Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունվել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Խորհրդարանը «Գործակալների մասին» օրենքն առաջին ընթերցմամբ ընդունեց ապրիլի 17-ին կազմակերպված լիագումար նիստում։ Կողմ քվեարկեց 83, դեմ՝ 0 պատգամավոր։
Խորհրդարանական լսումներն ու քննարկումները տեղի ունեցան ընդդիմության և քաղաքացիական հասարակության բողոքի ակցիաների ֆոնին։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին դահլիճից հեռացրել էր ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին՝ «Միացյալ ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլիին, «Ագմաշենեբելի ռազմավարության» առաջնորդ Գիորգի Վաշաձեին, «Ազգային շարժում» խմբակցության նախագահ Թինա Բոկուչավային և «Լելո» կուսակցության անդամ Անու Նացվլիշվիլիին։
- Վրաստանում ԱՄՆ դեսպան. «Եթե ընկերդ դեմ է օրենքին, իսկ օկուպանտը՝ կողմ, արժե մտահոգվել»
- «Պայքար է սպասվում». Վրաստանում նորից է շրջանառվում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Մի քանի օր է, ինչ Վրաստանը բողոքում է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ։
Խորհրդարանական ընթացակարգերի համաձայն՝ օրինագծի վերջնական ընդունման համար անհրաժեշտ է երեք լսում և քվեարկություն՝
- առաջին ընթերցմամբ քննարկվում են օրինագծի ընդհանուր սկզբունքներն ու հիմնական դրույթները,
- երկրորդ ընթերցմամբ օրինագիծը դիտարկվում է հոդված առ հոդված,
- երրորդ նիստում ներառվում են միայն խմբագրական բնույթի դիտարկումներ։
Խորհրդարանական քննարկումն անց է կացվել բողոքի ցույցերի ֆոնին։
Ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երկրորդ անգամ նախաձեռնել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը։
Կառավարության հիմնական փաստարկն այն է, որ Վրաստանում գործող ոչ կառավարական կազմակերպությունների թափանցիկությունը հարցականի տակ է, ինչը սպառնում է երկրի անվտանգությանը։ Սակայն ոչ անկախ փորձագետները, ոչ ընդդիմությունը, ոչ քաղաքացիական հասարակությունը չեն հավատում այս փաստարկին և կարծում են, որ այս կերպ «Վրացական երազանքը» փորձում է երկարաձգել իր իշխանությունը և հող է նախապատրաստում 2024 թվականի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար, որպեսզի ճնշում գործադրի այլընտրանքային կարծիք ունեցողների վրա։
«Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի քննարկումն առաջին անգամ իշխող կուսակցության կողմից նախաձեռնվել էր մեկ տարի առաջ՝ 2023 թվականի մարտին։ Այն առաջին ընթերցմամբ ընդունվել էր խորհրդարանի կողմից, սակայն քաղաքացիների զանգվածային բողոքի ակցիաների արդյունքում հետ էր կանչվել։
Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունվել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը