Տաք լավաշ
Հունվարի 1-ից Հարավային Օսիայում սեփական բիզնես ունեցողների համար բարձրացել է էլեկտրաէներգիայի գինը։ Մարդկանց մոտ անմիջապես առաջ եկող հարցն է՝ արդյո՞ք դա նշանակում է, որ կյանքը կթանկանա։
Ասում են, որ եթե հացի խմորը ձեռքով են խառնում, յուրահատուկ համեղ է ստացվում։ Պետք է ենթադրել, որ հենց այդ է պատճառը, որ Ցխինվալում՝ Հերոսների փողոցում գտնվող «Տաք լավաշը» մինի-թոնրատունը հատուկ ժողովրդականություն է վայելում։ Այնտեղ խմորը խառնում են ձեռքով։
Այս վայրի ևս մեկ կարևոր առավելություն է այն, որ լավաշն այստեղ արժե 20 ռուբլի (մոտավորապես 30 ցենտ), մինչդեռ մյուս թոնրատներում այն վաճառում են 25 ռուբլով։ Սակայն շուտով 25 ռուբլին կհիշեն որպես հիանալի գին։
Կառավարությունն արդեն հրապարակել է համապատասխան կարգադրությունը։ Բյուջետային կազմակերպությունների, ինչպես նաև կոմերցիոն ձեռնարկությունների համար էլեկտրաէներգիայի սակագինը նոր տարվանից կավելանա մինչև ինքնարժեքի մակարդակ՝ 3 ռուբլի 81 կոպեկ։ Հարավային Օսիայում մտավախություն ունեն, որ սա ընդհանուր առմամբ կյանքի թանկացման սկիզբն է։ Առաջին հերթին՝ հացի։
Ռիտա Բեստաևան՝ «Տաք լավաշի» սեփականատերը, ասում է, որ իր բիզնեսն աշխատում է գազով, ուստի ինքը չի պատրաստվում նոր տարվանից բարձրացնել հացի գինը։
Մյուս գործարարներն այդքան էլ վստահ չեն։
Հարավային Օսիայի տնտեսական զարգացման նախարար Վիլյամ Ձագոևը հավաստիացնում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող թանկացումը չի անդրադառնա շարքային բաժանորդների վրա, և նրանց համար գինը կմնա նախկին մակարդակի վրա՝ 1կվտ/ժամի համար՝ 2 ռուբ. 64 կոպ.։
Թանկացումը նա անվանում է հարկադրիր քայլ։ «Պետությունը պետք է սուբսիդավորի «Էներգառեսուրս-Հարավային Օսիա» պետական ունիտար ձեռնարկությունը։ Դոտացիայի ծավալները տարեկան կազմում են ավելի քան 100 միլիոն ռուբլի [շուրջ 1.5 միլիոն դոլար], ինչը որպես ծանր բեռ ընկած է բյուժեի վրա»,- ասում է Ձագոևը։
Սակայն Ցխինվալում քչերն են հավատում, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը չի անդրադառնա շարքային բաժանորդների վրա։
Մեկնաբանություններ սոցիալական ցանցերում.
«Վերջին հաշվով սակագների բարձրացումը կստիպի բիզնեսներին բարձրացնել իրենց արտադրանքի գները, իսկ տուժողի դիրքում կմնան սպառողները, այսինքն Հարավային Օսիայի Հանրապետության ամբողջ բնակչությունը։ Մեկ այլ տարբերակ է փակել սեփական բիզնեսը։ Ահա այսպիսի տնտեսական շահ»։