Տասը տարի առաջ սպանված չեչեն իրավապաշտպանի դուստրը խոստանում է շարունակել մոր գործը
Տասը տարի առաջ՝ 2009թ-ի հուլիսի 15-ին, Չեչնիայում առևանգվել և դաժանաբար սպանվել է Նատալյա Էստեմիրովան՝ «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության Գրոզնիի բաժնի աշխատակիցը։
Այս տարի նրա դուստր Լանան Լոնդոնում ավարտում է համալսարանն ու աշխատում է իր մոր գրքի վրա։ Ներկայացնում ենք դրանից մի հատված, որը հրապարակել է The Guardian-ը։
«Երբ ես ութ տարեկան էի, գիշերային մղձավանջներ սկսվեցին մոտս։ Երազում տեսնում էի, թե ինչպես են ռուս զինվորները ներխուժում մեր տուն և սպանում մորս։ Ես նրանց խնդրում եմ ինձ էլ սպանել, սակայն նրանք չեն սպանում․․․
Մենք ապրում էինք Չեչնիայում, որն այն ժամանակ պատերազմում էր Ռուսաստանի հետ։ Ինձ համար այն ժամանակ դժվար էր հասկանալ, թե ինչի համար է այդ ամենը տեղի ունենում։ Մեծերի խոսակցություններից պարզ էր դառնում, որ ռուսները եկել են մեր երկիր, այստեղ կտտանքների ենթարկել և սպանել անմեղ մարդկանց։ Սակայն չեչեն քաղաքական գործիչների և գեներալների մասին էլ մայրս լավ բաներ չէր ասում։
Մայրս, որը կրթությամբ ուսուցիչ էր, իրավապաշտպան շարժում է մտել 90-ականների սկզբին։ Երկու չեչենական պատերազմների ընթաքում նա տեսել է ամեն ինչ՝ արտադատարանային հաշվեհարդարներ, խոշտանգումներ, ծաղրանքներ․․․ Նրա աշխատանքի գլխավոր նպատակն այն էր, որ աշխարհն իմանա, թե ինչ է տեղի ունենում Չեչնիայում։
Երբ իմ երկրում Կրեմլի աջակցությամբ իշխանության եկավ Ռամզան Կադիրովը, նա խոստացավ վերջ տալ ահաբեկիչներին և վերածնել հանրապետությունը։ Գնդակոծումներից և ռմբակոծություններից հետո մնացած փլատակների տեղում աչքիս առաջ սկսեցին նոր երկնաքերներ հայտնվել։
Սակայն այդ խաղաղ արտաքին տպավորության տակ շարունակվում էր ցանկացած այլախոհության դաժան ճնշում։ Ցանկացած քննադատություն Կադիրովն ընկալում էր որպես անձմաբ իր դեմ հարձակում և բազմիցս սպառնում էր իրավապաշտպաններին, այդ թվում՝ մորս։
2009թ-ի հուլիսի 15-ին մորս առևանգեցին և սպանեցին։ Իմ գիշերային մղձավանջներն իրականացան։
Շատ բան է տեղի ունեցել վերջին տասը տարում։ Չեչնիայում իրավապաշտպան շարժումը ստիպված էր ընդհատակ անցնել, դրա ակտիվիստներին ծեծում են և բանտ ուղարկում շինծու մեղադրանքներով, նրանց տներն այրում են։ Ամեն անգամ այդ նորություններն ինձ ընկճախտի մեջ են գցում։ Մտածում եմ՝ արդյո՞ք մայրս իզուր չմահացավ։ Չէ՞ որ նրա մարդասպանները մինչև հիմա պատժված չեն․․․
Եվ ամեն անգամ հաղթահարում եմ ընկճախտս ու շարունակում նրա մասին գիրք գրել։ Որովհետև ես կենդանի եմ և երջանիկ, և դա մեր գլխավոր ընհանուր հաղթանակն է»։