Վրացի լրագրողն՝ իր առևանգման և Ուկրաինայից արտաքսման մասին
Երեկ ուշ երեկոյան «Վիլնյուս» լաստանավը Փոթիի նավահանգիստ է բերել Վրաստանի՝ Ուկրաինայից արտաքսված 8 քաղաքացու: Նրանց թվում էր «Ռուսթավի-2» հեռուստաընկերության օպերատոր Թամազ Շավշիշվիլին, որը հիմնականում լուսաբանում էր Վրաստանի նախկին նախագահ, ներկայիս ընդդիմադիր ուկրաինական քաղաքական գործիչ Միխայիլ Սահակաշվիլիի գործունեությունը:
Թամազ Շավշիշվիլիին երկու օր փնտրել է նրա ընտանիքն ու գործընկերները: Նա ասում է, որ իրեն առևանգել են Կիևի իր բնակարանից, մի ամբողջ օր տարել՝ կապած աչքերով, և ի վերջո նավ նստեցրել:
Շավշիշվիլիի խոսքով՝ իրեն հայտարարել են Ուկրաինայից արտաքսելու մասին՝ 3 տարով մուտքի իրավունքի արգելքով: «Եվ դա այն դեպքում, երբ մեկ շաբաթ առաջ Ուկրաինայի տեղեկատվության նախարարությունում ես լրագրողական հավատարմագրություն եմ ստացել, որում գրված է, որ իրավունք ունեմ աշխատելու Ուկրաինայում», — հայտարարել է Շավշիշվիլին իրեն Փոթիի նավահանգստում դիմավորող լրագրողներին:
«Ժամը 11.00-ին մոտ ներս մտան ինքնաձիգներով զինված մոտ 15 հատուկջոկատայիններ: Ատրճանակով հարվածեցին դեմքիս, գցեցին հատակին և սկսեցին ոտքերով հարվածել: Չէի հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Աչքերս կապեցին և ինչ-որ տեղ տարան: Չէի հասկանում, թե որտեղ եմ: Ինձ մտցրին միկրոավտոբուսի բեռնախցիկ, տարան անհայտ ուղղությամբ. ես ոչինչ չէի կարող տեսնել: Ինչ-որ ժամանակ անց փոխեցին մեքենան: Հետո էլի երկու անգամ փոխեցին: Ավելի ուշ ուղղաթիռի ձայն լսեցի, կռահեցի, որ օդանավակայանում եմ: Ուղղաթիռ նստեցրին: Ինչ-որ բան կարդացին, որից ես հասկացա, որ ինձ արգելվում է Ուկրաինա մուտք գործել 3 տարվա ընթացքում… Ուղղաթիռում հատակին պառկեցրին, և մենք ուղևորվեցինք անհայտ ուղղությամբ: Օդում էինք մոտ 2 ժամ: Երբ վայրէջք կատարեցինք, մեզ կրկին հատուկջոկատայինների հետ մեքենա նստեցրին: Այնուհետև ես հայտնվեցի նավի վրա: Այդ ամենը մի ամբողջ օր տևեց: Ես արդեն ոչինչ չէի զգում, միայն արյունն էր հոսում դեմքիս վերքերից: Ստացվում է, որ ինձ պարզապես առևանգել են տնից», — լրագրողների հետ զրույցում ասել է Թամազ Շավշիշվիլին:
https://www.youtube.com/watch?v=PitQzL6tw20
Նրա խոսքով՝ ամբողջ օրը նրան աչքերը փակ են տեղափոխել, և նա միայն ձայներից է կռահել, որ իր շուրջ մարդիկ փոխվել են: «Նրանք միայն միմյանց միջև էին խոսում: Ես հարցնում էի, թե ինչու են ինձ հետ այդպես վարվում, հանուն ինչի, սակայն նրանք չէին պատասխանում», — պատմում է Շավշիշվիլին:
Նրա խոսքով՝ լաստանավում նրա հետ միասին ուկրաինական տարբեր քաղաքներից արտաքսված հայրենակիցներ են եղել, մոտ 10 հոգի:
Կիևում Վրաստանի դեսպանատունը հաստատում է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալներով, Վրաստանի 8 քաղաքացի բռնի կերպով հայրենիք է վերադարձվել «Ուկրաինայի ազգային անվտանգության ապահովման շահերին չհամապատասխանող գործունեության համար»:
Դեսպանատան հայտարարության համաձայն՝ հենց դրանով է ուկրաինական կողմը բացատրում տեղի ունեցածի մասին տեղեկատվության հակիրճ լինելն, առանց միջադեպի մանրամասների:
Արձագանք
Ուկրաինայում Վրաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել իր քաղաքացիների արտաքսման վերաբերյալ: Դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունում ասվում է, որ նոյեմբերի 17-ին՝ հենց տեղեկատվություն է ստացվել Ուկրաինայից Վրաստանի 8 քաղաքացիների բռնի արտաքսման մասին, դեսպանատան ներկայացուցիչներն այդ հարցով դիմել են Ուկրաինայի ԱԳՆ, և այդ երկրի արտաքին քաղաքական և այլ գերատեսչությունների հետ շփումը շարունակվում է: Միաժամանակ դեսպանատունը հստակեցնում է, որ ուկրաինական կողմը չի նշում կատարվածի մանրամասները՝ որպես պատճառ նշելով Վրատսանի արտաքսված քաղաքացիների՝ Ուկրաինայի ազգային անվտանգության շահերին հակասող գործունեությունը: Հայտարարությունում նշվում է, որ, ըստ Ուկրաինայի անվտանգության ծառայության տեղեկատվության, նրանք բռնի կերպով արտաքսվել են Վրաստան հատուկ միջոցառումների արդյունքում, որոնք իրականացվել են ազգային ոստիկանության, պետական էմիգրացիոն, ինչպես նաև սահմանային ծառայությունների հետ համատեղ:
Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որն այսօր գլխավորում է Ուկրաինայի ընդդիմադիր կուսակցություններից մեկը, միջադեպը մեկնաբանել է սոցցանցում: Նրա խոսքով՝ Վրաստանի քաղաքացիների ձերբակալման գործողությունն անձամբ ղեկավարում էր Ուկրաինայի նախագահի անձնական թիկնազորի ղեկավարը: «Նոր ուժերի շարժման» առաջնորդը գրում է, որ վրացիներին Կիևից Օդեսա են տեղափոխել երեք ուղղաթիռով, իսկ լաստանավ են նստեցրել 50 հատուկջոկատայինների ուղեկցությամբ: Միխայիլ Սահակաշվիլին պդնում է, որ գործողությանը Պյոտր Պորոշեննկոյի անձնական թիկնազորի ղեկավարի մասնակցությունն օրենքի խախտում է:
«Պորոշենկոն անձամբ ինձնից է վախենում, քանի որ չի կարող ինձ Պուտինի գործակալ հայտարարել, և որովհետև ես հաջող պատմություն ունեմ», — գրում է Սահակաշվիլին: