Վրաստանն առաջարկում է դիտել
Աբխազիայի բնակիչներն այս օրերին նույնիսկ հասարակ ալեհավաքով հեռուստացույցը միացնելիս տեսնում են, որ ալիքների սովորական ցուցակին գումարվել է միանգամից 20 վրացական ալիք: Ինչպես գրում է «Էխո Կավկազա»-ն, հեռարձակումն ապահովել է վրացական «Ստերեո+» ընկերությունը:
Ինչպես պատմում է ընկերության հիմնադիր Դավիթ Զիլպիմիանին, «Ստերեո+»-ը տենդեր է շահել և աշխատել է Վրաստանը թվային հեռարձակման տեղափոխելու նախագծի վրա: Նախագծին աջակցել են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկն ու Եվրահանձնաժողովը, արժեցել է 18 մլն եվրո: Սակայն այն չէր ներառում հեռարձակում Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքում, դա «Ստերեո+»-ի բարի կամքի միակողմանի դրսևորում է, քանի որ ընկերությունը նման պարտավորություններ չունի պետության առջև:
Նախկինում Աբխազիայի միայն արևելյան շրջանում էր վրացական ալիքների թույլ ազդանշան գալիս: Այժմ Զուգդիդիի շրջանում հզոր վերահեռարձակման կայան է տեղադրվել, որի ազդանշանը ծածկում է Օչամչիրի շրջանն ամբողջությամբ, Թկվարչելի և Գուլրիպշի շրջանները մասամբ՝ ընդհուպ մինչև Դրանդա գյուղը:
Աբխազիայի բնակիչները տարբեր կերպ են գնահատում Աբխազիայի եթերում վրացական ալիքների հայնտվելը:
Լրագրող և հասարակական գործիչ Նադեժդա Վենեդիկտովան այդ նախաձեռնությունն անիմաստ է համարում.
«Նրանք, ովքեր ուզում են վրացական ալիքներ դիտել, կարող են համացանցում էլ դա անել: Իսկ նրանք, ովքեր այդպիսի ցանկություն չունեն, սովորական ալեհավաքի միջոցով էլ չեն անի: Դա վրացական կողմի բոլորովին անիմաստ նախաձեռնություն է»:
Լրագրող Ռոին Ագրբայի կարծիքով, այդ ալիքները Գալի շրջանի բնակիչներից բացի ոչ ոքի պետք չեն.
«Չէ, որ մնացածները լեզուն չեն հասկանում: Ես դիտել եմ այդ ալիքները: Նույնիսկ ունենալով այնպիսի դիմացկուն նյարդեր, ինչպիսիք իմն են, և իմ բավարար հանդուրժող բնավորության դեպքում նույնիսկ այդ տեսարանն հավասարակշռությունից հանում է: Այդ պատճառով էլ որոշեցի անջատել արբանյակային ալեհավաքը»:
Մադլենա Խուրոշվիլի.
«Դա զիլ է, կարևորը, որպեսզի ոչ ոք վրացական ալիքները Աբխազիայի դեմ հիբրիդային պատերազմի գործիք չանվանի: Մեր տանը արբանյակային ալեհավաքը վրացական ալիքները բռնում է: Ինքս չեմ նայում, քանի որ լեզուն չեմ հասկանում, սակայն եթե թարգմանություն լիներ, թերևս նայեի: Բայց պետք չէ մոռանալ, որ ավագ սերնդից շատերը հասկանում են վրացերեն»:
Ալխաս Չկոտուա.
«Եթե այդ ալիքներով հիմնականում խոսվի այն մասին, թե ինչքան վատ է ամեն ինչ Աբխազիայում և լավ՝ Վրաստնում, և Աբխազիան անպայման պետք է Վրաստանի մաս դառնա, ապա այդ ալիքները գրոշի արժեք չունեն: Սակայն եթե դրանք պատմելու են Վրաստանում մարդկանց կյանքի, հետաքրքիր իրադարձությունների մասին, ինչո՞ւ չնայել: Տարբեր տեսակետների շնորհիվ մեզ մոտ սեփական անաչառ կարծիքն է ձևավորվում: Ոչ մի վտանգավոր բան չեմ տեսնում»:
Մարիաննա Աչբա.
«»Աբխազիայի ղեկավարությունը կարող էր մտածել այն ուղղությամբ, որպեսզի մեր երկու ալիքները հեռարձակվեին Վրաստանում: Ինչո՞ւ ոչ: Թող դա էլ բարի կամքի դրսևորում լինի»:
Ադիցա Սամանջիա.
«Չեմ ուզում ոչ տեսնել, ոչ էլ լսել ինչ-որ բան նրանց մասին: Բարի կամք նրանք արդեն ցույց են տվել 1992-1993թթ-ին»:
Ալլա Չաքրյան (Դրանդա գյուղի բնակիչ).
«Ինձ մեկ է՝ կլինեն այդ ալիքները, թե ոչ: Դրանք ինձ չեն խանգարում»:
Մզիա Մուկբա.
«Ես հաստատ չեմ նայելու: Իհարկե պետք է դադարեցնել դրանց հեռարձակումը այնպես, ինչպես սահմանն ենք գծել: Ինձ հետաքրքիր չեն նրանց ալիքները, նույնիսկ եթե քաղաքականացված չլինեն, իսկ դրանք անպայման այդպիսին կլինեն, չէ՞ որ նրանք հենց այնպես չեն նման բան որոշել»:
Աբխազիայի պետական հեռուստառադիոընկերության գլխավոր տնօրեն Լեոնիդ Ենիկը զարմացել է 20 վրացական հեռուստաալիքների հայտնվելու կապակցությամբ.
«Առաջին անգամ եմ լսում, որ Աբխազիայում վրացական հեռուստաալիքներ են հեռարձակվելու: Գիտեմ, որ Գալի շրջանում որոշ վրացական ալիքներ հասնում են, և բնակիչները հաճույքով նայում են: Ինչ-որ ժամանակ առաջ պատրաստվում էին արգելափակել դրանք, որպեսզի ոչ մի վրացական ալիք այստեղ չհասնի: Սակայն ալիքների արգելափակումը մեր իրավասությունների շրջանակում չէ, այդպիսի հարցերը պետական մակարդակով են լուծվում»:
Այս պահին Աբխազիայի տարածքում կարելի է 18 վրացական հեռուստաալիք դիտել: Երկուսը ժամանակավորապես անջատված են:
- IMEDI
- GDS
- RUSTAVI-2
- MARAO TV (ժամանցային)
- TABULA
- COMEDI TV – (ժամանցային)
- OBIEQTIVI (բանավեճեր)
- PALITRA NEWS
- 1-ինժամանցային
- ИМЕДИ+ (ժամանցային)
- MAESTRO TV
- IBERIA
- SILK UNIVERSAL (ժամանցային-սպորտային)
- Stereo+ (երաժշտական)
- Georgian TV (ժամանցային)
- TV-1 (ժամանցային)
- Ստերեո-1 (ժամանցային)
- Ուղղափառ ալիք
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Հրապարակվել է՝ 13.05.2016