Վրաստանի նախագահն ունի երկու շաբաթ «ռուսական օրենքի» վրա վետո դնելու համար․ ինչի՞ սպասել
Վրաստանի նախագահի վետոյի իրավունքը
84 ձայն «կողմ», 30 «դեմ»․ հազարավոր բողոքի ակցիաների, Արևմուտքի կոշտ քննադատության, վեճերի և ձերբակալությունների ֆոնին Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը հանրությունն անվանում է «ռուսական օրենք»։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն հայտարարել է, որ վետո կդնի օրենքի վրա։ Իշխող «Վրացական երազանքը», սակայն, ունի բավարար ձայներ այն հաղթահարելու համար։
Փաստաբան Վախուշտի Մենաբդեն բացատրում է, թե ինչ ընթացակարգերի է պետք հետևել այս գործընթացում և ինչ հույսեր կապել նախագահի վետոյի հետ։
«Այն բանից հետո, երբ խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, մենք բոլորս մտածում ենք, թե ինչ է մտադիր անել նախագահը։
Մի քանի օր առաջ նա հայտարարել էր. «Անպայման վետո կդնեմ, բայց չեմ զբաղվելու ինչ-որ մանիպուլյացիաներով [նկատի ունի փոփոխություններ մտցնելը]»։ Այս խոսքերը կարող են մեզ ստիպել ենթադրել, որ նախագահը կարող է վետո դնել օրինագծի վրա առանց փոփոխություններ առաջարկելու: Ոչ, քանի որ դա խախտում կլինի. Սահմանադրությունը նման բան չի նախատեսում։ Չեմ կարծում, թե նախագահը հենց դա նկատի ուներ:
- Առօրյա կյանքում այն, ինչ մենք անվանում ենք «վետո», իրականում «պատճառաբանված դիտողություններն» են։ Մեր օրենսդրությունը չի սահմանում «վետո» տերմինը։
- Խորհրդարանի կողմից ընդունված օրենքն ուղարկվում է նախագահին, ով կա՛մ (ա) ստորագրում և հրապարակում է այն, կա՛մ (բ) հետ է ուղարկում խորհրդարան՝ «պատճառաբանված դիտողություններով»։
- Նախագահը երկու շաբաթ ունի դա անելու համար։
- Նախագահն իր «պատճառաբանված դիտողություններում» խորհրդարանին ներկայացնում է համապատասխան փաստարկներ՝ ա) օրենքի կոնկրետ դրույթներ, որոնք անընդունելի են իր համար, և բ) առաջարկում է նոր ձևակերպում։ Դա կարող է լինել նոր ձևակերպում, չի բացառվում, որ նախագահը առաջարկի ընդհանրապես հանել որոշ հոդվածներ։ Սա նշանակում է, որ նախագահը պետք է մանրամասն վերլուծի օրենքը և նշի այն դրույթները, որոնք իր կարծիքով խնդիր են ստեղծում և պետք է փոխարինվեն (այլընտրանքային տարբերակներով) կամ առհասարակ հանվեն։
- Նախագահը չի կարող պահանջել օրենքի ամբողջական չեղարկում, սակայն կարող է խորհրդարանին ներկայացնել օրենքի էականորեն վերանայված տարբերակը։
- Այնուհետև փաստաթուղթը վերադարձվում է խորհրդարան, որտեղ այն պետք է քննարկվի։ Դրա համար կոնկրետ ժամկետ սահմանված չէ։
- Խորհրդարանը միանգամից քվեարկում է բոլոր «պատճառաբանված դիտողությունների» օգտին՝ կա՛մ ընդունում է ամեն ինչ, կա՛մ ոչինչ: Հնարավոր չէ ընդունել դրանց մի մասը, իսկ մյուս մասը՝ մերժել։
- Այդ փուլում ոչ խորհրդարանը, ոչ նախագահը այլևս չեն կարող որևէ բան փոխել նախագահի կողմից արդեն իսկ ներկայացված օրենքի տարբերակում։ Եթե նույնիսկ խորհրդարանական քննարկման ժամանակ համաձայնության գան «պատճառաբանված դիտողությունների» շուրջ, միևնույն է՝ նախագահի ներկայացրած տարբերակում ոչինչ փոխել չեն կարող։
- Նախագահական տարբերակն ընդունելու համար բավարար է նիստին ներկա խորհրդարանականների մեծամասնության (բայց ոչ պակաս, քան 50 պատգամավորի) աջակցությունը։
- Եթե խորհրդարանը համաձայն չէ նախագահի հետ, նա կարող է հաղթահարել վետոն: Այս դեպքում վետոն վերացնելու համար անհրաժեշտ է 76 ձայն, իսկ «Վրացական երազանքն» ունի 84 ձայն։
- Դրանից հետո ընդունված օրենքը կրկին ուղարկվում է նախագահին։ Եվ նա այլևս իրավունք չունի կրկին օգտագործել վետոյի մեխանիզմը։
- Նախագահը կարող է չստորագրել օրենքը։ Բայց դա կլինի բացառապես սիմվոլիկ ակտ, իրավական առումով ոչինչ չի փոխի։ Փոխարենը խորհրդարանի նախագահը կստորագրի և կհրապարակի օրենքը։
- Դրանից հետո օրենքը կմտնի ուժի մեջ այն ժամկետներում, որոնք սահմանված են հենց այդ օրենքով։
Եթե ամփոփեմ միտքս, պատկերը հետևյալն է՝
ա) Ունենալով վետոյի իրավունք՝ նախագահը չի կարող պարզապես ասել՝ «օրենքը պետք է չեղարկվի»։ Նախագահը պետք է խորհրդարանին առաջարկի կոնկրետ փոփոխություններ՝ որպես այլընտրանք,
բ) «Վրացական երազանքն» ունի բավարար ձայներ վետոն հաղթահարելու համար:
Խոսելով «մանիպուլյացիաներով չզբաղվելու» մասին՝ նախագահը, կարծում եմ, հրաժարվեց նախնական խորհրդակցություններ անցկացնել մեծամասնության հետ (ինչը պարտադիր ընթացակարգ չէ)։ Սա ենթադրում է՝ ստիպված կլինեք հաշվի առնել այն, ինչ ես կգրեմ, ոչ թե կբանակցեք ինձ հետ: Նախագահն, ըստ ամենայնի, նկատի չուներ, որ ինքը «դատարկ» վետո կուղարկի խորհրդարան, քանի որ այդ դեպքում վետոյի կիրառումը բոլորովին անիմաստ կլինի։
Հաջորդ շաբաթվա սկզբին կհրապարակվի նաև Վենետիկի հանձնաժողովի զեկույցը։ Ակնկալվում է, որ դա նույնպես կազդի այս գործընթացի վրա»,- գրել է Վախուշտի Մենաբդեն։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Վրաստանի նախագահի վետոյի իրավունքը