«Պատմական» անկում․ 2020 թ-ին Վրաստանը սահմանել է 1994 թ-ից ի վեր անկման բոլոր ռեկորդները
Վրաստանի ազգային վիճակագրական վարչությունը հաշվարկել է, թե որքանով է Վրաստանի տնտեսությունը կրճատվել 2020 թ-ին։ Ըստ Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալների՝ երկրում տնտեսական անկումը կազմել է 6,1 տոկոս, ինչը ռեկորդային անկում է վերջին 26 տարվա ընթացքում։
2020 թ-ի անկումն ավելի մեծ է, քան 2008 թվականինը՝ գլոբալ տնտեսական ճգնաժամի և օգոստոսյան պատերազմի ֆոնին։
Անկման հիմնական պատճառը համավարակն է և բազմամսյա մեկուսացումը։ Խիստ սահմանափակումները, որոնք երկրում կրկին սահմանվել են նոյեմբերի 28-ից, գործում են մինչ օրս։ Հազարավոր առևտրի և սպասարկման ձեռնարկություններ փակ են։
Վիճակագրական ծառայության տվյալներով՝ դեկտեմբերն ամենածանր ամիսն էր Վրաստանի տնտեսության համար, երբ երկիրն ամբողջությամբ փակ էր առանձնապես ծանր համաճարակային իրավիճակի պատճառով։
Դեկտեմբերին՝ նախատոնական ժամանակահատվածում, առևտուրն ու տնտեսական ակտիվությունը սովորաբար գագաթնակետին են հասնում։ Այս տարի նույնիսկ այդ մասում էր ակտիվությունը գրեթե սառեցվել։
Վրաստանի տնտեսությունը դեկտեմբերին կրճատվել է 7,9 տոկոսով, ինչը հանգեցրել է տարեկան էլ ավելի մեծ անկման, քան սպասվում էր, ասում է Վրաստանի վիճակագրական ծառայության գլխավոր տնօրեն Գոգիտա Տոդրաձեն՝ անկման պատճառները բացատրելով հատուկ ճեպազրույցի ժամանակ։
Վրաստանի տնտեսությունն աճում էր յուրաքանչյուր տարի՝ 1994 թ-ից ի վեր՝ բացառությամբ 2009 թ-ի՝ ռուս-վրացական պատերազմից հետո, երբ տնտեսությունը կրճատվեց 3,65 տոկոսով։ Համեմատության համար․ 2014-2019 թթ-ին Վրաստանի տնտեսությունն աճում էր տարեկան միջինում 4,17 տոկոսով, գրում է bm.ge բիզնես-պարբերականը։
Տնտեսական տեսանկյունից՝ 2020 թվականն աննախադեպ էր ողջ աշխարհի համար։ Արժույթի միջազգային հիմնադրամի նախնական գնահատականներով՝ համաշխարհային տնտեսությունը նախորդ տարի 4,3 տոկոս անկում է ապրել։
Եռամսյակային տվյալներով՝ 2020 թ-ին տնտեսական աճը Վրաստանում հետևյալ տեսքն ուներ․
1-ին եռամսյակ 2,3% աճ;
2-րդ եռամսյակ՝ 13,2% անկում;
3-րդ եռամսյակ՝ 5,6% անկում;
4-րդ եռամսյակ՝ 6,5% անկում։
Գնահատականներ
Վիճակագրական ծառայության տվյալները գնահատելիս էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան նշել է, որ «ի վերջո, արդյունքն ավելի վատն էր, քան սկզբից կանխատեսվում էր»։
«Մենք լուրջ վերականգնում ունեցանք, ինչը լուրջ ազդակ էր սեպտեմբեր-հոկտեմբերին՝ այլ երկրների ֆոնին, սակայն վերջին եռամսյակում ստեղծված իրավիճակը, կամ այսպես կոչված երկրորդ ալիքն իր հետքը թողեց ողջ Եվրամիության, մեր տարածաշրջանի և Վրաստանի վրա», — ասել է Նաթիա Տուրնավան։
«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Ռոման Գոցիրիձեն մեկնաբանել է տնտեսական անկումը։
Նրա խոսքով՝ իրավիճակն ավելի դրամատիկ է, և վիճակագրական ծառայությունը «ծաղկեցնում է» տվյալները։
«Անկումն ավելի մեծ է, քանի որ համախառն ներքին արդյունքը հստակ չի հաշվարկվում։ Պատճառն արժեզրկման տարեկան մակարդակի կեղծումն է (հատկացումների մանիպուլյացիաների պատճառով)։ «Վրաստանի վիճակագրական ծառայությունը հայտնի է իր քաղաքական մանիպուլյացիաներով և հաճախ է ճոխացնում կառավարության գործունեությունը», — ասել է Գոցիրիձեն։