Տատիկներն ու ԻԼԻՊ-ը
Սիրիայում և Իրաքում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից վերահսկվող տարածքներում, ռուսաստանցի երեխաներ են գտնվում: Նրանցից շատերը ծնվել են պատերազմի ժամամնակ: Այդպիսի երեխաների որոնման ամենաարդյունավետ մասնագետները նրանց տատիկներն են: Սակայն Ռուսաստանը բոլորին չի հասցնում փրկել, իսկ տատիկներին ակտիվության համար քրեական պատասխանատվություն է սպառնում:
Ռայիսաթ Օմարովան և Զուհրա Գազիահմաևան նախկինում նույնիսկ ընկերուհիներ չէին, պարզապես միևնույն քաղաքում էին ապրում:
2014թ-ին Զուհրայի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել. որդին՝ Շամիլը, ԻԼԻՊ-ի շարքերն է մտել: Շամիլն ավելի կրոնապաշտ չէր, քան մյուսները, նա կրթություն ուներ, աշխատանք և, ընդհանուր առմամբ, բավականին բարեկեցիկ կյանքով էր ապրում, սակայն ինչ-որ տեղից «վարակվել էր» այդ գաղափարով: Իր հետ տարել էր նաև կնոջը՝ Մադինային, և նորածին որդուն՝ Մուհամեդին:
Շուտով Շամիլը զոհվել է, և Մադինան շատ արագ կրկին ամուսնացել է: Ահաբեկչական պետության տարածքում կինը չի կարող միայնակ մնալ՝ իրավունք չունի առանց տղամարդու ուղեկցության փողոց դուրս գալ:
Զոհված իլիպցիների կանանց հավաքում են այսպես կոչված «այրիների տներում», ուր զինյալները գալիս են իրենց համար կնոջ համապատասխան մարմին ընտրելու: Այդտեղից դուրս գալը մեծ երջանկություն է. ինչպիսին էլ լինի ամուսինդ, հազիվ թե նա «այրիների տան» կյանքից ավելի վատ կյանք ապահովի:
Մադինան չի ցանկացել «այրիների տուն» գնալ և ամուսնացել է հայրենակից Ռաշիդ Օմարովի հետ: Նրանից երկրորդ երեխան է ունեցել, որին կոչել են Աբդուրահման:
Շուտով Ռաշիդը նույնպես զոհվել է:
Մադինան միայնակ է մնացել երկու երեխաների հետ, որոնցից ավագը 2 տարեկան էր, իսկ կրտսերը՝ մեկ ամսական:
Մարտեր էին ընթանում, ԻԼԻՊ-ը կորուստներ էր կրում, Մադինան փախչում էր մարտերից զինյալների մյուս կանանց հետ միասին: Նրա հարազատներից մնացել էին միայն հազարավոր կիլոմետրեր հեռու՝ Դաղստանում, ապրող երկու դժբախտ կին: Նրա երկու ամուսինների մայրերը՝ նրա երեխաների տատերը:
Այդ երկու թոռներին և նրանց, ընդհանուր առմամբ, անմիտ մորը փրկելու միտքը միավորել է Զուհրային և Ռայիսաթին: Նրանք անգիր են արել մարտերում ներքաշված տեղանքի քարտեզները նույնքան լավ, որքան ռազմական փորձագետները. տեղյակ են բոլոր մարտական գործողությունների մասին նորություններին, ծանոթների և ծանոթների ծանոթների միջոցով որոնել են Մադինայի և իրենց թոռների հետքերը Սիրիայում, պատառներով հավաքել են նրանց ճակատագրի մասին տեղեկություններ:
Տատիկները սովորել են Սկայպից և մեսենջերներից օգտվել, թե ինչպես լուսանկարների միջոցով պարզել տեղակայման վայրը՝ հասկանալով միայն մեկ բան. իրենցից բացի տղաներին ոչ ոք չի փրկի:
Երրորդ անգամ Մադինան ամուսնացել է արդեն արաբի հետ: Այս տարվա գարնանը Արևելյան Գուտայից հումանիտար միջանցքով դուրս գալու փորձի ժամանակ նա զոհվել է:
Այդ օրվանից Զուհրա և Ռայիսաթ տատիկները տղա թոռներին փրկելու ակտիվ գործողություններ են սկսել, չէ՞ որ թոռները ոչ մի բանում մեղավոր չեն, նրանք պարզապես բախտ են ունեցել ծնվելու խելքները թռցրած ծնողներից:
Մադինայի վերջին ամուսինը՝ ռուսերեն խոսող արաբը, չի վերադարձնում երեխաներին: Նա տատիկների հետ կապ է հաստատել՝ նրանցից փող պահանջելով երեխաներին ազատ արձակելու դիմաց:
Մտածելու ժամանակ չկա. տղաներից մեկն աղիքային վարակ է ստացել: Եթե առանց հույզերի խոսենք, նա մահանում է:
Ռուսաստանի արտգործնախարարության տվյալներով՝ այսօրվա դրությամբ հակամարտության գոտուց հաջողվել է 24 կին և 74 երեխա դուրս բերել: Վերադարձի սպասողների ցուցակում ընդհանուր առմամբ 1521 անուն կա: Առաջին ռուսաստանցի երեխային հաջողվել է վերադարձնել անցյալ ամառ:
Ընդ որում, կանայք, որոնց ստացվում է վերադարձնել ահաբեկչական պետությունից, Ռուսաստանում հաճախ են դառնում «ահաբեկչական» հոդվածներով հարուցված քրեական գործերի մասնակից անգամ այն դեպքերում, եթե չեն մասնակցել մարտական գործողություններին և ինքնակամ հանձնվել են:
Հայտնի են նաև դեպքեր, երբ ազատազրկման են դատապարտվել նրանց հարազատները, որոնք Ռուսաստանի տարածքից զբաղվել են նրանց վերադարձով:
Զուհրան ու Ռայիսաթը ոչ մի դաշնակից չունեն. Ռուսաստանը պաշտոնապես վերադարձնում է կանանց և երեխաներին ԻԼԻՊ-ից ազատագրված տարածքներից, սակայն նույնիսկ այդ գործընթացն է դանդաղ գնում: Իսկ երկու տղաները մինչ այժմ զինյալների մոտ են: Նրանց դեռ հերթը չի հասել: