Վրաստանում արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 23–ը։ Արգելված է ավտոմոբիլային երթևեկությունը մինչև ապրիլի 27–ը
Պանդեմիային հակազդելու համար Վրաստանում արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 22–ը։
Համապատասխան հրամանը կառավարության ներկայացմամբ ստորագրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Հրամանն ուժի մեջ է մտնելու այն բանից հետո, երբ այն ստորագրի վարչապետն ու հաստատի խորհրդարանը։
Երկարաձգվել են նաև մարդատար ավտոմեքենաների օգտագործման սահմանափակումները, դրանք կգործեն մինչև ապրիլի 27–ը։
Ապրիլի 21–ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակման 408 դեպք է գրանցվել։ Կարանտինի մեջ է 4,779 մարդ, ստացիոնարում՝ 561 մարդ։ Ապաքինվել է 95 հիվանդ։ Չորսը մահացել են։
Ապրիլի 24–ին կառավարությունը խոստանում է ներկայացնել սահմանափակումների փուլային չեղարկման պլան, որոնք գործում են արտակարգ դրության շրջանակում։
«Վարակման շրջանակն ընդլայնվում է, և ավելի ու ավելի դժվար է դառնում պարզել վարակման աղբյուրը։ Հաջորդ 2-3 շաբաթում կլինի ամենաբարդ գագաթնակետային ժամանակահատվածն», — ասել է Վրաստանի վարչապետի մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին։
Խորհրդարանական ընդդիմությունը կողմ չէ արտակարգ դրության երկարաձգմանը
«Ազգային շարժում» ընդդիմադիր խմբակցության նախագահ Ռոման Գոցիրիձեն հայտարարել է, որ, եթե իշխանությունները տնտեսության փրկման պլան չներկայացնեն, իր խմբակցությունը չի սատարի արտակար դրության երկարաձգման որոշումը։
«Մարդիկ, որոնք առանց աշխատանքի և միջոցների են մնացել, պետք է վստահ լինեն, որ իրենց լույսն ու ջուրը չեն անջատի։ Ծրագիր է պետք», — հայտարարել է Գոցիրիձեն։
- Ի՞նչն է ավելի ծանր, երբ երկու շաբաթ մեկուսացման մեջ ես։ Պատմություններ Վրաստանից
- Կորոնավիրուսն ու «վերջին օրերի եկեղեցին»։ Ինչո՞ւ Վրաց եկեղեցին չի չեղարկում պատարագները
Նրա խոսքով՝ կուսակցությունը կսատարի բժշկության ոլորտի բոլոր միջոցառումները, բայց ոչ աբսուրդային սահմանափակումները։
Պաշտպանության և անվտանության խորհրդարանական կոմիտեի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին հայտարարել է, որ ապրիլի 22–ի նիստի ընթացքում խորհրդարանական մեծամասնությունը միաձայն կողմ կքվեարկի արտակարգ դրության երկարաձգման առաջարկին։
Պանդեմիային հակազդելու համար Վրաստանում մարտի 21–ից արտակարգ դրություն է սահմանվել, իսկ մարտի 31–ից պարետային ժամ է հայտարարվել՝ 21.00–ից մինչև 6.00–ն։