Ինչպե՞ս է «Վրացական երազանքը» քարոզարշավում օգտագործում տարածքային ամբողջականության թեման
«Վրացական երազանքը» տարածքային ամբողջականության մասին
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարում է, որ երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը դառնալու է իր գլխավոր առաջնահերթությունը:
Կուսակցության քաղաքական հռետորաբանության մեջ հնչել են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու և 2008 թվականի օգոստոսյան պատերազմը, իբր, հրահրելու համար Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությանը դատապարտելու խոստումներ: Սա առաջին դեպքն է իշխանության 12 տարիների ընթացքում, երբ կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավի առանցքում դնում է տարածքային ամբողջականության հարցը:
Ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում: Եվ արդյո՞ք Ռուսաստանի հետ մերձեցումն իսկապես կարող է Վրաստանին օգնել վերականգնել վերահսկողությունը կորցրած տարածքների նկատմամբ:
_________________________________________
«Վրացական երազանքի» նախընտրական խոստումները
«Մեր կարևորագույն ազգային խնդիրներից մեկը միասնական Վրաստանում ապրելն է։ Մեր տարածաշրջանում իրադարձություններն արագ են զարգանում։ Այս ֆոնին ցանկացած պահի կարող է հասունանալ հող՝ խաղաղ ճանապարհով երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու… [այս հնարավորությունն օգտագործելու համար] մեզ [«Վրացական երազանքին»] անհրաժեշտ է նոր խորհրդարանում ունենալ սահմանադրական մեծամասնություն»,- նման հայտարարություն է արել Վրաստանի նախկին վարչապետ, երկրի ամենահարուստ և ազդեցիկ մարդ Բիձինա Իվանիշվիլին, ով արդեն 12 տարի է, ինչ երկրի կառավարիչն է:
Իր մեկ այլ նախընտրական ելույթում Իվանիշվիլին վրացական կողմին անվանել է օգոստոսյան պատերազմի սանձազերծող և առաջարկել է ներողություն խնդրել օսական ժողովրդից.
«Հոկտեմբերի 26-ի ընտրություններից անմիջապես հետո, երբ կդատեն պատերազմի սանձազերծողներին, երբ վրաց-օսական եղբայրությունն ու համակեցությունը ոչնչացնելու մեջ մեղավոր բոլոր անձինք կստանան խստագույն իրավական պատասխան, մենք անպայման մեր մեջ ուժ կգտնենք ներողություն խնդրելու, որ 2008 թվականին դավաճան «Ազգային շարժումը» հանձնարարականի համաձայն կրակի տակ է առել մեր օս եղբայրներին ու քույրերին»,- սեպտեմբերի 14-ին օկուպացված Ցխինվալիի մոտ գտնվող Գորի քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:
Այն ֆոնին, որ վերջին տարիներին Վրաստանն էականորեն մերձեցել է Ռուսաստանի հետ, նման հայտարարությունները շատերն ընկալեցին որպես ազդանշան, որ Մոսկվան պատրաստ է օգնել Թբիլիսիին՝ հարաբերությունները կարգավորել անջատված տարածաշրջանների հետ, իսկ «Վրացական երազանքին» ակնհայտորեն ձեռնտու են նման փաստարկները:
Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում
2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Այս ընտրությունները վճռորոշ կլինեն երկրի քաղաքական և աշխարհաքաղաքական ապագա կուրսի համար: Ընտրությունը լինելու է ռուսամետ «Վրացական երազանքի» և արևմտամետ ընդդիմության միջև:
Ըստ հարցումների՝ իշխող կուսակցության վարկանիշը պատմականորեն ցածր մակարդակի վրա է՝ ընդամենը 32%: Խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ստանալու համար «Վրացական երազանքին» անհրաժեշտ է հավաքել ձայների 60%-ից ավելին, ինչը քիչ հավանական է թվում:
Փորձագետները նշում են, որ այս ընտրություններում որոշվում է ոչ միայն Վրաստանի ներքաղաքական իրավիճակի, այլև նրա միջազգային հարաբերությունների ճակատագիրը: Եթե «Վրացական երազանքը» մնա իշխանության ղեկին, երկրի եվրաինտեգրման գործընթացը կարող է սառեցվել, քանի որ Թբիլիսիի և արևմտյան երկրների հարաբերությունները զգալիորեն սառել են վրացական իշխանությունների գործողությունների պատճառով, որոնք ուղղված են Մոսկվայի հետ մերձեցմանը:
Ինչո՞ւ է տարածքային ամբողջականության թեման դարձել առանցքային
Տարածքային ամբողջականության վերականգնումը միշտ էլ կարևոր թեմա է եղել վրացական հասարակության համար: Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից 2023 թվականին անցկացված սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ այն հիմնական խնդիրներից մեկն է: Այնուամենայնիվ, մինչև վերջերս այս թեման իշխող կուսակցության քաղաքական օրակարգի առանցքում չէր:
Փորձագետները կարծում են, որ «Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավն ակտիվորեն օգտագործում է տարածքային ամբողջականության թեման այլ սուր հարցերից՝ տնտեսական խնդիրներից, գործազրկության բարձր մակարդակից և աճող աղքատությունից հանրության ուշադրությունը շեղելու համար:
«Եթե նայենք ժամանակակից Վրաստանի քաղաքական կյանքին, կտեսնենք, որ յուրաքանչյուր կառավարություն, որն ունի խնդիրներ և մոտենում է իր ժողովրդականության ամենացածր մակարդակին, փորձում է տարածքային ամբողջականության թեման ներդնել նախընտրական հռետորաբանության մեջ: Սա նոր «հնարք» չէ վրացական քաղաքականության մեջ»,— ասում է փորձագետ Վանո Աբրամաշվիլին, ով երկար տարիներ զբաղվում է հակամարտությունների ուսումնասիրությամբ:
Քաղաքագետ Գիա Նոդիան նույնպես պնդում է, որ որևէ իրական փոփոխություն, որը կմեծացներ հակամարտության կարգավորման հնարավորությունները, տեղի չի ունեցել:
«Պարզապես ընտրություններն են մոտենում, և այս թեման կրկին արդիական է դառնում», — նշում է նա:
Ռուսաստանի հետ մերձեցումը և դրա ազդեցությունը տարածքային հարցի վրա
Իշխանության գալու օրվանից «Վրացական երազանքին» շատերը համարում էին ռուսամետ, սակայն Ուկրաինայում պատերազմը այդ փաստը ակնհայտ դարձրեց նաև կասկածողների համար:
Վրաստանը չի միացել Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցներին: Ավելին, Թբիլիսին քննադատել է Կիևին և նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ այն բանի համար, որ ուկրաինական կողմը, իբր, չի կարողացել կանխել հակամարտությունը: «Վրացական երազանքի» առաջնորդների հռետորաբանությունը արևմտյան դեսպանների և առաջնորդների նկատմամբ դարձել է բացահայտ կտրուկ:
Ռուսամետ պատումն ավելի է խորացել նախընտրական քարոզարշավի ընթացքում:
Վրացական կառավարության անդամները, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն և ոչ ֆորմալ կառավարիչ Իվանիշվիլին իրենց բազմաթիվ նախընտրական ելույթներում ոչ մի անգամ Ռուսաստանին և Պուտինին չեն հիշատակել որպես օկուպանտ:
Օրինակ՝ վերջերս ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալիս և օկուպացված տարածքների մասին խոսելիս Կոբախիձեն չի հիշատակել Ռուսաստանը:
Վրաստանի ներսում նման դիրքորոշումը լուրջ վրդովմունք է առաջացնում, հատկապես եվրաինտեգրման կողմնակիցների շրջանում: Ըստ հարցումների՝ երկրի բնակչության շուրջ 80%-ն աջակցում է Վրաստանի անդամակցությանը Եվրոպական Միությանը և ՆԱՏՕ-ին:
Ուստի, փորձագետները կարծում են, որ կառավարությունը ստիպված է մանևրել արևմտամետ հռետորաբանության և Մոսկվայի հետ մերձեցմանն ուղղված գործողությունների միջև: Օրինակ՝ «Վրացական երազանքն» իր նախընտրական վահանակներում օգտագործել է Եվրամիության դրոշը:
Իրավաբան, Սոցիալական արդարության կենտրոնի տնօրեն Թամթա Միքելաձեն կարծում է, որ տարածքային ամբողջականության թեմայի շեշտադրումը յուրատեսակ վարագույր է, որի հետևում կառավարությունը փորձում է թաքցնել երկրի արտաքին քաղաքականության փոփոխությունները:
Փորձագետի դիտարկմամբ՝ նախկինում Ռուսաստանի հետ մերձեցումը արդարացվում էր տնտեսական շահերով, սակայն դա այլևս բավարար չէ.
«Վրացական երազանքը» պետք է ցուցադրի Ռուսաստանի հետ մերձեցման ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական առավելություններ: Տարածքային ամբողջականության թեման նա փորձում է օգտագործել որպես նման փաստարկ»:
Աբխազիա և Հարավային Օսիա
Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի երկու տարածաշրջաններն են, որոնք Ռուսաստանի կողմից օկուպացվել են 90-ականների սկզբին՝ ռազմական հակամարտությունների արդյունքում: Այս հակամարտությունների հետևանքով ավելի քան 300 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը, շատերը մինչ օրս չեն կարողանում վերադառնալ:
Երկու տարածաշրջաններն էլ հռչակել են իրենց անկախությունը, սակայն այն ճանաչվել է միայն Ռուսաստանի և ՄԱԿ-ի՝ ՌԴ ազդեցության տակ գտնվող ևս չորս երկրների կողմից: Միջազգային հանրությունը շարունակում է այս տարածքները ճանաչել որպես Վրաստանի մաս, սակայն փաստացի Թբիլիսին չի վերահսկում դրանք:
Ինչպե՞ս է արձագանքում Մոսկվան
Ռուսական իշխանությունները հստակ հասկացնում են, որ մտադիր չեն աջակցել, որ Աբխազիան և Հարավային Օսիան վերադառնան Թբիլիսիի վերահսկողության ներքո: Ռուսաստանի Պետդումայի ներկայացուցիչ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ «գնացքը վաղուց գնացել է»՝ ակնարկելով, որ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցն այլևս արդիական չէ:
Նույն շեշտադրումներն են եղել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մեջ: Լավրովը ՄԱԿ-ի ամբիոնից հասկացրել է, որ Վրաստանի և Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև ցանկացած բանակցություն պետք է վարվի միայն նրանց համաձայնությամբ, Ռուսաստանը ճնշում չի գործադրի այդ հանրապետությունների վրա:
«Վրաստանի ներկայիս ղեկավարությունը պարզապես արդարացիորեն է գնահատում անցյալը: Նրանք ասել են՝ «մենք ուզում ենք հաշտեցում, պատմական»: Թե ինչ ձևով կարող է տեղի ունենալ այդ հաշտեցումը՝ կախված է հենց այդ երկրներից՝ Աբխազիայից և Հարավային Օսիայից: Նրանք Վրաստանի հարևաններն են, նրանց միջև որոշակի շփումներն անխուսափելի են… Եթե կողմերը հետաքրքրված լինեն, մենք պատրաստ կլինենք օգնել»,- սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Աբխազիայի և Հարավային Օսիայի արձագանքը
Աբխազիայից և Հարավային Օսիայից ստացվող հրապարակային արձագանքներն ավելի շատ կենտրոնացած են Իվանիշվիլիի՝ օսական ժողովրդից ներողություն խնդրելու նախաձեռնության վրա:
Ցխինվալիի և Սուխումի իշխանությունների ներկայացուցիչները նշել են, որ հաշտեցման ցանկացած քայլ հնարավոր է միայն Վրաստանի՝ իրենց անկախության ճանաչման պայմանով: Նրանք ընդգծել են նաև, որ այս հանրապետությունների քաղաքական կարգավիճակը քննարկման ենթակա չէ:
Օկուպացված Ցխինվալի տարածաշրջանի «Նախագահի վարչակազմի» ներկայացուցիչ Յուրի Վազագովը հայտարարել է, որ իրենք վրացիներից ակնկալում են «ոչ միայն բանավոր ներողություններ, այլև գործնական քայլեր, այդ թվում՝ ժնևյան քննարկումների շրջանակներում, որտեղ գլխավոր հարցը մնում է իրավական համաձայնագրի կնքումը, որը ենթադրում է անվտանգության երաշխիքների վերաբերյալ պարտադիր համաձայնություն»:
«Չնայած այս հայտարարությունն անմիջականորեն չի վերաբերում Աբխազիայի Հանրապետությանը, ցանկանում ենք նշել, որ նման հայտարարությունը, եթե այն հիմնված է անցյալի սխալների վերագնահատման և Հարավային Օսիայի ու Աբխազիայի ժողովուրդներից ներողություն խնդրելու, քաղաքական և տնտեսական ճնշման մեթոդներից հրաժարվելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու իրական քայլերի վրա, կարող է դառնալ խաղաղ գոյակցության և բարիդրացիական հարաբերությունների տանող գործընթացի սկիզբ»,- ասված է Աբխազիայի ԱԳՆ-ի՝ սեպտեմբերի 16-ի հայտարարության մեջ:
Աբխազիայի նախկին արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբան հայտարարել է, որ «եթե Վրաստանը ներողություն խնդրի կատարվածի համար, Աբխազիան կողջունի հաշտեցման առաջին քայլը» և անմիջապես ընդգծել է, որ «հանրապետության քաղաքական կարգավիճակը ենթակա չէ որևէ քննարկման»:
Փախստականների արձագանքը
Աբխազիայից փախստական Դալի Միքիան կարծում է, որ պետությունը 30 տարվա ընթացքում քիչ բան է արել կորցրած տները վերադարձնելու և պատերազմից տուժածներին օգնելու համար: Բայց հատկապես քիչ բան է արել այս ուղղությամբ «Վրացական երազանքը».
«Նրանք ավելի շատ հնարավորություններ ունեին ինչ-որ բան անելու, որովհետև նրանք ստացել էին քիչ թե շատ նորմալ երկիր: Բայց 30 հազար մարդիկ դեռ բնակարան չունեն: Նրանք ստիպված կլինեն սպասել ևս 30 տարի, շատերն այդքան չեն ապրի: Տարեց փախստականներն այդպես էլ կյանքից հեռացան՝ չսպասելով իրենց սեփական տանը»:
Դալի Միքիան զբաղվում է փախստականների խնդիրներով և լավ գիտի նրանց տրամադրությունները:
«Կառավարությունը պետք է ներողություն խնդրի ոչ թե աբխազներից ու օսերից, այլ մեզանից, որ 30 տարի ապրել ենք դժոխքում՝ կորցնելով մեր սեփական տները»:
Վանո Աբրամաշվիլին ասում է, որ վրացական քաղաքական օրակարգից վաղուց անհետացել են փախստականները. նրանց ձայնը լսելի չէ, և ոչ ոք չի խոսում նրանց կարիքների մասին: Քաղաքական դասը նրանց չի տեսնում.
«Նրանք վերածվել են էկոմիգրանտների նման մարդկանց, ովքեր պարզապես սպասում են բնակարանի, փոխհատուցման, և երբ այն ստանան, կդադարեն փախստական լինել: Թե ինչ պայմաններում են նրանք ապրում, ով և ինչպես է փորձում վերահսկել նրանց ձայները և մանիպուլացնել դրանք, ոչ ոք չի քննարկում»,— ասում է Վանո Աբրամաշվիլին:
Ընդդիմության վարկաբեկումը
Փորձագետների կարծիքով՝ տարածքային ամբողջականության թեման օգտագործելու նպատակներից մեկը գլխավոր քաղաքական հակառակորդի՝ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության վարկաբեկումն է:
Իվանիշվիլին բազմիցս հայտարարել է, որ հենց Սաակաշվիլին է պատասխանատու 2008 թվականի օգոստոսյան պատերազմի մեկնարկի համար: Այս պատումը «Վրացական երազանքին» օգնում է ստեղծել թշնամու կերպար, որի վրա էլ նա վերջին տարիներին կառուցում է իր քաղաքական ռազմավարությունը:
Քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին հիշեցնում է 2020 թվականի նմանատիպ արշավի մասին, երբ «Վրացական երազանքը» «Ազգային շարժմանը» մեղադրեց վրացական տարածքի մի քանի հեկտար Ադրբեջանին հանձնելու մեջ (Դավիթ Գարեջիի շրջանում, որտեղ գտնվում է հնագույն վրացական վանական համալիր):
2020 թվականին՝ խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ, ձերբակալվեցին երկու անմեղ մարդիկ՝ քարտեզագիրներ, որոնք Ադրբեջանի հետ սահմանի որոշման պետական հանձնաժողովի անդամներ էին: Քարոզչական հեռուստաալիքներում ծավալվեց մեծածավալ արշավ, որը պետք է խաղար մարդկանց հայրենասիրական զգացմունքների վրա:
Հորինվեց «Դավիթ Գարեջին Վրաստան է» կարգախոսը, որը մշտապես երևում էր կառավարական ալիքների էկրաններին: Այն ժամանակ այդ արշավը հայրենասիրական տրամադրությունների ալիք առաջացրեց: Սոցիալական ցանցերի օգտատերերը, ովքեր «խայծը կուլ տվեցին», սկսեցին նույնիսկ Facebook-ի պրոֆիլի լուսանկարների վրա տեղադրել այդ գրությամբ հատուկ շրջանակներ:
Զաքարեիշվիլին կարծում է, որ հայրենասիրական տրամադրությունների վրա խաղալու նմանատիպ ռազմավարություն «Վրացական երազանքը» որոշել է օգտագործել նաև այս անգամ:
«Հիմա նրանք նույն բանն են անում,- ասում է Պաատա Զաքարեիշվիլին և հավելում,- նրանց պետք է մի թեմա, որը կշեղի ուշադրությունը աղքատությունից, գործազրկությունից, Ուկրաինայում պատերազմից և շատ այլ սուր հարցերից: Դա պետք է լինի այնպիսի թեմա, որը վերաբերում է հասարակության զգալի մասին: Ահա և վերջ: Միևնույն ժամանակ, նրանք գիտեն, որ սահմանադրական մեծամասնություն չեն ստանա, և դա իրենց պետք էլ չէ: Նրանց համար կարևոր է ընտրություններին հնարավորինս շատ ընտրողներ ունենալը»:
Վրաստանի տարածքային ամբողջականության ապագան
Ո՛չ Իվանիշվիլին, ո՛չ էլ կուսակցության որևէ այլ առաջնորդ մինչ այժմ չեն հստակեցրել, թե ինչպես են մտադիր լուծել այս հարցը:
Խոսելով հակամարտությունների կարգավորման մասին՝ «Վրացական երազանքը» պնդում է, որ դրա համար իրեն անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնություն ստանալ առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսակցությունները Աբխազիային և Հարավային Օսիային առաջարկվող կոնֆեդերացիայի վերաբերյալ ենթադրությունների տեղիք են տալիս:
«Վրաստանի Սահմանադրության մեջ գրված է, որ նրա տարածքը անբաժանելի է: Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կարգավիճակը նշված է, Հարավային Օսիան ընդհանրապես չի հիշատակվում: Իշխանությունները պետք է ասեն, թե ինչ են պատրաստվում անել: Միակ տարբերակն այն է, որ այնտեղ, որտեղ գրված է, որ տարածքը անբաժանելի է, կետի փոխարեն ստորակետ դրվի և գրվի, որ կան բացառիկ դեպքեր, օրինակ՝ կոնֆեդերացիայի սկզբունքը»,— ասում է Պաատա Զաքարեիշվիլին:
Փորձագետների կարծիքով՝ եթե «Վրացական երազանքն» իսկապես դիտարկում է կոնֆեդերացիայի հնարավորությունը, դա նշանակում է, որ նա պետք է ճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, ինչը շատ դժվար կլինի անել:
Կոնֆեդերացիան երկու կամ ավելի պետությունների միությունն է, որի դեպքում պետությունները պահպանում են իրենց ինքնիշխանությունը և մնում են միջազգային իրավունքի սուբյեկտներ:
«Ո՛չ «Վրացական երազանքի» ընտրողները, ո՛չ էլ ինքը՝ կուսակցությունը պատրաստ չեն խոսել այդ մասին, գնալ այդպիսի փոխզիջման [ճանաչել Աբխազիայի և ՀՕ անկախությունը]»,— ասում է Թամթա Միքելաձեն:
Հասարակության վրդովմունքի պատճառով «Վրացական երազանքն» իսկապես ստիպված եղավ բացատրել, որ կոնֆեդերացիայի գաղափար գոյություն չունի.
«Ոչ մի ճանաչում և նման հակաազգային հարցեր չեն քննարկվում: Անհնար է համաձայնել կոնֆեդերացիայի, ինչը նաև նշանակում է օկուպացված տարածքների անկախության ճանաչում»,— հոկտեմբերի 6-ին հայտարարել է «Վրացական երազանքի» առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն:
Վանո Աբրամաշվիլին ասում է՝ սահմանադրական աջակցությունը հակամարտության կարգավորման վերջին փուլն է: Դա անհրաժեշտ է միայն այն բանից հետո, երբ արդեն կա պայմանավորվածություն աբխազների և օսերի հետ այն մասին, թե ինչպիսի պետական կառուցվածք ենք մենք ուզում. այն բանից հետո, երբ ռուսական զորամիավորումները կլքեն այդ տարածքները.
«Բայց այս ուղղությամբ ոչ մի առաջընթաց չի գրանցվել այս 12 տարիների ընթացքում: Ընդհակառակը, մենք ունենք բացարձակապես հակառակ իրավիճակ՝ Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի դե ֆակտո իշխանությունների վրա Ռուսաստանի ագրեսիվ գործողություններն ու ճնշումն էլ ավելի են ուժեղանում: Ռուսաստանը փորձում է խորացնել իր ներկայությունն այդ վայրերում: Ուստի «Վրացական երազանքի» բոլոր խոսակցությունները տարածքների վերադարձի և սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին պարզապես մեծ քաղաքական, նախընտրական սուտ են»:
Փորձագետները վստահ են, որ այս խոստման հետևում չկա ոչինչ՝ ո՛չ պլան, ո՛չ բանակցություններ:
Կարծում են՝ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու խոստումը «Վրացական երազանքին» ներքաղաքական դիվիդենտներ չի բերի.
«Այս խոսակցությունն այնքան անհիմն է, որ ես շատ կասկածում եմ, որ այն որևէ մեկի վրա մեծ ազդեցություն կունենա: Հնարավոր է՝ կգտնվեն ինչ-որ միամիտ մարդիկ, ովքեր կհավատան դրան, բայց նրանք քիչ կլինեն»,— ասում է Գիա Նոդիան:
«Մի քանի շաբաթ անց «Վրացական երազանքն» ինքը կմոռանա, որ նման բան է խոստացել», — վստահ է Վանո Աբրամաշվիլին:
«Վրացական երազանքը» տարածքային ամբողջականության մասին
Նյութը պատրաստվել է Լուրերի փոխանակման ռուսալեզու մեդիացանցի (Медиасеть) աջակցությամբ