Վրաստանում կարող են քրեական պատասխանատվություն մտցնել սեռական ճնշման համար
Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն դիտարկել է «Կանանց շարժման» հանրագիրը, որի գլխավոր պահանջը սեռական ճնշումների համար քրեական պատասխանատվություն և պատիժ մտցնելն է:
Հոկտեմբերի վերջին հրապարակված հանրագիրը ստորագրել է ոչ պակաս, քան հազար մարդ:
«Պահանջում ենք օրենսդրորեն արգելել սեռական ճնշումներն», — ընդգծված է հանրագրում: Ստորագրածներն իշխանությունից պահանջում են փոփոխություններ մտցնել «Աշխատանքային օրենսգրքում», ինչպես նաև «Վարչական իրավախախտումների օրենսգրքում», որպեսզի վերջ դրվի սեռական ճնշումներին կամ աշխատանքում և հանրային տարածքում սեռական հատկանիշով իրավունքների խախտմանը:
«Հանրային տարածքում սեռական հատկանիշով իրավունքների խախտման տակ ենթադրվում են սեռական բնույթի մեկնաբանությունները, կեղտոտ կատակները, սուլոցը, հանդիպելու կամ հեռախոսահամարը տալու խնդրանքով համառ հետապնդումը, հպումները, սեռական օրգաններն ի ցույց դնելը և այլն: Սեռական հատկանիշով ճնշումներն աշխատավայրում հաճախ արտահայտվում են սեռական բովանդակությամբ անցանկալի հաճոյախոսություններով, ծառայողական աստիճանով վերև բարձրանալու խոստումով կամ աշխատանքից ազատելու սպառնալիքով ղեկավարության կողմից սեռական կապի մեջ մտնելու առաջարկներով», – ասված է հանրագրում:
Մարդու իրավունքների կոմիտեն հանրագիրը ճիշտ ժամանակին կազմված է համարել և դիտարկելուց հետո փոխանցել է այն Գենդերային խորհրդի դիտարկմանը:
- MeToo (Ես նույնպես). այս բառակապակցությամբ Facebook-ի և Twitter-ի օգտատերերը բողոքում են կանանց հանդեպ սեռական ոտնձգությունների դեմ: Արշավին, որը սկսել է դերասանուհի Ալիսա Միլանոն Twitter-ում, մի քանի ժամում, աջակցություն են հայտնել տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ Վրաստանում:
- Առանձնահատուկ ուշադրության է արժանացել մարդու իրավունքների և կանանց իրավունքների պաշտպանության հարցերով իրավաբան Մարի Կուրտանիձեի բլոգը: Նա հրապարակել է սեռական ոտնձգությունների մասին հիշողությունները, որոնք տեղի են ունեցել 15-ամյա հասակում մաթեմատիկայի ուսուցիչ Թամազ Ակուբարդիայի կողմից:
- Մինչ այդ, լրագրող Թաթիա Սամխարաձեն սեռական ոտնձգության համար մեղադրել է հեռուստահաղորդավար Շալվա Ռամիշվիլիին:
- Վրաստանի օմբուդսմենի 2015թ-ի հատուկ հաշվետվությունում, որը կոչվում էր «Կանանց իրավական դրությունն ու գենդերային հավասարությունն», ասվում էր, որ աշխատավայրում սեռական ոտնձգություններն ամենատարածված և ամենագաղտնի խնդիրն է: