Վրաստանում փոխվում են գաղտնի վերահսկողության և գաղտնալսման կանոնները
Գաղտնի վերահսկողության օրենքը Վրաստանում
Վրաստանում փոխվում են գաղտնի վերահսկողության և գաղտնալսման կանոնները։ Կառավարությունն արդեն իսկ նախաձեռնություն է ներկայացրել խորհրդարան, որտեղ մեկնարկել են օրենսդրական փոփոխությունների քննարկումները։ Դրանք կհեշտացնեն իշխանությունների կողմից գաղտնի քննչական գործողությունների իրականացման գործընթացն ու կավելացնեն գաղտնի վերահսկողության տևողությունը։
Գործող օրենսդրությամբ՝ գաղտնի քննչական գործողությունների իրականացման առավելագույն ժամկետը 6 ամիս է, իսկ նոր փոփոխություններով՝ մինչև 9 ամիս։
Հարկ է նաև նշել, որ կոնկրետ հոդվածների դեպքում գաղտնալսումն ու վերահսկողությունը կարող են երկարաձգվել անորոշ ժամանակով։
Նոր օրինագծով փոխվում է հետևյալը՝
- Գաղտնի քննչական գործողությունների ժամկետը երկարացվում է առավելագույնը 3 ամսով,
- Փոփոխվում է պետության կողմից գաղտնալսվող և/կամ վերահսկվող անձին ծանուցելու կանոնը, հետևաբար՝ մարդը կարող է երբեք էլ չիմանալ, որ իր նկատմամբ կատարվել են գաղտնի քննչական գործողություններ,
- Գաղտնի քննչական գործողություններ հնարավոր կլինի իրականացնել ևս 27 տեսակի հանցագործությունների համար,
- 100 տեսակի հանցագործությունների համար գաղտնալսումը կարող է իրականացվել ողջ կյանքի ընթացքում:
Վրաստանում հետաքննությունը դատավորից գաղտնալսման և անձին հետևելու թույլտվություն է ստանում։ Ըստ հասարակական կազմակերպությունների՝ այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը [ներառյալ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը և HRW-ը] անընդհատ խոսում են իշխանությունների նկատմամբ վրացական դատական համակարգի կողմնակալ վերաբերմունքի մասին, այս օրինագիծը «լեգիտիմացնում է կառավարության կողմից լիակատար վերահսկողության իրականացումը»։
Նոր օրինագծի համաձայն՝ հանցագործությունների ցանկը, որոնց շրջանակներում քննչական մարմինները կարող են քաղաքացիների նկատմամբ վերահսկողություն իրականացնել, կարող է հասցվել 360-ի, իսկ «այնքան անգամ, որքան օրինական հիմքեր կան», ընթացակարգը կարող է երկարաձգվել հետևյալ հոդվածներով նախատեսված հանցագործությունների քննության ընթացքում՝
- ապօրինի եկամուտների օրինականացման միջոցով ձեռք բերված գույքի օգտագործում, գնում, տիրապետում կամ վաճառք,
- դիտավորությամբ և ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն,
- մարդկանց թրաֆիքինգ, պատանդառության, սպառնալիքներ և այլն,
- անօրինական եկամուտների օրինականացման միջոցով ձեռք բերված գույքի օգտագործում, գնում, տիրապետում կամ վաճառք,
- հասարակական անվտանգության և կարգուկանոնի դեմ ուղղված հանցագործություններ (խուլիգանություն, հրազենի ձեռքբերում, պահում և կրում, սառը զենքի կրում և վաճառք և այլն),
- անօրինական միավորումների ստեղծում կամ կառավարում,
- պոռնոգրաֆիկ արտադրանքի և/կամ այլ իրերի ապօրինի արտադրություն և վաճառք,
- անչափահասի ներգրավում պոռնոգրաֆիկ բնույթի նյութերի ապօրինի ստեղծման, ինչպես նաև դրանց տարածման, գովազդի կամ վաճառքի մեջ,
- թմրամիջոցների հետ կապված հանցագործություններ,
- համակարգչային հանցագործություններ,
- սահմանադրական կարգի և անվտանգության հիմքերի դեմ կատարված հանցագործություններ, այդ թվում՝ օկուպացված տարածքների իրավական ռեժիմի խախտումներ,
- ծառայողական հանցագործություն,
- հանցագործություն պետական համակարգի դեմ,
- խաղաղության, անվտանգության և միջազգային մարդասիրական իրավունքի դեմ ուղղված հանցագործություններ։
«Հատկապես ուշադրություն հրավիրեցի օրինագծի տոնայնության և ձևակերպումների վրա. ժամկետները կարելի է երկարացնել «ինչքան ուզես»։ Մինչ օրս որևէ օրինագծում նման վիրավորական երանգ ու բառերի հերթականություն չէի կարդացել»,- ասում է իրավաբան, «Վրաստանի ժողովրդավարության նախաձեռնություն» ՀԿ ղեկավար Էդուարդ Մարիկաշվիլին:
Հատուկ հայտարարությամբ են հանդես եկել նաև 11 հասարակական կազմակերպություններ։ Նրանց կարծիքով՝ գնալով վատանում է գաղտնի վերահսկողությունը կարգավորող օրենսդրությունը։
Ըստ ՀԿ-ների՝ օրինագիծը հնարավորություն է տալիս քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով քննչական գործողություններ իրականացնելու պարագայում ցմահ գաղտնալսել քաղաքացիներին և նրանց այդ մասին չտեղեկացնել։ Օրենքով նախատեսված արդյունավետ վերահսկողության մեխանիզմի բացակայության պայմաններում առաջարկվող փոփոխությունները զգալիորեն վատթարացնում են մարդու անձնական կյանքի պաշտպանության մակարդակը։
«Անձնական կյանքին զանգվածային անօրինական միջամտության ֆոնին՝ իշխող կուսակցությունը մարդու իրավունքների չափանիշները բարձրացնելու փոխարեն էլ ավելի շատ օրենսդրական լծակներ է տալիս իրավապահ մարմիններին։ Սա էլ ավելի է մեծացնում կամայականության և մասնավոր կյանքի անհիմն միջամտության ռիսկերը: Հարկ է նշել նաև, որ օրենքի նախագիծը չի պարունակում որևէ կոնկրետ հիմնավորում և փաստարկ, թե գործող օրենսդրությունն առօրյա պրակտիկայում ինչ խնդիրներ է առաջացրել իրավապահ մարմինների համար, ինչով է պայմանավորված նման փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրությունում։