Վրացիներն Ադրբեջանում․ ինքնատիպության և օտարացման միջև
Նիկա Մուսավի, Բաշիր Քիթաչաև, Բաքու
Ալիբեյլին Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գախ քաղաքի մոտ գտնվող գյուղերից մեկն է, որտեղ բնակվում են էթնիկ վրացիներ։ Վիքիպեդիան Ալիբեյլիի բնակիչներին «ինգիլոյներ» է անվանում, սակայն նրանք այդ բնորոշման հետ համաձայն չեն և իրենց համարում են ամենաիսկական վրացի։ Եվ իրոք, նրանց մոտ ամեն ինչ վրացական է՝ տոները, խնջույքները, լեզուն, եկեղեցին, անգամ գինին են պատրաստում կվևրի-կժերի մեջ՝ վրացական գինեգործության բոլոր կանոններով։ Իսկ սեփական գյուղը նրանք անվանում են Ալիբեգլո։
Ինչպե՞ս են ապրում երկու երկրների միջև գտնվող գյուղի մարդիկ։
Invalid slider ID or alias.
Ա
շնանային կեսօր, տապ է և լուռ։ Ալիբեյլիում պնդուկի բերքահավաքի ամենաթեժ պահն է, և գրեթե ողջ չափահաս բնակչությունը գնացել է «պլանտացիաներ»։ Լսվում է միայն մոտոցիկլետների դռդռոցն ու դրանց հետևից վազող շների հաչոցը։
Գյուղ մտնելիս Մշակույթի տան բակում հավերն քուջուջ են անում խունացած պատվանդանի հիմքի մոտ աճող խոտերի մեջ։ Դա Իոսիֆ Ստալինի արձանն է։ Ասում են, որ 20-րդ դարի 50-ական թվականներին այն ցանկացել են ապամոնտաժել, սակայն տեղացիները դիմադրել են։ Իսկ հետո հուշարձանի մասին բոլորը մոռացել են, այժմ այն Ալիբեյլիի գրեթե միակ գլխավոր տեսարժան վայրն է։
Invalid slider ID or alias.
Ովքե՞ր են ինգիլոյները
2009թ-ի վերջին մարդահամարի համաձայն՝ Ադրբեջանում մոտ 10 հազար վրացի է բնակվում (ադրբեջանական քաղաքացիությամբ)։ Դա երկրի ընդհանուր բնակչության շուրջ 0,1 տոկոսն է։ Վրացիների ճնշող մեծամասնությունն ապրում է երկրի հյուսիս-արևմուտքում՝ Գախի և Զաքաթալի շրջաններում։
«Վրաստանում մեզ իսկական վրացի չեն համարում։ Սակայն երբ մարդիկ մեզ հյուր են գալիս, տեսնում են, թե ինչպես ենք ապրում, հարսանիք անում, ինչ ուտեստներ ենք պատրաստում, համոզվում են, որ մենք այնպիսին ենք, ինչպես իրենք», — ասում է 63-ամյա Վասիլի Թաթարաշվիլին, որն ապրում է Գախ քաղաքում։
Մոր կողմից ռուս Վասիլի Վիկտորովիչը ռուսական դպրոցում է սովորել, և նրա բոլոր ընկերները ռուս կամ ադրբեջանցի են եղել։
Վասիլին մեկնել է Բաքու սովորելու, որոշ ժամանակ մայրաքաղաքում անցկացրել, իսկ հետո վերադարձել Գախ։ Միշտ իրեն «անիսկական վրացի» զգալով՝ նա գիտակցաբար վրացի կնոջ հետ է ամուսնացել՝ նրա հետ իսկական վրացական ընտանիք ստեղծելու համար։
Այդ ժամանակներից անցել է ավելի քան երկու տասնյակ տարի։ Վասիլի Վիկտորովիչի դուստրն ամուսնացել է Թբիլիսիում, իսկ որդին՝ Վիկտորը, Վրաստանում սովորելուց հետո վերադարձել է հայրական տուն և ամուսնացել Ալիբեյլիի աղջիկներից մեկի հետ։ Վիկտորն ու Նանան ծանոթացել են 2011թ-ին «սխալմամբ»։ Տղան հարազատներից մեկին է զանգահարել, բայց համարը շփոթել է, և հեռախոսը վերցրել է Նանան։ Այժմ նրանք ապրում են Գախում և սպասում իրենց առաջնեկին։
Իսկ ինչ վերաբերում է «ինգիլոյներ» արտահայտությանն, ապա տեղացիներն ասում են, որ այդպես պետք է կոչեն ոչ թե իրենց, այլ դարեր առաջ քրիստոնեությունից իսլամի անցած վրացիներին։ Այժմ նրանք հիմնականում բնակվում են Ադրբեջանի Զաքաթալի շրջանում՝ Գախի հարևանությամբ։
Վրացական կենսակերպ
Ալիբեյլին/Ալիբեգլոն, որը տեղակայված է Գախից մոտ 25 կմ հետավորության վրա, լիովին բարեկարգ և բարեկեցիկ գյուղ է․ այստեղ դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց և անգամ թատրոն կա։
Գլխավոր «բիզնեսն» ընկուզեղենն է։ Յուրաքանչյուր մարդ մոտ մեկ հեկտար հող ունի, դա ավելին է, քան միջինում Ադրբեջանում։
Ալիբեգլայում ոչ ոք չի բողոքում իշխանությունից․ գյուղում կա գազ, էլեկտրականություն, մնացած խնդիրները բնակիչները լուծում են ինքնուրույն։
«Իսկական վրացական» կենսակերպը, որով այդպես հպարտանում են ինգիլոյները, նախևառաջ, խնջույքի ավանդույթն է։ Խորովածն արվում է խոզի մսից, դրա հետ խմում են տնական գինի, որը պատրաստում են կվևրիների՝ կավե կժերի մեջ, այնուհետև՝ թաղում հողի մեջ։
Կան նաև այլ ավանդույթներ․ այն ամենն, ինչ վերաբերում է կրոնին, օրինակ, մկրտությունը, Սուրբ Գեորգիի տոնին։ Մահացածներին հիշատակելիս «սաքմել են անում»՝ ածխի վրա խունկ են ծխում, պատրաստում հանգուցյալի սիրած ուտեստները։
Invalid slider ID or alias.
Կրության հետևից՝ միայն Թբիլիսի
Ալիբեյլի գյուղում վերջերս վերանորոգված մեկ պետական դպրոց կա, որտեղ դասերը վրացերենով են։ Ադրբեջաներեն տեղացիները գրեթե չեն խոսում, այն նրանց հաճախ պետք էլ չէ։
Դպրոցը 216 աշակերտի համար է, սակայն այժմ այնտեղ սովորում է 161 երեխա։ Նրանց դասավանդում է 35 ուսուցիչ, գրեթե բոլորը՝ տեղացի։
Դպրոցի տնօրեն Առնո Սանաշվիլին պատմում է, որ դասագրքերը կամ բերում են Վրաստանից, կամ վրացերեն են թարգամանում գրքերը, որոնք օգտագործվում են Ադրբեջանի ռուսական դպրոցներում։
«Խնդիր ունենք միայն պատմության դասագրքերի առնչությամբ։ Քանի որ պատմությունն այնուամենայնիվ քաղաքական պահ է», — ասում է Սանաշվիլին։ Բանն այն է, որ Վրաստանի և Ադրբեջանի դասագրքերում որոշ պատմական իրադարձությունների վարկածները տարբերվում են։ Ադրբեջանական դասագրքերն այստեղ չի կարելի օգտագործել՝ «իրենց իսկ դեմ չգնալու համար», իսկ վրացականները՝ պետությանը դեմ չգնալու համար։
Առնո Սանաշվիլին ծնվել և ողջ կյանքն ապրել է Ալիբեգլոյում։ Նրա երկու դուստրերն ամուսնացել են Թբիլիսիում, իսկ որդին գյուղում է մնացել։ Գրեթե նույնպիսի իրավիճակ է յուրաքանչյուր ընտանիքում․ երիտասարդությունը գյուղից հեռանում է դպրոցն ավարտելուց անմիջապես հետո։ Տիրապետելով միայն վրացերենին՝ նրանք կարող են բարձրագույն կրթություն ստանալ միայն Թբիլիսիում։
«Սակայն մեծ տարիքում նրանք այնուամենայնիվ ուզում են վերադառնալ հայրենի գյուղ», — ասում է Առնո Սանաշվիլին։
Ըստ պաշտոնական տվյանլերի՝ Ալիբեյլին երկու հազար բնակիչ ունի։ ՏԵղացիներն ասում են, որ իրականում նրանք ավելի քիչ են։ Չնայած վիճակագրության բոլոր թերություններին՝ ակնհայտ է մի բան․ գյուղի բնակչությունը զգալիորեն չի աճել և չի նվազել վերջին տասը տարում։ Այն չի աճում Վրաստան մեկողների հաշվին, չի կրճատվում՝ վերադարձածների հաշվին։
Վրացի փոքրամասնության ինքնության պահպանում՝ ձեռքբերո՞ւմ, թե՞ խնդիր
Ազգային փոքրամասնությունների խնդիրն Ադրբեջանի իրավապաշտպաններն ավանդաբար դիտարկում են ազգային ինքնության պահպանման տեսանկյունից․ արդյո՞ք ժողովրդին թույլ են տալիս պահպանել ավանդույթները և խոսել իր լեզվով։ Ձուլման խնդիրը երբեք չի դիտարկվել, հատկապես՝ բազմամարդ վրացի փոքրամասնության համար։
Այն փաստը, որ մի քանի հազար ինգիլոյներ երկրի հյուսիսում «դուրս են մնացել» դրա կյանքից և աստիճանաբար Վրաստան են տեղափոխվում, Ադրբեջանում երբեք չի ընկալվել որպես խնդիր։
Ընդհակառակն, Ալիբեյլին և վրացական մյուս գյուղեր հաճախ են բերում վրացի պաշտոնյաների և ցույց տալիս, որ լեզվին և մշակույթին այնտեղ ոչինչ չի սպառնում։
Ադրբեջանի իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Էլդար Զեյնալովը կարծում է, որ Ադրբեջանում աշխատանքի տեղավորվելու վրացիների խնդիրները կապված են բացառապես լեզվական խոչընդոտի, այլ ոչ թե ազգային պատկանելիության հետ։ Որպես օրինակ, նա բերում է դատավոր Ռաֆայել Գվալաձեին, որն, ազատ տիրապետելով ադրբեջաներենին, մինչև վերջերս աշխատում էր Սահմանադրական դատարանում՝ երկրի բարձրագույն դատական ատյանում։
«Այլ բան է, որ վրացական դպրոցներում (ինչպես նաև ռուսերենով դասավանդվող դպրոցներում) ադրբեջաներենի ուսուցումը կաղում է։ Եվ իշխանությունների բոլոր փորձերը, որոնք ուղղված էին ադրբեջաներեն սովորեցնելուն, հանգեցնում են միայն նրան, որ ազգային փոքրամասնությունները հեռանում են դեպի իրենց լեզվական գետտո, դուրս են մնում հասարակական կյանքից, անգամ արտագաղթում են իրենց լեզվական միջավայր։ Օրինակ, 1999 և 2009թթ-ի մարդահամարների միջև ընկած ժամանակահատվածում վրացական բնակչությունը 14 900-ից հասել է 9900-ի՝ կրճատվելով մեկուկես անգամ։ Ենթադրում եմ, որ դա վրացի երիտասարդության արտագաղթի, հետևաբար նաև ծնելիության անկման հետևանք է։ Հնարավոր է, որ դա ինչ-որ մեկին ձենտու է․ չկա մարդ, չկա խնդիր, սակայն այս մոտեցումը բնավ եվրոպական չէ»։
Էլդար Զեյնալովը հիշեցնում է նաև, որ Ադրբեջանում մինչև այսօր ազգային փոքրամասնությունների մասին օրենք ընդունված չէ, թեև երկրի իշխանությունները դեռ 2001թ-ին են Եվրախորհրդին խոստացել անել դա։
Գ
յուղի խանութի վաճառասեղանին կոնֆետ է, մակարոն, ճենապակյա ծաղկամաններ և փչովի փղեր։ Տարեց ամուսնական զույգը, որն այդպիսի խանութներից մեկի տերն է, ամեն կերպ խուսափում է անգամ իրենց անունները նշել, սակայն հպարտությամբ պատմում է, որ որդիներից մեկը, մեկնել է Թբիլիսի իրավաբանի կրթություն ստանալու համար, կարողացել է ընդունվել և այժմ էլ աշխատում է դատախազությունում։ Երկրորդ որդին մնացել է գյուղում, ահա նրա կինն ու երեխաները կանգնած են մուտքի մոտ։
Միայն մեկ մարդ համաձայնի հարցազրույց տալ, դա խանութի տերերի չարս տարեկան թոռնիկ Էլենեն էր։ Նա մի քիչ անգլերեն է խոսում։
«Էլենե, լրագրողներին հարցազրույց կտա՞ս»։
Աղջնակը լուրջ և խիստ հայավքով զննում է անկոչ հյուրերին և տատին վրացերեն հարցնում․
«Իսկ որտե՞ղ է նրանց բարձրախոսը»։
Խանութի կողքով մուգ նարնջագույն ֆուրգոն է անցնում, որից բարձրախոսով անհասկանալի կարճ բառ է հնչում։
— Ի՞նչ է ասում։
— Թոնե են վաճառում։ Կավե վառարաններ, որոնցում վրացական հաց են թխում։
Երբ մենք արդեն պատրաստվում ենք մեկնել, Էլենեն դուրս է գալիս և խանութի մուտքի՝ խաղողի վազով պատված ծածկի տակից մեզ ձեռքով հրաժեշտ տալիս ու առաջին անգամ ժպտում․
— Վուե՜։
Invalid slider ID or alias.
«Նրանք խաբում են»
Ալիբեյլիի երիտասարդ բնանկիչ Դավիթը, որին մենք պատահաբար հանդիպեցինք արդեն Վրաստանում, նույնպես լքել է գյուղը դպրոցն ավարտելուց հետո։ Նրա խոսքով՝ նա արել է դա, քանի որ հասկացել է, որ Ադրբեջանում ոչնչի չի հասնի։
«Եթե Գախում և Ալիբեյլիում վրացիներն ասել են, որ իրենց հանդեպ խտրականություն չեն զգում, նրանք խաբել են կամ զգուշավորություն դրսևորել։ Իրականում խտրականություն կա, թեև այն ոչ թե ակնհայտ է արտահայտվում, այլ մանրուքներում։ Օրինակ, հիվանդանոցում կտրոնով կանգնած ես և տեսնում ես, որ ադրբեջանցիներին առանց հերթի են սպասարկում, իսկ վրացիները ստիպված են սպասել։ Ինչ վերաբերում է լեզվին, ապա ես ադրբեջաներեն գիտեմ, սակայն, այնուամենայնիվ, հասկանում էի, որ հազիվ թե կարողանամ կարիերա անել Ադրբեջանում»։
Ինգիլոյները Վրաստանում․ մեկնել՝ վերադառնալու համար
Խաթիա Գոգոբերիձե, Թբիլիսի
23-ամյա Գիորգին (անունը փոխված է) Թբիլիսի է եկել Ադրբեջանից 2012թ-ին։ Նա չի ուզում իր անունը հանրային կերպով նշել, քանի որ վախենում է Սայինգիլոյի [տարածաշրջանի անվանումը, որն ընդունված է Վրաստանում և տեղի բնակիչների շրջանում — JAMnews] իր ազգականների համար։
Նա Կախիից է, տեղի դպրոցն է ավարտել վրացերենով։
Վրացական պետությունը բուհական անվճար կրթություն է տրամադրում Ադրբեջանից եկած այն վրացիներին, որոնք ազգային քննության նվազագույն մակարդակը հաղթահարում են։ Այդպես Գիորգին ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարան, որտեղ այժմ մագիստրատուրայում է սովորում։
Միաժամանակ ռեստորանում որպես մատուցող է աշխատում։
Նա ասում է, որ Թբիլիսիում բոլորովին օտար միջավայրում է հայտնվել, որին հարմարվելն իր համար դժվար էր։
«Կզարմանաք երևի, բայց ինձ համար ամենատարօրինակ դեպքն այն էր, որ առաջին կուրսում դասախոսության ժամանակ լսեցի «սեքս» բառը»։
Նրա խոսքով՝ հանրային կերպով նման թեմաներ քննարկելն ինգիլոյների շրջանում ընդունված չէ։
ԹՊՀ-ում սովորելու տարիներին նա նախկինում իրեն անծանոթ բաների հետ է բախվել։ Օրինակ, մինչ այդ նա պատկերացում չի ունեցել, թե ինչ է ՄԻԱՎ-ն ու ՁԻԱՀ-ը․ այդ բառերը համալսարանում լսելիս նա ստիպված է եղել «գուգլել»՝ հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը։
«Երբ դպրոցում սովորում ես 1995թ-ին հրատարակված գրքերով, ի՞նչ կրթության մասին է խոսքը», — ասում է Գիորգին։
Չնայած վրացերեն լեզվով միջնակարգ կրթությանը՝ նա Վրաստանում բախվել է լեզվական խոչընդոտի։ Պարզվում է, որ նա գրել ավելի լավ է իմացել, քան խոսել, և անհարմար իրավիճակներում է հայտնվել իր բարբառի պատճառով, որն ուրիշները չեն հասկանում։
Նրա համար ամենամեծ խնդիրը Վրաստանի քաղաքացիություն չունենալն է։ Նա ասում է, որ պետությունը հրաժարվում է իրեն քաղաքացիություն տալ, քանի դեռ ինքը չի հրաժարվել Ադրբեջանի քաղաքացիությունից։ Եվ վստահ է, որ Ադրբեջանում այդ հարցն առանց խոշոր կաշառքի չի լուծի։
Գիորգին չի ուզում հայրենիք վերադառնալ։ Նա պլանավորում է շարունակել ուսումն ու աշխատանքը Թբիլիսիում։ Նա որպես այլընտրանք չի դիտարկում Բաքու տեղափոխվելը, քանի որ վստահ է, որ «առանց մեծ փողերի» նա այնտեղ չի հաստատվի։
Սակայն երբեմն նույնիսկ վրացական հասարակությունում է նա իրեն անհարմար զգում։ Եղել են նաև որոշ տհաճ դեպքեր։ Օրինակ, նրան մի անգամ հարցրել են․ «Ինչպե՞ս եք դուք՝ թաթարներդ, սովորում վրացերեն»։ Ի պատասխան նման դեպքերում նա փորձում է հանգիստ բացատրել, որ Սայինգիլոյում վրացիները կարողացել են պահպանել լեզուն և հավատքը։
Գիորգին նեղսրտում է, որ վրացիներից շատերն այսօր գրեթե ոչինչ չգիտեն Սայինգիլոյի մասին։
21-ամյա Ռոման Նուրոշվիլին՝ ապագա նեյրավիրաբույժը, սովորում է Թբիլիսիի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Նա նույնպես Կախիի շրջանից է, սովորել է տեղի վրացական դպրոցում։ Նրա համադասարանցիների մեծ մասը նույնպես Թբիլիսի է տեղափոխվել։
Ռոմանին համալսարանը դուր է գալիս։ Նա ասում է, որ այստեղ սովորելը հետաքրքիր է, և նա իրեն հարմարավետ է զգում։
Ուսումն ավարտելուց հետո նա նույնպես պատրաստվում է մնալ և աշխատել Վրաստանում։
«Եթե ես վերադառնամ Սայինգիլո, չեմ կարող աշխատել որպես նեյրավիրաբույժ։ Ուզում եմ ուսումնական գրանտ ստանալ և ուսումս շարունակել արտասահմանում, սակայն չգիտեմ, թե որքանով է դա հնարավոր՝ քաղաքացիությունիցս ելնելով», — ասում է Ռոման։
Ի տարբերություն Գիորգիի՝ նա Վրաստանում մշտական կացության իրավունք ունի, ինչը հեշտացնում է նրա կրթության և աշխատանքի հարցերը, սակայն թույլ չի տալիս մասնակցել ընտրություններին կամ առանց վիզայի մեկնել Եվրամիության երկրներ։ Բացի այդ, բանկերը հրաժարվում են վարկ տալ։
Ռոման ասում է, որ ընկերներ ունի, որոնք չունեն ոչ քաղաքացիություն, ոչ կացության իրավունք, այդ պատճառով էլ ստիպված են այնպիսի աշխատանքի տեղավորվել, որտեղ պետք չէ պաշտոնական պայմանագիր ստորագրել։
Նա խոսում է նաև Սայինգիլոյի վրացական դպրոցների խնդիրներից։ Նա սովորել է մինչև 2000թ-ը Վրաստանում հրատարակված գրքերով։ Ավագ դասարաններում ստիպված է եղել դասագրքերի համար Թբիլիսի մեկնել։ Սակայն ավելի ուշ Ադրբեջանը Վրաստանի դասագրքերի օգտագործման սահմանափակումներ է մտցրել, մասնավորապես, պատմական և կրոնական թեմաներով։ Վրաստանի պատմություն և աշխարհագրություն դպրոցում ընդհանրապես չի դասավանդվել։
Այժմ դպրոցում է սովորում Ռոմանի կրտսեր քույրն՝ արդեն ադրբեջաներենից վրացերեն թարգմանված դասագրքերով։ Յուրաքանչյուր դասագրքի վրա ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիմանկարն է և Ադրբեջանի պետական խորհրդանիշները։
Նրա քույրը նույնպես պլանավորում է ուսումը Թբիլիսիում շարունակել։
«Ծնողները գիտեն, որ եթե երեխաներն այնտեղ (Ադրբեջանում) սովորեն, հեռանկար չեն ունենա։ Այդ պատճառով էլ նախընտրում են, որ երեխաները Վրաստանում սովորեն։ Այնուամենայնիվ, ծնողների մեծ մասն ուզում է, որ ուսումն ավարտելուց հետո երեխաները տուն վերադառնան։ Սակայն չգիտեն, թե ինչ պետք է նրանք այնտեղ անեն։ Վերադարձածներից շատերն այդպես էլ աշխատանք չեն գտել», — ասում է Ռոման։
Նա փորձում է հաճախ այցելել ընտանիքին, հատկապես, Սուրբ Գեորգիի, Զատկի տոնին և Ամանորին։
Ասում է, որ անգամ այն ինգիլոյները, որոնք Վրաստան են մեկնում աշխատելու և սովորելու, չեն ուզում վերջնականապես լքել հայրենիքը։
«Շատ հազվադեպ է լինում, որ ինչ-որ մեկը տունը վաճառի և այստեղ տեղափոխվի․․․ Իսկ նրանցից շատերն, ովքեր այստեղ են աշխատում, ծերության տարիներին տուն են վերադառնում», — ասում է Ռոման։