Տարածաշրջանային գործընթացներ՝ առանց հայկական շահերը հաշվի առնելո՞ւ։ Կարծիք
Խոշոր խաղացողների շահերը տարածաշրջանում
Հարավային Կովկասը շարունակում է մնալ քաղաքական տուրբուլենտության մեջ: Հայաստանի շուրջ ընթանում են գործընթացներ, որոնցում, ըստ տեղացի վերլուծաբանների, հաշվի չեն առնվում բուն հայկական շահերը։ Հիմնական խաղացողները հանդիպում են, քննարկում տարածաշրջանային խնդիրները, պայմանավորվում են ազդեցության գոտիների վերաբաշխման շուրջ և փորձում են «վերմակն իրենց վրա քաշել»։ Հայաստանից, ըստ որոշ հայ քաղաքագետների, ակնկալվում է միայն արդեն իսկ ընդունված որոշումների իրականացում, իսկ անհամաձայնությունը կարող է հանգեցնել ռազմական սրման։
Հայ վերլուծաբանի կարծիքը տարածաշրջանում տիրող իրավիճակի, խոշոր խաղացողների շահերի և Հայաստանից նրանց ակնկալիքների, պատերազմի ռիսկերի, Արևմուտքի և Ռուսաստանի հետ երկրի հարաբերությունների մասին։
Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան
Թուրքիան հավակնում է լինել Արևմուտքի շահերի մոդերատորը
«Ընդհանուր առմամբ, տարածաշրջանը շարունակում է տուժել աշխարհի վերաձևման լայնածավալ գործընթացից։ Եվ, բնականաբար, և՛ տարածաշրջանային անմիջական խաղացողները (Թուրքիա, Ռուսաստան, Իրան), և՛ գլոբալ խաղացող ԱՄՆ-ը փորձում են պայքարել Հարավային Կովկասում առավելագույն ազդեցության համար։
Նրանցից յուրաքանչյուրն ունի իր մոտեցումը, սակայն Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան, չնայած տարբեր հարցերի շուրջ ակնհայտ տարաձայնություններին և ռազմավարական մրցակցությանը, դեռևս ընդհանուր լեզու են գտնում իրենց հարցերն ինքնուրույն լուծելու և Արևմուտքի միջամտությունն ու անմիջական ազդեցությունը սահմանափակելու համար։
Միաժամանակ Թուրքիան ցանկանում է դառնալ արևմտյան շահերի մոդերատոր, ինչը կհանգեցնի Կովկասի հետ կապված հարցերում Արևմուտքի հետ աշխատելուն։
ԱՄՆ-ը մտադիր չէ ուղղակիորեն ազդել տարածաշրջանի վրա: Ցանկանում է տարբեր խաղացողների միջոցով ազդել իրավիճակի վրա՝ իր համար կարևոր երկու խնդիր լուծելու համար՝
- միջուկային ծրագիրը և Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները,
- Ռուսաստանի դիրքերը թուլացնելը՝ նրան երկկողմ հարաբերությունների դաշտ բերելու նպատակով:
Իսկ Թուրքիան այստեղ դիտարկվում է գործիքներից մեկը կամ հիմնականը։ Թուրքիան նույնպես հասկանում է, որ եթե այդ տրամաբանությամբ չդիրքավորվի, կկորցնի Արևմուտքի աջակցությունը և համապատասխանաբար՝ կշիռը, և այդ ժամանակ Ռուսաստանն ու Իրանը կսկսեն իր հետ խոսել այլ կերպ՝ ավելի վստահ»։
Պատերազմը՝ որպես հարցեր լուծելու գործիք
«Այս իրավիճակում շատ կարևոր է, որ տարածաշրջանում զարգացումներն չհասնեն ռազմական էսկալացիայի փուլ, երբ խաղացողները կգան կոնսենսուսի, որ պատերազմը հարցերի լուծման միակ գործիքն է։ Սա է հիմնական ռիսկը Հայաստանի համար, ընդ որում՝ ոչ միայն այսօր, այլև առաջիկա տարիներին։
Շատ տարբեր գործոններ կարող են հանգեցնել պատերազմի: Հարցն այն է, որ Հայաստանն էական ազդեցություն չունի դրանց վրա, հիմնական հարցերը Հայաստանից կախված չեն:
Եվ այնուամենայնիվ, Հայաստանի համար անընդունելի է ցանկացած որոշում, որը կհանգեցնի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության խախտման։ Ուստի ինքնիշխանության, այդ թվում՝ քաղաքական ինքնիշխանության խնդիրը մեզ համար առաջնահերթություն է։ Սա շատ բարդ հարց է, բայց մեր պետության համար պետք է լինի ռազմավարական ուղղություն»։
Ակնկալիքներ Հայաստանից
«Տարածաշրջանի յուրաքանչյուր խոշոր խաղացող (Իրան, Ռուսաստան, Թուրքիա, ԱՄՆ) Հայաստանից իր ակնկալիքներն ունի: Եվ Հայաստանը պետք է աշխատի բոլորի հետ՝ ձգտելով ապահովել հարաբերությունների հավասարակշռություն, որպեսզի կախվածություն չունենա որևէ երկրից և հնարավորինս չեզոքացնի այդ խաղացողների ազդեցությունը։
Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան խաղ են վարում տարածաշրջանում գլխավորի տեղը զբաղեցնելու համար։ Կարևոր է հաշվի առնել այդ իրողությունները և մշակել սեփական գործողությունների ծրագիրը: Մենք չենք կարող առճակատման գնալ, քանի որ դա մեզ վրա շատ թանկ կնստի:
Մենք պետք է մեզանից կախված ամեն բան անենք Արևմուտքի հետ հարաբերությունները պահպանելու և խորացնելու համար։
Մեծ հաշվով այս խաղացողները մեզանից ոչինչ չեն պահանջում։ Բոլոր հարցերը համաձայնեցնում են միմյանց հետ, հետո արդեն մտածում՝ ինչպես պարտադրեն մեզ այդ որոշումները։ Պարզապես նրանց ակնկալիքները տարբեր են:
Ռուսաստանը մեզանից ակնկալում է խաղալ իր կողմից վերահսկվող դաշտում և ենթարկվել իր բոլոր սցենարներին։ Նրա համար կարևոր է, որ առանց իրեն Հայաստանն այլ խաղացողների հետ ոչ մի քայլ չձեռնարկի:
Արևմուտքի հետ առճակատման և իր դեմ կիրառվող պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանը Կովկասը դիտարկում է որպես կենսական կարևորություն ունեցող լոգիստիկ հանգույց, որտեղ ուզում է ունենալ գերիշխող դեր։ Եվ ակնկալում է, որ Հայաստանը կխաղա իր կանոններով: Այստեղ Հայաստանի համար և՛ հնարավորություններ կան, և՛ ռիսկեր, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը կարող են օգտվել իրավիճակից և Ռուսաստանին առաջարկել հետագա զիջումների գնալ հայկական հարցում, որպեսզի մնացած հարցերում հավատարիմ մնան ՌԴ շահերին։
Մի կողմից մեզ համար լավ է, որ Ռուսաստանը փորձում է ապաշրջափակել հաղորդակցությունը տարածաշրջանում, մյուս կողմից՝ վատ, քանի որ դա կարող է հանգեցնել Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի ու Ադրբեջանի միջև նոր գործարքի։ Եվ այստեղ է, որ շատ կարևոր է Հայաստանի աշխատանքը թե՛ Իրանի, թե՛ ԱՄՆ-ի հետ՝ հավասարակշռություն ապահովելու համար։
Իրանը Հայաստանից ակնկալում է, որ տարածաշրջանի ճանապարհների ապաշրջափակման դեպքում Իրան-Հայաստան, Իրան-Ռուսաստան, Իրան-Վրաստան-Սև ծով կապը չընդհատվի:
Բայց միևնույն ժամանակ մենք չգիտենք, թե վաղը Իրանն ում հետ և ինչ կարող է պայմանավորվել, ինչը կարող է սահմանի հարցը վերածել սակարկության առարկայի։ Իրանի դիրքորոշումն այս հարցում երաշխավորված չէ՝ հաշվի առնելով այդ երկրի շուրջ ընթացող բարդ գործընթացները։
Նույնն էլ ԱՄՆ-ի դեպքում է։ ԱՄՆ-ը չի ցանկանում, որ Ռուսաստանը մեծ ազդեցություն ունենա հաղորդակցությունների հարցում: Բայց վաղվա օրը կանխատեսել չենք կարող։
Օրինակ՝
- արդյո՞ք ԱՄՆ-ը Թուրքիայի և Ադրբեջանի հզորացումը դիտարկելու է որպես Ռուսաստանի ազդեցությանը հակազդելու միջոց,
- որքանո՞վ նրանց կհաջողվի համաձայնության գալ Իրանի հետ:
Թուրքիան, մյուս կողմից, ցանկանում է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումից հետո ճանապարհների վրա որևէ վերահսկողություն չլինի: Որպեսզի նա Նախիջևանի միջոցով կապ հաստատի Ադրբեջանի հետ և ավելի մեծացնի իր ազդեցությունը տարածաշրջանում։
Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռված չեն, որ այդ ճանապարհի նկատմամբ որևէ վերահսկողություն լինի, այդ թվում՝ ռուսական, այլապես շատ հարցեր վաղուց լուծված կլինեին։ Նրանք ուզում են ստանալ միջանցք Լաչինի նմանությամբ, որը կապում է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը։ Ալիևը հստակ հայտարարեց, որ եթե ինքը չի վերահսկում Լաչինի միջանցքը, ապա ոչ ոք չպետք է վերահսկի «Զանգեզուրի միջանցքը», որը Ադրբեջանը կապելու է իր էքսկլավի՝ Նախիջևանի հետ։ Սա է նրանց ցանկությունը:
Հայաստանը համաձայն է ապաշրջափակել հաղորդակցությունը, սակայն կտրականապես հրաժարվում է ճանապարհներ տրամադրել «միջանցքային» տրամաբանությամբ, ինչը նշանակում է այդ տարածքի նկատմամբ ինքնիշխանության կորուստ։
Բնականաբար, սրա շուրջ շատ սակարկություններ են ընթանում, և եթե խոշոր խաղացողներին հաջողվի համաձայնության գալ որոշ հարցերի շուրջ, ապա նրանք կսկսեն տարբեր մեթոդներով ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Միգուցե նաև ռազմական ճանապարհով, եթե Հայաստանը չհամաձայնի նրանց հետ»։
Պատերազմը հետաձգում են խաղացողների անհամաձայնությունները
«Այս փուլում դեռևս պատերազմի վտանգ չեմ տեսնում, քանի որ խաղացողների մոտեցումները չափազանց տարբեր են, և դրանք չեն կարող հանգեցնել որևէ համաձայնության մեր տարածաշրջանի վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ, քննարկումներն ընթանում են փաթեթով՝ Սիրիա, Ուկրաինա, աշխարհաքաղաքական նոր իրողություններ։ Բանակցությունների ընթացքն այս դեպքում ավելի ու ավելի է բարդանում, բայց մեզ համար աշխատանքի որոշակի դաշտ է բացվում։
Ինձ թվում է՝ Երևանը փորձում է դա օգտագործել. ակտիվ շփում կա ԱՄՆ-ի, Եվրոպայի, Հնդկաստանի հետ։
Իրանում Հնդկաստանի դեսպան Խադամ Ջարմենդրան, մասնավորապես, ասել է, որ Հնդկաստանը նախատեսում է «Հայաստանի տարածքով միացնել Չաբահարի արևմտյան հատվածը և Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ»։ Իսկ DnaIndia պարբերականը տեղեկություն է հրապարակել Հայաստանին անօդաչու թռչող սարքեր և հնդկական արտադրության այլ զինատեսակներ վաճառելու հնարավորության մասին։ Ճիշտ է, Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հաստատել այդ տեղեկությունը։
Հնդկաստանը կարող է իրեն թույլ տալ վստահ խոսել, քանի որ կորցնելու ոչինչ չունի։ Բայց հարցն այն է, թե Հնդկաստանն ինչ ազդեցություն ունի տարածաշրջանում կովկասյան հարցերում։ Ամեն դեպքում, պետք է աշխատենք այն բոլոր երկրների հետ, որոնք նույն դիրքորոշումներն ունեն Հայաստանի հետ։ Սակայն պետք չէ հույսը դնել միայն հայտարարությունների ու ցանկությունների վրա»։
Ադրբեջանական գազը՝ խոչընդոտ Արևմուտքի և Հայաստանի հարաբերություններում
«Ադրբեջանը միշտ կփորձի խոչընդոտել Եվրոպայի հետ մեր հարաբերությունները, ուստի մենք պետք է գործընթացում ներառենք արդյունավետ դիվանագիտություն և քաղաքական միտք։ Մենք պետք է գտնենք քաղաքական գաղափարներ, որոնք կարող են հետաքրքրել Արևմուտքին և նրանց հետ աշխատենք այդ ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանն ու Թուրքիան երբեք Հայաստանից պակաս կարևոր չեն լինելու Եվրոպայի և ԱՄՆ-ի համար։
Ուստի շատ կարևոր է, որ մենք կարողանանք հավասարակշռված հարաբերություններ պահպանել ինչպես ռուսների, այնպես էլ եվրոպացիների հետ։ Մեզ համար անցանկալի է ոչ միայն աշխատելը միայն Ռուսաստանի հետ, այլև Արևմուտքի հետ աշխատելն այդ նույն Ռուսաստանի դեմ:
Իհարկե, Ռուսաստանը խանդով է վերաբերվում Արևմուտքի ուղղությամբ Հայաստանի կատարած նույնիսկ ամենափոքր քայլերին։ Բայց մենք այլ ելք չունենք։ Կամ մենք հայտարարում ենք, որ ամբողջությամբ հրաժարվում ենք Արևմուտքի հետ հարաբերություններից, ինչը մեզ համար կործանարար է։ Կամ մենք բացատրում ենք, որ այդ հարաբերությունները կառուցվում են ոչ թե Ռուսաստանից երես թեքելու, այլ որոշակի ռիսկերից պաշտպանվելու համար, որոնց Ռուսաստանը չի կարող դիմակայել։
Պետք է ասենք՝ հասկանում ենք, որ ռուսներն իրենց գործերն ունեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ, բայց նրանք մեզ համար լուրջ ռիսկեր են ստեղծում, ուստի Արևմուտքի հետ հարաբերություններն անհրաժեշտություն են մեզ համար»:
Խոշոր խաղացողների շահերը տարածաշրջանում