«Վրացական երազանքի» իշխանության 10 տարին. վերլուծություն՝ ըստ ոլորտների
Վրացական երազանքի հաջողություններն ու անհաջողությունները
10 տարի է անցել այն ժամանակվանից, երբ 2012 թվականի հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքը» հաղթեց իշխող «Ազգային շարժում» կուսակցությանը (ստեղծվել է բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից) և ստանձնեց Վրաստանի ղեկավարումը։
Այսպիսով, «Վրացական երազանքը» դարձավ անկախ Վրաստանի պատմության մեջ երկիրը ամենաերկարը կառավարած կուսակցությունը։
Նրա նախորդը՝ «Ազգային շարժումը», երկիրը ղեկավարեց ինը տարի, իսկ Էդուարդ Շևարդնաձեի «Քաղաքացիների միությունը» լուծարվեց տասը տարի անց:
Միլիարդատեր, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած կուսակցությունը իշխանության էր եկել մեծ ծրագրերով ու խոստումներով։ Ի՞նչ հաջողությունների է հասել այս թիմը և ի՞նչ ձախողումներ են կապված «Վրացական երազանքի» կառավարման տասնամյակի հետ։
Այս հարցը JAMnews-ն ուղղել է տարբեր ոլորտների փորձագետների:
Ներքին քաղաքականություն
Կորնելի Կակաչիա, Վրաստանի քաղաքականության ինստիտուտի տնօրեն
Հաջողություններ
Իշխանությունը, որին փոխարինելու եկավ «Վրացական երազանք»-ը, ուներ ավտորիտարիզմի որոշ նշաններ, և խաղաղ փոփոխությունն ինքնին շատ լավ ազդեցություն ունեցավ Վրաստանի իրավիճակի և երկրի միջազգային իմիջի վրա։
Այդ ժամանակ մարդիկ արդեն հոգնել էին նախորդ իշխանության ավտորիտար միտումներից։ Եվ որոշակի հույս կար, որ նոր կառավարությունը կկարողանա նոր թափով ներդնել կառավարման ժողովրդավարական մեթոդներ։
Այս ուղղությամբ առաջին դրական քայլն արվեց, երբ որոշ չափով իշխանության եկավ բազմակուսակցական համակարգը կամ գոնե դրա իմիտացիան։
Սակայն այս ամենը շատ շուտով փոխվեց։ Փաստորեն, ի սկզբանե տեսանելի էր, որ իշխանության առանցքը պտտվում է մեկ անձի շուրջ, որն էլ հետո դարձավ ոչ ֆորմալ առաջնորդ։
Ձախողումներ
Հիմնական խնդիրն այն է, որ երկիրը ղեկավարում է ոչ ֆորմալ առաջնորդը։ Ինչպես նաև անձամբ նրան հավատարիմ մարդիկ՝ սահմանադրական որևէ շրջանակից դուրս։
Մյուս խնդիրն այն է, որ «Վրացական երազանքի» կառավարությունը երբևէ կոնկրետ ծրագիր չի ունեցել։
Նրանք այս 10 տարին անցկացրին նախորդ իշխանություններին հայհոյելով։
2016 թվականին երկրորդ ժամկետով ընտրվելուց հետո այս կառավարությունը կենտրոնացել է մեկ խնդրի վրա՝ ամեն գնով պահպանել իշխանությունը: Սկսվեց առճակատում Արևմուտքի հետ, քաղաքացիական հասարակության էրոզիա, գործնականում ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների անհետացում։
Արտաքին քաղաքականություն
Կախա Գոգոլաշվիլի, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն
Успехи и провалы “Грузинской мечты”
Հաջողություններ
Այս տարիների ընթացքում ամենակարևորը Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումն էր, դեպի Շենգենյան գոտու երկրներ առանց վիզայի ռեժիմի ձեռքբերումը և, ընդհանրապես, Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացումը։
Կարելի է խոսել նաև առհասարակ եվրոպական հեռանկարի ամրապնդման մասին, դա նույնպես հաջողություն է։ Բայց ես չգիտեմ, թե դա որքանով է հենց «Վրացական երազանքի» ձեռքբերումը, այլ ոչ թե Ուկրաինայի կողմից մղվող պաշտպանական պատերազմի արդյունք։
Ձախողումներ
Հիմնական սխալն այն է, որ միջազգային ջանքերը չեն մոբիլիզացվել Վրաստանի տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրների լուծման համար։
Միջազգային հարաբերությունների հայեցակարգում ասվում է, որ տարածքային ամբողջականության վերականգնումը մեր առաջնահերթ խնդիրն է։ Սակայն «Վրացական երազանքի» օրոք այս հարցը նվազ արդիական դարձավ միջազգային հանրության համար։
Չի եղել լուրջ ճնշում Ռուսաստանի վրա՝ նրան ստիպելու համար կատարել 2008 թվականի օգոստոսի պատերազմից հետո ստորագրված հրադադարի համաձայնագրի կետերը։
Այս ամենը արտաքին քաղաքական ջանքերի թուլացման արդյունք է։
Անհաջողություն է արձանագրվել նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Պաշտոնյաները կառարկեն ու կասեն, որ Ռուսաստանի հետ երբեք այսքան լավ հարաբերություններ չենք ունեցել։ Բայց իրավիճակը նման կերպ գնահատելը շատ մեծ սխալ է։
Սա ոչ թե ընկերական հարաբերություն է, այլ Ռուսաստանի ազդեցության տակ ընկնել։
Արևմուտքի նկատմամբ իշխանության հռետորաբանությունը փոխվել է, ինչը շեղում է որդեգրած կուրսից։ Դժվար է ասել, թե արդյոք ամբողջական հետընթաց կլինի։ Դա կախված է նաև ուկրաինական պատերազմի ելքից։
- «Քաղաքական կամք չկա»։ Արդյո՞ք Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
- Ծառեր և ֆլամինգոներ՝ որպես իշխանության խորհրդանիշ։ Ի՞նչ է ստացվել վրացի օլիգարխի «քմահաճույքից»
- Վրաստանում հակառուսական տրամադրություններն ավելի ուժեղ են, քան 2008-ի պատերազմից հետո։ Ինչո՞ւ
Այս ամենը շատ վտանգավոր խաղ է երկրի համար։ Եթե Վրաստանին հետո անհրաժեշտ լինի Արևմուտքի աջակցությունը Ռուսաստանի ճիրաններից ազատվելու համար, Արևմուտքը կարող է որոշել, որ դա չի բխում իր շահերից: Որովհետև Վրաստանն այս ընթացքում իրեն չի դրսևորել որպես Եվրոպային և Եվրատլանտյան տարածքին հավատարիմ երկիր։
Սա բացասական սցենար է, բայց նման ռիսկ կա։
Պակաս կարևոր չէ նաև այն, թե Ուկրաինան ինչ դիրքորոշում կունենա Վրաստանի նկատմամբ։ Ի վերջո, պատերազմի ավարտից հետո նրա խոսքը կարող է որոշիչ դառնալ տարածաշրջանում։
Տնտեսություն
Բեսո Նամչավաձե, Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանի հարցերով ավագ վերլուծաբան
Успехи и провалы “Грузинской мечты”
Հաջողություններ
Տնտեսական մոդելը, որով 2012 թ․-ի վերջին իշխանության եկավ «Վրացական երազանքը», նախորդ կառավարության [նախագահ Սաակաշվիլիի օրոք] մոդելի շարունակությունն էր. բիզնեսի պարզեցված կանոններ, ցածր հարկեր, փոքր կարգավորում և ազատ առևտուր շատ երկրների հետ:
Ուստի երկիրը շարունակեց ամեն տարի տնտեսական աճ արձանագրել, բացառությամբ 2020 թվականի, երբ համաճարակի պատճառով անկում տեղի ունեցավ։
Ձախողումներ
Այս տասը տարում երկիրը կարող էր հասնել ավելի մեծ տնտեսական աճի, ավելի ցածր գործազրկության, ավելի բարձր աշխատավարձերի։
Սակայն կառավարությունը չկարողացավ ամբողջությամբ օգտագործել այդ ներուժը։ Լարին արժեզրկվել է գրեթե երկու անգամ, ինչը հանգեցրել է պետական պարտքի ավելացման։ Գները զգալիորեն բարձրացել են։
Ամեն ինչ փոխկապակցված է։ Եթե կառավարությունը քիչ գումար ծախսեր, մենք ավելի քիչ պարտք կունենայինք, ինչը կնպաստեր նաև փոխարժեքի և գների կայունացմանը։ Մսխվել են միլիարդավոր լարիներ։
Անակլիայում նավահանգստի շինարարության դադարեցումը շատ մեծ հարված էր Վրաստանի տնտեսությանը։
Բացի խոշոր ներդրումների կորստից, կորավ այն ներուժը, որը երկիրը կարող էր ունենալ նոր նավահանգստի կառուցման արդյունքում։
Այնուամենայնիվ, դեռևս գումարներ են ծախսվում ենթակառուցվածքների վրա, ինչպիսիք են «Շահ Դենիզ» խողովակաշարը և այլ նախագծեր:
Ռուսաստանի հետ տնտեսական մերձեցումը նոր մարտահրավեր է ստեղծել։
Դա, իհարկե, օգուտներ է բերել Վրաստանին։ Զբոսաշրջությունից և առևտրից եկամուտներն աճել են։ Աճել է արտահանումը, հատկապես՝ գինու արտահանումը։
Բայց, մյուս կողմից, Վրաստանն ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվել ռուսական տնտեսությունից, ինչը շատ վտանգավոր է։
Եթե երկիրն ունենար միանշանակ արևմտամետ կառավարություն, դա կարող էր ավելի քիչ վտանգ ներկայացնել: Բայց տեղի է ունենում հակառակը։
Մոսկվայից տնտեսական կախվածության ֆոնին կառավարությունը վախեցնում է բնակչությանը, որ եթե նրանք չցանկանան շփվել Ռուսաստանի հետ, չեն կարողանա գինի վաճառել, զբոսաշրջիկներ չեն գա։
Սա քաղաքական լծակ է դարձել Վրաստանի կառավարության ձեռքերում։ Ինչպես նաև լծակ Ռուսաստանի ձեռքերում։
Սոցիալական խնդիրներ (գործազրկություն, աղքատություն)
Գիորգի Կեպուլաձե, «Հասարակություն և բանկեր» կազմակերպության հիմնադիր
Успехи и провалы “Грузинской мечты”
Հաջողություններ
Բացարձակ թվով գործազրկությունը նվազել է 2012 թվականից, բացառությամբ համաճարակի ժամանակաշրջանի։ Կա նաև տնտեսական աճ։
Լավ որոշում էր նաև եկամտային հարկի վերացումը։
Մյուս հաջողությունը Եվրոպայի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումն էր։ Թեև դա չի կարելի համարել կոնկրետ այս իշխանության վաստակը, որովհետեւ հիմքը նախապատրաստվել էր մինչ այդ։
Ձախողումներ
Եկեք ուշադիր նայենք այս «հաջողություններին» և հասկանանք, թե ինչ է տեղի ունենում իրականում։
Նվազագույն տնտեսական աճը, ինչպես նաև աղքատության և գործազրկության կրճատման ցածր տեմպերը ոչինչ չեն նշանակում Վրաստանի նման երկրի համար։ Բացի նրանից, որ դա բավականին աղետալի արդյունք է։ Իրականում շատ քիչ ոլորտներ են հզորանում։
Վերջին 10 տարիների ընթացքում սոցիալապես անապահով մարդկանց թվի զգալի աճ է նկատվել, ինչն ինքնին վկայում է սոցիալական ֆոնի վատթարացման մասին։
Աշխատողների եկամուտները չեն համընկնում ծախսերի հետ։ Համաճարակից հետո գնաճային ֆոնն ավելի է սրվել։
Վրաստանը երկու տարի անընդմեջ երկնիշ գնաճ ունի։ Առաջին անհրաժեշտության ապրանքների գները կտրուկ բարձրացել են՝ կրկին ամենաշատը հարվածելով աղքատներին: Նրանց ծախսերի մեծ մասը կոմունալ վարձերն են, սնունդը, դեղորայքը և տրանսպորտը։
Սրան գումարվում է հասարակության մեջ տիրող մեծ նիհիլիզմը։
Եթե երկրի գործող ղեկավարն ընդունում է, որ նույնիսկ 10-20 տարի հետո բոլորին աշխատանքի տեղավորելն անհնար է լինելու, խորհուրդ է տալիս մեկնել արտագնա աշխատանքի, ի՞նչ զարգացման մասին կարող է խոսք գնալ։ Սա այս կառավարության տնտեսական կառավարման դեմքն է։
Կառավարության հիմնական խնդիրը տնտեսական տեսլականի բացակայությունն է, նա չի ներկայացրել ծրագիր, թե ինչպես է պատրաստվում զարգացնել երկիրը։
Նիհիլիզմը ստիպում է մարդկանց գնալ արտասահման։ NDI-ի վերջին հարցումը ցույց է տալիս, որ բնակչությունը հեռանկար չի տեսնում, և մարդիկ ակնկալում են տնտեսական վիճակի վատթարացում։
Դատական համակարգ
Զվիադ Կորիձե, Լրագրողական էթիկայի խարտիայի խորհրդի անդամ
Успехи и провалы “Грузинской мечты”
Հաջողություններ
Դրական օրինակներից կարող եմ նշել մի քանի ազդեցիկ, ուժեղ և խմբագրական առումով քննադատական հեռուստաընկերությունների ի հայտ գալը։
Սակայն դրանց առաջացման պատճառը բացասական իրադարձություն էր՝ իշխանության պայքարը հայտնի «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հետ։
Դրական զարգացում է եղել նաև թվային հեռարձակման ներդրումը։
Կարելի է առանձնացնել նաև այն փաստը, որ այս 10 տարիներից մոտ երկուսուկես տարվա ժամանակահատվածը շատ հետաքրքիր էր Ահարայի շրջանի հանրային հեռուստատեսությունում՝ Նաթիա Կապանաձեի գլխավորությամբ ։ Դա լավագույն օրինակն էր, թե ինչպես կարող է հանրային հեռարձակողը իսկապես հանրային լինել:
Ձախողումներ
Այս տասը տարիների ընթացքում ամենաբացասական բանը, որ արել է իշխանությունը, «Ռուսթավի-2»-ի դեմ արշավն էր։ Ինչպես նաև հասարակությանը քննադատաբար աշխատող լրատվամիջոցների դեմ հանելու կառավարության փորձերը:
Այս քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2021 թվականի հուլիսի 5-ին։ Այս օրը իշխանությունը սադրեց տարբեր խմբերի ու հանդես եկավ լրագրողների դեմ։
Հարձակումից հետո, որի ժամանակ տասնյակ լրագրողներ վիրավորվեցին, մեղավորները չեն պատժվել։
Ինձ համար այս տասնամյակի ամենադժվար պահը Լեքսո Լաշկարավայի պատմությունն էր՝ օպերատորի, ով այդ օրն աշխատել էր ու ամբոխի կողմից դաժան ծեծի ենթարկվել, իսկ մի քանի օր անց մահացել։
Եթե հասարակությունը կորցրել է այն զգացումը, որ լրագրողներն իր կողմից են, նա մինչև վերջ կհնազանդվի իշխանություններին։
Այս կառավարությունն աններելի ու դաժան սխալ թույլ տվեց նաև Վրաստանի ամենահայտնի ընդդիմադիր հեռուստաալիքի՝ Մտավարիի գործադիր տնօրեն Նիկա Գվարամիայի դեպքում։
Կարծում եմ, որ այս ոտնձգությունները, ֆինանսական պատժամիջոցները, հարձակումները փողոցում, Լեքսո Լաշկարավայի մահը և հուլիսի 5-ի ջարդերն ու ծեծը լրագրողների մոտ ինքնագրաքննություն են առաջացրել։ Շատ լրագրողներ դարձել են ավելի զգուշավոր, շատերը թողել են մասնագիտությունը, ոմանք լքել են երկիրը, շատերը որոշել են լրագրող չդառնալ։
Լրատվամիջոցների համար բացասական կետն այն է, որ Կապի հանձնաժողովը փորձում է վերահսկել նրանց աշխատանքը։ Նախկին իշխանությունների օրոք Կապի հանձնաժողովը չէր կարող դա անել։ Ոչ այն պատճառով, որ չէր ուզում, պարզապես որոշ խոչընդոտներ կային: Այս իշխանության օրոք այդ արգելքները հաղթահարվեցին։
Բացի այդ, քանի որ խոսեցի Ահարայում Հանրային հեռարձակողի հաջողությունների մասին, նշեմ նաև, թե ինչպես և ինչ էներգիայով է իշխանությունը պայքարել Նաթիա Կապանաձեի դեմ։ Եվ այն մասին, որ նրան հաջողվեց ոչնչացնել այդ շատ կարճատև պրակտիկան:
Պաշտպանության ոլորտ
Ժանա Սիրբիլաձե, պաշտպանության ոլորտի փորձագետ
Հաջողություններ
Ցանկացած հաջողություն, որի մասին կարող եմ մտածել այս ոլորտում, կապ ունի կա՛մ ՆԱՏՕ-ի, կա՛մ ԱՄՆ-ի, և ավելի քիչ՝ Վրաստանի սեփական պաշտպանական համակարգի հետ:
Օրինակ՝ ռազմավարություն չկար, բայց գործընկերներն օգնեցին ստեղծել այն։ Նրանք ստեղծեցին Կիբերանվտանգության բյուրոն, թեև որքանով է այն արդյունավետ՝ առանձին հարց է։
Ոլորտային կրթության մեջ կատարված ներդրումները նույնպես հաջողված եմ համարում. ստեղծվել են Կադետական ճեմարանը և Պաշտպանության ազգային ակադեմիան։
Բացի այդ, ստեղծվել են Պաշտպանական ինժեներական դպրոցը (DIBS) և ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնը (JTEC)՝ որպես Ուելսի գագաթնաժողովում ընդունված ՆԱՏՕ-Վրաստան հիմնական փաթեթի մի մաս:
Մեկի գործառույթն է պաշտպանության նախարարությանը իր ռազմավարական տեսլականն իրագործելիս օգնելը, իսկ մյուսինը՝ վրացի զինվորներին գործնական հմտություններ փոխանցելը։
Բացի այդ, Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսական աջակցությամբ ստեղծվել է Stratcom-ը։ Հիմնական գաղափարը հասարակության հետ ճիշտ շփվելն ու ապատեղեկատվությունը ցրելն է։
Այնուամենայնիվ, եթե հիմա բացենք նրանց կայքը, կտեսնենք, որ նրանք հիմնականում զբաղված են լրատվամիջոցների քննադատական գրառումներին արձագանքելով:
Ձախողումներ
Ես չեմ հիշում նման զանգվածային փախուստ բանակից, ինչպես հիմա է։ Դասավանդել եմ Պաշտպանության ակադեմիայում, կուրսանտներիս ճնշող մեծամասնությունը լքել է Վրաստանը։
Բարձրագույն կրթությամբ սպաները զանգվածաբար հեռանում են, քանի որ իրենց երկրում հեռանկար չեն տեսնում։
Մենք չունենք որակյալ զինվորականներ, որոնք ապագա սպաներին կկրթեն ճիշտ արժեքներով և, բացի այդ, կունենան համապատասխան գիտելիքներ։ Խնդիրը ճիշտ տեխնիկայի մեջ է։
Խնդիրը նեպոտիզմն է՝ օրինակ՝ կոչումից կոչում, մայորից փոխգնդապետ դառնալու համար երկար տարիներ են պահանջվում, կամ ինչ-որ մեկը պետք է զանգի, ինչ-որ մեկը պետք է օգնի քեզ և այլն։
ՆԱՏՕ-ի գլխավոր պահանջը ռազմավարական տեսլական ու ճկունություն ունենալն է, ինչը ենթադրում է աշխատել միասնական պլանով։ Բայց երբ նոր նախարար է գալիս, նա փոխում է համակարգը։ Իսկ հետո գալիս է մեկ ուրիշը, և ամեն ինչ սկսվում է նորից:
10 տարի շարունակ վրացական բանակն ավելի շատ դեգրադացիա է ապրել, քան առաջընթաց։ Եվ եթե այսպես շարունակվի, մենք իրականում բանակ չենք ունենա։
Կրթություն
Սիմոն Ջանաշիա, կրթության ոլորտի հետազոտող
Успехи и провалы “Грузинской мечты”
Հաջողություններ
Վրաստանում զգալիորեն շատացել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար նախատեսված դպրոցները։ Նաև տարիների ընթացքում կտրուկ աճել է բյուջեն ընդհանուր կրթության ոլորտում։ Սա կարելի է ձեռքբերում համարել։
Ձախողումներ
Մայրաքաղաքի երեխաներին հասանելի է ավելի լավ կրթություն, քան այլ քաղաքներում: Իսկ այլ քաղաքների երեխաները ավելի լավ կրթություն են ստանում՝ գյուղական բնակավայրերի երեխաների համեմատ։
Անհավասարությունը նկատվում է բոլոր մակարդակներում՝ նախադպրոցական, դպրոցական և համալսարանական։ Եվ քիչ բան է արվում այդ անհավասարությունը նվազեցնելու համար:
Նաև չեն ստեղծվել հատուկ ծրագրեր սոցիալական պայմաններից ելնելով ուսման հետ կապված խնդիրներ ունեցող երեխաների համար։
Երկրորդ հիմնական խնդիրն այն է, որ դպրոցները ապաքաղաքականացնելու նախնական խոստումները չեն կատարվում։ Ընդհակառակը, վերջին տարիներին իրավիճակը գնալով ավելի է բարդանում։
Իշխանությունները վերահսկում են հանրակրթական դպրոցները՝ նրանց միջոցով ընտրողներին հօգուտ «Վրացական երազանքի» մոբիլիզացնելու համար։
Բազմաթիվ օրինակներից են տնօրեններին վերահսկելը, քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատելը, ընտրական փուլերին մասնակցելուն հարկադրելը։
Վերջերս պարզ դարձավ նաև, որ եթե նույնիսկ ԿԳՆ-ն դրական է գնահատում տնօրենին, բայց պետանվտանգությունն ասում է, որ նա քաղաքական առումով լոյալ չէ և պետք է ազատվի աշխատանքից, ապա նախարարությունը պարտավոր է ենթարկվել։
Կոռուպցիա
Գիորգի Օնիանի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանի փոխտնօրեն
Հաջողություններ
Ընդհանուր առմամբ, 2000-ականների սկզբի բարեփոխումների լայնածավալ արդյունքները, երբ ցածր մակարդակներում կոռուպցիան վերացվում էր, պահպանվել են։ Մասնավորապես, ճանապարհներին չկան, այսպես կոչված, «ճանապարհային ոստիկաններ», որոնց պետք է կաշառք տալ։ Բուհ ընդունվելու համար նույնպես գումար վճարել պետք չէ։
Ցավոք, այլ հաջողություններ այս ուղղությամբ չեմ տեսնում։
Ձախողումներ
Հիմնական խնդիրը ամենաբարձր մակարդակներում առկա կոռուպցիան է, որը հավասար է Շևարդնաձեի օրոք եղածին։ Եվ այդ կոռուպցիայի փաստերի շատ ընտրովի հետաքննությունը։
Կոռուպցիան ամենակործանարար գործոններից մեկն է, որը խաթարում է պետականությունն ու արդյունավետ կառավարումը։
Քաղաքացին կարող է չհասկանալ, որ դա ուղղակիորեն ազդում է իր կյանքի վրա։ Թեև յուրաքանչյուր գողացված լարի վնաս է հասցնում բոլորի բարեկեցությանը։
Մեծ խնդիր են նաև պետության մեջ իշխանության ճյուղերի գրավման աննախադեպ մասշտաբները։ Ոչ մի պետական մարմին, բացի օմբուդսմենի ինստիտուտից, երբեմն էլ պետական աուդիտի ծառայությունից, չի կարող ընդդիմանալ իշխող կուսակցության կամքին։
Իսկ ինքը՝ իշխող կուսակցությունը լիովին ենթարկվում է նախկին վարչապետ ու օլիգարխ Իվանիշվիլիին։ Հիմնական որոշումները նա է կայացնում:
Կոռուպցիա չպետք է դիտարկել միայն կաշառք վերցնելն ու տալը։ Պետական ինստիտուտների չարաշահումը, վերահսկողությունը նույնպես կոռուպցիա է՝ քաղաքական կոռուպցիա։
Օրինակ՝ երբ որոշ պաշտոնյաներ էժան գնով ձեռք են բերում մեծ հողատարածքներ ու գրանցում իրենց ընտանիքի անդամների անունով։ Այդ իրավիճակում կաշառք չկա։ Բայց դա ևս կոռուպցիա է։
Կոռուպցիա է նաև հարազատների նշանակումը տարբեր պաշտոնների։
Մարդու իրավունքներ
Успехи и провалы “Грузинской мечты”
Գիորգի Բուրջանաձե, Վրաստանի հանրային պաշտպանի տեղակալ
Հաջողություններ
Ամենամեծ ձեռքբերումը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերով առանձին քննչական մարմնի ստեղծումն էր։ Բայց հետագայում պետական տեսուչի պաշտոնը վերացավ, ինչը մեծ հարված հասցրեց այս նվաճմանը։
Ձախողումներ
Իհարկե, հիմնական ձախողումը դատական համակարգն է։ Կարևոր չէ, թե երկիրը որքան է առաջադիմել որոշակի իրավունքների հարգման հարցում, եթե չունի անկախ դատական համակարգ։ Անիմաստ է, առաջընթաց չի լինի։
Երկրորդ խնդիրը գաղտնիության օրենսդրությունն է և չկարգավորված վերահսկողությունը, դա ազդում է ամեն ինչի վրա: Կրկին ու կրկին շրջանառվում են մարդկանց անձնական կյանքի գաղտնի ձայնագրություններ ու կադրեր։
Կրոնական փոքրամասնություններ
Բեկա Մինդիաշվիլի, աստվածաբան, օմբուդսմենին կից Հանդուրժողականության կենտրոնի ղեկավար
Հաջողություններ
2017 թվականին Սահմանադրական դատարանը երկու գործով վճիռ է կայացրել՝ վերացնելով հարկային անհավասարակշռությունը երկու բաղադրիչով։ Այսօր բոլորը նույն կերպ են հարկերը վճարում։
Կարելի է հաջողություն համարել այն, որ, չնայած կառավարության ջանքերին, կրոնի մասին առանձին օրենք չընդունվեց։
Փորձ եղավ նաև դպրոցներում սկսել կրոնի ուսուցում, սակայն այդ նախաձեռնությունը նույնպես կասեցվեց։ Շատ լավ է, որ դասագրքեր գրելու գործընթացում հաշվի է առնվում բազմազանության համատեքստը։ Դասագիրքը չպետք է խթանի խտրականությունը, ատելության խոսքը և պետք է արտացոլի բազմազանությունը։ Սա կրթության նախարարության և Հանրային պաշտպանի շատ լավ համագործակցության արդյունքն է։
Ձեռքբերում է, որ Վրաստանի հետխորհրդային պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանում է հայտնվել մի մարդ, ով ոչ միայն բացահայտ հայտարարում է, որ մուսուլման է, այլև ակտիվորեն պաշտպանում է մահմեդականների իրավունքները և ոչ միայն։ Նկատի ունեմ Տարիել Նակաիձեին։ Սակայն սա իշխանությունների վաստակը չէ, դա է ընտրել ժողովուրդը։
Ձախողումներ
«Վրացական երազանքի» իշխանության գալուն պես երկրում սկսվեցին մահմեդականների հալածանքները։ 2012-2016 թվականներին նման դեպքերի շարան է եղել՝ սկսած Քոբուլեթիի մեդրեսեի մոտ խոզի գլուխը կախելուց և այլն։
Այդ գործերը կա՛մ փակված են, կա՛մ անարդյունավետ կերպով են հետաքննվում։
Երկար տարիներ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հասարակական վերաբերմունքը մշտապես անհանդուրժող է եղել: Ոչ ուղղափառ հավատքի մարդկանց համար դեռ դժվար է բացահայտ խոսել իրենց հավատքի մասին: Ես դա անվանում եմ մեծամասնության բռնակալություն։
Սա է պետության դերը՝ գործել այնպես, որ փարատվի այս վախը։ Եվ դրան կարելի է հասնել, եթե կոշտ արձագանքեն օրենքի խախտումներին։
Մինչ օրս երկրում շարունակվում է հակամահմեդական արշավը։ Օրինակ, Բաթումում, որտեղ մահմեդականները հող են գնել, կառավարությունը թույլ չի տալիս նրանց մզկիթ կառուցել։
Էթնիկ փոքրամասնությունները
Թամտա Միքելաձե, Սոցիալական արդարության կենտրոնի Հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն
Վրացական երազանքի հաջողություններն ու անհաջողությունները
Հաջողություններ
ՆԳՆ-ում խտրականության բացառման և խտրական հանցագործությունների դեմ պայքարի ուժեղացման մասին օրենքի ընդունումը։
Ես դրական եմ գնահատում ազգային փոքրամասնությունների արտոնյալ բարձրագույն կրթության ծրագիրը՝ 1+4։ Այն մեկնարկել է նախորդ իշխանությունների օրոք, և «Վրացական երազանքը» շարունակել է դրա իրականացումը։ Թեև այն չի բարձրացրել նոր մակարդակի:
Էթնիկ համայնքներում ինքնորոշման հետ կապված որոշակի դրական դինամիկա կա: Այնտեղ հիմա կան կրթություն ստացած, քննադատական մտածելակերպ ունեցող, իրենց քաղաքացի համարող ու արդարություն պահանջող երիտասարդներ։
Թեև, դարձյալ, չի կարելի ասել, որ դա պետության վաստակն է։
Ձախողումներ
Էթնիկ փոքրամասնությունների համար հավասար միջավայրի բացակայությունը, սոցիալական օտարումն ու մեկուսացումն այնքան ակնհայտ են, որ որոշ դեպքերում ստեղծում են կոնֆլիկտային ռիսկեր։ Ինչպես եղավ, օրինակ, Դմանիսիում։
Ամբողջական լճացում՝ ինտեգրացիոն քաղաքականության հետ միասին։ Նոր սերունդը քաղաքականապես հիասթափված է։
Նրանց թվում կան 1+4 ծրագրի մասնակիցներ, ովքեր կրթություն են ստացել, քննադատական տեքստեր են կարդացել, լավ վրացերեն գիտեն, բայց հասկանում են, որ իրականությունը չի փոխվում։
Հավասարության գաղափարներն անհետացել են օրակարգից, այդ թվում՝ պետության բառապաշարից։ Փոխարենը՝ բացահայտ շովինիստական հռետորաբանություն է։
Հատկապես ագրեսիվ են նորաստեղծ ուլտրաազգայնական խմբավորումները, որոնց իշխանությունը բացահայտ կերպով հավատարմություն է հայտնում։
Մենք իշխող կուսակցությունից հաճախ ենք լսում ոչ աշխարհիկ, ազգայնական, պահպանողական ուղերձներ, որոնք մեծ ազդեցություն են թողնում ազգային փոքրամասնությունների վրա։
Успехи и провалы “Грузинской мечты”
ԼԳԲՏ իրավունքներ
Աննա Սուբելիանի, Tbilisi Pride-ի համատնօրեն
Վրացական երազանքի հաջողություններն ու անհաջողությունները
Հաջողություններ
Այս 10 տարիները ԼԳԲՏՔԻ մարդկանց համար մեծ խիզախության շրջան էին։ Նախ, շատ պարզ տեսանելի է, որ ԼԳԲՏՔԻ մարդկանց ձայնն ավելի լսելի է դարձել։ Նրանք սկսել են առօրյա կյանքում իրենց առջև ծառացած խնդիրների մասին բաց խոսել հասարակության մնացած անդամների հետ։
Հասարակության մեջ տեսանելի լինելու պայքարը շատ դեպքերում մեզ վրա թանկ է նստում։ Բայց այն փոփոխություն է բերում:
Հետազոտությունները ևս ապացուցում են, որ հասարակության վերաբերմունքը փոխվել է դեպի լավը: Երկարաժամկետ հեռանկարում սա վատ չէ: Բայց նույնիսկ հիմա համեմատաբար երիտասարդ քուիր սերունդը փոփոխություն է տեսնում: Նրանք ասում են, որ արդեն ունեն որոշ տարածքներում ապահով զգալու հնարավորություն:
Այս առումով մեծ ներդրում ունի ակումբային և ընդհատակյա մշակույթը։
Ինչ վերաբերում է պետության դերին, ապա միակ դրական բանը, որ գալիս է մտքիս, հակախտրական օրենքն է, որը կարելի է արդյունավետորեն կիրառել որոշ դեպքերում։
Ձախողումներ
Իրական կյանքը բացարձակապես չի համապատասխանում հակախտրական օրենսդրության հայեցակարգում գրվածին։ Կառավարությունը հանդուրժում է ատելության հողի վրա կատարված հանցագործությունները և նույնիսկ խթանում ու խրախուսում է դրանք:
Խտրականության և ատելության հիմքով կատարված հանցագործությունների հետաքննության արդյունավետության զգալի բացեր կան։ Դրա օրինակներն են մայիսի 17-ը, հուլիսի 5-ը և բազմաթիվ այլ դեպքեր, երբ իշխանությունները շատ արդյունավետ կերպով օգտագործել են արմատական խմբերի հոմոֆոբիան՝ հասարակությունը պառակտելու, տարաձայնություններ հրահրելու և քաղաքացիական հասարակությանը վարկաբեկելու համար:
ԼԳԲՏՔ համայնքի համար հսկայական մարտահրավեր է այն, որ մեր իրավունքները հաճախ ենթարկվում են քաղաքական շահարկումների և առևտրի:
Խնդրահարույց է Ռուսաստանի ազդեցությունը և, համապատասխանաբար, եկեղեցու և արմատական խմբավորումների դերը, ինչպես նաև նրանց դաշինքը իշխանության հետ։
Սխալ է նաև սահմանադրության մեջ ամրագրելը, որ ամուսնությունը կնոջ և տղամարդու միությունն է։