Վրաստանի նախագահին իմպիչմե՞նտ է սպառնում
Վրաստանում շարունակվում է բանտարկյալների ցուցակի շուրջ սկանդալը, որոնց ներում է շնորհել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Դատախազություն հարցաքննության է կանչվել Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղար Դմիտրի Գաբունիան։
Սկանդալը սկսվել է այն բանից հետո, երբ օգոստոսի 28-ին՝ սուրբ Աստվածածնի օրը, Զուրաբիշվիլին, իր սահմանադրաան իրավունքի համաձայն, ներում է շնորհել 34 բանտարկյալի։
• Ո՞ւմ են վստահում Վրաստանի բնակիչները
• Ո՞վ է Սալոմե Զուրաբիշվիլին՝ Վրաստանի նոր նախագահը
Ներման ենթակա անձանց ցուցակը գաղտնի էր, սակայն լրագրողները սկզբից պարզել են, որ դրանում ներառված է երկու բանտարկյալ, որոնք պատիժ էին կրում ծանրացուցիչ հանգամանքներով սպանության համար, իսկ հետագայում պարզվել է նաև երրորդ նման դեպքը։
Նրանցից մեկը՝ Ռամազ Դևաձեն, դատապարտվել էր 22-ամյա ոստիկանի սպանության համար, ինչը տեղի է ունեցել Բաթումի գիշերային ակումբում 2014թ-ին։
Երկրորդը՝ Ալսան Բեժանիձեն, դատապարտվել էր 18-ամյա ուսանողի սպանության համար 12 տարի առաջ։ Բեժանաձեին հաջողվել էր ձերբակալել միայն 2016թ-ին։ Այդ բոլոր տարիներին նա թաքնվում էր արդարադատությունից։
Երրորդ ներվածը՝ Զուրաբ Նադիրաձեն, դատապարտվել էր 1994թ-ին Թբիլիսիում կռվի ժամանակ կատարած սպանության համար։ Մինչև 2017թ-ը Նադիրաձեն նույնպես թաքնվում էր արդրադատությունից։
Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել այս երեք դեպքերի մասին, Վրաստանի նախագահը հայտնվել է քննադատության տարափի տակ։ Ընդ որում, Զուրաբիշվիլիին քննադատում են ոչ միայն ընդդիմությունն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն, այլև իշխանությունների ներկայացուցիչները։
Սեպտեմբերի 20-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել սպանության համար դատապարտվածներին նախագահ Զուրաբիշվիլիի կողմից ներում շնորհելու փաստի առթիվ։ Ըստ գերատեսչության տեղեկությունների՝ հետաքննություն է սկսվել ներման գործընթացում ծառայողական լիազորությունների հնարավոր չարաշահման փաստի առթիվ։
Գլխավոր հարցն այն է, թե ինչպես և ում խորհրդով են ցուցակում հայտնվել առանձնապես ծանր հանցանք կատարած բանտարկյալները։
«Երբ մեր քրեակատարողական հաստատություններում են գտնվում շատ ավելի պակաս ծանր հանցանքներ գործած կանայք, մայրեր, երիտասարդ տղամարդիկ, որքանո՞վ են ներման արժանի հազարավորներից այն 34 անձինք, որոնք նախագահին են դիմել այդ նույն խնդրանքով», — հայտարարել է փոխվարչապետ, ենթակառուցվածքների և շրջանային զարգացման նախարար Մայա Ցկիտիշվիլին։
Ընդդիմությունը խոսում է կոռուպցիոն սխեմաների գոյության մասին։ Որոշ քաղաքական գործիչներ, ինչպես նաև սպանվածների ընտանիքների անդամներ մատնանշում են այն հանգամանքը, որ նախկինում փաստաբան աշխատած Դմիտրի Գաբունիան մասնակցել է սկանդալային ներմանը։
«Երբ խոսքը գնում է այս կամ այն անձի ներման մասին, շահագրգռված անձինք կապվում են Դմիտրի Գաբունիայի հետ և նրա հետ քննարկում ֆինանսական հարցերը։ Այսինքն՝ թե ինչ գնով կարող է այս կամ այն անձը ներվել։ Մեր աղբյուրը տեղեկություններ չունի այն մասին, թե արդյոք Գաբունիան կոռուպցիոն հարցերը քննարկում է նախագահի հետ, սակայն այն ենթադրում է, որ, նախագահին շրջանցելով, դա հնարավոր չէ անել», — հայտարարել է «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության անդամ Իրմա Նադիրաշվիլին։
Սակայն Գաբունիան գործին իր մասնակցությունն ամբողջովին հերքում է։ Նա լրագրողներին հայտարարել է, որ օգոստոսին արձակուրդում է եղել և միայն լրատվամիջոցներից է իմացել սկանդալային դեպքերի մասին։
Իսկ նախագահն այս օրերին այցով ԱՄՆ-ում է և ելույթ է ունենալու ՄԱԿ-ի Խորհրդարանական վեհաժողովում։
Արդյո՞ք իմպիչմենտ կլինի
Այն բանից հետո, երբ նախագահին չեն խուսափում քննադատել նույնիսկ իշխող կուսակցության ներկայացուցիչներն, ընդդիմությունն ու լրատվամիջոցները սկսել են խոսել նախագահի իմպիչմենտի հնարավորության մասին։
«Եթե հետաքննությունը գա այն եզրահանգման, որ նախագահի կողմից ներումը ոչ թե մարդասիրական քայլ էր, այլ ուրիշ նպատակներ ուներ, այդ ժամանակ բնականաբար կարելի է նախագահի իմպիչմենտի գործընթաց սկսել», — այս մասին «Ինտերպրեսնյուսի» հետ զրույցում հայտարարել է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Սուլխան Սալաձեն։
Սակայն, ինչպես նա նշել է, առանց Գլխավոր դատախազության համապատասխան եզրահանգման, միայն առանձին վերցրած ներումը չի կարող իմպիչմենտի համար հիմք լինել։
«Կարծում եմ՝ դեռ վաղ է այդ մասին խոսել։ Միայն ներում շնորհելու իրավունքի կիրառումը, առանձին վերցված ներումը չի կարող հիմք լինել իմպիչմենտի համար», — ասել է նա։
• Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի վերջին նախագահն է, որն ընտրվել է ուղղակի, համաժողովրդական քվեարկությամբ։ Նրա հրաժարականի դեպքում Վրաստանի նոր նախագահն ընտրվելու է արդեն անուղղակի քվեարկության ճանապարհով, ընտրող կոլեգիայի միջոցով։
• Զուրաբիշվիլին Վրաստանի առաջին կին նախագահն է։ Նա առաջին նախագահն է, որն ընտրվել է վեց տարով (նախկինում նախագահներն ընտրվում էին հինգ տարով)։
• Վրաստանի պատմության մեջ նախագահական ընտրությունները դեռ երբեք երկու փուլով չէին անցկացվել։ Հաղթողը որոշվում էր առաջին փուլում։ Զուրաբիշվիլին առաջինն էր, որի հաղթանակի համար երկրորդ փուլ պետք եղավ։
• 2012թ-ից Վրաստանը խորհրդարանական երկիր է ուժեղ վարչապետով և թույլ նախագահով։ 2015թ-ի սահմանադրական փոփոխություններից հետո, Վրաստանի հինգերորդ նախագահն էլ ավելի քիչ իրավունքներ ունի, քան նախորդները։
• Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) վերջին հետազոտության համաձայն՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գործունեությունը, որն ընտրվել է ընդամենը 10 ամիս առաջ, հարցվածների 40 տոկոսը գնահատում է որպես վատ կամ շատ վատ։ Եվ միայն 12 տոկոսն է նախագահի աշխատանքը դրական գնահատել։
[toggle title=”Նախագահի իրավունքները”]
Նախագահն իրավունք ունի․
√ ներում շնորհել դատապարտյալներին;
√ Վրաստանի քաղաքացիություն շնորհել;
√ Վրաստանը ներկայացնել միջազգային հարակներում, սակայն նրա բոլոր քայլերը պետք է համաձայնեցված լինեն կառավարության հետ;
√ ֆորմալ կերպով ստորագրել վարչապետի և արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների նշանակումները;
√ օրենքով նախատեսված ժամկետներում տեղական, խորհրդարանական, ինչպես նաև արտահերթ ընտրություններ նշանակել;
√ պարգևներ շնորհել և հանձնել;
√ նախագահին չի կարելի կալանավորել, քրեական պատսխանատվության ենթարկել;
√ նախագահի իմպիչմենտի հարցը կարող է բարձրացնել խորհրդարանի պատգամավորների մեկ երրորդը։
[/toggle]
• Վրաստանում իմպիչմենտի ընթացակարգը հետևյալն է․ նախագահի գործողություններում Սահմանադրության խախտման կամ հանցագործությունների հայտնաբերման հիման վրա անհրաժեշտ է, որ 50 պատգամավոր (խորհրդարանի կազմի 1/3-ը) բարձրացնի իմպիչմենտի հարցը։ Դրանից հետո այն ուղարկվում է Վրաստանի Սահմանադրական դատարան, որը գնահատում է նախագահի գործողությունների օրինականությունը։ Դատարանի դրական պատասխանի դեպքում նախագահի լիազորությունների կասեցման համար անհրաժեշտ է, որպեսզի դրա օգտին քվեարկի խորհրդարանի 2/3-ը (100 պատգամավոր), և միայն դրանից հետո կարելի է նախագահի դեմ քրեական հետապնդում սկսել։