«Եթե Ալիևին կառուցողական դաշտ չբերեն, կվերածվի Սադամ Հուսեյնի»․ կարծիք
Տիգրան Բալայանի հարցազրույցը
«Արդյո՞ք վերջիվերջո Ալիևին բերելու են կառուցողական դաշտ, թե՞ շարունակելու են թույլ տալ, որ նա վերածվի Սադամ Հուսեյնի։ Սա նաև ԵՄ հեղինակության հարցն է»,- կարծում է Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար, Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։
«Ազատության» եթերում Բալայանն անդրադարձել է Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրին, Հայաստանի եվրոպական ձգտումներին, Երևան-Մոսկվա հարաբերություններին։
Զրույցի կարևոր դրվագները՝ հակիրճ
«Բաքվի նպատակն է տապալել խաղաղության գործընթացը»
Տիգրան Բալայանի խոսքով՝ խնդիրը հարթակների մեջ չէ, այլ քաղաքական կամքի։ Ասում է՝ ելնելով Ալիևի վերջին հարցազրույցից, ադրբեջանական կողմը չի ուզում ՀՀ հետ խաղաղության պայմանագիր կնքել։
«Ադրբեջանում արտահերթ ընտրությունների անցկացումը գործընթացի հետաձգման կամ տապալման տակտիկական քայլերից մեկն է»,- հայտարարել է նա։
Տեղեկացրել է՝ պայմանագրի տեքստի ադրբեջանական խմբագրումը ոչ թե հետընթացի մասին է, այլ որոշ դրույթների և ձևակերպումների հեռացման։ Մասնավորապես՝ սահմանազատման հիմքում դրվելիք քարտեզների մասին դրութը «ջնջել են, ասել են՝ մեզ պետք չէ»։
«Ալիևի ռեժիմի շուրջ օղակը գնալով սեղմվում է»
Վերջերս Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից։ Այս որոշումն, ըստ Բալայանի, Բաքվի «անպատասխանատու և ագրեսիվ վարքագծի» հետևանքն էր․
«Պարոն Ալիևն իրեն ցանկանում է պահել որպես ամենաարյունարբու, դաժան բռնապետ, ինչ ուզի անի՝ թե երկրի ներսում, թե երկրից դուրս՝ իր հարևանների հետ»։
Ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են՝ «Ադրբեջանի կառավարության պատվերով վարձու մարդասպաններ փորձել են հաշվեհարդարներ տեսնել արտերկրում, այդ թվում՝ Եվրոպայում ապրող ադրբեջանցի ընդդիմադիրների հետ»։
Նկատում է՝ Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ օղակը գնալով սեղմվում է, բայց դժվարանում է ասել՝ որքան ռեսուրս կունենան դիմադրելու․
«Մեր եվրոպացի գործընկերների մոտ կամաց-կամաց ցրվում են պատրանքները, թե Ալիևին անձնապես և ռեժիմին հնարավոր է բերել կառուցողական դաշտ «բարի կամքի» միջոցով»։
Հիշեցնում է՝ կա նարատիվ, թե քանի որ Ադրբեջանը գազ և նավթ է վաճառում եվրոպական երկրներին, այդ երկրները կաշկանդված պետք է լինեն և իրենց աչքերը պետք է փակեն, թույլ տան Ալիևին անել այն, ինչ ուզում է։ Կարծում է՝ գործ ունենք հակառակ իրավիճակի հետ, որտեղ Բաքուն շատ ավելի խոցելի է, քանի որ եվրոպական երկրներն իր խոշոր հաճախորդներն են, որոնց կորցնել չի կարող։
Բալայանի գնահատմամբ՝ այս «անկյունաքարային իրավիճակը» եվրոպացիները պետք է օգտագործեն։
«Խաղաղության խաչմերուկը»՝ ԵՄ Global Gateways ծրագրի մա՞ս
Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավարի դիտարկմամբ՝ հստակ է, որ տեսանելի ապագայում ոչ Թուրքիայի և Ադրբեջանի, ոչ էլ Ռուսաստանի քաղաքականությունը ՀՀ հանդեպ չի փոխվելու։
Ուստի կարծում է՝ հայկական կողմը պետք է հանդես գա նոր ծրագրերով, որոնք միտված են երկրի խոցելիության նվազմանն ու անվտանգային մակարդակի բարձրացմանը։ Ասվածի «ցայտուն վկայություն» է որակում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որտեղ ներկայացված են Երևանի պատկերացումները տարածաշրջանի հաղորդակցությունների բացման վերաբերյալ։
Բալայանը տեղեկացրել է՝ փորձում են այն ներառել ԵՄ նոր՝ Global Gateways նախաձեռնության մեջ, ինչն էլ հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, ընդ որում՝ ոչ միայն Եվրամիությունից։
«Մյուս շաբաթ Բրյուսելում այս առումով Ադրբեջանին անակնկալ է սպասվում»,- նշել է նա՝ առանց մանրամասներ հաղորդելու։
Միևնույն ժամանակ նկատել է՝ առաջնային հարցն, իհարկե, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն ու հաղորդակցության ուղիների վերագործարկումն է․
«Արդյոք ԵՄ նախաձեռնության մեջ «Խաղաղության խաչմերուկի» ներառումը թույլ կտա՞ հավելյալ ճնշումներ գործադրել, աջակցություն ապահովել մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում, կարծում եմ՝ այո»։
Շրջադարձ ոչ թե դեպի Արևմուտք, այլ դեպի ազգային շահեր
Դեսպանը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ ՀՀ-ն շրջադարձ է կատարում դեպի Արևմուտք, և դա կատարվում է ՌԴ հետ հարաբերությունների հաշվին։ Պնդում է՝ երկիրը շրջադարձ է անում դեպի իր ազգային շահերը։
«Հռոմի ստատուտի վավերացումը հենց այդ շահերի վրա հիմնված արտաքին քաղաքականության արտացոլումն է»,- նկատել է Բալայանը։
Դեսպանի կարծիքով՝ մինչ այս հայկական կողմն իր ազգային շահերի վրա հիմնված որոշ գործողություններ սահմանափակել էր, դրանք փոխարինել ՌԴ անվտանգային երաշխիքներով, որոնք «փաստորեն չգործեցին»։
«Մենք պարզպաես պարտավորված ենք գտնելու նոր միջոցներ՝ ապահովելու մեր անվտանգությունը։ Դրա բաղկացուցիչներից մեկն էլ միջազգային իրավական համակարգն է, որի մաս է նաև Միջազգային քրեական դատարանը»,- պարզաբանել է նա։
Ասում է՝ Հռոմի ստատուտի վավերացումը հակառուսական քայլ չէ, կապ ունի բացառապես Ադրբեջանի կողմից ագրեսիայի վտանգի հետ։ Ալիևի ռեժիմի գոյության իմաստն, ըստ նրա, հայերի հանդեպ թշնամանքն է։ Շեշտում է՝ Արցախի էթնիկ զտումով չեն բավարարվում, նոր նպատակներ են դրել․
«Մեր կարևորագույն խնդիրն է դիմագրավել այդ մարտահրավերներին, որոնց առաջ մեզ միայնակ են թողել»։
Անդամակցություն ԵՄ-ին․ հնարավո՞ր է
Դիվանագետի կարծիքով՝ նախ պետք է հասկանալ այսօրվա քաղաքական կոնֆիգուրացիան թույլ տալի՞ս է իրատեսորեն մտածել դրա մասին, թե՞ ոչ։
«Բարի ցանկությունները, ամբիցիաները շատ լավ են, բայց կան իրողություններ, որոնց հետ պետք է հաշվի նստել»,- շեշտել է նա։
Տիգրան Բալայանի խոսքով՝ ՀՀ-ին մի քանի տարի և նույնիսկ տասնամյակ է հարկավոր, որպեսզի իրականացնի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթները։ Նրա խոսքով՝ եվրոպական կողմը մշակում է «Գործընկերության նոր առաջնահերթություններ» անվամբ փաստաթուղթ, որի նպատակը ՀՀ ստանձնած իրավական պարտավորությունների կատարմանն աջակցելն է։ Դրանք, ըստ նրա, բխում են երկրի շահերից։
«Այսօր մենք ունենք հստակ քաղաքականություն՝ խորացնել ԵՄ հետ մեր համագործակցությունը այն աստիճանի, որքան դա կհամապատասխանի ՀՀ ազգային շահերին»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Տիգրան Բալայանի հարցազրույցը