Վրաստանը մնում է առանց Արևմուտքի ռազմական օգնության. ի՞նչ հետևանքներ կլինեն
Վրաստանն առանց Արևմուտքի ռազմական օգնության
Այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, Վրաստանի արևմտյան գործընկերները կոնկրետ քայլեր ձեռնարկեցին՝ ի պատասխան Վրաստանի կառավարության հակաարևմտյան քաղաքականության և հռետորաբանության։
Նախ՝ Միացյալ Նահանգները վիզային սահմանափակումներ մտցրեց Վրաստանի իշխող կուսակցության և կառավարության ներկայացուցիչների համար (պատժամիջոցների տակ հայտնվածների անունները չեն բացահայտվում՝ համաձայն ԱՄՆ օրենսդրության), իսկ հունիսի 27-ին Եվրոպական խորհուրդը կասեցրեց Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը։
ԱՄՆ-ը, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն և ԵՄ անդամ երկրները մեկը մյուսի հետևից դադարեցնում են Վրաստանին ֆինանսական օգնության տրամադրումը։ Դա տարածվեց նաև ռազմական ոլորտում Վրաստանին հատկացվող օգնության վրա, այդ թվում՝ դադարեցվեցին համատեղ զորավարժությունները։
Այս ֆոնին ընդդիմությունն ու անվտանգության փորձագետները խոսում են տագնապալի սպառնալիքների մասին։
Վերջին մեկ ամսվա ընթացքում ընդունված որոշումներն են՝
● Հուլիսի 5 — Վաշինգտոնի կողմից անորոշ ժամանակով հետաձգվեցին ամերիկա-վրացական ավանդական համատեղ «Արժանի գործընկեր» զորավարժությունները, որոնք Վրաստանը հյուրընկալում է 2016 թվականից։ Ըստ Պենտագոնի՝ այս քայլը Վրաստանի հետ հարաբերությունների վերանայման ԱՄՆ քաղաքականության մի մասն է։ Խոսքն այն մասին է, որ սկսած նոր բյուջետային տարվանից, որն Ամերիկայում մեկնարկում է հոկտեմբերին, Վրաստանը կարող է մնալ առանց ամերիկյան ռազմական օգնության և աջակցության։
● Հուլիսի 9 — Եվրամիությունը սառեցրեց 30 միլիոն եվրոյի չափով օգնությունը, որը հատկացվել էր Վրաստանի պաշտպանունակության ամրապնդման համար: «Եթե իրավիճակը էլ ավելի վատթարանա, կդիտարկվեն այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորություններ»,- ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ Նրա պարզաբանմամբ՝ կասեցվել է նաև Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը։
● Հուլիսի 9 — Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Թեոնա Ակուբարդիան հայտարարեց, որ Դանիան դադարեցրել է չորս տարվա բազմամիլիոնանոց նախագիծը, որն իրականացվում էր ի աջակցություն Վրաստանում խաղաղությանը և կայունությանը և հանդիսանում էր ՆԱՏՕ-Վրաստան հիմնական փաթեթի մաս:
● Հուլիսի 10 — Գերմանացի զինվորականները հրաժարվեցին մասնակցել «Արժանի գործընկեր» զորավարժություններին։ «Մենք նաև չեղարկել ենք իրավաբանական մեծ ֆորումը, որը նախորդ տարի անցկացվել էր Թբիլիսիում և այս ամառ պետք է կայանար Բեռլինում»,- ասել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը։
«Վրաստանը շեղվել է ժողովրդավարության կուրսից»
Այս բոլոր որոշումների պատճառը «Վրացական երազանքի» հակաժողովրդավարական, հակաարևմտյան հռետորաբանությունն է: Իշխող ուժն Արևմուտքին մեղադրում է Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձի մեջ: Բացի այդ, չնայած բազմաթիվ կոչերին և առաջարկություններին՝ ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, ինչը հակասում է Վրաստանի եվրաինտեգրմանը։
«Այս որոշումը կապված է ԱՄՆ-ի և արևմտյան կազմակերպությունների դեմ վրացական կառավարության կեղծ մեղադրանքների հետ այն մասին, թե նրանք ճնշում են գործադրում Վրաստանի վրա Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու հարցով, ինչպես նաև հեղաշրջման երկու փորձ են արել: Ուստի ԱՄՆ կառավարությունը որոշել է, որ այժմ հարմար ժամանակ չէ Վրաստանում լայնածավալ զորավարժություններ անցկացնելու համար»,- ասված է հուլիսի 5-ին ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ, որում նշվում է նաև, որ զորավարժությունները պետք է անցկացվեին հուլիսի 25-օգոստոսի 6-ը։
Պաշտպանության նախարարության պատասխանը հրապարակել է Վրաստանի «Հանրային հեռարձակողը»: Տեքստում նշվում է, որ «այս զորավարժությունները օգուտ են բերում երկու կողմերին», և չնայած զորավարժությունների հետաձգմանը՝ հաջորդ տարվա զորավարժությունների՝ «Strong Spirit 2025»-ի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։
- ԵՄ-ն սառեցրել է Վրաստանին հատկացվող 30 միլիոն եվրոյի օգնությունը, այլ քայլեր էլ կլինեն
- CRRC. Հարցվածների 69%-ը կարծում է, որ Վրաստանի գլխավոր թշնամին ՌԴ-ն է
- Հայաստանի ՊՆ-ն առաջիկայում ամերիկացի խորհրդատու կունենա
Հուլիսի 9-10-ը Թբիլիսիում հայտարարություններով են հանդես եկել Վրաստանում Եվրամիության և Գերմանիայի դեսպանները, որոնք իրենց մտահոգություններն են հայտնել վրացական իշխանությունների ձեռնարկած քայլերի վերաբերյալ։
«Ես երբեք նման շրջադարձի ականատես չեմ եղել։ Կան որոշ օբյեկտիվ փաստեր, որոնք պետք չէ թվարկել, բայց թափանցիկության մասին օրենքն ակնհայտորեն հակասում է եվրոպական չափանիշներին… Օրենսդրական ակտերն այնքան էլ չեն համապատասխանում մեր գործընկերությանը… Եթե իշխանությունն ընտրի այս անընդունելի հռետորաբանությունը, հարաբերությունները կփոխվեն. . .. Բացի այդ, արդեն իսկ կա հռետորաբանություն: Ինչ-որ կերպ Գերմանիան, Եվրամիությունը, նույնիսկ Միացյալ Նահանգները, որոնք լավագույն ընկերներ էին, ուժեղ աջակիցներ, 30 տարվա շարունակական ֆանտաստիկ գործընկերությունից հետո այժմ ինչ-որ կերպ՝ շատ զարմանալիորեն և հանկարծակի վտանգավոր դարձան: Երբեմն մեզ անվանում են ֆաշիստներ, ահաբեկիչներ, նման հռետորաբանությունը չի նպաստում գործընկերությանը»,- հայտարարել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը:
Նրա խոսքով՝ Գերմանիան ԱՄՆ-ի հետ միասին զարգացման հարցում Վրաստանի խոշորագույն դոնորներից է, սակայն այժմ գործընթացը վերանայման փուլում է։ Դեսպանն ընդգծում է այն փաստը, որ Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել կասեցնել Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։
«Հիմա դա է Եվրամիության քաղաքականությունը»,- ասում է նա։
«Մենք որոշել ենք, որ այս պահին Վրաստանի նկատմամբ նոր պարտավորություններ չենք ստանձնելու, հետևաբար Վրաստանի համար Գերմանիայից նոր ֆինանսական հատկացումներ դեռ չկան։ Մենք կվերանայենք նաև ընթացիկ պորտֆելը: Պետք է կրկնել, որ Վրաստան պետությանն ուղարկվել է օգնություն, ես ստույգ թվեր չունեմ, բայց այդ աջակցության մոտավորապես 10-15 տոկոսն այլևս չի ուղարկվում: Գերմանացի զինվորականները չեղարկել են նաև մասնակցությունը «Արժանի գործընկեր» զորավարժություններին, ինչը շատ ցավալի է։ Մենք իրավական ոլորտում համագործակցության երկար պատմություն ունենք։ Չեղարկել ենք իրավաբանական մեծ ֆորումը, որն անցյալ տարի տեղի ունեցավ Թբիլիսիում և այս ամառ պետք է կայանար Բեռլինում»,- ասել է դեսպան Ֆիշերը։
«Անհասկանալի միկրո որոշումներ են». «Վրացական երազանքի» արձագանքը
Վրաստանի իշխանությունները մի կողմից հայտարարում են, որ այդ օգնությունն այնքան մեծ չէ, որ էական ազդեցություն ունենա, իսկ մյուս կողմից՝ նորից ու նորից կրկնում են, որ Արևմուտքի միակ նպատակն իրենց իշխանությունից հեռացնելն է։ Ինչպե՞ս կազդի նման վերաբերմունքը Արևմուտքի հետագա որոշումների վրա։
Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին Արևմուտքի պատժամիջոցներն անվանել է «անհասկանալի միկրո որոշումներ»։
Նա ասել է, որ «նման ֆինանսական օգնությունը ծառայել և ծառայում է մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանը և այն կարողությունների զարգացմանը, որոնցով երկիրը պետք է կարողանա խուսափել սպառնալիքներից։ Այս տեսակի միկրո որոշումները մեզ համար անհասկանալի են, քանի որ անվտանգային մարտահրավերները, այդ թվում՝ օկուպացիան, չեն վերացել»։
Դարչիաշվիլին ասում է, որ Վրաստանը շարունակում է բարեփոխումները և կրկնում է վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Վրաստանն այժմ ավելի մոտ է ԵՄ անդամակցությանը, քան նախքան «օտարերկրյա գործակալների» օրենքի ընդունումն էր, թեև և՛ ԵՄ-ն, և՛ ԱՄՆ-ն մատնանշել են հենց այդ խնդիրը:
«Վրաստանը հետևողականորեն կատարում է Եվրամիության առջև ստանձնած պարտավորությունները, ինչը, անշուշտ, մեզ կտանի դեպի մեր հիմնական նպատակը՝ Եվրամիության լիիրավ անդամակցություն։ Եթե բանակցություններ սկսելու դժվարություններ կան, կարող եմ հիշեցնել, որ մենք դժվարություններ ունեցանք նաև թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում, թեև ամեն ինչ արեցինք այն ստանալու համար։ Ես նույնքան լավատես եմ, որ մենք շատ շուտով կսկսենք բանակցությունները։ Բանակցությունները շատ երկար, շատ բարդ գործընթաց են, բայց մենք պատրաստ ենք Վրաստանն անշրջելիորեն առաջնորդել եվրաինտեգրման ճանապարհով»,- ասում է Դարչիաշվիլին։
Փոխխոսնակ Գիա Վոլսկին խորհրդարանում հայտարարություն է արել ու կրկին մեղադրել Արևմուտքին։
«Երբ Վրաստանի տարածքները օկուպացված են, ամենամեծ վտանգը Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունն է, և երբ ռուսական տանկերը կանգնած են Թբիլիսիից 700 մետր հեռավորության վրա, և հրթիռ է ուղղված դեպի մեզ, ինչպե՞ս կարելի է այդ պահին կրճատել բանակը և միլիոններ տալ վարկանիշ չունեցող հասարակական կազմակերպություններին, որոնք զրպարտում են, հայտնվում են արմատական ընդդիմության առաջին գծում, ապակայունացնում են իրավիճակը և երկրում հեղաշրջում կազմակերպում»,- նշել է նա։
Փորձագիտական կարծիքներ
JAMnews-ը վրացի փորձագետների հետ զրուցել է այն մասին, թե ինչպիսի վտանգ է սպառնում երկրին «Վրացական երազանքի» վարած քաղաքականության հետևանքով, ինչի կարող է դա հանգեցնել:
Թեոնա Ակուբարդիա, Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ
«Սա ոչ այլ ինչ է, քան երկրի մեկուսացում, ինչը ծանր հետևանքներ կունենա Վրաստանի համար։
Խոսքը ոչ միայն ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները հետաձգելու մասին է, այլ նրա, որ արդեն քննարկվում է, որ այդ իրավիճակը կարտացոլվի ԱՄՆ պաշտպանության ակտում, որից Վրաստանը պարզապես կհեռացվի։ Սա մեր երկրի համար ամենակարևոր խնդիրն է՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե՛ ազգային անվտանգության շահերի տեսանկյունից։
Ռազմավարական հին փաստաթղթերի համաձայն՝ Վրաստանի պաշտպանության ուժերի խնդիրները եղել են զսպումն ու պաշտպանությունը։ Սա նշանակում է, որ ձեր բանակն այնքան ուժեղ է, որ թշնամին չի հարձակվի ձեզ վրա, իսկ եթե հակառակը տեղի ունենա, դուք կկարողանաք պաշտպանել երկիրը։ Հենց դա էր մեր բանակի գերխնդիրը։
Երկրորդ խնդիրը խաղաղապահ առաքելություններին մասնակցելն էր, երրորդը՝ կառավարությանը օգնելը ջրհեղեղների և բնական այլ աղետների ժամանակ։
«Վրացական երազանքի» գործողությունների շնորհիվ մեր բանակը կունենա միայն արտակարգ իրավիճակների ժամանակ կառավարությանը օժանդակելու գործառույթ, այլ ոչ թե այնպիսի կարևոր գործառույթներ, ինչպիսիք են թշնամու զսպումն ու պաշտպանության ապահովումը, խաղաղապահ առաքելություններին մասնակցելը։
Մեր պաշտպանության ուժը ՆԱՏՕ-ի մեր գործընկերների քաղաքական և ռազմական աջակցության մեջ է։ Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի առկայությունը ոչ միայն բուն զորավարժությունների ընթացքում էր, այլև դրանց պլանավորման փուլում: Այն ռուսական ագրեսիան զսպող շատ կարևոր գործոն էր։
Այս ամենի չեղարկման դեպքում, իհարկե, Ռուսաստանի համար էլ ավելի հեշտ կլինի անհրաժեշտության դեպքում նման որոշումներ կայացնելը, դա Վրաստանն էլ ավելի խոցելի կդարձնի ՌԴ առաջ։ Փաստացի մենք վերադառնում ենք այն վիճակին, երբ Ռուսաստանը 1990-ականներին անմիջապես Մոսկվայից իր մարդկանց էր պաշտոնների նշանակում պաշտպանության և անվտանգության ոլորտներում»։
Վախթանգ Կապանաձե, գեներալ-մայոր, Geo-Case-ի անվտանգային հարցերով հետազոտող
«Ընդհանուր առմամբ, մեր գործընկերների կողմից սահմանված պատժամիջոցներն ունեն երկու ասպեկտ՝ քաղաքական և ռազմական։ Ռազմական ասպեկտն այն է, որ մենք այսպես, թե այնպես ունենք տարածաշրջանում ամենափոքր ռազմական բյուջեն, և, հետևաբար՝ եթե այդ բյուջեի մեջ չլինի այդ օգնությունը, մենք ստիպված կլինենք միջոցները վերաբաշխել այն ուղղության համար, ինչի վրա նախկինում ծախսում էինք արտաքին օգնությունը։ Սա, իհարկե, դրական ազդեցություն չի ունենա Վրաստանի զինված ուժերի զինվածության և պատրաստվածության վրա:
Քաղաքական կողմը պարզ է՝ մենք կորցնում ենք լուրջ զսպող ուժ։ Մենք ոչ բարյացակամ տրամադրված երկրներին ցույց տվեցինք, որ Վրաստանը միայնակ չէր: Մեզ աջակցում էին այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և ՆԱՏՕ-ն և նրա անդամները։ Սա շատ կարևոր էր, քանի որ, հավատացեք, իսկապես զսպող գործոն էր մեր թշնամիների համար: Առանց սրա իրավիճակը դառնում է շատ բարդ։
Հուսով եմ, որ նրանք վերջիվերջո մեզ չեն լքի․ փաստ է, որ դա ջուր կլցնի ռուսական ջրաղացին: Ցավոք սրտի, ես չեմ ակնկալում, որ սա կլինի վերջին սերիան և շարունակություն չի ունենա:
Ես քաղաքագետ չեմ և չեմ կարող քաղաքական գնահատականներ տալ, բայց ինչ վերաբերում է անվտանգային իրավիճակին և բանակին, իսկապես կարող եմ ասել, որ երբ ունես ընդամենը 350 միլիոն դոլար, ամեն միլիոնը նշանակություն ունի: Իսկ եթե հաշվենք, թե ով քանի միլիոնով է կասեցրել օգնությունը և, հնարավոր է՝ դեռ մի քանիսն էլ կասեցնի, ապա խոսքը փոքր գումարի մասին չէ:
Մեզ համար նույնիսկ 40 միլիոն եվրոն քիչ չէ։ Ինչպե՞ս կարող եք ասել, որ այդ գումարը չնչին է։ Սա շատ կարևոր է և շատ ցավալի, քանի որ այդ միջոցները կհանվեն զինվորական կրթությունից և վերազինումից:
Ամենակարևորն այն է, որ այդ օգնության մի մասն ուղղված էր որոշակի չափանիշների հասնելուն: Այսինքն՝ մեզ օգնել են նախապատրաստել տարածքային պաշտպանության ուժերը, դրա համար գումարներ են հատկացվել։ Օգնության մի մասն ուղղված էր ոչ մահաբեր ինժեներական սարքավորումների ձեռքբերմանը։ Հիմա ստիպված կլինենք դրա համար պետբյուջեից գումար հատկացնել, ինչը միջոցներ կխլի մեկ այլ բանից։
Երկրորդ գլխավոր խնդիրն այն է, որ մենք Ռուսաստանի դիմաց մնացել ենք առանց գործընկերների, և կասկած չկա, որ դա ամենավտանգավորն է, քանի որ ի դեմս Ռուսաստանի մենք գործ ունենք մի երկրի հետ, որի համար թուլությունը նույնն է, ինչ կարմիր շորը ցլի համար:
Ռուսաստանի դեպքում ինչ-որ մեկի թուլությունը հանգեցնում է ագրեսիայի: Եթե թուլանան Վրաստանի զինված ուժերի մարտական կարգավիճակը և այն հնարավորությունները, որոնք այսօր ունենք, դա ավելի շուտ կարող է սադրանք դառնալ Ռուսաստանի համար, քան զսպող գործոն։ Դա, իհարկե, լուրջ սպառնալիք է ազգային անվտանգության համար»:
ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Վրաստանին
ԱՄՆ-ը պաշտպանության ոլորտում Վրաստանի գործընկերն է ավելի քան 30 տարի։ Այս ընթացքում Վրաստանի զինված ուժերի, այնուհետև՝ պաշտպանության ուժերի ինստիտուցիոնալ ձևավորման, ուսուցման և վերազինման համար Նահանգները հատկացրել է ավելի քան 2 միլիարդ դոլար:
Երկու երկրների պաշտպանական համագործակցությունը մեկնարկել է 2002 թ.-ին «Ուսուցման և վերազինման ծրագրով» (GTEP): Երկամյա ծրագիրը, որի համար ԱՄՆ-ը ներդրել է 64 մլն դոլար, համարվում է ժամանակակից վրացական բանակ ստեղծելու առաջին քայլը։
Կոնգրեսի հետազոտական ծառայության 2021 թվականի զեկույցի համաձայն՝ Անկախության հռչակումից ի վեր Վրաստանը դարձել է ԱՄՆ արտաքին և ռազմական աջակցության ծավալով առաջատար երկիրը Եվրոպայում և Եվրասիայում:
1990-ականներին ԱՄՆ կառավարությունը Վրաստանին տրամադրել է ավելի քան 860 միլիոն դոլարի օգնություն, միջինում՝ տարեկան 96 միլիոն դոլար։
2000-ականներին Վրաստանը դարձել է ԱՄՆ-ից ամենախոշոր աջակցությունը ստացող երկիրը, մասնավորապես՝ Եվրոպայում և Եվրասիայում մեկ շնչին բաժին ընկնող օգնության չափով:
2001 թվականից մինչև 2007 թվականը Վրաստանին արտաքին օգնությունը կազմել է ավելի քան 945 միլիոն դոլար (միջինում՝ տարեկան 135 միլիոն դոլար):
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Վրաստանն առանց Արևմուտքի ռազմական օգնության