Վրաստանի քաղաքացիները Եվրոպայում. առանց վիզայի, առանց ապաստանի
Բեռլինի շրջաններից մեկում՝ այգիների, կանաչի և բազում առանձնատների մեջ երկու մոլորված կորպուս կա, որոնցում ապրում են Գերմանիայում ապաստան գտած փախստականներ տարբեր երկրներից: Հանրակացարանի մոտ ինձ դիմավորում է Կախան (անունը փոխված է): Հանրակացարան մտնելու համար պետք է գրանցվել մուտքի մոտ կանգանծ անվտանգության աշխատողի մոտ, այդպիսի «նայողներ» կան նաև յուրաքանչյուր հարկում: Մենք բարձրանում ենք երրորդ հարկ, մտնում փոքր սենյակ, որտեղ կա անհրաժեշտ ամեն ինչ՝ մահճակալ, սեղան, գրասեղան, ինչպես նաև սանհանգույց: Սեղանին մրգեր են դրված:
Մեր 27-ամյա հերոսը Վրաստանից է և Գերմանիա է եկել 2017թ-ի նոյեմբերին: Կախան միասեռական է: Ըստ նրա՝ ինքը դա հասկացել է, երբ 10 տարեկան է եղել, և այդ օրվանից իմացել է, որ, ցավոք, Վրաստանում այդպես ապրել չի ստացվի: Կախան այն սակավաթիվ միգրանտներից է, որոնք որոշել են բախտ փնտրել և ապաստան գտնել Եվրոպայում՝ օգտվելով վիզայի ազատականացման ռեժիմից:
Նա գնել է Քութայիսի-Բեռլին տոմս և, հայտնվելով Գերմանիայում, ապաստան ստանալու խնդրագիր է ներկայացրել: Հիմա նա ամսական 109 դոլար գումար է ստանում, ունի սենյակ, ուտելիքն ու տրանսպորտը Բեռլինում իր համար անվճար է: Վերջերս Կախան սկսել է գերմաներենի դասընթացների հաճախել, որոնք նույնպես ֆինանսավորվում են գերմանական կառավարության կողմից: Նրա կյանքն աստիճանաբար դասավորվում է:
«Վրաստանում ես մշտական խտրականության զոհ էի դառնում, ինձ վռնդում էին աշխատավայրերից: Վերջին աշխատանքը մատուցողի աշխատանքն էր, և հերթական կոնֆլիկտից հետո ինձ ասացին, որ իրենց ինձ նմանները պետք չեն: Մի անգամ ընդհանրապես մի հարբած հաճախորդ ռեստորանում ինձ այնպես ծեծեց, որ կոտրված ծնոտով հիվանդանոցում հայտնվեցի», — պատմում է Կախան:
Նա պնդում է, որ փախչել է իր հանդեպ սեռական կողմնորոշման հատկանիշով խտրականությունից:
«Մենք նույնպես արժանապատիվ կյանքի իրավունք ունենք: Իսկ մեր արդարադատության նախարարը ստում է, երբ հայտարարում է, թե երկրում խտրականություն չկա, և ամեն ինչ լավ է: Եթե ես իմ երկրում լավ ապրեի, կուզեի մնալ ընտանիքիս հետ: Հիմա ես կարող եմ հանգիստ քնել, ուտել և չմտածել, որ այս օրն ապրեցի, ինձ ոչ ոք չվիրավորեց, չծեծեց և ոչ ոք չիմացավ գաղտնիքս… Այստեղ ես կարող եմ ազատ շնչել»:
Կախան երկիրը լքելու ևս մեկ պատճառ է ունեցել. նա ՄԻԱՎ ունի, և այն պահին, երբ Բեռլին է եկել, նրա մոտ նաև տուբերկուլյոզ է հայտնաբերվել: Այժմ ճգնաժամն անցյալում է, դիմում ներկայացնելու առաջին իսկ օրվանից նրան սկսել են որակյալ բուժօգնություն ցուցաբերել և ցուցաբերում են մինչ օրս:
Վիզայի ազատականացումն ու դրա հետևանքները
Արդեն մեկ տարուց ավել ժամանակ է անցել այն օրից, երբ Եվրամիությունն իր սահմանները բացել է Վրաստանի քաղաքացիների համար: Սակայն վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը երկրի համար բարդ քննությունն է, որը պարտավորվել է ապացուցել, որ արժանի է եվրոպական ուղուն:
2017թ-ի մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները 180 օրվա ընթացքում 90 օր կարող են Եվրամիության երկրներում գտնվել:
Առանց վիզայի ռեժիմը հեշտացրել է Վրաստանի շատ քաղաքացիների կյանքը: Արդեն մեկ տարուց ավել է, ինչ, տոմս գնելով, կարելի է հայտնվել Եվրոպայի ցանկացած երկրում (Մեծ Բրիտանիայից և Իռլանդիայից բացի): Ավելի է հեշտացել արձակուրդ մեկնելն, ազգականներին այցելելը, միջոցառումների և կոնֆերանսների մասնակցելը:
Սակայն միաժամանակ Վրաստանը առաջատար երկրների ցանկում է, որտեղից ԵՄ երկրներ հումանիտար միգրանտներ են մեկնում:
Փաստեր
2018թ-ի հունվարին Վրաստանի քաղաքացիները Եվրամիության երկրներում ապաստան ստանալու 1 748 դիմում են ներկայացրել, 2018թ-ի փետրվարին՝ 1 650, մարտին՝ 1 613 խնդրանք (համեմատության համար՝ 541 դիմում է ներկայացվել 2016թ-ի մարտին և 753 դիմում՝ 2017թ-ի մարտին):
Գերմանիայի Միգրացիայի և փախստականների հարցերի դաշնային գերատեսչության (BAMF) 2017թ-ի տվյալներով՝ Վրաստանի քաղաքացիները 3 462 դիմում են ներկայացրել: Վրաստանն այն երկրների թոփ-տասնյակում է, որի քաղաքացիները փախստականի կարգավիճակի համար դիմում են ներկայացնում: 2018թ-ի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում 1 633 դիմում է ներկայացվել: Այսպիսով՝ Վրաստանն այդ ցուցանիշով մոտ է Էրիթրեային (1 839) և Սոմալիին (1 360):
Սակայն, ըստ վերջին տվյալների՝ 2018թ-ի հունվարից մինչև մարտ Վրաստանի քաղաքացիների դիմումները սկսել են անշեղորեն նվազել՝ մայիսին կազմելով ընդամենը 174 դիմում:
Վրաստանի քաղաքացիների կողմից ապաստան ստանալու համար ներկայացրած դիմումների հաջողության քվոտան մեծ չէ. հաստատվում է 2 տոկոսից պակաս դիմում:
Հայրենիքը լքելու և ապաստանի խնդրանքով դիմելու որոշում կայացրած յուրաքանչյուր մարդու պատմություն բացառիկ է: Միայն նա ինքը գիտի, թե ինչն է իրեն դրդել նման բան անել: Սակայն մեր հերոսների պատմությունների մեջ կարելի է ընդհանուր միտումներ տեսնել: Խտրականության կամ հետապնդումների բողոքներից բացի գլխավոր պատճառները Վրաստանում առողջապահության անհասանելիությունն ու պարզապես աղքատությունն է:
Միգրանտներին կարելի է խմբերի բաժանել նաև՝ ըստ ժամանակի. վիզայի ազատականացման ռեժիմի գործարկումից առաջ և հետո:
Մենք այցելել ենք 60-ամյա Բոնդո Պիպիային Խեմնից քաղաքի (նախկին Կարլ-Մարքս-Շտադտ) ուռուցքաբանական հիվանդանոցում, որտեղ նա քաղցկեղի դեմ բուժում է ստանում. վերջերս քիմիաթերապիա է անցել:
Նա փախստական է Աբխազիայից, ավելի քան 25 տարի ապրել է Փոթի նավահանգստային քաղաքում առանց կայուն աշխատանքի և եկամտի:
Նա ապարդյուն փորձել է բուժման համար պետությունից ֆինանսական օգնություն ստանալ: Տեղական իշխանության տրամադրած գումարը չի հերիքել: Վաճառելով հնարավոր ամեն ինչ՝ նա մոտ 6 հազար լարի (2500 դոլար) է հավաքել, սակայն դա բավական չի եղել: Եվ այդ ժամանակ վճռել է վերջին, հուսահատ քայլն անել:
«2017թ-ի ապրիլին ես որոշեցի Եվրոպա մեկնել: Ես արդեն կիսամեռ էի, ձեռքերս դողում էին: Մենակ Դորտմունդ հասա: Այնտեղ ավտոբուս նստեցի, մարդկանց, ինչպես կարողացա, հարցուփորձ արեցի, մի կին հանդիպեց, որ ռուսերեն գիտեր, խորհուրդ տվեց Խեմնից մեկնել, քանի որ այնտեղ ռուսալեզուները շատ են», — պատմում է Բոնդոն:
Այնտեղ նա սկզբում հայտնվել է փախստականների ճամբարում, հետազոտությունից հետո նրան հիվանդանոց են պառկեցրել: Դա նրան փրկել է. ըստ Բոնդոյի, Վրատսանում նա մահացած կլիներ դեռ 7 ամիս առաջ: Եվ կենդանի լինելու համար նա շատ շնորհակալ է Գերմանիային.
«Ես միշտ ասում եմ, որ մի հայրենիքս Աբխազիան է, մյուսը՝ Խեմնիցը: Ես այստեղ երկրորդ անգամ եմ ծնվել»:
Բոնդոն ասում է, որ բուժումն ավարտելուց հետո պատրաստվում է տուն վերադառնալ:
Ի տարբերություն Բոնդոյի՝ 40-ամյա Գիորգին (անունը փոխված է) վերադառնալու պլաններ չունի, քանի որ նրա դեռահաս որդու առողջությունը գերմանական առողջապահության ձեռքում է: Որդին ի ծնե հիվանդ է, մեծանալուն զուգահեռ նրա առողջությունը վատացել է: Գիորգին տղայի հետ 2016թ-ի վերջին Գերմանիա է եկել զբոսաշրջային վիզայով և ապաստան խնդրել:
«Կինս դպրոցում ուսուցչուհի է աշխատում, ես ներկարար եմ, վերանորոգման աշխատանքներ էինք անում: Սակայն գումարը չէր հերիքում երեխային մշտապես բուժելու համար, իսկ դա պետք է անել ողջ կյանքի ընթացքում: Ես լսել էի, որ Խեմնիցում փախստականների մեծ ճամբար կա, այդ պատճառով էլ այստեղ եմ եկել»:
Գերմանիայում փախստականի կյանքը հեշտ չի եղել. 3 ամիս Գեորգին տղայի հետ միասին ապրել է ճամբարում՝ կոնտեյներում: Սակայն հետո նրանց առանձին բնակտարածք են տրամադրել, թույլ են տվել ընտանիքին վերամիավորվել, բոլորին միասին ամսական 1300 եվրո են տալիս:
Գիորգին ու իր ընտանիքը փախստականի կարգավիճակ չունեն, երկրում մինչև 2018թ-ի հոկտեմբերի վերջ մնալու իրավունք կա: Արդյոք նրանց այդ իրավունքը կերկարաձգեն, ոչ ոք նախապես չի կարող ասել: Դա կախված է նաև նրանից, թե որդյոք Գիորգին կարող է ապացուցել, որ Վրաստանում ստիպված կլինի վճարել որդու բուժման համար: Նա ասում է, որ դա խնդիր է. կառավարությունը չի ուզում նման փաստաթուղթ տրամադրել: Բացի այդ, ըստ նրա, վրացական իշխանությունների ներկայացուցիչներն իրազեկում են գերմանական ծառայություններին, որ Վրաստանում ցանկացած բուժում անվճար է, և որ նրանք հանգիստ կարող են բուժման կարիք ունեցող փախստականներին տուն ուղարկել: Սակայն իրականում դա այդպես չէ:
33-ամյա Նելիի (անուն փոխված է) համար փախստականից մինչև աշխատանքային վիզա ստանալու ճանապարհը հեշտ չէր: Նա արդեն չորրորդ տարին է ապրում Գերմանիայում: Եվ արդեն մեկ տարի է, ինչ Բեռլինի կլինիկաներից մեկում որպես բուժքույր է աշխատում:
Նելին Աբխազիայից է: 90-ականների պատերազմից հետո նա հայտնվել է Ռուսաստանում, իսկ ավելի ուշ նրա ընտանիքը տեղափոխվել է Վրաստան: Նելին ամուսնացել է, երկու երեխա ունեցել: Ընտանիքն, ըստ նրա, բիզնեսով է զբաղվել: Սակայն որոշ ժամանակ անց բիզնեսը սնանկացել է, նաև անձնական մի շարք խնդիրներ են առաջացել: Նա այլևս չի կարողացել մնալ երկրում և ստիպված է եղել այն լքել ընդմիշտ: Ծանոթների միջոցով Նելին «տաքսու վարորդի» է գտել, որին 4 հազար եվրո է վճարել իրեն Բեռլին տեղափոխելու համար:
«Երբ տեղ հասանք, գրպանումս ընդամենը 10 եվրո կար: Այստեղ ոչ մի ծանոթ չունեի, այդ պատճառով էլ ստիպված էի փախստականի կարգավիճակի համար դիմել: Չգիտեմ, թե ինչպես ստացվեց, սակայն ինձ թույլ տվեցին մնալլ: Աշխատում էի որպես մատուցող, հետո բուժքրոջ կրթություն ստացա. դա շատ պահանջված և լավ վարձատրվող աշխատանք է: Այսօրվա դրությամբ ես կարող եմ ինձ և երկու երեխաներիս պահել», — ասում է Նելին:
Վրաստան վերադառնալու մասին Նելին չի մտածում:
Ի՞նչ է լինելու առանց վիզայի ռեժիմի հետ
2018թ-ի փետրվարից գերմանացի քաղաքական գործիչները սկսեցին ահազանգել, որ Վրաստանի բազում քաղաքացիներ սկսել են ապաստան խնդրել Գերմանիայից: Քրիստոնեադեմոկրատական միության խմբակցության պատգամավոր Ստեֆան Մայերը Die Welt պարբերականին տված հարցազրույցում Վրաստանի որոշ քաղաքացիների կողմից առանց վիզայի ռեժիմի պայմանների խախտումը «լկտի և անընդունելի» է անվանել: Ըստ նրա՝ նրանք փորձում են ապաստան ստանալ Գերմանիայում, որպեսզի օգտվեն երկրի առողջապահական համակարգից, սակայն նրանց դիմումները հաջողության հասնելու շանսեր չունեն:
«Վերջին 4 ամսում ապաստան խնդրողների թվի եռակի աճը հաշվի առնելով՝ գործելու ժամանակը եկել է: Եթե այս իրադարձությունները ժամանակին չկասեցվեն, ԵՄ-ը պետք է ապացուցի, որ ունակ է գործելու և չեղարկելու առանց վիզայի ռեժիմը (Վրաստանի քաղաքացիների համար)», — հայտարարել է Մայերը:
Իսկ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասի հողի ինտեգրման նախարարը միջոցներ ձեռնարկելու խնդրանքով դիմել է Գերմանիայի դաշնային կառավարությանը: Իր նամակում նա գրել է, որ ապաստան խնդրողների թվի աճին զուգահեռ հայտատուների մի մասը հանցավոր գործունեություն է ծավալում: Բացի այդ, ըստ նրա, աճել է Վրաստանի քաղաքացիների հետ կապված խնդիրների քանակը փախստականների ճամբարներում:
Բեռլինի միգրանտների խոշորագույն հասարակական կազմակերպություններից մեկի՝ «Դիալոգ» ակումբի ղեկավար Նատալյա Ռոսլերը բացատրում է մեզ, որ վիճակագրության տվյալները հաճախ ներկայացվում են՝ առանց հաշվի առնելու ընդհանուր համատեքստը:
«Օրինակ, վիճակագրությունն ասում է, որ վերջին 5 ամսում Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասում Վրաստանի քաղաքացիների կողմից ապաստան խնդրելու դիմումները եռակի ավելացել են: Դա ծանրակծիռ է հնչում, և լրատվամիջոցները զարգացնում են այս թեման: Սակայն իրականում ավելի վաղ այդ դիմումների քանակը եղել է 145, իսկ վերջին 8 ամսվա ընթացքում դրանցի թիվը դարձել 740, և եթե այդ թիվը համեմատենք այլ երկրներից ստացվող հազարավոր դիմումների հետ, ապա դա մի կաթիլ է ծովում»:
Ըստ փորձագետի՝ բացասական տեղեկատվության ալիքը հիմնականում եկել է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա, Բադեն Վյուրթենբերգ և Բավարիա երկրամասերից: Իսկ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի հողի ինտեգրման նախարարն ու Բավարիայի ներքին գործերի նախարարը նույնիսկ կոչ են արել առանց վիզայի ռեժիմի կասեցման գործընթաց սկսել խորհրդարանում:
«Սակայն, կարծում եմ, որ առանց վիզայի ռեժիմի չեղարկում չի լինի: Մի քանի մեխանիզմ կա, որոնք կարող է կիրառել Գերմանիան: Ժամանակավոր չեղարկման մեխանիզմ կա: Կարելի է նաև Վրաստանին անվտանգ երկրի կարգավիճակ տալ [ներկա պահին Վրաստանն անվտանգ երկիր է ճանաչված Ֆրանսիայում, Նորվեգիայում, Բուլղարիայում, Իռլանդիայում և Ավստրիայում — JAMnews], և երբ այն հայտնվի այդ ցուցակում, ապա արատքսման գործընթացը զգալիորեն կհեշտացվի: Եվ շատ կարևոր է, որ վրացական կողմից ջանքեր են գործադրվում, իշխանությունները համագործակցում են Գերմանիայի իշխանությունների հետ, և դա շատ բարձր է գնահատվում», — բացատրում է փորձագետը:
Բեռլինի Միգրացիոն քաղաքականության ինստիտուտի տնօրեն և համահիմնադիր Օլգա Գուլինան կարծում է, որ վիզային ռեժիմի ազատականացումն իհարկե ազդել է ապաստան խնդրող քաղաքացիների ներհոսքի ավելացման վրա: Այնուամենայնիվ, առանց վիզայի ռեժիմը կասեցնելու հիմքեր դեռ չկան.
«Եվրոպական մակարդակի քաղաքական գործիչները պաշտոնական հայտարարություններ են արել, որ նման բան կարող է տեղի ունենալ, եթե Վրաստանը դադարի համագործակցել և չկատարի ռեադմիսիայի պայմանները: Դա նշանակում է, որ նրանք, ովքեր ապաստան չեն ստացել, պետք է Վրաստան վերադառնան: Եթե Վրաստանը շարունակի կատարել իր վրա վերցրած բոլոր պարտականություններն ու հզոր տեղեկատվական արշավ անցկացնել, ապա վիզայի ազատականացման ռեժիմի չեղարկում տեղի չի ունենա»:
Բեռլինի Berliner AIDS-Hilfe ՄԻԱՎ-ի հարցերով զբաղվող կազմակերպության՝ միգրանտների հետ աշխատանքի համակարգող Սերջիու Գրիմալսկին իր դիտրակումներով է կիսվում: Նրա խոսքով՝ նախկինում (2000-ականների ընթացքում) Վրաստանի քաղաքացիներ Գերմանիայում հազվադեպ էին հանդիպում, իսկ հիմա նրանց թիվը զգալիորեն աճել է:
«Միաժամանակ իմ հաճախորդների խմբում (ՄԻԱՎ ունեցող միգրանտներ) նախկինում Վրաստանի առավելագույնը 3-5 քաղաքացի կար: Իսկ վիզաների չեղարկումից հետո զգալի տարբերություն կա. իմ աշխատանքային 5 օրերից 2-ն ամբողջությամբ զբաղեցնում են Վրաստանի քաղաքացիները: Օրինակ, այս շաբաթ 7 վրացի ունեմ, որոնցից 4-ը նորեկ են»:
Վիզային ռեժիմի ազատականացումն ու հանցավորությունը
Վրաստանի քաղաքացիների շրջանում հանցավորությունն ու թափ հավաքող «վրացական մաֆիան» եվրոպական, հատկապես գերմանական լրատվամիջոցների նախընտրելի թեմաներից մեկն են դարձել Վրաստանի քաղաքացիների համար վիզաների չեղարկումից հետո: Դիմելով Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանություն՝ մենք վերջին 4 տարվա վիճակագրությունը ստացանք, այդ թվում՝ արտասահմանյան քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ տվյալներ:
Փաստեր
Գերմանիայում Վրաստանի քաղաքացիների կողմից կատարվող հանցագործությունների քանակ.
2014 թ. – 6,501
2015 թ. – 8,085
2016 թ. – 7,598
2017 թ. – 7, 671
Վրաստանի քաղաքացիները հիմնականում բռնվում են գողություն կատարելիս՝ բնակարանների կողոպուտից մինչև գողություն խանութներում:
Ուսումնասիրելով վիճակագրությունը՝ հայտնաբերում ենք, որ, առաջին հերթին, 2017թ-ին Վրաստանի քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների քանակը մի քիչ ավել է, քան 2016թ-ին, սակայն պակաս է, քան 2015թ-ին:
Հետևաբար, առանց վիզայի ռեժիմը քրեական իրավիճակի մակարդակի վրա չի ազդել, գոնե 2017թ-ին:
Երկրորդ հերթին, վրացական հանցավորությունը Գերմանիայում բնավ առաջատար դիրքերում չէ: Առաջատարը լեհերն են՝ Գերմանիայի հարևանները: Հանցավորության առումով ԵՄ քաղաքացիների շրջանում առաջատարներն են Ռումինիան, Հունաստանն ու Իտալիան: Այլ երկրների շարքում՝ սիրիացիներն ու իրաքցիները: Ալբանիան և Կոսովոն՝ ԵՄ սահմաններից դուրս փոքր պետությունները, մեծապես շրջանցում են Վրաստանն այդ «վարկանիշում»:
Բեռլինի քրեական ոստիկանության արհմիության ներկայացուցիչ Կարստեն Միլիուսը մեզ հետ զրույցում փորձեց բացատրել, թե ինչպես է վրացական հանցավորության խնդիրն ընկալվում գերմանական հասարակության կողմից.
«Չի կարելի ասել, որ վրացիներն առանձնահատուկ կերպով առանձնանում են մյուսների ֆոնին: Իհարկե, երբ աճում է ապաստան ստանալու դիմումների քանակը, միշտ կլինեն մարդիկ, որոնք սպասման ժամանակահատվածը կօգտագործեն հանցավոր ճանապարհով գումար ձեռք բերելու համար: Վրաստանը փոքր երկիր է և Գերմանիայից հեռու է գտնվում: Ինչը գերմանական մամուլի համար կարծես էկզոտիկ գործոն լինի»
Նրա խոսքով՝ պետք է, իհարկե, հաշվի առնել, որ հենց բնակարանային կողոպուտը շատ զգայուն և ինտիմ ոլորտ է, որոշ մարդկանց համար այն հավասարազոր է բռնաբարության, և խորապես վերաբերում է տուժածների վախերին:
«Դա նաև շատ քաղաքական թեմա է: Թեմա, որը վերաբերում է բնակչության կողմից սեփական անվտանգության ընկալմանը: Երբ Արևմտյան Գերմանիայում Վրաստանից բանդա բռնեցին, դա թեմա էր, որի մասին մամուլը պատրաստակամությամբ պատմում էր»:
Բացի այդ, հենց բնակարանային կողոպտիչներին գտնելն է շատ դժվար:
Սերջիու Գրիմալսկին կարծում է, որ վրացական միգրացիան, իհարկե, հանցավորության ներուժ ունի, ինչպես նաև այլ աղքատ երկրների քաղաքացիների միգրացիան: Սակայն չի հավատում, որ առանց վիզայի ռեժիմը դրա վրա ազդել է:
«Նրանք, ովքեր նոր են գալիս, ընդհանրապես երկիրը չեն ճանաչում, գլուխ չեն հանում դրանից, ծանոթ չեն մտածելակերպին և այլն: Հանցագործ լինելու համար պետք է շատ բան իմանալ ապագա թիրախի, հանցագործության զոհի մասին: (Վրաստանից եկած) հանցագործներ այստեղ կային վիզայի ազատականացումից առաջ նույնպես»:
Նույն կերպ է կարծում նաև Նատալյա Ռոսլերը.
«Իհարկե, որոշակի առումով քրեական տարրերն առանց վիզայի ռեժմն իրենց օգտին են ծառայեցնում: Դրանում ճշմարտության հատիկ կա: Սակայն դա ուռճացնելն այնքան, որ տարածվի ողջ վրացական սփյուռքի վրա, ծիծաղելի է»:
Այլ ուղի
Վրաստանի ոչ բոլոր քաղաքացիներն են Եվրոպա հասնում «փախստականի ճանապարհով»: 35-ամյա Նինո Կավելաշվիլիի համար դա երկար, բայց ճշմարիտ ուղի էր: Ինչպես և մյուսները, 17 տարի առաջ Նինոն Գերմանիա է եկել Au-pair ծրագրով (մեկ տարի ապրում ես գերմանական ընտանիքում, օգնում ես երեխաների հետ կապված հոգսերը հոգալ, այդ ընթացքում սովորում ես երկրի լեզուն և մշակույթը): Այնուհետև կարողացել է համալսարան ընդունվել: Իսկ դրանից հետո արդեն երկար որոնումներից հետո՝ հարգված աշխատանք է գտել:
Վրաստանից եկած փախստականների ալիքի և Եվրոպայում վրացական հանցավորության մասին թեման նրան անհանգստացնում և հուզում է: Նա կարծում է, որ որոշ եվրոպացի քաղաքական գործիչների ելույթներ անարդար են:
«Այն, որ ավելի շատ վրացիներ են սկսել գալ, ճիշտ է, այդպես էլ պետք է լինի: Եթե նրանցից մեկը ոտք է դնում սխալ, սարսափելի ճանապարհին, դա նրանց անձնական որոշումն է: Եվ դա չպետք է ինչ-որ քաղաքական որոշումների պատճառ դառնա: Քանի որ կան նաև այլ վրացիներ, որոնք այլ կերպ են ապրում և հարստացնում են գերմանական հասարակությունը, սիրում են գերմանացիներին և սիրված են նրանց կողմից: Եվ անարդար կլիներ կենտրոնանալ միայն բացասականի վրա»:
Վրաստանի ջանքերը
Արչիլ Կարաուլաշվլին՝ Վրաստանի ԱԳՆ եվրաինտեգրման գլխավոր տնօրենության ղեկավարը, JAMnews-ին տված մեկնաբանությունում ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմը «Վրաստանի կառավարության հսկայական ջանքերի արդյունք և վրացի ժողովրդի ձեռքբերումն» է անվանում:
Նա նշում է, որ Վրաստանն ամբողջությամբ կատարում է ռեադմիսիայի վերաբերյալ իր պարտավորություններն, ինչը նշված է Եվրահանձնաժողովի հաշվետվությունում: Երկրի կառավարությունն ուշադիր հետևում է վիճակագրությանն ու միգրացիայի միտումներին, ինչպես նաև, 2015թ-ից սկսած, տեղեկատվական արշավ է վարում բնակչության համար այն մասին, թե ինչպես ճամփորդել Եվրոպայում՝ չխախտելով առանց վիզայի ռեժիմը: Այժմ ԱԳՆ-ն արշավի 3-րդ ալիքն է իրականացնում՝ ԵՄ երկրներում ապաստան ստանալու ընթացակարգերը չարաշահելու բացասական հետևանքների մասին իրազեկելու նպատակով:
Արդեն օրենք է ընդունվել, որը խստացնում է ազգանվան փոփոխման ընթացակարգը. դա այն թույլ կետերից էր, որը Եվրոպայից արդեն արտաքսված մարդկանց թույլ էր տալիս կրկին ԵՄ-ում հայտնվել: Քննարկվում են նաև այլ նախաձեռնություններ, որոնք կսահմանափակեն հնարավոր խախտումները:
Հանցավորության դեմ պայքարի առումով Վրաստանի կառավարությունը բարեհաջող կերպով համագործակցում է Եվրոպայի, Eurojust և FRONTEX ԵՄ սահմանների պահպանման գործակալության հետ:
Այս ամենը, պնդում է ԱԳՆ ներկայացուցիչը, նպաստել է առանց վիզայի ռեժիմի խախտումների փաստերի նվազեցմանը:
«Պետք է տեսնել, թե որքան հաջող կլինեն կառավարության ջանքերն այն իրավիճակում, երբ երկրում տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ մարդիկ ստիպված են արտասահմանում ապրուստ փնտրել: Չեմ կարծում, որ այդ միջոցները կնվազեցնեն ապաստան խնդրողների հոսքը», — մեզ հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Սալոմե Սամադաշվիլին:
Մեկ այլ ընդդիմադիր կուսակցության՝ «Եվրոպական Վրաստանի» ներկայացուցիչ Գիորգի Կանդելակին պնդում է, որ խնդրի պատճառներից մեկը Վրաստանում հանցավորության ընդհանուր աճն է, ինչպես նաև Եվրոպայում օրինական աշխատանք գտնելու հնարավորության բացակայությունը, որի պատճառով էլ Վրաստանի քաղաքացիներն ապաստան ստանալու իրավունքն օգտագործում են տնտեսական նպատակներով:
«Դա շատ սուր խնդիր է, և ինչ-որ բյուրոկրատական անցքեր փակելը պատճառները չի վերացնի», — կարծում է Կանդելակին:
Ըստ նրա, գլխավորն, ինչ պետք է անել, իսկական հանցավորության դեմ պայքարն է, տնտեսության զարգացումն ու գործազրկության խնդրի լուծումը:
«Մեդիացանցի» աջակցությամբ