Տարեցները երթուղայինով անվճար չեն շրջի
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
Էդուարդ Ժամակոչյանը, սովորության համաձայն, զարթնում է առավոտյան 7-ին՝ սովորություն է, թեև նա վաղուց արդեն թոշակառու է: Նրա կինը՝ Անահիտն էլ է ոտքի վրա՝ Գյումրիում ընտանիքներն ավանդապաշտ են և ընտանիքի ղեկավարին հարգելն այստեղ օրենք է: Այդ պատճատով էլ Անահիտն արդեն խոհանոցում է՝ ամուսինը նրա եփած սուրճին է սպասում: 7:30 նա արդեն նախասրահում է՝ գործիքների արկղի մոտ, որի վրա իր աշխատանքն է՝ «կլկլան բաժակները»: Գյումրիում հայտնի վարպետ Էդիկը 70 տարեկան է և միակն իր արհեստում:
«Սկսում ես խմել՝ ձայն է գալիս… Կլկլան ենք ասում, կլկլոց է որ կա», — ասում է վարպետը:
«Կլկլան բաժակները» Գյումրիի խորհրդանիշն են: Լինում են պղնձե, արույրե, արծաթյա, երբեմն էլ՝ ոսկե: Պատրաստելու գաղտնիքը միայն վարպետ Էդիկը գիտի: Ժամակոչյանները, ովքեր հիմնականում պղնձի գործով են զբաղվել, գաղթել են Էրզրումից 1895թ. և հիմնվել են Ալեքսանդրապոլում, ինչպես նախկինում Գյումրին էր կոչվում: Եղբայրներ Միլիթոսն ու Վահանն արագ հարմարվել են այստեղ, հիմնել իրենց խանութները, որտեղ էլ վաճառել են իրենց պղնձաձույլ ապրանքը: 1906թ.-ին ծնվել է Էդիկի հայրը՝ Սուրենը, նա էլ փոխանցել է որդուն պապերի արհեստը:
Գյումրիում ասացվածք կա՝ արհեստավորը մինչև կեսօրն է սոված: Հետո՝ աշխատանքն արված է, հաճախորդը վճարում է, ասում է Էդիկը: Նրա հաճախորդները շատ տարբեր են՝ հասարակ աշխատավորից մինչև միլիոնատեր: Արույրե բաժակներն արժեն 10-13 հազ. դրամ: Իսկ թանկարժեք մետաղներից բաժակների գինը վարպետը չի ասում, միայն ժպտում և աչքերն է կկոցում:
Էդիկը ամբողջ կյանքում բանվոր է աշխատել. 20 տարի՝ Գյումրիի սառնարանային կոմպրեսորների գործարանում, 7 տարի՝ Տեքստիլ կոմբինատում, 2 տարի՝ Մանվածքի գործարանում, 1 տարի՝ շինարարությունում, 3 տարի էլ սովետական բանակում ծառայելն են գումարել թոշակի անցնելիս: Իհարկե, թոշակը, միևնույնն է, շատ չէ: Կերակրողը կլկլան բաժակներն են:
Մինչ Էդիկը գործ է անում, Անահիտը մաքրությամբ է զբաղվում՝ մանրակրկիտ, կատարելության հասցված շարժումներով: Ավանդապաշտ Գյումրիում այլ կերպ հնարավոր չէ. կամ համապատասխանում ես կյանքի մասին տեղի պատկերացումներին, կամ պետք է հեռանաս: Անահիտի վրա է նաև տան համար գնումներ կատարելը՝ լավ է, շուկան հեռու չէ, ոտքով 15 րոպեի ճանապարհ է:
Ամենակարևոր ուտելիքը միսն է: Եթե միս չլինի Էդիկն ու տղան հաց չեն ուտի: Ամենասիրված ուտեստը տոլման է, ընտանիքի բոլոր անդամներն այն պաշտում են: Տղամարդիկ նաև ձուկ են սիրում, երբեմն էլ գնում են ձկնորսության. սեղանին այդ օրը բռնած ձուկն է լինում:
Թոշակառուները մենակ չեն ապրում: Գյումրիում, սովորության համաձայն, ծնողներն ապրում են փոքր տղայի ընտանիքի հետ: Այլընտրանք չկա, հակառակ դեպքում հարց է առաջանում՝ ինչ խնդիր կա, ինչու իրար հետ չեն ապրում: Տղայի՝ Վահանի մտքով էլ չի անցնում առանձին ապրել: Տունն այդքան էլ մեծ չէ, բայց բոլորը տեղավորվում են, իսկ ամենակարևորն այն է, որ հայրերի և որդիների հարաբերությունները նորմալ են: Մի խոսքով՝ բախտները բերել է:
ԵՐԵՔՇԱԲԹԻ
Ժամը 11-ին Էդիկն ու կինը բանկ են գնում՝ թոշակի օր է: Սովորաբար Անահիտը մենակ է գնում թոշակը ստանալու, բայց այսօր ամուսինը նրան ուղեկցում է. պետք է նոր պլաստիկ քարտ ստանալ, իսկ առանց իր ստորագրության չեն տա: «Էս պետության թոշակով անհնար է ապրել, տո տեղն որ գա՝ մեռնելն էլ է անհնար, թաղմանդ ծախսը չի ելնի: 39 հազար դրամ ես կստանամ, 48 հազար՝ կնիկս, եթե տղես կողքից չօգնե, էս արհեստն էլ չունենայի, մենք վայթե չապրեինք: Սովետի ժամանակ շատ բաների մասին մարդիկ չէին մտածե: Կաշխատեին, հետո թոշակ կստանային, երեխեքը կողքերն էին, ձրի կբուժվեին, տրանսպորտից արտոնություն ունեին ձրի օգտվելու: Հըմի հլը գնա տես ձրի կռնա՞ս գազել ելնիս կամ իջնիս»,- ասում է Էդիկը:
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
Առավոտյան Անահիտը հասցրել է գնալ դեղատուն, իսկ Էդիկն էլի իր գործիքների արկղի մոտ է… «24 հազար դրամ եմ ծախսել, բայց դեղերի կեսն եմ վերցրել, — պատմում է Անահիտը, — ամսական դեղերի վրա մինչև 100 դոլար ծախսում ենք»: Թոշակի կեսն է:
Ընդամենը 6 տարի առաջ դեղերի կարիք չկար: 2009թ. հաջող էր ընտանիքի համար՝ շատ պատվերներ կային: Ոչ մի վատ բան չէր սպասվում: Բայս Էդիկը միշտ թույլ էր զգում իրեն, ճնշումը մերթընդմերթ բարձրանում էր: Դիմել է պոլիկլինիկա: Բժիշկը զննել ու վստահեցրել է, թե լուրջ բան չկա: 6 օր անց Էդիկին տարել են հիվանդանոց ինֆարկտով:
Պոլիկլինիկա այլևս չեն գնում, երբ պետք է՝ դիմում են մասնավոր բուժհաստատություն: Հիվանդանոցում բուժվելու մասին անգամ խոսելն է սարսափելի. «Մեր բարեկամին վիրահատեցին, ընտանիքը 370 հազար դրամ վճարեց վիրահատության համար: Իսկ շատ թոշակառուներ պարզապես տանը մահանում են, որովհետև թոշակի գրոշներով չես կարող բուժվել»: Հայաստանում տարեցներն անվճար բժշկական խորհրդատվություն կարող են ստանալ պոլիկլինիկայում, ինչպես նաև՝ կարող են անվճար վիրահատվել, եթե իհարկե վիրահատությունը հանկարծակի բնույթ է կրում, ասենք՝ կույրաղիքի վիրահատության դեպքում:
2011-ին նույնպես վատ բանի կանխազգացում չկար: Բայց Անահիտը սկսեց իրեն վատ զգալ: Պարզվեց՝ շաքարախտ ունի:
Էդիկի կարծիքով՝ իրենց բոլոր հիվանդությունները նյարդերից են: Մեծ տղան արդեն 20 տարի է Ռոստովում է, այնտեղ է ամուսնացել, բայց ծնողները չեն կարողանում համակերպվել, որ նա հեռվում է:
ՀԻՆԳՇԱԲԹԻ
Այսօր Էդիկի մոտ գնորդներ էին եկել՝ իտալացի թոշակառուներ էին: «Վատը գիտես որն է, որ էս երկրի մեջ հենց կացնիս թոշակի՝ մարդկությա շարքերից քեզի կհանեն, իսկ արտասահման հենց կանցնին թոշակի, կսկսեն երկրե-երկիր ման գալ: իտալացիք երկար կպատմեին, թե ինչ հետաքրքիր կյանքով են ապրում…»
ՈՒՐԲԱԹ
«Ջահել ժամանակ Վահանը չէր ուզում շարունակել իմ արհեստը, — պատմում է վարպետ Էդիկը, — ես նույնիսկ մտածում էի աշակերտ վերցնել: Բայց ուզում էի, որ կլկլան բաժակի գաղտնիքը մեր ընտանիքում մնա: Եվ տղաս մտքափոխվեց, հասկացավ, որ արհեստը շատ կարևոր բան է: Մեզ, օրինակ, մինչև հիմա դա է կերակրում»:
Այդ պահին Վահանը կնոջ հետ վերադարձավ, նրանց 4 տարեկան երեխան՝ Էդիկի ու Անահիտի սիրելի թոռնիկը զարթնեց, ընտանիքը հյուրասենյակում հավաքվեց: «Ծերության օրով մենակ ապրելը մեռնեկուց էլ վատ է, — ասաց պապը, — լավ է, որ երեխաներ ու թոռներ ունենաս»: Ու հանկարծ պարզ դարձավ, որ ամեն մեկն իր երջանկությունն ունի: Եվ կարելի է շատ երջանիկ լինել, նուկնիսկ եթե դու կանադացի թոշակառուները պես չես շրջագայում աշխարհով մեկ, սպորտով չես զբաղվում և լեզուներ չես սովորում: