Թբիլիսին և Վրաստանի ևս երեք քաղաք փակվում է կարանտինի պատճառով
Ապրիլի 15–ի երեկոյից 10 օրով կարանտինի պատճառով փակվելու են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին և երկրի երեք խոշորագույն քաղաքներ Քութայիսին, Բաթումն ու Ռուսթավին։
Առաջարկվել է նաև երկարաձգել արտակարգ դրությունը մինչև մայիսի 10–ը։
«Ապրիլի 14–ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման միանգամից 30 նոր դեպք։ Սա ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի մեկնարկից ի վեր։ Երկրում վարակի ներքին տարածման փուլ է սկսվել, և անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար վարակման դեպքերի աճը», — ապրիլի 14–ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան։
Ապրիլի 14–ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 266 դեպք։ 67 մարդ ապաքինվել է, երեքը՝ մահացել։
Արտակարգ դրության երկարաձգում
Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 21–ին, այն պետք է տևեր մինչև ապրիլի 18–ը ներառյալ։
Ինչպես հաղորդել է վարչապետը, Վրաստանի նախագահը մոտակա օրերին խորհրդարանին կդիմի արտակարգ դրությունը մինչև մայիսի տասը երկարաձգելու առաջարկով։
Գախարիան ընդգծել է, որ արտակարգ դրության խախտումների նկատմամբ վերահսկողությունը կխստացվի։
- Կորոնավիրուսը Կովկասում: Թարմացվում է
- Աղոթք միայնության մեջ․ Զատիկի նախօրեին Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում
- Ինչ տեսք ունի Երևանն արտակարգ դրության օրերին: Տեսանյութ
Ռեժիմի շրջանակում Վրաստանում փակ է ամեն ինչ՝ բացառությամբ մթերային խանութների և դեղատների։ Կանգնեցվել է ողջ հանրային տրանսպորտը՝ ներառյալ մետրոն։ Մարդիկ տնից կարող են դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։ Մարտի 31–ից երկրի տարածքում պարետային ժամ է սահմանվել ժամը 21.00–ից մինչև առավոտյան 6–ը։
Ներքին բռնկման վտանգի պատճառով ամբողջությամբ փակ են Մառնեուլի, Բոլնիսի և Լենտեխի քաղաքներն, ինչպես նաև ծովափնյա Քոբուլեթի շրջանի չորս գյուղ՝ Գվարան, Մուխաէստատեն, Լեգվան և Ցխավրուկան։
Խոշորագույն քաղաքների մեկուսացում և գերեզմանոցներ այցելելու հնարավոր ժամանակավոր արգելք
Ապրիլի 15–ի ժամը 21.00–ից 10 օրով արգելվում է մուտքն ու ելքը Թբիլիսիից, Ռուստավիից, Բաթումից և Քութայիսիից։ Արգելքը չի տարածվում քաղաքների ներսում ոտքով և մասնավոր ավտոմեքենաներով տեղաշարժվելու վրա։
Սուր անհրաժեշտության դեպքում կարող է բացառություն արվել։ Քաղաքից դուրս գալու կամ մուտք գործելու համար հատուկ թույլտվություն ստանալու համար պետք է զանգահարել «թեժ գիծ» 144 հեռախոսահամարով։
Կառավարությունը դիտարկում է նաև այն բանի հավանականությունը, որ ժամանակավորապես արգելվի գերեզմանոցներ այցելելը Վրաստանի ողջ տարածքում։
Այդ արգելքը կապված է լինելու Քրիստոսի Հարության՝ Զատկի օրերին ազգականների գերեզմաններ այցելելու ավանդույթի հետ։ Ժողովրդի նման զանգվածային կուտակումները վտանգավոր են կորոնավիրուսի համաճարակի օրերին։
Վարչապետի խոսքով՝ այցելությունների համար բոլոր գերեզմանոցների (պետական և մասնավոր) հնարավոր փակման մասին որոշումը կկայացվի մոտակա երկու օրում։
Եկեղեցիները Զատկի գիշերը․ «Պետք չէ իրավիճակը ճգնաժամի հասցնել»
Չի պլանավորվում Զատկի գիշերը փակել եկեղեցիներն, ասել է վարչապետը և կոչ է արել երկրի բնակիչներին «իմաստուն լինել» և պետությունն ու Վրաց եկեղեցին բարդ դրության մեջ չգցել։
«Եկեք պաշտպանենք մեր եկեղեցին և չստիպենք հոգևորականներին դժվար ընտրություն կատարել», — ասել է Գիորգի Գախարիան։
Նա կատարյալ է անվանել իրավիճակը, երբ «և եկեղեցիներն են բաց, և ոչ ոք օրենք չի խախտում»։
