Ընտրություններ Վրաստանում․ հաշվարկներ, ցույցեր, բոյկոտ
Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում երրորդ անգամ անընդմեջ հաղթել է իշխանական կուսակցությունը։ Ընդդիմությունը հայտարարում է զանգվածային ընտրակեղծիքների մասին, հրաժարվում է ճանաչել արդյունքներն ու բոյկոտում է նոր խորհրդարանը։ Միջազգային կազմակերպություններն ընդունել են, որ ընտրողներին վախեցրել են և ընտրակաշառք բաժանել, սակայն, այնուամենայնիվ, համարել են, որ ընտրություններն անցկացվել են «մրցակցային միջավայրում»։ Պատմում ենք, թե ինչ է կատարվում Վրաստանում։
Ո՞վ է հաղթել
Ըստ վրացական ԿԸՀ տվյալների՝ հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրություններում առաջատարն իշխող «Վրացական երազանքն» է, որը հավաքել է 48,15 տոկոս ձայն։ Նրա գլխավոր մրցակից «Ազգային շարժում – ուժը միասնության մեջ է» դաշինքը հավաքել է ընտրողների 27,13 տոկոսի ձայնը։ Խորհրդարանական մանդատներին հավակնում է ևս յոթ ընդդիմադիր կուսակցություն՝ «Եվրոպական Վրաստան», «Լելո», «Հայրենասերների դաշինք», «Աղմաշենեբելիի ռազմավարություն», «Գիրչի», «Քաղաքացիներ» և «Լեյբորիստական կուսակցություն»։ Նրանք ընդհանուր առմամբ հավաքել են 18,46 տոկոս ձայն։ Ընտրաթերթիկների վրա ներկայացված էր 60 կուսակցություններից բաղկացած ցուցակ։
ԿԸՀ-ն հայտարարել է, որ 14 մեծամասնական շրջաններում երկրորդ փուլ է անցկացվելու։ Սակայն դրա արդյունքն արդեն վճռորոշ նշանակություն չի ունենալու։
«Նոր ընտրություններ ենք պահանջում»․ Թբիլիսիում ցույց է անում ընդդիմությունը։ Ֆոտոռեպորտաժ
Դիմակներ, ախտահանիչներ և երկար հերթեր։ Թե ինչպես են անցել ընտրությունները Վրաստանում․ տեսանյութ
Ծառեր և ֆլամինգոներ՝ որպես իշխանության խորհրդանիշ։ Ի՞նչ է ստացվել վրացի օլիգարխի «քմահաճույքից»
Ովքե՞ր են այդ մարդիկ
Իշխանական կուսակցությունը՝ «Վրացական երազանքը», հիմնել է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին 2012 թ-ի խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ։ Այդ օրվանից «Երազանքը» պահպանում է խորհրդարանական մեծամասնությունն, ինչպես նաև ամբողջությամբ վերահսկում է իշխանության մնացած բոլոր ճյուղերը։ Այժմ այն պետք է դառնա Վրաստանի միակ կուսակցությունը, որը խորհրդարան է անցել երրորդ անգամ։
Վերջին տարիներին իշխող կուսակցության դիրքերը սկսել են սասանվել, իսկ խայտաբղետ ընդդիմությունը կարողացել է միավորվել և մոբիլիզացվել, այդ պատճառով էլ Վրաստանում շատերն ընտրությունների այլ ելք էին ակնկալում։ Իշխանության գլխավոր ընդդիմադիր ուժը Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած «Միասնական ազգային շարժումն» է։
Ի՞նչ է պետք իմանալ ընտրությունների մասին
Վրաստանը խորհրդարանական հանրապետություն է, այդ պատճառով էլ քաղաքական ուժը, որը հաղթել է հոկտեմբերի 31-ի ընտրություններում, պետք է երկիրը կառավարի հաջորդ չորս տարիների ընթացքում։ Ընտրություններն առաջին անգամ անցկացվել են նոր համակարգով․ պատգամավորների հիմնական կազմը (150-ից 120-ը) հավաքվում է քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից (համամասնական համակարգ)։ Մնացած 30 տեղերը բաշխվում են մեծամասնական պատգամավորների միջև, որոնք կհաղթեն 30 միամանդատ ընտրատարածքներում։
Այս նոր ընտրական համակարգը համաձայնեցվել է 2020 թ-ի գարնանը՝ գրեթե կես տարի տևած մասշտաբային փողոցային ցույցերից և իշխանության և ընդդիմության միջև բանակցություններից հետո, որոնք անհնար կլիներ անցկացնել առանց արևմտյան դիվանագետների միջնորդության։
Ընթացք, հաշվարկներ, ցույցեր
Ի հեճուկս սպասելիքների՝ ընտրողներին չի վախեցրել կորոնավիրուսը, ընտրատեղամասերի մոտ հերթեր են գոյացել։
Քվեարկության օրը լրագրողները հաղորդել են ընտրատեղամասերում ծեծկռտուքի և անգամ հրաձգության մասին, ընտրողների վրա ճնշում գործադրելու և նրանց վախեցնելու վկայություններ են բերվել։
Ընտրատեղամասերի փակումից հետո շաբաթ երեկոյան հաղթանակ էր տոնում թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը․ կողմերից յուրաքանչյուրը հենվում էր իր էքզիթ փոլերի արդյունքների վրա, իսկ դրանք տարբեր էին։
ԿԸՀ-ն չի շտապել կիսվել տեղեկություններով․ առաջին թվերը հնչեցին արդեն կիրակի առավոտյան։ Անկախ դիտորդները սկսեցին սոցցանցերում քվեարկությունների արձանագրությունների լուսանկարներ հրապարակել, որոնցում թվերը չէին համընկնում։ Օրինակ՝ իշխանական կուսակցության օգտին ձայների քանակը կարող էր զգալիորեն գերազանցել այդ ընտրատեղամասում քվեների ընդհանուր թվին։ Ընդդիմադիր առաջնորդները հայտարարեցին, որ ընտրությունները կեղծվել են, առաջին բողոքի ցույցերը սկսվեցին արդեն գիշերը, իսկ կիրակի վերսկսվեցին․ ընդդիմությունը փողոց դուրս բերեց մոտ 8 հազար մարդ։
Միջազգային կազմակերպությունների արձագանքը
Կիրակի ցերեկը ելույթ են ունեցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչները, նրանք ընտրություններն անվանել են ոչ անթերի, սակայն, ընդհանուր առմամբ, նշել են, որ դրանք անցկացվել են մրցակցային միջավայրում։
«Ընտրատեղամասերում ներկա են եղել համակարգողներ, կուսակցությունների ներկայացուցիչներ և ակտիվիստներ, որոնք սրել են իրավիճակը», — մասնավորապես, հայտարարել է Վրաստանում ընտրություններին հետևող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Ջիլիան Ստիրկը։
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ ընտրողներին վախեցնելու և ընտրակաշառք բաժանելու դեպքերը վնաս են հասցնում ընտրական գործընթացին, սակայն բավարար չեն դրանք ոչ լեգիտիմ հայտարարելու համար։ Վրաստանում նման արձագանքը շատերին է հիասթափեցրել և նույնիսկ վրդովել։
«Միգուցե այդ հայտարարությունը ձեզ համար կազմել է նախագահ Պուտի՞նը», «Ինչպե՞ս կարելի է լեգիտիմ անվանել ընտրությունները, որոնց ժամանակ վախեցնում են ընտրողներին», «Իսկ ձեզ մոտ ԱՄՆ-ում նման քվեարկությունը գոհացնող կլինե՞ր»,- գրում էին Ֆեյսբուքի վրացի օգտատերերը հայտարարության տակ, որը հրապարակել է Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը։
Ընտրությունները քննադատել են նաև տեղի հասարակական կազմակերպությունները։
Ի՞նչ է լինելու
Երկուշաբթի բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հերթով խոստացել են բոյկոտել խորհրդարանը։
«Ընտրությունների արդյունքները կեղծված են և չեն արտացոլում վրաց ժողովրդի կամքը», — ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Լելո» կուսակցության գլխավոր քարտուղար Բադրի Ջափարիձեն։
Մանդատներից հրաժարված ընդդիմադիրները պահանջում են ընտրություններն անվավեր ճանաչել, լուծարել ԿԸՀ-ն և փորձել ևս մեկ անգամ խորհրդարան ընտրել։
Տեխնիկապես այս բոյկոտը ոչինչ չի փոխի․ «Վրացական երազանքը» բավականաչափ մանդատ ունի և՛ նոր խորհրդարանի աշխատանքը սկսելու, և՛ կառավարություն ձևավորելու համար։