Վրաստանում բուժքույր է մահացել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո։ Պատվաստումը մասնակիորեն կասեցված է
27-ամյա բուժքույրը մահացել է պատվաստումից հետո Վրաստանի Ախալցխա քաղաքի հիվանդանոցներից մեկում։ Մեգի Բակրաձեն կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութով պատվաստումը ստացել է մարտի 18-ին։ Ներարկումից կես ժամ անց նրա մոտ անաֆիլակտիկ շոկ է առաջացել, նա կոմայի մեջ է ընկել։ Նրան Թբիլիսի են տեղափոխել, սակայն փրկել չեն կարողացել։
Մեգի Բակրաձեի հարազատները պնդում են, որ նա ուղեկցող հիվանդություններ չի ունեցել։
Կատարվածն Աչարա շրջանի բարձրադիր հատվածում պատվաստման մասնակի կասեցման պատճառ է դարձել։ Երկրի մնացած հատվածում գործընթացը շարունակվում է՝ պլանի համաձայն։
«Մեգի Բակրաձեն մահացել է, ըստ ամենայնի, պատվաստանյութի նկատմամբ ծանր ալերգիկ արձագանքի հետևանքով, դա շատ հազվադեպ կողմնակի ազդեցություն է», — ասում է Լևան Ռատիանին՝ Թբիլիսիի համալսարանական առաջին հիվանդանոցի տնօրենը։ Մահվան պատճառների մասին վերջնական եզրակացություններ կարվեն հետաքննությունից հետո։
Վրաստանում պատվաստումը սկսվել է մարտի 15-ին, երբ COVAX միջազգային հարթակի միջոցով ստացվել է AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 43 200 չափաբաժին։ Պատվաստանյութի արտադրողը հարավկորեական AstraZeneca-SKBio ընկերությունն է։
Մեգի Բակրաձեի մահը բառացիորեն սարսափ է առաջացրել երկրի բնակիչներից շատերի մոտ։ Դրանից առաջ էլ հասարակությունում շատ էին կասկածները պատվաստվելու վերաբերյալ։ Այժմ էլ ավելի շատ մարդ է խոսում այն մասին, որ չի վստահում պատվաստանյութին։
Ըստ տարբեր հարցումների՝ հարցվածների մոտ 41 տոկոսը հայտարարել է, որ պատվաստում չի անելու։
Առողջապահության նախարարությունում կայացել է առաջատար փորձագետ-իմունաբանների հետ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է, թե արդյոք պետք է կասեցնել AstraZeneka պատվաստանյութով պատվաստումը։ Որոշում է կայացվել շարունակել գործընթացը, սակայն այժմ անվտանգության լրացուցիչ միջոցներ են նախատեսվում․ պատվաստումն իրականացվելու է միայն այն բուժհաստատություններում, որտեղ վերակենդանացման բաժանմունքներ կան։
Վրացական հասարակությունում ակտիվորեն քննարկվում է, թե որքանով է իրականում անվտանգ բրիտանաշվեդական դեղագործական ընկերության AstraZeneca պատվաստանյութը։ Պատվաստմանը դեմ արտահայտվողների փաստարկներից մեկն այն է, որ եվրոպական շատ երկրներ դադարել են կիրառել այդ պատվաստանյութը։
Եվրոպայում պատվաստման կասեցման պատճառը մի քանի հիվանդների մոտ թրոմբոզի զարգացումն է, այլ ոչ թե անաֆիլակտիկ շոկը։ Մարտի 19-ից եվրոպական երկրների մեծ մասում պատվաստումը վերսկսվել է այն բանից հետո, երբ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունն՝ աշխարհի ամենահեղինականվոր կազմակերպություններից մեկը, կապ չի գտել պատվաստանյութի և թրոմբների առաջացման միջև։
Եթե պատվաստանյութն անվտանգ է, ինչո՞ւ է անաֆիլակտիկ շոկ առաջացել
Դեռևս պաշտոնապես չի հաստատվել, որ Մեգի Բակրաձեի մահվան պատճառն անաֆիլակտիկ շոկն է։ Սակայն մի քանի նման արտասովոր ողբերգական դեպքեր են տեղի ունեցել աշխարհի տարբեր երկրներում, սակայն դրանք ոչ մի տեղ պատվաստման կասեցման պատճառ չեն դարձել։
Անաֆիլաքսիան օրգանիզմի սուր ալերգիկ արձագանքն է, որը կախված չէ ալերգենի չափաբաժնից։ Անաֆիլակտիկ շոկը կարող է արտահայտվել դեղորայքի, այդ թվում՝ հակաբիոտիկների կամ սննդի ընդունման կամ մեղվի խայթոցի ֆոնին։
Բժիշկները պնդում են, որ դա օրգանիզմի հազվադեպ արձագանք է, և այն գործնականում անհնար է կանխատեսել։
«Ազատություն ռադիոկայանը» հավաքել է որպես պատվաստման հետևանք անաֆիլակտիկ շոկի մասին այս պահին հայտնի տվյալները․
- Մեծ Բրիտանիայում AstraZeneca-ով պատվաստված հինգ միլիոն մարդուց 41-ի մոտ անաֆիլակտիկ շոկ է գրանցվել։ Այսինքն՝ 122 հազար դեպքից մեկը։
- 63 դեպք է գրանցվել Գերմանիայում Pfizer-Biontec-ով պատվաստված 5 մլն 387 հազար մարդու շրջանում։
Գլխավոր հարցերից մեկը, որին պետք է պատասխանի Վրաստանում անցկացվող հետաքննությունն, այն է, թե արդյոք Ախալցխայի հիվանդանոցը պատրաստ է եղել նման հետևանքի, և արդյոք Մեգի Բակրաձեն ժամանակին բուժօգնություն է ստացել։
Մեգի Բակրաձեն պատվաստվել է մարտի 18-ին ժամը 12:15-ին։ Դրանից մի քանի րոպե անց նա հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին, որը կարելի է դիտել բերված ռեպորտաժում։ «Պատվաստումն անհրաժեշտ է, — ասել է նա։ Մենք անզոր ենք վարակի դեմ, այդ պատճառով էլ պետք է պատվաստվենք՝ հիվանդությունից խուսափելու կամ այն ծանր չտանելու համար։ Եվ, թեև մարդիկ վախեցած են, պատվաստման մեջ վտանգավոր բան չկա։ Բոլորին կոչ եմ անում պատվաստվել»։