«Վերադարձ անցյալին չի լինելու»․ Հայաստանի նախկին նախագահը տեսաուղերձներով է հանդես եկել
Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է գնահատական տալ այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել իր պաշտոնավարման տարիներին։ Նա տեսաուղերձ է հրապարակել Facebook–ի իր ոչ պաշտոնական էջում, որում հայտարարել է ելույթների «շարքի» մասին։
Այդ հայտարարությունից անմիջապես հետո մեկը մյուսի հետևից հրապարակվել են Սերժ Սարգսյանի տեսաելույթները 2016 թ–ի ապրիլյան իրադարձությունների՝ Լեռնային Ղարաբաղում հայ–ադրբեջանական զորքերի շփման գծում քառօրյա սրացման մասին։
Այն մասին, որ նա պատրաստ է մամուլի հետ շփվել և ճշգրիտ տեղեկություններ տալ ողջ հասարակությանը, նախկին նախագահն առաջին անգամ հայտարարել է 2020 թ–ի ապրիլին։ Այն ժամանակ նա խորհրդարան էր եկել 2016 թ–ի ապրիլյան պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողովի նիստին։
Եվ Սերժ Սարգսյանը լրագրողներին խոստացել էր ոչ վիրտուալ ասուլիս տալ և պատասխանել ապրիլյան սրացման հետ կապված բոլոր հարցերին, հենց չեղարկվի կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրության ռեժիմը։
Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2008 թ–ից։ Իսկ 2018 թ–ին նա հրաժարական տվեց հազարավոր մարդկանց ճնշման տակ, որոնք փողոց էին դուս եկել իշխանափոխության պահանջով «թավշյա» հեղափոխության ժամանակ։
● Ինչի՞ համար է մեղադրվում Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը
● Ինչի՞ համար են նստեցրել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին
Շփման ձևաչափի մասին
Սերժ Սարգսյանը պարզաբանել է, թե ինչու է որոշել տեսաուղերձներ ձայնագրել։ Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ ձախողված պայքարն ու արտակարգ դրության անընդհատ երկարաձգումն իրեն հնարավորություն չեն տալիս կատարել խոստումն ու մամուլի ասուլիս հրավիրել․
«Այդ պատճառով էլ ընտրվել է կարճ տեսանյութերի ձևաչափը։ Այն չի փոխարինի նախատեսված ավանդական ասուլիսներն ու ներկայիս իրավիճակում միայն կնախորդի դրանց։
Կայանալիք մամուլի ասուլիսի թեման վերաբերելու է 2016 –ի ապրիլյան պատերազմին։ Հենց այդ ասուլիսին էլ կարող ենք ընտրել հաջորդ ասուլիսի թեման՝ 2018 թ–ի ապրիլյան իրադարձությունները, ղարաբաղյան հարցը կամ այլ թեմաներ»։
Սարգսյանը նշել է, որ պատրաստ է անկեղծ պատասխանել բոլոր հարցերին և հասարակությանը ներկայացնել իր նախագահության տարիներին տեղի ունեցած իրադարձությունների բոլոր մանրամասները․
«Վերադարձ անցյալին չի լինելու, սակայն մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի պատմությունը չի սկսվել 2018 թ–ի ապրիլին։ Առաջ շարժվելու համար պետք է պարզաբանել անցյալի բոլոր հարցերը»։
Իր երկամյա լռությունը նախկին նախագահը բացատրել է երկրում իրավիճակը չվատթարացնելու ցանկությամբ, ինչը «կխորացներ բևեռացումն ու մեր հասարակությունը վերջնականապես կբաժաներ»․
«2018 թ–ը շատ էմոցիոնալ տարի էր։ Քաոսն ու ագրեսիան աճում էին օրեցօր՝ ուրախացնելով միայն մեր թշնամիներին, և այդ էմոցիոնալ միջավայրում մեր հասարակության զգալի մասը պատրաստ չէր պարզապես ճշմարտությունը լսելու։ Ժամանակ էր պետք, որ յուրաքանչյուրն ինքնուրույն հասկանա իրավիճակը»։
Կորցրած 800 հեկտար հողի պատմությունը
Շատերը նախկին նախագահին մեղադրում են այն բանի համար, որ 2016 թ–ի «ապրիլյան պատերազմի» ժամանակ Հայաստանը կորցրել է, ինչպես հենց ինքն էր ավելի վաղ հայտարարել էր, 800 հեկտար հող։
Տեսաուղերձում Սարգսյանը հայտարարել է․ առավել ճշգրիտ չափումների արդյունքում պարզվել է, որ կորուստը ոչ թե 800, այլ 400 հեկտար է եղել։
Սերժ Սարգսյանը վստահեցնում է, որ Զինված ուժերին չի հրամայել վերադարձնել այդ տարածքները, քանի որ «առաջնահերթությունը տվել է զինվորների կյանքին»։
Ամեն դեպքում, նախկին նախագահը կարծում է, որ 2016 թ–ի ապրիլին Հայաստանը հաղթանակ է տարել․
«Անկասկած, դա հաղթանակ էր։ Հաղթանակ հակառակորդի նկատմամբ, որը գերազանցում էր թվով, հարձակվել էր անսպասելի և օգտագործում իր տնօրինության տակ եղած բոլոր զինատեսակները։ Մենք պաշտպանել ենք մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը և հաջողությամբ հետ ենք շպրտել հակառակորդին»։
Մարդկային կորուստները
Սերժ Սարգսյանը խոսել է 2016 թ–ի ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների մասին․
«Ես անկեղծորեն ափսոսում եմ, որ հնարավոր չէր փրկել բոլորին։ Իմ բոլոր մտքերն ու մտահոգությունները յուրաքանչյուր ընտանիքի հետ են։ Անհնար է ակնկալել, որ մարտական գործողությունների ժամանակ զոհեր չենք ունենալու։ Սակայն մենք բոլորս համոզվեցինք, թե որքան հերոսաբար են կռվել մեր զինվորներն ու նրանց հրամանատարները։ Նրանցից 75–ն ընդմիշտ երիտասարդ են մնացել։ Իրենց մարմիններով նրանք պաշտպանել են Արցախն ու Հայաստանը»։
Նախկին նախագահը վստահեցնում է, որ «ըստ արտաքին հետախուզության տվյալների, հակառակորդը 4-5 անգամ ավելի շատ կորուստներ է կրել»․
«Անգամ մեր ընդդիմադիրներն են վերջերս սկսել գրել, որ ադրբեջանցիներն․․․ավելի քան հազար զինվոր են կորցրել»։
Ղարաբաղյան հարցով բանակցությունները
Սերժ Սարգսյանը կարծում է, որ ապրիլյան պատերազմն «Ադրբեջանին ոչ մի օգուտ չի բերել»․
«Հիշո՞ւմ եք Ալիևի այն հայտարարությունը, երբ նա ասաց․ «Փակ դռների հետևում ինձ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։ Իհարկե, այդ հայտարարությունը խոսում է մեր դիվանագիտական հաջողությունների մասին։
Դիվանագիտական հաջողությունների շարքին կարելի է դասել նաև Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում արված հայտարարությունները։ Ռազմական գործողություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն տարածեց, որ ուժի մեջ է 1994 թ–ի հրադադարի մասին եռակողմ [Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ] համաձայնագիրը»։
Նախկին նախագահը հիշեցրել է զորքերի շփման գծում միջադեպերի հետաքննման միջազգային մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ միջնորդների հայտարարությունների մասին․
«Դա շատ կարևոր ձեռքբերում է։ Այժմ հարցն այն է, թե ինչպես ենք մենք կարողացել օգտագործել «ապրիլյան պատերազմի» արդյունքները, և ինչու են․․․ «հեղափոխական իշխանություններն» անտեսել և չեն կարողացել օգտագործել ապրիլյան «քառօրյա պատերազմի» ձեռքբերումները»։
Սարգսյանի դեմ քրեական գործը
«Թավշյա հեղափոխությունից» հետո նախկին նախագահի դեմ քրեական գործ է հարուցվել։ Սերժ Սարգսյանը մեղադրվում է այսպես կոչված «դիզելի գործով»։ Ենթադրվում է, որ նա ավելի քան մեկ միլիոն դոլար բյուջետային միջոցներ է վատնել։
Մեղքն ապացուցվելու դեպքում Սարգսյանը կարող է 4–8 տարվա ազատազրկման դատապարտվել։
Նա իր մեղքը չի ընդունում և գործը քաղաքական հետապնդում է համարում։