Թափառական կենդանիները Վրաստանում․ հումանիզմը խնդիրը չի՞ լուծում
Վրաստանի խոշոր քաղաքներում թափառական շներին չեն տանջում և չեն հետապնդում։ Նրանց բուժում և ստերջացնում են։ Դա նրանց թվաքանակի վերահսկման ամենաժամանակակից և մարդասիրական միջոցն է։ Սակայն խնդիրը չի լուծվում․ թափառական կենդանիների քանակը չի կրճատվում, և դա իր պատճառներն ունի։
Վրաստանում կորոնավիրուսի համաճարակի առնչությամբ արտակարգ դրություն է հայտարարվել։ Գրեթե ոչինչ չի աշխատում, մարդիկ էլ հիմնականում տանն են նստած։
Վրաստանում շատ սրճարաններ և ռեստորաններ սեփական «փողոցային շունն» ունեին, որին կերակրում էին ամեն օր։ Այժմ այդ սրճարաննրն ու ռեստորանները փակ են։
Փակ են նաև ագրարային շուկաները, որտեղ կենդանիները կարող էին սննդի մնացորդներով սնվել:
Զբոսաշրջիկներ էլ չկան, որոնք սիրում էին սելֆի անել Թբիլիսիի շների հետ և նրանց համեղ մի բան նետել։
Իսկ շնորհիվ տեղեկատվական ֆեյքերի՝ ևս մեկ խնդիր է առաջացել․ կեղծ լուրերի տարածման պատճառով, իբր նոր կորոնավիրուսը կարող է մարդուն փոխանցվել ընտանի կենդանուց, ոմանք հրաժարվել են իրենց ընտանի կենդանիներից և նրանց փողոց նետել։
«Ամեն օր բազմաթիվ զանգեր ենք ստանում՝ խնդրանքով, որ ընտանիքից վերցնենք շանը, որովհետև այն իբր կարող է կորոնավիրուս փոխանցել», — ասում է «Շների փրկման և պաշտպանության սոցիացիայի» ղեկավարը, որը շների սեփական ապաստանն ունի Թբիլիսիում։
Այդ ֆոնին Վրաստանում կամավորներ են հայտնվել, որոնք ինքնակազմակերպվում են և կերակրում քաղաքի փողոցներում թափառող կենդանիներին։ Նրանք նաև Ֆեյսբուքում գումար են հավաքում՝ նրանց համար սնունդ գնելու և Թբիլիսիից դուրս՝ շրջաններ ուղարկելու համար։
Կարանտինի պատճառով առաջացած գործազրկության ֆոնին անգամ այն կենդանիները, որոնք ընտանիքներում են ապրում, դժվար դրության մեջ են հայտնվել, որովհետև դրանց տերերը հաճախ կերի փող չունեն։
Ֆեյսբուքը լի է հուսահատ մարդկանց խնդրանքներով՝ օգնել իրենց կերակրել սոված շներին և կատուներին։
Վրաստան․ դրախտ թափառական շների համա՞ր
Վրաստանում շատ են թափառական կենդանիները․ դա հատկապես զբոսաշրջիկներն են նկատում, որոնք առաջին անգամ են երկիր գալիս։
2015 թ–ի տվյալների համաձայն՝ միայն Թբիլիսիում մոտ 43 հազար շուն կա։
Այս թվերը տարեցտարի աճում են, և դրանք նվազեցնել չի հաջողվում։ Վրաստանում նրանց ամենուր կհանդիպեք՝ քաղաքներում, գյուղերում, մայրուղիներում և անգամ չբնակեցված վայրերում, ուր նրանց հատուկ տանում են և թողնում։
Վրացական թափառական շներից մեկը՝ Կուպատան, Բաթումից է, նա հայտնի է դարձել գրեթե ողջ աշխարհում, որովհետև նրա պատմությունը հայտնվել է միջազգային մամուլի էջերում։ Չալ շունը պաշտում է երեխաներին, և ամեն անգամ Բաթումում երբ նրանք հետիոտնային անցումով փողոց են հատում, շունը նրանց ուղեկցում է, մեքենաները կանգնեցնում և հետևում, որ երեխաները բարեհաջող անցնեն մյուս կողմ։
Այժմ ողջ քաղաքը Կուպատային սնունդ է բերում։ Բաթումի հյուրերը նույնպես ձգտում են լուսանկարվել նրա հետ։ Բաթումի քաղաքապետարանը Կուպատային գեղեցիկ կանաչ բույն է նվիրել՝ «Ժողովրդի ընտրյալ» գրառմամբ, և անտուն կենդանիների օգնության համայնքային ծրագիրն անվանել «Կուպատայի ծրագիր»։
Սակայն Կուպատայի պատմությունն իհարկե եզակի է։ Վրաստանում թափառական շները կյանքը շատ ավելի դժվար և գորշ է, քան Բաթումի շան կյանքը, որն աստղ է դարձել։
Վրաստանում փողոցային կենդանիների թվաքանակի կառավարման հարցով զբաղվում է մի քանի խոշոր համայնքային կառույց։
Օրինակ՝ Թբիլիսիում դա Կենդանիների մոնիթորինգի թբիլիսյան գործակալությունն է, որն աշխատում է 2015 թ–ից։ Որոշ քաղաքներում, օրինակ՝ Բաթումում, համայնքապետարանը տենդեր է հայտարարում և մասնավոր ընկերություն վարձում, որին էլ փոխանցում է անտուն կենդանիների նկատմամբ հոգ տանելու գործը։
Սխեման հետևյալ տեքսն ունի․ անտուն կատուներին և շներին սկզբից բռնում են, տանում ապաստարան, ստերջացնում, պատվաստում, նրանց զննում է անասնաբույժը, և եթե այս գործընթացներից հետո ամեն ինչ կարգին է, կենդանուն փողոց են բաց թողնում, որտեղից որ վերցրել էին։
Շների դեպքում նրանցից յուրաքանչյուրի ականջին պետք է պիտակ լինի, որի վրա նշված է նույնականացման համարը։ Դա նշանակում է, որ շունը ստերջացված է, պատվաստված և շրջապատի համար վտանգ չի ներկայացնում։
Սակայն այդ ամենը տեղի է ունենում միայն մեծ քաղաքներում, և ընդհանուր առմամբ, չի լուծում խնդիրները։
«Վրաստանի տարբեր շրջաններից թափառական շները մեծ քանակով գաղթում են մայրաքաղաք։ Այդ պատճառով էլ ողջ երկրում միասնական համակարգ ունենալն անհրաժեշտ է․ եթե բոլոր շրջաններում ստերջացում չկատարվի, մենք չենք կարող պակասեցնել թվաքանակը», – ասում է Թբիլիսիի քաղաքապետարանի կենդանիների մոնիթորինգի ծառայության ղեկավարը։
Փրկությունը նոր օրե՞նքն է
«Ընտանի կենդանիների պաշտպանության, թվաքանակի վերահսկողության և սոցիալական ապահովման մասին օրգանական օրենք»․ այսպես է կոչվում օրինագիծը, որը նախաձեռնել են Վրաստանի խորհրդարանում, սակայն արդեն հինգերորդ տարին է՝ այն այդպես էլ չի ներկայացվել կոմիտեների քննարկմանը։
Ըստ փորձագետների՝ դրա ընդունումը հինգ–վեց տարուց կլուծի գլխավոր խնդիրը՝ ընտանի կենդանիների թվաքանակի աճը, քանի որ օրինագիծն ուղղակիորեն պարտավորեցնում է ստերջացնել երկրի փողոցներում հայտնաբերված բոլոր կենդանիներին։
Ըստ փորձագետների՝ կառավարությունը չի շտապում օրենքն ընդունել, քանի որ այն իրականացնելու ռեսուրս չունի։
«Եթե օրենքն ընդունվի, պետությունը պետք է շատ ջանասիրաբար աշխատի։ Նախագծի համաձայն՝ ընտանի կենդանիների կառավարումը պետք է ներառվի գյուղատնտեսության նախարարության գործառույթներում, սակայն այդ նախարարությունն ակնհայտորեն ձգտում է խուսափել պատասխանատվությունից», — ասել է Թինաթին Ճավճանիձեն։
Սակայն օրինագիծը քննադատում են նաև կենդանիների իրավունքների պաշտպանները, նախևառաջ, որովհետև դրանում արգելք է նախատեսված մեկ կադաստրային կոդի տակ (մեկ տան մեջ, մեկ տարածքում) ավելի քան հինգ կենդանի պահելու համար, իսկ դա շատ է դժվարացնելու մասնավոր ապաստանների աշխատանքը։
Փորձագետները կարծում են, որ օրինագիծը, որը տարիներով չի ընդունվում, կօգնի լուծել ևս մեկ լուրջ խնդիր երկրում․ Վրաստանը մինչև հիմա համարվում է կատաղության տարածման ռիսկ ունեցող երկիր։
«Փողոցից կատվի ձագ վերցնել–պահելը լավ տոն է համարվում»
Թինա Ճավճանիձեն, որն այս ոլորտում է աշխատում 2000 թ–ից, ասում է, որ, չնայած շատ խնդիրների, իրավիճակը բարելավվում է։ Եվ գլխավոր բանը, որ փոխվում է, հասարակական կարծիքն է և կենդանիների նկատմամբ վերաբերմունքը։
«Վերջին տարիների ընթացքում ամենադժվարը մտածողությունը փոխելն էր։ Նախկինում թափառական շանը տուն տանելը բացարձակ մարգինալ իրադարձություն էր։ Իհարկե, նախկինի պես տարածված է հատուկ ցեղատեսակների շուն գնելը, սակայն մենք, այնուամենայնիվ, հասել ենք նրան, որ փողոցից կատվի ձագ վերցնելը լավ տոն է դարձել», – ասում է Թինա Ճավճանիձեն։