Տնտեսական ճգնաժամ Թուրքիայում. ոստիկանությունը վերահսկում է հացի գները
Երկար և ուժեղ անկումից հետո թուրքական լիրը վերջին շաբաթների ընթացքում սկսել է քիչ-քիչ բարձրանալ: Առաջին արձագանքն այդ գործընթացին ուրախությունն է և տեղի բնակչության և հարևան երկրների, այդ թվում՝ Կովկասի կողմից, որի տնտեսությունը բավականին սերտ է կապված թուրքականի հետ:
Սակայն փորձագետներն ասում են, որ Թուրքիայում տնտեսական ճգնաժամի ավարտի մասին խոսել, ցավոք, դեռ վաղ է:
• Թուրքիան՝ Էրդողանի և Գյուլենի միջև
• Ինչպե՞ս է թուրքական լիրի անկումն ազդում Հարավային Կովկասի երկրների տնտեսության վրա
• Ստամբուլ՝ քաղաք, որը բարձր է սուլթաններից ու նախագահներից
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը պնդում է, որ իրականում Թուրքիայում ոչ մի տնտեսական ճգնաժամ էլ չկա, իսկ այն ամենն, ինչ տեղի է ունենում, ԱՄՆ կառավարության և անձամբ Դոնալդ Թրամփի մեքենայությունների արդյունք է:
Սակայն ընդդիմությունը վստահ է, որ երկրում ստեղծված ներկայիս իրավիճակի միակ պատճառն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության 16 տարվա ձախողված գործունեությունն է:
Իրադարձություն, որն ուղեկցում է դոլարի անկումն ու լիրի արժեվորումը
2018թ-ի հոկտեմբերի 12-ին Իզմիր քաղաքում դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին: Նրան կալանավորել էին 2016թ-ի հուլիսի 15-ին՝ Թուրքիայում հեղաշրջման փորձից անմիջապես հետո, և մեղադրել ԱՄՆ օգտին լրտեսության համար:
Եվ քանի որ Բրանսոնն այս երեք տարին կալանքի տակ էր անցկացրել նախնական հետաքննության ժամանակ, նրան ազատ էին արձակել դատարանի դահլիճից: Հատուկ ինքնաթիռով նա միանգամից մեկնել էր Գերմանիա, այնուհետև՝ Վաշինգտոն, որտեղ Սպիտակ տանը հանդիպել էր ԱՄՆ նախագահին:
Ժամանումից անմիջապես հետո հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ պատահական չէր: 2018թ-ի ապրիլի 17-ին Թրամփը Թվիթերում ի պաշտպանություն Բրանսոնի գրառում էր կատարել:
«Պաստոր Էնդրյու Բրանսոնը հիանալի ջենթլմեն է և Միացյալ նահանգների քրիստոնյա առաջնորդ, որը Թուրքիայում առանց որևէ պատճառի քննության տակ է և հետապնդվում է: Նրան լրտես են անվանում, սակայն ես ավելի շատ լրտես եմ, քան նա: Հույս ունեմ, որ նրան թույլ կտան վերադառնալ տուն՝ իր հիանալի ընտանիք»:
Թրամփի այս հայտարարությունից հետո Թուրքիայում տնտեսական ճգնաժամն էլ ավելի խորացավ, իսկ լիրի փոխարժեքը էլ ավելի մեծ անկում ապրեց:
Դոնալդ Թրամփն ընդհուպ մինչև դատավճռի կայացումը շարունակում էր թուրքական իշխանություններին հաղորդագրություններ ուղարկել պաստոր Էնդրյու Բրանսոնի վերաբերյալ: Սկզբում դրանք կտրուկ արտահայտություններ էին, օրինակ՝ «Քանի դեռ ես այս պաշտոնին եմ, դուք չեք ստանա այդ ահաբեկչին»:
Հետո Էրդողանը սկսեց ավելի զուսպ խոսել՝ հետևյալ մեսիջով. «Թուրքիայում դատարանն անկախ է, և որոշումը նա է կայացնելու»:
Բրանսոնի՝ ԱՄՆ վերադառնալուց անմիջապես հետո մի փոքր բարելավվեց դոլարի հանդեպ լիրի փոխարժեքը. մեկ դոլարի դիմաց 6,07 լիրը դարձավ 5,61 լիր՝ մեկ դոլարի դիմաց:
• Մեկնաբանություն: Ինչո՞ւ Թրամփը ոչ ոքի չի վստահում
• Իսրայելի պաշտպանության նախարարն այցելել է Վրաստան և Ադրբեջան: Ինչո՞ւ նա Հայաստան չի այցելել
• Վրաստանի քաղաքացիները Եվրոպայում. առանց վիզայի, առանց ապաստանի
Ինչպե՞ս էր ամեն ինչ սկսվում
Դոլարի գինը Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ 4 լիրի հասավ մինչ այն պահը, երբ Թրամփն ուշադրություն հրավիրեց Բրանսոնի պատմության վրա: Դա 2018թ-ի ապրիլին էր: Այդ ժամանակ էլ հենց սրվեց ներքաղաքական իրավիճակը:
Թուրքիայում հերթական ընտրություններին դեռ մեկ տարուց ավել ժամանակ կար: Սակայն Էրդողանը որոշեց արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնել. և անցկացրեց դրանք հունիսի 24-ին՝ իր համար ծայրահեղ դրական արդյունքով:
Քաղաքական այս իրադարձությունները երկրում ուղեկցվում էին դոլարի անսպասելի և կտրուկ աճով: Արդեն մայիսին մեկ դոլլարն արժեր 4,50 լիր:
Քաղաքական ավտորիտարիզմի ազդեցությունը տնտեսության վրա
2008թ-ին Թուրքիայում դոլարի փոխարժեքը 1,15 լիր էր: Այն ժամանակ երկրում տնտեսության ազատականացման միտում կար:
Սակայն Էրդողանն ավելի ու ավելի ավտորիտար էր դառնում, և արդյունքում պետական կառուցվածքի այնպիսի համակարգ ստեղծեց, որում քաղաքական քայլերն ուղղակիրոեն ազդում են տնտեսության վրա:
Հենց Էրդողանը Թուրքիայում առաջինը խոսեց այն մասին, որ Արևմուտքը Թուրքիայի վրա ճնշում է գործադրում դոլարի փոխարժեքի միջոցով, երբ 2013թ-ի մայիսի 30-ին Ստամբուլի կենտրոնում Գեզիի այգու պաշտպանությանն ուղղված ցույցերը կապեց դոլարի փոխարժեքի աճի հետ: Թեև այն ժամանակ դոլարի փոխարժեքը մեկ ամսում բարձրացել էր ընդամենը 1,85 լիրից մինչև 1,92 լիր:
Դրանով Էրդողանը երկրի պատմության մեջ նոր էջ բացեց: Թուրքիան Արևմուտքի աչքերում դադարեց լիբերալ տնտեսությամբ երկիր լինել, որը ցանկանում է Եվրամիությանն անդամակցել և լուծել քրդական հարցը: Թուրքիան դարձավ ավտորիտար ռեժիմով ևս մեկ մերձարևելյան պետություն:
2018թ-ի հունիսի 24-ին Թուրքիան կրկին Էրդողանին փոխանցեց նախագահությունը, իսկ մեծամասնությունը խորհրդարանում՝ նրեն աջակցող «Ժողվրդական դաշինքին» (դրանում երկու քաղաքական կուսակցություն կա՝ «Արդարություն և զարգացում» և «Ազգայնականների կուսակցություն»): Նույն օրը դոլարի փոխարժեքը բարձրացավ մինչև 4,70 լիր:
Չնայած հարաբերականորեն հանգիստ հետընտրական շրջանին՝ 2018թ-ի օգոստոսի սկզբից թուրքական տնտեսությունը 2001թ-ից ի վեր ամենախորը ճգնաժամում հայտնվեց:
Թուրքիայում դոլարի թանկացման ժամանակագրությունը
ԱՄՆ-ն օգոստոսին պատժամիջոցներ մտցրեց Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի հանդեպ: Պատճառը պաստոր Էնդրյու Բրանսոնի կալանքն էր:
Այդ ժամանակ Դոնալդ Թրամփը խաչ քաշեց իրեն նախորդող Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության վրա և Իրանի հանդեպ նոր պատժամիջոցների մասին հայտարարեց:
Օգոստոսի 1-ին դոլարի փոխարժեքն արդեն 5 լիր էր: Սակայն դրանով էլ բանը չավարտվեց:
Օգոստոսի 9-ին Ռիզե համայնքում անցկացրած հանրահավաքի ժամանակ Էրդողանը հայտարարեց.
«Նրանք դոլար ունեն, իսկ մենք՝ Ալլահ»:
Այդ ընթացքում դոլարը շարունակում էր թանկանալ և արդեն արժեր 5,95 լիր:
Օգոստոսի 10-ին նախագահ Էրդողանն այս անգամ արդեն Բաբերդում ասաց.
«Նրանք, ովքեր դոլար կամ ոսկի ունեն բարձի տակ, պետք է մեր բանկերում դրանք լիրի փոխեն»:
Նույն օրը՝ Էրդողանի ելույթից անմիջապես հետո, նրա փեսան և նոր կառավարությունում գանձապետարանի և ֆինանսների նախարար նշանակված Բերաթ Ալբայրակը հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ և ներկայացրեց նոր տնտեսական ծրագիրը: Երբ նա սկսեց ելույթ ունենալ, դոլարն արժեր 6,04 լիր: 50 րոպե անց՝ երբ ելույթն ավարտվեց, այն արդեն 6,30 լիր էր:
Նույն օրը Դոնալդ Թրամփը հայտարարեց ալյումինիումի և մետաղի մաքսատուրքի բարձրացման մասին: Դոլարի փոխարժեքն աճեց մինչև 6,40 լիր:
Այնուհետև՝ օգոստոսի 13-ին, Թրամփը որոշեց հետաձգել Թուրքիային F-35 տեսակի ինքնթիռների վաճառքը:
Երկու օրից Էրդողանը կոչ արեց իր ժողովրդին հրաժարվել ամերիկյան տեխնոլոգիական արտադրանք գնելուց և նախապատվությունը տալ կորեական և ճապոնական արտադրանքին: Միաժամանակ լրացուցիչ մաքսատուրք մտցվեց ԱՄՆ-ից ներկրվող ալկոհոլային և ծխախոտային արտադրանքի համար:
Դրանից հետո, սակայն, դոլարի փոխարժեքը բավականին կայուն էր: Մինչև այն պահը, երբ սեպտեմբերի 13-ին Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշեց ավելացնել թուրքական բանկերին տրամադրվող փոխառությունների տոկոսադրույքը՝ 17-ից այն դարձնելով 24 տոկոս:
Թուրքիան այդ ցուցանիշով աշխարհում երրորդ տեղում հայտնվեց Արգենտինայից և Սուրինամից հետո:
Դրանից անմիջապես հետո դոլարի փոխարժեքը սկսեց անկում ապրել, և սեպտեմբերին կանգ առավ մեկ դոլարի դիմաց 6,05 լիրի վրա:
Լրտեսության համար մեղադրվող ամերիկյան պաստորին ազատ արձակելը դարձավ երկրորդ գործոնը, որը մեծապես ազդեց դոլարի փոխարժեքի վրա: Մեկ դոլարի դիմաց լիրի փոխարժեքը 5,95-ից իջավ մինչև ներկայիս 5,64:
Արդյո՞ք լիրի ամրապնդումը տնտեսական ճգնաժամի ավարտ է նշանակում
Փորձագետները դրան չեն հավատում: Օգոստոսյան գները, որոնք աճել էին մեկ դոլարի դիմաց 6 և նույնիսկ 7 լիր ենթադրության հետևանքով, չեն փոխվել այն բանից հետո, երբ դոլարի փոխարժեքը նվազել է: Արժեզրկումը շարունակում է ուժեղ տնտեսական սպառնալիք լինել:
Բնական գազի գինը ոչ միայն չի նվազել, այլ երրորդ անգամ է բարձրացել հոկտեմբերի 1-ին: 2018թ-ի հուլիսի համեմատ՝ շարքային քաղաքացիների համար գազը 30 տոկոսով ավելի թանկ է, իսկ ձեռնարկությունների համար՝ նույնիսկ 48 տոկոսով:
Գները չեն իջնում նաև բոլոր այլ ոլորտներում: Էրդողանն ու իշխանամետ շրջանակները, սակայն խոսում են ոչ թե տնտեսական ճգնաժամի, այլ գործարարների օպորտունիզմի մասին:
Ավելին, պետությունը պաշտոնական պայքար է հայտարարել այն անձանց դեմ, որոնց ինքը մեղադրում է օպորտունիզմի համար: Երկրի բոլոր շրջաններում ոստիկանությունը խանութներում ստուգում է հաց գները: 1,25 լիր հայտարարագրված գնից ավելի բարձր գին սահմանողներին պատիժ է սպասվում:
Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն դիմել է բոլոր գործադիր իշխանությունների ղեկավարներին՝ պահանջելով գների իջեցման որոշում կայացնել:
Արժեզրկման դեմ պայքար ոստիկանության օգնությամբ. արդյո՞ք այն կարող է հաջողվել
Տնտեսական փորձագետ Ուգուր Գյուրսեսն ասում է, որ ազատ շուկայական համակարգին պետության միջամտության հետևանքով, այն էլ՝ իրավապահ մարմինների օգնությամբ, արտադրանքը կանգ կառնի, և տոտալ դեֆիցիտ կսկսվի:
Փորձագետ Սելվա Դեմիրալպը կարծում է, որ ապրանքի գների նվազեցման պահանջն առանց ընկերությունների համար արտադրության ծախսերի նվազեցման կհանգեցնի ճգնաժամի էլ ավելի խորացման: Եվ արժեզրկման դեմ պայքարի համար ոչ թե ճնշում է պետք, այլ ֆինանսների և ֆինանսական քաղաքականության ճիշտ կարգավորում:
Ընդդիմությունը նույնպես խստորեն քննադատել է ոստիկանության օգնությամբ արժեզրկման դեմ պայքարի ծրագիրը: İYİ Parti («Լավ կուսակցություն») կուսակցության առաջնորդ, նախորդ նախագահական ընտրությունների մասնակից Մերալ Աքշեները հայտարարել է, որ «արժեզրկման դեմ պայքարի հայտարարագրված ծրագիրն, ըստ էության, գործարարների դեմ պայքարի ծրագիր է»: