունը ՀՀ-ին է պետք, ներքին օրակարգի հարց է։ Ամենշաբաթյա ճեպազրույցում նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մայր օրենքը փոխելու պահանջ է առաջադրում Բաքուն՝ խաղաղության պայմանագրի կնքման համար։ Ադրբեջանը խնդրահարույց է համարում, մասնավորապես՝ նախաբանում արված հղումը Անկախության հռչակագրին, որտեղ խոսվում է ՀՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։
«Մենք դա [Սահմանադրության փոփոխության հարցը] արտաքին որևէ ուժի հետ չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու: Մենք դա քննարկում ենք մեր ժողովրդի հետ»,- վստահեցրել է վարչապետ Փաշինյանը։
Ճեպազրույցում վարչապետն անդրադարձել է նաև 2026 թ,-ի հունիսին կայանալիք ընտրություններին և ընդդիմադիր թեկնածուների նպատակներին, խոսել իշխող ուժի պարտության դեպքում հնարավոր հետևանքների՝ պատերազմի և ԶԼՄ-ների աշխատանքի խոչընդոտման մասին։
Կարևոր դրվագները՝ ստորև
- Ռոբերտ Քոչարյանը՝ վարչապետի թեկնածու․ ո՞վ կստանա ընդդիմության ձայների առյուծի բաժինը
- «Գլուխը պատին է տվել»․ ՀՀ-ում քննարկում են «միութենական պետության» առաջարկը
- ՔՊ-ն կհաղթի՞ 2026 թ․-ի ընտրություններում․ ArmES-ի հարցման արդյունքները
«Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է»
«Անկախության հռչակագրի խնդիրը և մեր Սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, որովհետև դա անհրաժեշտ է մեզ և ոչ թե ուրիշներին՝ մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա բնորոշմամբ՝ Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է․
«Պատկերացրեք՝ տեղափոխվել եք նոր բնակարան, ապրում եք մի ընդհանուր հարթակում, և սպառնում եք ձեր և՛ դիմացի, և՛ կողքի, և՛ մյուս կողքի հարևաններին՝ այդպիսով հռչակելով նաև անկախություն։ Դա ի՞նչ է նշանակում, ո՞նց եք այդ սպառնալիքների պայմաններում ապրելու այդ միջավայրում»։
Վարչապետ Փաշինյանի գնահատմամբ՝ այդ միջավայրում հնարավոր է ապրել միայն ու միայն արտաքին օգնություն ակնկալելով, ինչը «շարունակաբար ահագնացող կախվածության» մեջ է դնելու նրանից կամ նրանցից, ումից այդ օգնությունն ակնկալվում է:
Հերթական անգամ պնդել է՝ Սահմանադրության շուրջ ընթացող խոսակցությունը պետք է հենց Հայաստանին։ Հիշեցրել է երթևեկության կանոնների օրինակը, որ ներկայացրել էր ավելի վաղ։
«Երբ անընդհատ վրաերթի ենք ենթարկվում, մեզ հարց պիտի տանք՝ իսկ կարո՞ղ է դրա պատճառն այն, է որ գտնվում ենք փողոցի երթևեկելի մասում և չգիտենք երթևեկության կանոնները, հետիոտնային անցումի և լուսացույցների գործառնական նշանակությունը»,- նկատել է նա։
«Ուզում են լինել ֆորպոստի, ոչ թե պետության կառավարիչ»․ ընդդիմության մասին
Անդրադառնալով սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ Փաշինյանն արձանագրել է՝ եթե հաղթեն այն ուժերը, որոնք հանդես են գալիս «խաղաղության վերանայման» դիրքերից, ՀՀ-ում հնարավոր է նոր պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այդ հետևանքների շարքում Փաշինյանը նշել է ոչ միայն տարածքային, այլև ինքնիշխանության կորուստը․
«Այդ բոլոր ուժերը, ըստ էության, հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը նշանակում է անխուսափելի պատերազմ, ընդ որում՝ ընտրություններից շատ չանցած՝ մաքսիմալ աշնանը»։
Վարչապետքի գնահատմամբ՝ այդ ուժերի մի մասը չի հասկանում, թե ինչ է ասում, քանի որ տեքստերը գրվում են «ուրիշ տեղերում», իսկ նրանք ընդամենը «կարդացողի» կարգավիճակում են։ Քաղաքական ուժերի անուններ կառավարության ղեկավարը չի հնչեցրել, սակայն օրինակներից ենթադրելի է՝ խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին է։
«Նյուզ ֆիդումս տեսա «Ուժեղ խաղաղություն»․․․ կամ նախորդ օրը տեսնում եմ վերնագրեր՝ «Ներիր մեզ, Արցախ․․․մենք չգիտեմ ինչ կանենք»։ Այս ամենը խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու մասին է։ Խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու փորձը պատերազմ է։ Կամ ասում են՝ Արարատը մերն է, Դադիվանքը մերն է։ Դա պատերազմ է»,- մանրամասնել է նա։
Հարցին՝ իսկ ի՞նչ են շահելու պատերազմից ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք ուզում են իշխանության գալ, Փաշինյանը պատասխանել է․
«Իրենք պատերազմից շահելու են հետևյալը, որ լինելու են ֆորպոստի, այլ ոչ թե պետության կառավարիչ, որովհետև ժամանակը ցույց է տվել, որ դա իրենց ֆինանսապես ձեռնտու է»։
Վարչապետը հայտարարել է՝ «խաղաղության վերանայման» դիրքերից հանդես եկող 3 ուժերն էլ միլիարդների ունեցվածք ունեն Ռուսաստանում և Բելառուսում․
«Իրենց ասվել է՝ ուզում եք այդ ունեցվածքը պահել, աշխատեք, քրտնեք, վազեք, ձգվեք, упор лежа 30 անգամ։ Չեն կարողանալու։ Ես այնտեղ մարդ չեմ տեսնում, որ կարող է 30 անգամ ձգվել կամ 100 կմ հեծանիվ քշել»։
Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը նկատի ունի
- ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին,
- «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին (տնային կալանքի տակ է իշխանազավթման կոչ հնչեցնելու համար),
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, որին իշխանականներն անվանում են «տեղացի օլիգարխ»։
Ընդգծել է՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ակնկալում է ընտրությունների արդյունքում ստանալ սահմանադրական մեծամասնություն և ադպիսով խաղաղության գործընթացը դարձնել «լիարժեքորեն անշրջելի»։
«Չեք կարող մեր օգտին չքվեարկել, կմնաք անգործ»
Լրագրողներից մեկը նշել է, որ ճեպազրույցների ժամանակ սուր հարցեր հնչեցնելուց հետո ենթարկվում է հոգեբանական բռնության, ատելության խոսքի է արժանանում իշխող ուժի աջակիցների կողմից։
Արձագանքելով խոսքի ազատության իրավիճակի մասին հարցին՝ վարչապետ Փաշինյանը նշել է՝ կողմնապահություն է դրսևորվում, հակառակ պարագայում նկատելի կլինեին նաև իր ընտանիքի անդամների, մանկահասակ երեխաների և թիմակիցների թիրախավորման դեպքերը։
Վարչապետը կրկին անցում է կատարել ընտրությունների թեմային։ Նշել է, որ լրագրողներին վերաբերվում է որպես իրենց ընտրողի: Պնդել է, թե լրագրողների 90%-ը քվեարկելու է հենց իշխող ուժի օգտին։
«Դուք ուղղակի չեք կարող 2026 թ․-ի խորհրդարանական ընտրություններում մեր օգտին չքվեարկել, որովհետև հակառակ դեպքում դուք մինիմում մնալու եք անգործ, մաքսիմում ձեզ սպառնում է հաշմանդամություն՝ գուցե թեթև, եթե շարունակեք օգտվել ձեր խոսքի ազատության իրավունքից, ինչպես հիմա եք օգտվում»,- հայտարարել է Փաշինյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանը՝ Անկախության հռչակագրի և այլ հարցերի մասին