Վրաստանում մինչև մեկ միլիոն քաղաքացիներ չեն կարողանա մոլախաղերից օգտվել
Մոլախաղերի սահմանափակում Վրաստանում
Վրաստանում մինչև մեկ միլիոն քաղաքացիներ կզրկվեն մոլախաղեր խաղալու հնարավորությունից․ կառավարությունն օրինագիծ է պատրաստում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Մասնավորապես, արգելքը վերաբերելու է․
● սոցիալական նպաստ ստացողներին,
● պետական ծառայողներին,
● անձանց, որոնք հարկային ծառայություն են դիմել՝ իրենց նկատմամբ ինքնասահմանափակման մեխանիզմ կիրառելու խնդրանքով,
● այսպես կոչված «սև ցուցակ» ընկածներին։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ կարգելվեն մոլախաղի գովազդի բոլոր տեսակները հեռուստատեսությամբ, արտաքին գովազդն ու գովազդը վրացական կայքերում։
Բացի այդ, խաղային բիզնեսի օպերատորներին կթույլատրվի միայն ստորագրել հովանավորչական համաձայնագրեր, և դա հիմնականում կկիրառվի սպորտի նկատմամբ։
Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին պատմել է նաև օրինագծի մանրամասների մասին։ Ինչպես նա նշել է կառավարության նիստին, բաշխված եկամտի փոխարեն, նոր կանոնների համաձայն, կհարկվի այսպես կոչված GGR-ը (ստացված խաղադրույքների և շահած գումարների միջև տարբերությունը)՝ շահութահարկի 10 տոկոս հարկով։ Նրա խոսքով՝ սա այդ ոլորտի հարկման համընդհանուր պրակտիկա է։ Բացի այդ, շահած գումարները կանխիկացնելիս կհարկվեն երկու տոկոս եկամտահարկով։
Նրա խոսքով՝ օտարերկրյա քաղաքացիների վրա տարիքային սահմանափակումները չեն տարածվում։ Վրաստանի քաղաքացիների համար տարիքային ցենզ կսահմանվի՝ 25 տարեկան, և այն կկիրառվի ինչպես առցանց խաղերի, այնպես էլ խաղային հաստատությունների նկատմամբ։
Հարկ է նշել, որ մոլախաղերի կազմակերպիչները ստիպված կլինեն շահած գումարը փոխանցել միայն խաղացողի անձնական հաշվին կամ այն անձին, որը գրանցվել է որպես խաղացող։ Արգելվում է նաև գումար փոխանցել մի խաղացողից մյուսին, ինչը զգալիորեն սահմանափակում է ուրիշի օգտահաշվով խաղալու հնարավորությունը։ Խաղային հաշվին գումար փոխանցելը կամ կանխիկացնելը, ինչպես նաև որպես խաղացող գրանցվելու կանոնները կարգավորվելու են հատուկ օրենքով։
Մոլախաղերը Վրաստանի առաջատար ճյուղերից մեկն են։ 2016 թ-ին Վրաստանում խաղային բիզնեսի շրջանառությունը գերազանցել է չորս միլիարդ լարին [մոտ $1,3 մլրդ], իսկ ողջ աշխարհում միայն 2015 թ-ին գեմբլինգից ստացված եկամուտը հասել է 400 մլրդ դոլարի։
Ըստ businessmap.ge-ի՝ մոլախաղերն ամենաեկամտաբեր բիզնեսն են Վրաստանում, իսկ այս ոլորտի եկամուտները գերազանցում են անգամ առևտրային բանկերի եկամուտները։ Օրինակ՝ 2016 թ-ին բանկերի եկամուտները կազմել են երկու միլիարդ լարի, իսկ խաղային բիզնեսինը՝ ավելի քան չորս միլիարդ լարի։
Վրաստանում խաղացողների թվի և նրանց պարտված գումարների վերաբերյալ վիճակագրություն չկա։ Պետությունը մոլախաղերի սոցիալական ծախսերի մասին որևէ լուրջ հետազոտություն չի անցկացնում։
Չնայած կարգավորումներին՝ խաղատների, խաղային ավտոմատների և տոտալիզատորների քանակը Վրաստանում, հատկապես՝ Թբիլիսիում, վերջին տարիներին ավելացել է։ Այս մասին է վկայում Վրաստանում գեմբլինգի շուկայի հետազոտությունը, որն անկացրել է Transparency International Georgia-ն։
Հետազոտության համաձայն՝ խաղային բիզնեսի զգալի աճը սկսվել է 2011 թ-ին, երբ այդ ոլորտի շրջանառությունը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 3,2 անգամ, իսկ ստացած եկամուտը 54 անգամ ավելին է եղել, քան դրանից մեկ տարի առաջ։