Ցխինվալի մեկուսարանում գտնվող Վրաստանի քաղաքացու մայրն ասում է, որ իր աղջկան ծեծել են
Վրաց-օսական հակամարտության գոտում ձեռբակալված Վրաստանի քաղաքացի Մայա Օթինաշվիլին գտնվում է Ցխինվալի մեկուսարանում:
37-ամյա երեք երեխաների մայրը ձերբակալվել է ռուս զինվորականների կողմից այն ժամանակ, երբ գնացել է տնից ոչ հեռու գտնվող իր հողատարածքում ընկույզ հավաքելու:
Ազատություն ռադիոկայանի հետ զրուցելիս, Օթինաշվիլիի մայրն ասել է, որ իր աղջկան ծեծի են ենթարկել:
Վերջին տղեկատվության համաձայն, որը Վրաստանի անվտանգության ծառայությունը ստացել է Ցխինվալից, Մայա Օթինաշվիլիի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 10 օր նախնական կալանքը:
Սակայն մինչ այդ Հարավային Օսիայի Պետական անվտանգության կոմիտեն հայտարարել էր, որ կինը երկու ամիս կանցկացնի մեկուսարանում:
Սա առաջին դեպքը չէ, երբ ռուս զինվորականները հակամարտության գոտում ձերբակալում են Վրաստանի քաղաքացիներին այսպես կոչված սահմանը խախտելու համար:
Որպես կանոն, այդ մեղադրանքով ձերբակալված քաղաքացիներին տուգանում են և ազատ արձակում: Սակայն այս անգամ այդպես չի եղել: Հարավային Օսիայի անվտանգության կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Մայա Օթինաշվիլին երկար ժամանակ որոշակի գումարի դիմաց օգնել է Հարավային Օսիայի և Վրաստանի քաղաքացիներին ապօրինի հատել սահմանը:
Մայա Օթինաշվիլիի մայրը՝ Գալինա Կելեխսաևան, որը «Կանանց շարժում՝ հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության անդամ է, Ցխինվալիի մեղադրանքներն աբսուրդային է անվանում:
Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում Կելեխսաևան հայտարարել է, որ ձերբակալումից հետո ոչ մեկին թույլ չի տրվել այցելել Մայային՝ ոչ հարազատներին, ոչ էլ Կարմիր խաչի ներկայացուցիչներին:
Կելեխսաևան ասում է, որ աղջկան թաքցնում են, քանի որ նա ծեծված է: Մոր խոսքով, Մայա Օթինաշվիլին ձեռբակալման ժամանակ դիմադրել է, այդ պատճառով էլ նրան ծեծել են: Կելեխսաևան չի բացառում, որ նրան, հնարավոր է, ծեծել են նաև Ցխինվալի մեկուսարանում:
«Այժմ նրանք սպասում են, որ բռնության հետքերն անցնեն: Այդ պատճառով էլ նրան բաց չեն թողնում և անհեթեթ մեղադրանքներ են հորինում», — համոզված է ձեռբակալվածի մայրը:
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարաության մեջ ասվում է, որ Օթինաշվիլիին փախցրել են դիմակներով մարդիկ: Ինչպես ասում են վկաները, միջադեպը տեղի է ունեցել վրացական իշխանությունների կողմից վերահսկվող տեղայնքում՝ փշալարից մոտ 50 մետր հեռավորության վրա:
Օթինաշվիլիի ընտանիքի անդամները մշտապես այցելում են իրենց սեփական հողատարածքի այս հատվածը, սակայն մինչ այս նման միջադեպեր չեն արձանագրվել:
Կայքում կարդացեք նաև. «Նոր Խուրվալեթի». շարքով կառուցած 139 քոթեջ, որոնցում փախստականները նոր կյանք են սկսել: Ինչպե՞ս է դա նրանց մոտ ստացվում
Այս փաստը մեկնաբանել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Ըստ նրա՝ համապատասխան մարմիններն ու գերատեսչություններն աշխատում են 24-ժամյա ռեժիմով՝ «մոտակա ժամերի ընթացքում քաղաքացուն իր երեխաներին և ընտանիքին վերադարձնելու համար»:
Նրա խոսքով՝ մոբիլիզացվել են բոլոր միջազգային ռեսուրսները:
«Օկուպացիոն ռեժիմը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունն ու մարդու իրավունքների ոտնահարումը», — հայտարարել է Բախտաձեն:
_____________
• Գորիի շրջանի Խուրվալեթի գյուղը սահմանակից է Հարավային Օսիայի հակամարտության գոտուն: Այն Գորիից 20կմ հեռավորության վրա է գտնվում: Խուրվալեթին առանձնապես տուժել է այսպես կոչված «սահմանազատումից», որը ռուս զինվորականներն իրականացնում են հակամարտության գոտում փշալար անցկացնելով:
Փշալարը բաժանել է գյուղը. դրա մի մասը մնացել է Թբիլիսիի ենթադատության տակ, մյուս մասը վերահսկվում է ռուս և օս զինվորականների կողմից:.
Կարդացեք նաև. Ինչպե՞ս են ապրում փշալարով բաժանված գյուղերում: Ռեպորտաժ հակամարտության գոտուց
• Օգոստոսյան պատերազմից հետո ռուս զինծառայողները, որոնք կանգնած են հակամարտության գոտու ողջ երկայնքով, սկսել են վարչական սահմանին կանաչ-սպիտակ պաստառներ քաշել «Պետական սահման» և «Հարավային Օսիա» գրառումներով: Սահմանի դեր է խաղում փշալարը, որը տեղադրում են նախանշված վայրերում: Ռուսական և օսական կողմերն այդ գործընթացը կոչում են «բորդերացում»: Ըստ նրանց՝ Ախալգորիի երկայնքով «պետական սահմանն» այնպես է անցկացվում, որ Ախալգորիի շրջանի բոլոր գյուղերը հայտնվում են Հարավային Օսիայի տարածքում:
Վրացական կողմն այդ գործընթացն անվանում է «սողացող բռնակցում» և հայտարարում է, որ ռուսական կողմն ամեն անգամ վրացական նոր տարածքներ է զավթում: Փշալարը վրացական գյուղերում տեղադրվում է այնպես, որ գյուղերը կիսվում են: Արդյունքում՝ արոտավայրերը, գերեզմաններն ու տասնյակ ընտանիքների այլ հատվածները հայտնվում են «սահմանի» մյուս կողմում:
• Այսպես կոչված «պետական սահմանի» հատումը խստորեն վերահսկվում է ռուսական զինվորականների կողմից: Նրանք մարդկանց են ձերբակալում, այդ թվում այն վայրերում, որտեղ դեռ փշալար կամ «սահմանի» նշան չկա:.
Հակամարտության գոտուց հաճախ են լուրեր հասնում, որ ռուս զինվորականները «պետական սահմանը հատելու համար» ձերբակալել են Վրաստանի քաղաքացու, որն իր սեփական գյուղում անասուն էր արածեցնում կամ ջոնջոլի հավաքում մոտակա անտառում:
Վերջին աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել օգոստոսի վերջին, երբ ռուս զինվորականները Տրուսոյի կիրճում ձերբակալել են 5 երիտասարդ վրացիների, որոնք ուսապարկերով արշավի են գնացել: Դեռահասներին ազատ արձակելու համար մի քանի օր և միջազգային կազմակերպությունների միջամտությունն է պահանջվել: Ձերբակալվածներին, որպես կանոն, պահում են Ցխինվալիի մեկուսարանում և ազատ արձակում տուգանք վճարելուց հետո:
• Ռուս զինծառայողներից բացի 2008թ-ի օգոստոսյան պատերազմի ավարտից հետո հակամարտության գոտում են գտնվում ԵՄ դիտորդների առաքելության ներկայացուցիչները, որոնք պարեկություն են անում Թբիլիսիի վերահսկողության տակ գտնվող տարածքում: