Վրաստանի նախագահ․ «Մենք սահմանային խնդիրներ ունենք ոչ միայն հակամարտության գոտիներում, այլև Ադրբեջանի և Հայաստանի հետ»
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնաբանությամբ է հադես եկել, որը նվիրված էր Թբիլիսիի և Բաքվի միջև Դավիթ Գարեջի վանական համալիրի պատճառով սահմանային վեճերին։
Նրա խոսքով՝ որպեսզի պետությունը կայացած համարվի, այն պետք է համընդհաուր ճանաչված սահմաններ ունենա։ Սակայն Վրաստանը սահմանային խնդիրներ ունի ոչ միայն Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հակամարտության գոտիներում, այլև Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Այս մասին նա հայտարարել է Վրաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
____________________________________________________________________________
• Սարերում ծվարած հին վանական համալիրը կարող է կռվեցնել Ադրբեջանին ու Վրաստանին
•Վրաստանի նախագահ․ «Մենք ամերիկյան ռազմաբազա չենք ուզում»
____________________________________________________________________________
Զուրաբիշվիլին հայտարարել է, որ, չնայած սահմանագծման և սահմանազատման համատեղ հանձնաժողովների աշխատանքին, գործընթացը ճահճացել է։
«Պարզ չէ, թե ինչն է խանգարում ավարտել այդ գործընթացը, հատկապես հաշվի առնելով, որ գործ ունենք բարեկամական երկրների հետ։ Ընդ որում, երկու նախագահներն էլ [Հայաստանի և Ադրբեջանի] պաշտոնապես հայտարարել են, որ հանձնաժողովների աշխատանքն անհրաժեշտ են համարում», — ասել է Զուրաբիշվիլին։
«Սահմանների հստակեցումը բանակցությունների թեմա է։ Չեմ կարող ասել, թե հատկապես որ կետերով պետք է անցնի սահմանը, դա սխալ կլիներ։ Սակայն կասկածներ չկան, որ․․․ սահմանները սկզբից պետք է որոշվեն, հետո պաշտպանվեն։ Այս հարցում անորոշությունը բազմաթիվ տհաճություններ է խոստանում», — ընդգծել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Ընդդիմությունը ծայրահեղ բացասական է գնահատել նախագահի հայտարարության այն հատվածը, որ նա Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ վարչական սահմանները խնդրահարույց է անվանել՝ ըստ էությամբ դրանք հավասարեցնելով պետական սահմաններին։
«Մենք կարծում ենք, որ նման արտահայտություններով Զուրաբիշվիլին վնասում է երկրին։ Նրա անգրագետ հայտարարություններն իշխող «Վրացական երազանքը» փորձում է արդարացնել վրացերենին ոչ լավ տիրապետելու հանգամանքով կամ այս կամ այն համատեքստի չիմացությամբ։ Սակայն այն, ինչ ստիպված եղանք լսել այժմ՝ ոչ մի կերպ չի կարող արդարացվել», — հայտարարել է ընդդիմադիր «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Դավիթ Բակրաձեն։
«Եվրոպական Վրաստանը» կտրականապես կառավարությունից պահանջում է անհամաձայնություն հայտնել երկրի նախագահի հայտարարությանը։
«Մենք ռազմավարական խնդրի հետ գործ ունենք, որը սպառնում է երկրի անվտանգությանը՝ օկուպացիայի հետ, և նման ձևով արտահայտվել կարող է միայն ազգային շահերի դավաճանը։
Անթույլատրելի է նաև սահմանագծման հարցերի նույն շարքում այնպիսի բարեկամ երկրի հետ սահմանի հիշատակումն, ինչպիսին է Վրաստանի համար Ադրբեջանը», — կարծում է «Ազգային շարժման»՝ նախկին իշխող կուսակցության ներկայացուցիչ Թինա Բոկուչավան։
Թբիլիսիի և Բաքվի միջև պաշտոնական բանակցությունները սահմանագծման և սահմանազատման հարցերի շուրջ շարունակվում են մի քանի տասնամյակ, սակայն անարդյունք։ Սահմանագծման և սահմանազատման վրաց-ադրբեջանական հանձնաժողովի հերթական նիստը նախանշված է Թբիլիսիում 2020 թ-ի սկզբին։
Վեցերորդ դարում ժայռերի և քարանձավների մեջ կառուցած վանական համալիրը, որը վրացական կողմն անվանում է Դավիթ Գարեջի, իսկ ադրբեջանականը՝ Քեշիշդաղ, պարբերաբար դառնում է երկու հարևան բարեկամ երկրների միջև դիմակայության և միջադեպերի պատճառ։
Խնդիրն այն է, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանն անցնում է հենց վանական համալիրով։ Վրաստանը պնդում է, որ Դավիթ Գարեջին վրացական մշակույթի հուշարձան է։ Ադրբեջանը կարծում է, որ համալիրն ալբանական մշակույթի մաս է և Վրաստանի հետ ոչ մի առնչություն չունի։
Հուշարձանի շուրջ վերջին սրացումը տեղի է ունեցել 2019 թ-ին։ Այն ժամանակ վրացական լրատվամիջոցներում լուրեր հայտնվեցին, որ ադրբեջանցի սահմանապահները փակել են համալիրի մի մասի մուտքը, որն ադրբեջանական կողմում է։
Ոչ միայն զբոսաշրջիկներն, այլև հոգևորականները չէին կարողանում մուտք գործել սրբավայր մի քանի օր։ Այդ ժամանակ վրացի ակտիվիստները մի շարք ակցիաներ անցկացրին, և բանը հասավ ադրբեջանցի սահմանապահների հետ միջադեպին։