«Հույս է ծագել, որ մարդիկ կփոխվեն»։ Համերաշխություն տրանսգենդեր անձանց հետ Վրաստանում
Տրանսգենդեր անձինք կորոնավիրուսի համավարակի ժամանակահատվածում վերածվել են Վրաստանի ԼԳԲՏ համայնքի առավել խոցելի ներկայացուցիչների։ Ընտանիքների կողմից մերժված, ապրուստի միջոցներից և բնակության վայրից զրկված՝ նրանք բառացիորեն հայտնվել են սովամահության եզրին։ Սակայն անգամ Վրաստանի հասարկության պես պահպանողական հասարակությունն անհաղորդ չի մնացել նրանց դժբախտությանը․ օգնել են ոչ միայն ակտիվիստներն, այլև եկեղեցու ներկայացուցիչները։ Ճիշտ է, պետությունը չի միջամտում․ ըստ իրավապաշտպանների՝ այն նախկինի պես ոչինչ չի անում տրանսգենդերների պաշտպանության համար և չի փորձում օգնել նրանց ապրել։
Հուսահատություն
2020 թ–ի ապրիլի 30–ի առավոտյան՝ Վրաստանում կորոնավիրուսի համավարակի պատճառով արտակարգ դրության ժամանակ, երբ Թբիլիսիի փողոցները գրեթե դատարկ էին, երկու կին է մոտեցել քաղաքապետարանի շենքին։ Նրանցից յուրաքանչյուրի ձեռքին լիմոնադի շիշ է եղել։ Դրանցից մեկում բենզին էր, մյուսում՝ օղի քաջության համար։
Նրանք Մադոննան ու Գաբրիելան էին՝ տրանսգենդեր կանայք։ Ավելի քան մեկ ամիս՝ արտակարգ դրություն և խիստ կարանտին հայտարարելուց հետո, նրանք փաստացի սովի էին մատնվել։
Առաջինն իր վրա բենզին է լցրել Մադոննան։ Գաբրիելան ասում է, որ չի կարողացել նույն բանն անել, քանի որ ոստիկանությունն իրեն խանգարել է։
Մադոննան կենդանի է մնացել և մի քանի շաբաթ բուժվել է հիվանդանոցում երկրորդ աստիճանի այրվածքներից։
Այդ հուսահատ քայլին տրանսգենդեր կանայք դիմել են որպես բողոքի նշան և իրենց վրա իշխանությունների ուշադրությունը գրավելու համար։
«Սկզբից խմբում (ֆեյսբուքյան խումբ, որը սատարում է տրանսգենդերների համայնքին) գրեցի, որ ուզում եմ ինքնահրկիզվել, հետո Մադոննան զանգահարեց ինձ․․․ Եվ մենք հայտարարեցինք, որ կինքնահրկիզվենք, լրագրողներին էինք սպասում», — հիշում է Գաբրիելան այդ օրը։
• Ատելությամբ շրջապատված։ ԼԳԲՏ–ն ու նրանց ծնողները Վրաստանում
Գաբրիելան տնից հեռացել է 12 տարի առաջ։ Այդ օրվանից չի շփվում ընտանիքի հետ։ Նրա հետ շփվում էր միայն զույգ եղբայրը, որը մահացել է երեք տարի առաջ։
Այժմ Գաբրիելան բոլորովին մենակ է։
Նա բնակարան է վարձակալում Թբիլիսիում և վճարում սեքս–ծառայություններով վաստակած գումարով։ Համավարակի մեկնարկից սկսած՝ նա առանց գումարի է մնացել։
«Երբ պարետային ժամ սահմանվեց, էլ չէի կարող տնից դուրս գալ կամ տանն աշխատել․ հաճախորդներս նույնպես չէին կարող գալ։ Տանը փակված էինք։ Ոչ ոք մեզ վրա ուշադրություն չէր դարձնում։ Շատ ծանր էր, քանի որ ընդհանրապես առանց վաստակի էինք մնացել», — պատմում է նա։
Գաբրիելայի պատմությունը բացառիկ չէ, այն նման է տասնյակ այլ վրացի տրանսգենդեր կանանց պատմություններին։
Տրանսգենդեր անձինք Վրաստանի առավել խոցելի և հալածված խումբն են։
Նրանց իրավունքները խախտվում են ամեն քայլափոխի․ նրանց համար դժվար է աշխատանք գտնել կողմնորոշման պատճառով, նրանք չեն կարողանում կրթություն ստանալ, մասնագիտություն ձեռք բերել և մշտապես ֆիզիկական բռնության են ենթարկվում։ Տրանսգենդեր շատ կանայք աշխատում են ավելորդ անգամ հանրային տրանսպորտից չօգտվել՝ հերթական անգամ ագրեսիայի թիրախ չդառնալու համար։
Նրանց մեծ մասից հրաժարվել են ընտանիքները, նրանք սեփական բնակարան չունեն։
Այդ պատճառով տրանսգենդերների մեծ մասը սեքս–ծառայություններ է մատուցում՝ ապրելու և բնակարանի համար վճարելու նպատակով։
Տանը փակված մնալը համավարակի ժամանակահատվածում նրանց համար ավելի դժվար էր, քան ուրիշների։
«Երբ չկարողացա վճարել, տանտերը պահանջեց ազատել բնակարանը։ Ես փողոցում հայտնվեցի՝ ոչ ոքի և ոչնչի հույս չունենալով», — ասում է Աննան, որն աշխատում է գեղեցկության սրահում։ Համավարակի պատճառով նրա սրահը գրեթե չորս ամիս փակ է եղել։
Օգնություն և համերաշխություն
Այսօր, երբ կարանտինն արդեն անցյալում է, տրանսգենդերներն ասում են, որ իրենց համայնքը սովից փրկել են քաղաքացիական ակտիվիստները։
Նրանք խմբեր են ստեղծել սոցցանցերում, որպեսզի օգնեն գումար և այլ օգնություն մոբիլիզացնել տրանսգենդերների համար։
Ֆեյսբուքյան այդպիսի խումբ է ստեղծել Նատա Փերաձեն՝ քաղակտիվիստ և «Թբիլիսիի պարտիզաններ–այգեգործներ» շարժման կամավորը։ Նա խմբում է ներառել 27 տրանսգենդերների և սկսել նրանց համար փող, մթերք և առաջին անհրաժեշտության այլ իրեր հավաքել։
«Ոմանք ընդամենը մեկական լարի [մոտ 30 ցենտ] են փոխանցել։ Բայց գլխավորն այն է, որ համերաշխություն կար», — ասում է նա։
Փերաձեի խոսքով՝ տրանսգենդերները համավարակի ընթացքում չեն խախտել կարանտինի կանոններն ու տանն են եղել։
«Աղջիկներն ամենասկզբից իրենց շատ պատասխանատու են պահել և բոլորովին անփող են մնացել», — ասում է Նատա Փերաձեն։
Մեկ այլ ակտիվիստ Նատա Տալիկիշվիլին, իր հերթին, օգնության կարիք ունեցող 73 տրանսգենդեր անձանց խումբ է հավաքել։
«Մենք կարանտինի ժամանակ շատ աշխատանք ունեինք։ Մի կողմից, աճել էր բռնությունը, սակայն այն չէր գլխավոր խնդիրը․ մարդուն կարող են չծեծել, բայց նա կարող է պարզապես սովից մեռնել»։
Շուտով գործընթացին էին միացել հասարակական կազմակերպություններն ու կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Օրինակ՝ վրացական Ավետարանչական–բապտիստական եկեղեցին տրանսգենդերներին մթերք է ուղարկել և ժամանակավոր ապաստան առաջարկել։
Սակայն ամենաանսպասելին բոլորի համար ուղղափառ հոգևորականի օգնությունն էր։ Վրաց եկեղեցին շատ պահպանողական ինստիտուտ է, որը հատկապես անհանդուրժող է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ։
Ըստ Նատա Փերաձեի՝ իր հետ կապվել է ուղղափառ մի վանական, որը ցանկացել է անանուն մնալ, մթերք և առաջին անհրաժեշտության իրեր է փոխանցել տրանսգենդերներին։
«Մինչև հիմա փշաքաղվում եմ, — հիշում է կին տրանսգենդեր Աննան հոգևորականի ծանրոցը, – պատկերացնո՞ւմ եք, այնտեղ անգամ ծխախոտ և շոկոլադ կար։ Այս պատմությունն ինձ վստահություն ներշնչեց, որ արժե ապրել և կարելի է հույս ունենալ, որ մարդիկ կփոխվեն։ Այդ մի փաթեթն ինձ համար հարյուրավոր այլ փաթեթներից թանկ էր»։
Պետությունից հույս չկա՞
Ֆեյսբուքում հավաքագրված գումարի օգնությամբ վճարվել է տրանսգենդերների բնակարանների մեկ ամսվա վարձը, նրանց համար մթերք և հիգիենայի պարագաներ են գնվել։
Սակայն շուտով ակտիվիստների ռեսուրսները սպառվել են, և պետության մասնակցությունն անհրաժեշտ է դարձել։
Այդ հարցով քաղակտիվիստները մի քանի առցանց հանդիպում են կազմակերպել մարդու իրավունքների հարցերով վարչապետի խորհրդական Լելա Ակիաշվիլիի հետ։
Ինչպես ասում է Նատա Փերաձեն, վարչապետի խորհրդականը «գործին պատասխանատվությամբ է մոտեցել», սակայն հստակ ոչ մի օգնություն չի կարողացել տրամադրել․
«Կարծես, դա առաջին անգամն էր, որ վարչապետի խորհրդականն ու տրանսգենդերները միասին հավաքվել էին առցանց հանդիպման։ Սակայն միակ բանը, որ հաջողվել է անել, այն էր, որ կառավարությունը մեզ կապել է Կարմիր Խաչին, որից աղջիկները միանվագ օգնություն են ստացել։ Ոչ մի ուրիշ քայլ չի ձեռնարկվել։ Ի վերջո, տրանսգենդեր կանայք հաղթահարել են համավարակը, և պետությունը նրանց ընդհանրապես չի օգնել»։
Իսկ Լելա Ակիաշվիլին ասում է, որ պետությունը չի կարողացել տրանսգենդեր անձանց օգնել համակարգային կերպով նրանց տվյալների բացակայության պատճառով․
«Հասկանալի պատճառներով նրանք չեն ուզում բացահայտել իրենց ինքնությունը կամ կիսվել անձնական տվյալներով։ Այդ ամենը զգալիորեն բարդացնում է համակարգային աջակցությունը։ Համավարակի ժամանակ ևս մեկ անգամ պարզ դարձավ, թե որքան զգույշ են տրանսգենդեր անձինք այդ հարցում»։
Տրանգենդերները Վրաստանում բազում պատճառներ ունեն իրենց անձնական տվյալները թաքցնելու համար, սակայն դա, առաջին հերթին, կապված է նրա հետ, որ պետությունը նրանց իրավունքների պաշտպանություն և անվտանգություն չի ապահովում, ասում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Վրաստանում տրանսգենդեր անձանց նկատմամբ ֆիզիկական բռնությունը տարածված երևույթ է։
Վերջին տարիների երեք տրանսգենդեր կին է մահացել։
Սաբի Բերիանին սպանվել է 2014 թ–ի նոյեմբերի 10–ին։ Նրա վրա հարձակվածն ինն անգամ հարվածել է նրան, այնուհետև՝ այրել բնակարանը։
2016 թ–ի փետրվարի 4–ին կին տրանսգենդեր Բիանկա Շիգուրովան մահացած է հայտնաբերվել իր բնակարանում։ Մահվան պատճառ է նշվել գազի արտահոսքը։
2016 թ–ի նոյեմբերի 22–ին՝ 40–օրյա կոմայից հետո գլխին և կոկորդին դանակով հասցված հարվածներից մահացել է կին տրանսգենդեր Զիզի Շեկիլաձեն։
Հաճախ բռնություն են գործադրում ոստիկանները։ Օրինակ՝ մայիսին կին տրանսգենդեր Սեսիլի Ցոմայան հայտարարել է, որ դաժանաբար ծեծվել է ոստիկանության աշխատակիցների կողմից պարետային ժամի ընթացքում։ Նա իր մարմնական վնասվածքների լուսանկարներն է տեղադրել Ֆեյսբուքում։
Վրաստանի ժողովրդական պաշտպանը բացասաբար է գնահատել համավարակի ժամանակ տրանսգենդերների իրավական վիճակը։
Օմբուդսմենի տեղակալ Եկատերինա Սխիլաձեի խոսքով՝ պետությունից տրանսգենդերների ստացած աջակցությունն անարդյունավետ է եղել։
«Այդ անձինք դուրս են մնացել սոցիալական աջակցության պետական հակաճգնաժամային պլանից, և նրանց ստացած օգնությունը հատվածական և մեկանգամյա բնույթ էր կրում, ինչը չի լուծում այդ համայնքում առկա խնդիրները։ Պետական քաղաքականությունը պետք է ավելի ակտիվ աջակցի այդ անձանց և պաշտպանի նրանց իրավունքներն», — ասում է Սխիլաձեն։
Իռա Սիլանտևան՝ «Շարժում հանուն հավասարության» հկ սոցիալական աշխատակիցն, ասում է, որ պետության համար տրանսգենդերները գործնականում գոյություն չունեն։ Նրանց իրավունքները ոչ մի տեղ պաշտպանված չեն՝ ոչ փողոցում, որտեղ նրանք հաճախ ծաղրի և բռնության զոհ են դառնում, ոչ էլ սեփական տանը, երբ ծնողները հաճախ նրանց փողոց են շպրտում։
«Պետությունը նրանց հորմոնալ թերապիա, էնդոկրինոլոգի և հոգեբանի ծառայություններ, ապաստան և ամենագլխավորն՝ անձը հաստատող փաստաթղթերում սեռը փոխելու հնարավորություն չի ընձեռում։ Սեքս–ծառայություններում տրանսգենդեր կանանց ներգրավվածության հիմնկան պատճառն այն է, որ նրանք ցերեկը մարդկանց մեջ հայտնվելու իրավունք գրեթե չունեն», — ասում է Սիլանտևան։
Նրա խոսքով՝ մի քանի հիմնական խնդիրներ կան, որոնց լուծումը զգալիորեն կթեթևացնի տրանսգենդերների կյանքը․
«Նախևառաջ, դա անձը աստատող փաստաթղթում սեռը փոխելու իրավունքն է։ Նրանք կանայք են, սակայն անձնագրում գրանցված են որպես տղամարդ։ Այդ պատճառով նրանց համար դժվար է աշխատանք գտնելը»։
Կարևոր է նաև համապատասխան օրենսդրության ստեղծումը, որը կպաշտպանի տրանսգենդերներին ընտանեկան բռնությունից։
«Օրինակ՝ եթե ընտանիքը տրանսգենդերին տնից հանում է, և նա փողոցում է հայտնվում, օրենքը չի կարող նրան պաշտպանել։ Նրան կարող են մեկ ամսով ընտանեկան բռնության զոհերի ապաստան տեղափոխել ու վերջ։ Վերասոցիալականացման ոչ մի քաղաքականություն չկա», — ասում է Սիլանտևան։
Քեթի Խուցիշվիլին՝ Կանանց նախաձեռնությունների աջակցության խմբի սոցաշխատակիցը, որը երկար ժամանակ աշխատում է համայնքի խնդիրների հետ, ասում է, որ ընտանիքներից տրանսգենդերներին վռնդելը գլխավոր խնդիրներից մեկն է։
Նրա խոսքով՝ վաղ հասակում ընտանիքների կողմից մերժված լինելը նրանց փաստացի դատապարտում է սեքս ծառայությունների ոլորտում աշխատանքի և ծանր կյանքի․
«Եթե մարդն իր ինքնությունը գիտակցում է վաղ հասակում, և նրանից երես է թեքում ընտանիքը, նա ինքնաբերաբար զրկվում է կրթություն ստանալու հնարավորությունից։ Երբ մարդը վաղ տարիքում կրթության սահմանափակ հասանելիություն ունի, ամեն ինչ է անհասանելի դառնում»։
«Համավարակը ցույց տվեց, թե որքան խոցելի են նրանք»
Գաբրիելայի և Մադոննայի ինքնահրկիզման հրապարակային փորձն արդյունք տվեց։ Գաբրիելան պետությունից օգնություն չստացավ, սակայն «Վիվամեդ» մասնավոր հիվանդանոցը նրան աշխատանքի ընդունեց որպես բուժքրոջ։ Նրա հետ երկամսյա պայմանագիր է կնքվել։
«Ես համաձայնել եմ և գոհ եմ։ Աշխատավայրում կոլեկտիվը շատ լավն է, բոլորի հետ ընկերություն եմ անում։ Ինձ ամեն ինչ սովորեցրել են՝ ճնշում չափել, ներարկում անել։ Մենք այստեղ բոլորս օգնում ենք միմյանց»։
Սակայն կարանտինի ավարտից հետո կին տրանսգենդերների մեծ մասը հին կյանքին է վերադառնում։ Ըստ Նատա Փերաձեի՝ համավարակը ցույց տվեց, թե որքան խոցելի են նրանք Վրաստանում․
«Մինչ այս մենք չգիտեինք էլ նրանց գոյության մասին։ Այժմ մենք գիտենք, որ նրանք կան և օգնության կարիք ունեն։ Այժմ պետության համար արդյունավետ քայլեր ձեռնարկելու ժամանակը եկել է։ Միանվագ օգնությամբ, աշխատանք տրամադրելով և նվերներով ոչինչ չի փոխվի։ Աղջիկները վերադարձել են սեքս–ծառայություններին։ Իսկ խմբերում քննարկում են, թե ով գազի փոքր բալոն ունի ինքնապաշտպանության համար և ինտերնետ՝ հարձակման դեպքում ուղիղ միացման համար և այլն»։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունն առանձին չի գրանցում տրանսգենդեր անձանց նկատմամբ բռնության և հարձակումների դեպքերը։ 2019 թ–ին Վրաստանի դատախազությունը 12 անձանց դեմ քրեական գործ է հարուցել տրանսգենդեր կանանց նկատմամբ բռնության և սպառնալիքների պատճառով։
Սակայն բռնության և սպառնալիքների բազում դեպքեր դատախազություն չեն հասել։ Այնպես, ինչպես հասարակությանը մինչև հիմա չի հասնում օգնության, սոցիալականացման և սեփական սեռական ինքնությունն արտահայտելու կարիք ունեցող անձանց ձայնը։
«Մեդիացանցի» աջակցությամբ