«Տորթը կկտրեն առանց մեզ»․ կարծիք Վրաստանի արտաքին քաղաքականության մասին
Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին
Վերլուծաբան Պաատա Զաքարեիշվիլիի կարծիքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Վրաստանի հատուկ ներկայացուցչի պաշտոնում առաջին փոխարտգործնախարար Գիորգի Զուրաբաշվիլիի նշանակումը Կրեմլին թույլ է տալիս ստեղծել Վրաստանի ԱԳՆ հետ ուղիղ քաղաքական հաղորդակցության նոր ուղի, ինչը կարող է դառնալ նախապայման գործող բանակցային ձևաչափերի թուլացման համար։
Ռուսաստանն արդեն կապ է հաստատել նոր հատուկ ներկայացուցիչ Գիորգի Զուրաբաշվիլիի հետ։ Նրա ռուս գործընկերը կլինի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Ռուսական կողմի փոխանցմամբ՝ բանակցությունների հիմնական թեմաները կլինեն առևտրաշրջանառության ու զբոսաշրջության աճը, տրանսպորտային կապերի ընդլայնումը, ինչպես նաև երկու երկրների միջև մշակութային փոխանակումները։
Պաատա Զաքարեիշվիլին կարծում է, որ հատուկ ներկայացուցչի գրասենյակը Արտաքին գործերի նախարարության կազմում ներառելը վտանգավոր որոշում է:
Ասում է՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Վրաստանի հատուկ ներկայացուցիչը պետք է լինի անկախ գործիչ, այլ ոչ թե Արտաքին գործերի նախարարության ներկայիս բարձրաստիճան պաշտոնյա։
«Վրաստանն ու Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ չեն պահպանել 2008 թվականի օգոստոսյան պատերազմից ի վեր: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների օկուպացիան և երկու երկրների միջև շարունակվող քաղաքական առճակատումը պահանջում են հարաբերությունների հատուկ ձևաչափ։
Հենց այս հանգամանքների լույսի ներքո էլ ստեղծվեց Կարասին-Աբաշիձե ձևաչափը, որի շրջանակներում Վրաստանի նախկին հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հանդիպեց Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ»,— ասում է վերլուծաբանը։
Զաքարեիշվիլիի գնահատմամբ՝ այս ձևաչափի զգալի նշանակությունն այն էր, որ գործնական հարցերի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները տարանջատվեցին հակամարտության հետ կապված հարցերից, ինչը Վրաստանի ԱԳՆ-ին թույլ տվեց իր դիրքորոշումն արտահայտել միջազգային բանակցությունների շրջանակներում։
«Ռուսաստանն անընդհատ խոսում է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու անհրաժեշտության մասին։ Վրաստանի իշխանությունները լռում են այս հարցի վերաբերյալ։ Այդ ֆոնին անսպասելի քայլ կատարվեց ՌԴ օգտին, քանի որ Ռուսաստանը պետք է «ոտք դնի» Վրաստանի արտաքին գործերի նախարարություն և բանակցի առաջին փոխնախարարի հետ»,— հայտարարում է Զաքարեիշվիլին։
Նա հատկապես մտահոգված է Ժնևի միջազգային քննարկումների (ԺՄՔ) հնարավոր թուլացմամբ։
2008 թվականի պատերազմից հետո ձևավորված այդ հարթակի բանակցություններին մասնակցում են Վրաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև Եվրամիության և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներ։ Զաքարեիշվիլին կարծում է, որ վրացական իշխանությունների նոր քայլերը, ի վերջո, կարող են ուղղված լինել միջազգային ձևաչափի կարևորության նվազեցմանը՝ հօգուտ ուղիղ երկկողմ շփումների։
Վերլուծաբանի խոսքով՝ Ժնևի բանակցություններում Վրաստանի ներկայացուցչի՝ Լաշա Դարսալիայի փոխարինումը նույնպես խորհրդանշական է այս գործընթացում։ Ըստ Զաքարեիշվիլիի՝ Դարսալիան բանակցությունների ընթացքում հստակ արտահայտել է Վրաստանի դիրքորոշումը և Ռուսաստանի գործողություններին գնահատական տալիս ակտիվորեն օգտագործել «օկուպացիա» տերմինը։
«Կգա ժամանակը, և կհնչի նոր երգ. Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն արդեն աշխատում է Ռուսաստանի հետ, ուրեմն ինչի՞ համար է մեզ պետք Ժնևը։ Ամենից առաջ նրանք ցանկանում են թուլացնել Ժնևի ձևաչափը, ինչն էլ տեղի է ունենում մեր աչքի առաջ»,— կանխատեսում է Զաքարեիշվիլին։
Նա նաև կարծում է, որ առանձին նշանակություն կունենա նաև Գիորգի Զուրաբաշվիլիի և Միխեիլ Գալուզինի միջև առաջին հանդիպման վայրը։ Մոսկվայում հանդիպման անցկացումը համարում է աղետալի քաղաքական քայլ, քանի որ դա Ռուսաստանին հնարավորություն կտա խորհրդանշական կերպով ցուցադրել գործընթացի նկատմամբ իր ունեցած վերահսկողությունը։
Զաքարեիշվիլիի խոսքով՝ հանդիպման ամենատրամաբանական վայրը Պրահան է, որտեղ Կարասինն ու Աբաշիձեն հանդիպել են տարիներ շարունակ։
«Ռուսաստանին հաջողության խորհրդանիշներ են պետք։ Եթե հանդիպումը տեղի ունենա Մոսկվայում, դրա ուղերձը կլինի այն, որ Ռուսաստանն է ղեկավարում գործընթացը։ նման բան անել բացարձակապես պետք չէ»,— նշում է վերլուծաբանը։
Զաքարեիշվիլին ՌԴ հետ հարաբերություններում Վրաստանի իշխանությունների որդեգրած նոր մոտեցումը կապում է նաև երկրի արևմտյան կուրսի փոփոխության հետ։
Նրա դիտարկմամբ՝ երկրի ղեկավարությունն աստիճանաբար հեռանում է Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից, միաժամանակ ձգտելով Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել այնպես, որ խուսափի պաշտոնապես Մոսկվայի հետ անմիջական ինտեգրման և համագործակցության պարտավորություններ ստանձնելուց։
Այս համատեքստում վերլուծաբանը դիտարկում է նաև Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածի հնարավոր չեղարկումը, որը սահմանում է պետական մարմինների պարտավորությունը՝ ձեռնարկել բոլոր միջոցները՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին երկրի լիարժեք ինտեգրումն ապահովելու համար։
Զաքարեիշվիլիի դիտարկմամբ՝ ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն արգելելու նախաձեռնությունը և Վրաստանի իշխանությունների՝ սահմանադրական մեծամասնություն ապահովելու ցանկությունը մաս են կազմում ավելի լայն քաղաքական գործընթացի, որի արդյունքում կարող են խաթարվել երկրի արևմտյան ինտեգրման ինստիտուցիոնալ հիմքերը։

«Ոչ թե Բիձինա Իվանիշվիլին է Ռուսաստանի նախագիծը, այլ Ռուսաստանը՝ Իվանիշվիլիի։ Բայց առայժմ սա ձեռնտու է ՌԴ համար։ Ռուսաստանը հիմա ժամանակ չունի Վրաստանի համար, ուստի ոչ թե Ռուսաստանն է աշխատում Վրաստանի ուղղությամբ, այլ Իվանիշվիլին է աշխատում Ռուսաստանի համար»,- պնդում է Զաքարեիշվիլին։
Նրա գնահատմամբ՝ վրացական իշխանությունների ուղերձը Կրեմլին հետևյալն է. Վրաստանն այլևս մտադիր չէ շարժվել դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ, բայց նաև չունի Ռուսաստանի ստեղծած քաղաքական և տնտեսական միավորումներին միանալու ծրագրեր։ Այս մոտեցմամբ, ըստ Զաքարեիշվիլիի, իշխանությունները փորձում են միաժամանակ պահպանել քաղաքական մանևրի տարածքն ու խուսափել դեպի Ռուսաստան բացահայտ շրջադարձի հետևանքով առաջացած հասարակական դժգոհությունից։
Վերլուծաբանը կարծում է, որ եթե իշխանությունների ներկայիս քաղաքականությունը շարունակվի մինչև Բիձինա Իվանիշվիլիի քաղաքական ազդեցության ավարտը, Վրաստանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու գաղափարը կարող է զգալիորեն թուլանալ, և քաղաքական տարածքը կզբաղեցնեն չեզոքության կողմնակից խմբերը։
Բրյուսելից հեռանալն ու Վրաստանի տարանցիկ դերի նվազման սպառնալիքը
Զաքարեիշվիլիի քննադատության մեկ այլ ուղղություն է Վրաստանի չմասնակցելը Բրյուսելում անցկացված նախարարական նիստին, որը նվիրված էր անվտանգության ու հաղորդակցությունների բացման հարցերին։
Հանդիպմանը մասնակցել են Եվրամիության, Կենտրոնական Ասիայի երկրների, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ Զաքարեիշվիլին Վրաստանի բացակայությունը համարում է ոչ միայն դիվանագիտական սխալ, այլև էական կորուստ երկրի երկարաժամկետ տնտեսական և աշխարհաքաղաքական շահերի համար։
Նրա խոսքով՝ փոխկապակցվածության վերաբերյալ նախարարական նիստում չի քննարկվել ԵՄ ընդլայնման հարցը։ Հիմնական թեման եղել է տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և տնտեսական կապերի զարգացումը, որում Վրաստանը կարող է էական դեր խաղալ՝ հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքը։
Եվրոպական հանձնաժողովի 2026 թ․-ի ընդլայնման զեկույցի համաձայն՝ Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը մնում է կասեցված, իսկ երկրի իրավիճակը նախորդ տարվա համեմատ վատթարացել է։ Հանձնաժողովի գնահատմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում Վրաստանի իշխանությունները չեն կարողացել քայլեր ձեռնարկել այն 9 առաջարկությունները կյանքի կոչելու ուղղությամբ, որոնք երկրի համար սահմանվել էին ԵՄ անդամակցության գործընթացը շարունակելու համար։
Զաքարեիշվիլին ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ միջազգային տրանսպորտային և առևտրային ուղիները անընդհատ փոխվում են, և այն երկիրը, որը չի մասնակցում համապատասխան բանակցություններին, ի վերջո կարող է կորցնել նույնիսկ իր աշխարհագրական առավելությունն օգտագործելու հնարավորությունը։
«Եթե Վրաստանը չմասնակցի, նրա փոխարեն կմասնակցի և ինչ-որ բան կկիսի ուրիշ մեկը։ Եթե դուք չներկայանաք խնջույքին, խնջույքը չի չեղարկվի, բայց ինչ-որ մեկը կստանա տորթի այն կտորը, որը ձեզ պետք է բաժին հասներ»,- նշում է նա։
Վերլուծաբանի խոսքով՝ Վրաստանը պետք է հատուկ ուշադրություն դարձնի Հայաստանի տարածքով նոր տրանսպորտային միջանցքի զարգացմանը, այդ թվում՝ այսպես կոչված, «Թրամփի ուղուն», որը կարող է զգալիորեն փոխել Հարավային Կովկասի տարանցիկ աշխարհագրությունը։
Զաքարեիշվիլին վախենում է, որ եթե Վրաստանը ակտիվորեն չմասնակցի տարածաշրջանային փոխկապակցվածության նախագծերին, միջազգային բեռների զգալի մասը կարող է շրջանցել Վրաստանը։ Այդ դեպքում երկիրը կկորցնի այն տնտեսական և քաղաքական առավելությունը, որը տասնամյակների ընթացքում ձևավորել են Սև ծովի նավահանգիստները, երկաթուղիները, խողովակաշարերը և Արևելք-Արևմուտք տարանցիկ միջանցքը։
Վերլուծաբանը պատմական զուգահեռ է անցկացնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի միջև։ Նա նշում է, որ այն ժամանակվա Հայաստանի քաղաքական որոշումների արդյունքում այս նախագծերն իրականացվել են Վրաստանի տարածքով, սակայն այսօր իրավիճակը կարող է փոխվել. տարածաշրջանում նոր երթուղիների զարգացումը կարող է Հայաստանին տարանցիկ գործառույթ ձեռք բերելու հնարավորություն տալ՝ շրջանցելով Վրաստանը։
Զաքարեիշվիլիի գնահատմամբ՝ այդ գործընթացում հատկապես կարևոր կլինի Թուրքիայի դերը։ Նոր երթուղիների զարգացումը և տրանսպորտային հոսքերի վերաբաշխումը կարող են մեծացնել թուրքական նավահանգիստների և Միջերկրածովյան ճանապարհի կարևորությունը, ինչը կազդի Վրաստանի Սևծովյան նավահանգիստների մրցունակության վրա։
«Քանի դեռ խողովակաշարերն ու նավահանգիստները գոյություն ունեն, Վրաստանն ունի հնարավորություն գոնե ինչ-որ տեղ մասնակցելու, գոնե մի դռնից ոտք դնելու և եթե ոչ տորթ, ապա գոնե աթոռ ստանալու, թող բարեհաճեն մասնակցել։։ Հակառակ դեպքում գործընթացները կընթանան առանց Վրաստանի», — հայտարարում է Զաքարեիշվիլին։
Նրա կարծիքով՝ իշխանությունների՝ միջազգային հանդիպումներին մասնակցելուց հրաժարվելը, մասնավորապես՝ երկրի արժանապատվությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու պատրվակով, իրականում կարող է վնաս հասցնել Վրաստանի տնտեսական շահերին։
«ԵՄ թեկնածուի կարգավիճակը դառնում է ֆորմալ իրականություն»
Զաքարեիշվիլին Վրաստանի՝ Բրյուսելից հեռանալու հիմնական պատճառներից մեկը համարում է իշխանությունների՝ Եվրամիության հետ քաղաքական երկխոսությունը դադարեցնելու որոշումը։
2024 թ․-ի նոյեմբերին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը մինչև 2028 թվականի ավարտը այլևս օրակարգում չի պահի ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի հարցը։ Այդ որոշումը հաջորդեց ԵՄ-ի կողմից Վրաստանի անդամակցության գործընթացի փաստացի կասեցմանը և կառավարության վարած քաղաքականության հասցեին հնչող քննադատությունների սաստկացմանը։
Զաքարեիշվիլին կարծում է, որ Եվրամիության սահմանած պայմանները կատարելու փոխարեն վրացական իշխանություններն ընտրել են քաղաքական առճակատման ուղին։
Նա ընդգծում է, որ թեկնածուի կարգավիճակն ինքնին չի երաշխավորում առաջընթաց անդամակցության գործընթացում. երկիրը պետք է կատարի կոնկրետ պարտավորություններ։
Որպես օրինակ՝ վերլուծաբանը մատնանշում է Ուկրաինան, Մոլդովան, Ալբանիան և Չեռնոգորիան՝ երկրներ, որոնք շարունակում են իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները՝ Եվրամիությանն ավելի մոտենալու ճանապարհին։
«Եվրամիությունը հայտարարություն չի տարածել՝ ասելով. «Մենք ուզում ենք միանալ Վրաստանին»։ Վրաստանն է դիմել Եվրամիությանը՝ անդամակցելու համար։ ԵՄ-ին միանալու ցանկություն ունենալը հրաշալի է, բայց պետք է հաշվի առնել ԵՄ-ի չափանիշները, տնտեսությունը և հարաբերությունների բնույթը։ ԵՄ-ի պայմանները ներառում են դատական համակարգի բարեփոխումներ, դեօլիգարխացում և շատ այլ բաներ, ինչը դուր չի գալիս իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը»,- նշում է Զաքարեիշվիլին։
Նրա գնահատմամբ՝ Վրաստանի հանդեպ Եվրամիության քաղաքական ուշադրության նվազումը չի սահմանափակվում միայն դիվանագիտական հարաբերությունների վատթարացմամբ։
Երկիրը նաև ռիսկի է դիմում աստիճանաբար դուրս մնալ տարածաշրջանային գործընթացներից, որոնցում նախկինում զգալի առավելություն էին ապահովում նրա աշխարհագրական դիրքն ու տարանցիկ ներուժը։
Վերլուծաբանը զգուշացնում է, որ Վրաստանի միջազգային դերը չի որոշվում միայն նրա աշխարհագրությամբ. երկիրը կարող է քարտեզի վրա լինել տարանցիկ միջանցքի մաս, սակայն իրական տնտեսական և քաղաքական օգուտներ քաղելը պահանջում է ակտիվ մասնակցություն այն գործընթացներին, որոնք ձևավորում են տարածաշրջանի ապագա տրանսպորտային, էներգետիկ և պաշտպանական ճարտարապետությունը։
Հակառակ դեպքում, Վրաստանը կարող է հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ նրա անմիջական հարևանությամբ ձևավորվում են նոր քաղաքական և տնտեսական կապեր, իսկ երկիրը մնում է այդ զարգացումների շրջանակից դուրս։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին