Վրաստանի վարչապետը Կրեմլին հասցեագրված իր ուղերձի համար հասարակական սեկտորի քննադատությանն է արժանացել
Վրաստանի 12 ազդեցիկ հասարակական կազմակերպությունները կարծում են, որ Ռուսաստանի հանդեպ վրացական իշխանությունների քաղաքականությունն «ադեկվատ չէ՝ հաշվի առնելով իրականությունը»:
Եվրոատլանտյան կոալիցիայի մաս կազմող հասարակական կազմակերպությունները հատուկ հայտարարություն են տարածել, որում քննադատել են Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի մարտի 9-ի ուղերձը ՌԴ իշխանություններին: Նրանց կարծիքով՝ վարչապետի հայտարարությունը «դժվար է հասկանալ», դրա «բովանդակությունը մշուշոտ է», «ինչը հասարակությունում շփոթություն և անօգնականության զգացում է առաջացնում»:
«Վրաստանի վարչապետի հայտարարությունը ստեղծված իրավիճակի ադեկվատ արտացոլում չէ և ավելի շատ նման է մի կառավարության հայտարարության, որը ռուս-վրացական հարաբերությունների լուծման հստակ պլան չունի», — կարծում են հասարակական կազմակերպությունները: Ըստ նրանց՝ Մոսկվայից ստացված պատասխանը Վրաստանի վարչապետին «բովանդակային առումով ցինիկ է և միաժամանակ սպառնալիքներ է պարունակում»:
Մոսկվայի պատասխանը Կվիրիկաշվիլիի հայտարարությանը
Մարտի 9-ին Վրաստանի վարչապետի՝ Կրեմլին հասցեագրված ուղերձի պատասխանը ստացվել է մարտի 13-ին: Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունում ասվում է, որ երկկողմանի կարգավորման գործընթացի շարունակության և խորացման վերաբերյալ Վրաստանի վարչապետի հայտնած տրամադրվածությունը չի կարող բավարարման զգացում չառաջացնել:
«Ոչ ոք չպետք է կասկած ունենա, որ Ռուսաստանն, ինչպես և առաջ, հետաքրքրված է հարևան Վրաստանի հետ հարաբերությունների առողջացմամբ և պատրաստ է այնքան հեռուն գնալ, որքան դրան պատրաստ է Թբիլիսին: Ժնևի քննարկումներում առաջընթաց գրանցելու Գիորգի Կվիրիկաշվիլիի ձգտումը վրացական կողմի կառուցողական մոտեցման հույս է ներշնչում մարտի վերջին կայանալիք հաջորդ փուլի շրջանակում:
Վստահ ենք, որ նման մոտեցումը աջակցություն կգտնի բանակցությունների մնացած մասնակիցների կողմից անկախ նրանից, թե ով կգլխավորի Վրաստանի պատվիրակությունը Ժնևում», – ասված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունում և նշված է, որ «չի կարելի չողջունել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ ուղիղ երկխոսության վերաբերյալ հայտնած ձգտումը»:
«Հենց այդպիսին է Վրաստանին հուզող հարցերի կարգավորման միակ իրական ուղին, որոնք դուրս են երկկողմանի ռուս-վրացական օրակարգի շրջանակից: Դա վերաբերում է, մասնավորապես, Վրաստանի քաղաքացի Արչիլ Թաթունաշվիլիի հետ տեղի ունեցած և ափսոսանք առաջացնող վերջին միջադեպին»:
Հասարակական կազմակերպությունների կոալիցիայի անդամները քննադատում են նաև Աբաշիձե-Կարասին բանակցությունների ձևաչափը: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարծում են, որ, ի տարբերություն Ժնևի միջազգային քննարկումների, որոնց մասնակցում են Վրաստանի միջազգային գործընկերները, Աբաշիձե-Կարասին ձևաչափով բանակցությունները թափանցիկ չեն և հարցեր են առաջացնում «փակ դռների ետևում անցկացվող բանակցույթունների թեմաների, ստացված արդյունքների, այն պատճառների վերաբերյալ, թե ինչու այս կամ այն խնդիրը չի լուծվել»: (Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի միջև կանոնավոր բանակցություններն այսօր Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ երկխոսության միակ ձևաչափն են — JAMnews):
«Երկխոսության նման ոչ թափանցիկ ձևաչափն առանց Վրաստանի միջազգային գործընկերների մասնակցության կարող է զգալի ռիսկեր պարունակել Վրաստանի շահերի համար», – կարծում են հասարակական կազմակերպություններն ու կոչ են անում կառավարությանը «Ռուսաստանի հետ ապագա հարաբերությունների մասին հստակ տեղեկատվություն տրամադրել հասարակությանը և ներկայացնել դրանցում առկա մարտահրավերների հաղթահարման վերաբերյալ առկա տեսլականը»:
Եվրատլանտյան կոալիցիայի անդամները կոչ են անում իշխող կուսակցությանն ու խորհրդարանական ընդդիմությանը մի կողմ դնել միմյանց միջև առկա տարաձայնություններն ու կարճ ժամկետներում բանաձև ընդունել, որն օկուպացված տարածքներում Վրաստանի քաղաքացիների դեմ կատարվող հանցագործություններին արագ արձագանքման և պատասխան պատժամիջոցների գործիք կդառնա:
Այդպիսի բանաձևի նախագիծ արդեն մշակվել է «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության կողմից: Այն առաջարկում է ստեղծել «Օթխոզորիայի-Թաթունաշվիլիի» ցուցակ՝ «Մագնիտսկու» գոյություն ունեցող ցուցակի նմանությամբ, որում կներառվեն այն անձինք, որոնք կասկածվում են Ռուսաստանի օկուպացրած տարածքներում՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում, մարդկանց առևանգման, սպանության համար և որոնց հանդեպ հստակ պատժամիջոցներ են գործում:
• Վրաստանի վարչապետի՝ Մոսկվային ուղղված հայտարարությանը նախորդել էր Ցխինվալիում տեղի ունեցած դրամատիկ միջադեպը: Փետրվարի 23-ին Ցխինվալիի բանտում չպարզված հանգամանքներում մահացել է Վրաստանի քաղաքացի Արչիլ Թաթունաշվիլին: Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունները մինչև օրս հրաժարվում են մահացածի մարմինն ընտանիքին հանձնել, ինչը սրում է Թբիլիսիի կասկածներն առ այն, որ Թաթունաշվիլին մահացել է ոչ թե սրտի կաթվածից, ինչպես պնդում է Ցխինվալին, այլ բռնի գործողությունների հետևանքով: