Վրաստանում պարզեցվում է նարկոհանցագործությունների համար դատապարտված անձանց ներում շնորհելու կարգը
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանդես է եկել նախաձեռնությամբ, որը ենթադրում է բռնություն չպարունակող հանցագործությունների համար պատիժ կրող անձանց ներում շնորհելու կանոնների պարզեցում և նրանց հանդեպ ավելի մարդկային վերաբերմունք:
Ներման պարզեցված ընթացակարգը կվերաբերի թմրանյութերի օգտագործման համար դատապարտված անձանց: Նոր կարգավորումը թույլ կտա բռնություն չպարունակող հանցագործությունների համար պատիժ կրող անձանց ներում շնորհելու խնդրանքով դիմել նախագահին դատական գործընթացի ավարտից անմիջապես հետո: Այսինքն՝ դատարանի որոշման համաձայն որոշակի պատժի դատապարտված անձը ստիպված չի լինի անազատության մեջ անցկացնել, որից հետո է միայն հնարավոր ներման մասին խնդրել, ինչպես դա մինչև հիմա էր: Նոր կարգավորումը պետության ղեկավարը կհաստատի մոտ օրերս:
Թմրանյութ օգտագործողներից զատ ներման պարզեցված ընթացակարգից օգտվելու իրավունք կունենան նաև այն անձինք, որոնք ինչ-որ մեկի սեփականության հանդեպ առաջին անգամ են հանցափորձ կատարել, իրավախախտում են կատարել տնային տնտեսության, արտադրական, տնտեսական, ֆինանսական ուղղությամբ:
«Այս նախաձեռնությամբ նախագահը ևս մեկ անգամ դրսևորել է իր վերաբերմունքն իրավախախտումների հանդեպ, որոնք բռնության տարր չեն պարունակում, և ավելի մարդկային է դարձրել ներում շնորհելու կանոնները», — հայտարարել է ներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն:
Նրա խոսքով՝ ներման պարզեցված ընթացակարգը չի տարածվելու այն անձանց վրա, որոնք պատիժ են կրում թմրանյութերի և հոգեմետ նյութերի իրացման, թմրանյութերի ձեռքբերման-պահպանման, հետագայում այլ երկրներ տեղափոխելու նպատակով երկիր առանձնակի խոշոր ծավալների թմրանյութի ներկրման համար:
Նախագահի նախաձեռնությունն արդեն մեկնաբանել են ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանական շրջանակների ներկայացուցիչները: Իշխող «Վրացական երազանքը» չի համարում, որ նախագահ Մարգվելաշվիլիի նախաձեռնությունը որևէ լրացուցիչ խնդիրներ կստեղծի, սակայն միաժամանակ նրան մեղադրում է պոպուլիզմի համար:
«Բացառված չէ, որ այդպիսով Մարգվելաշվիլին նախընտրական արշավ է սկսել», — հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Վրաստանում նախագահական ընտրություններ կկայանան 2018թ-ի աշնանը: Գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին դեռևս չի հայտարարել, թե արդյոք մտադիր է երկրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրելու ընտրություններին:
Նախագահի նախաձեռնությունը մեկնաբանել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գիորգի Գախարիան.
«Եթե խոսքը գնում է միայն թմրանյութ օգտագործողների մասին, ապա ես այստեղ խնդիր չեմ տեսնում: Ավելին, թմրանյութ օգտագործողների հանդեպ օրենսդրությունն ավելի մարդկային դարձնելու ուղղությամբ մենք հստակ առաջարկ ունենք: Սակայն եթե նախաձեռնությունն ինչ-որ կերպ սկսի վերաբերել նաև թմրանյութ իրացնողներին, ապա մենք կտրականապես դեմ ենք այդ նախաձեռնությանը»:
Իսկ ընդդիմությունը դրական է գնահատում նախագահի որոշումը: «Ազգային շարժման» ներկայացուցիչ Նիկա Ռուրուան այն «ճիշտ ուղղությամբ արված քայլ» է անվանում: «Սակայն դա բավական չէ: Անհրաժեշտ է ապաքրեականացում, այսինքն՝ թմրանյութ օգտագործողները չպետք է բանտում հայտնվեն», — հայտարարել է Ռուրուան:
Նախագահի մոտեցումը «միանշանակ ընդունելի» է անվանել «Եվրոպական Վրաստանի» անդամ Գիորգի Տուգուշին:
Ոչ կառավարական կազմակերպություններն ու մի խումբ հասարակական ակտիվիստներ, որոնք քննադատում են իշխանությունների խիստ նարկոքաղաքականությունն, երկար ժամանակ է պահանջում են վերանայել թմրանյութերի օգտագործման համար պատիժ կրող անձնաց ներում շնորհելու հետ կապված հարցերը: Նախորդ տարվա դեկտեմբերին նարկոքաղաքականության ազատականացման պահանջով ակցիային ակտիվիստները դիմել էին նախագահին այդպիսի դատապարտյալների «զանգվածային ներման» խնդրանքով:
Ըստ գործող օրենսդրության՝ ներման հույս կարող են ունենալ բանտարկյալները, որոնք կրել են պատժի մի մասը և/կամ չմարված կամ չեղարկված դատվածություն ունեն: Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ ներում շնորհելը երկրի նախագահի բացառիկ իրավունքն է: Ներման հարցը քննարկվում է հատուկ ստեղծված հանձնաժողովի կողմից, որը նախագահին է դիմում համապատասխան խորհրդով: Սակայն վերջնական որոշումը նախագահինն է:
Նախագահը կարող է նաև ներում շնորհելու որոշում կայացնել՝ շրջանցելով ընդունված կանոնները: Գիորգի Մարգվելաշվիլիի նախագահության ժամանակահատվածում ներում է շնորհվել 3671 մարդու: