Վրաստանի միակուսակցական խորհրդարան․ արդյո՞ք այն կարող է լիարժեք աշխատել
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների երկու փուլերն ավարտված են։ Իշխող կուսակցությունը համամասնական համակարգով ստացել է ձայների 48 տոկոսն, ինչպես նաև երկու փուլում հաղթել է բոլոր 30 մեծամասնական ընտրատարածքներում։
Արդյունքում՝ «Վրացական երազանքը» 150-տեղանոց խորհրդարանում ստացել է 90 տեղ։ Մնացած տեղերը բաշխվել են ութ ընդդիմադիր կուսակցությունների միջև։
Սակայն նրանք բոլորը հրաժարվում են խորհրդարանում աշխատել, քանի որ ընտրությունները կեղծված են համարում։ Որևէ ընդդիմադիր կուսակցության որևէ ներկայացուցիչ չի պատրաստվում աշխատել նոր խորհրդարանում։
Արդյունքում՝ Վրաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ կարող է միակուսակցական խորհրդարան ունենալ։
Ի՞նչ ճակատագիր է սպասվում տասներորդ գումարման խորհրդարանին։ Արդյո՞ք այն ձևավորված է և կարո՞ղ է արդյոք լիարժեք աշխատել, եթե կազմված լինի միայն իշխող «Վրացական երազանքի» 90 պատգամավորից։ Հարցերի պատասխաններ։
Ե՞րբ է հավաքվելու նոր խորհրդարանը
Ըստ օրենքի՝ 2020 թ-ի դեկտեմբերի 19-ից ոչ ուշ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ավարտի բոլոր բողոքների քննությունն ու հայտարարի ընտրությունների վերջնական արդյունքները։
Նոր խորհրդարանը պետք է հավաքվի ոչ ուշ, քան ընտրությունների արդյունքների պաշտոնական հայտարարումից տասն օր անց։
Առաջին նիստը կբացի Վրաստանի նախագահը։
Ինչպե՞ս կարող են աշխատել իշխող կուսակցության 90 պատգամավորները
Պատգամավորների այս թիվը բավարար է, որ խորհրդարանը սկսի աշխատել՝ օրենքներ ընդունել, պատգամավորներին բաշխել՝ ըստ խորհրդարանական կոմիտեների և, գլխավորներից մեկը, կառավարություն ձևավորել։
Ի՞նչ չի կարող անել խորհրդարանը, որտեղ աշխատում է ընդամենը 90 պատգամավոր
Քանի որ 90 պատգամավորները պարզ մեծամասնություն են, այլ ոչ թե 2/3 կամ սահմանադրական մեծամասնություն, խորհրդարանի գործունեության մեջ որոշակի սահմանափակումներ կլինեն։
Օրինակ՝
● Հնարավոր չէ փոխել սահմանադրությունը։
● Հնարավոր չէ նախագահին իմպիչմենտ հայտարարել։
● Անհնար է սահմանադրական օրենք ընդունել, որը կապված է երկրի տարածքային ամբողջականության վերականգնման հետ։
● Ոչ պակաս, քան 100 պատգամավոր պետք է հաստատի գյուղատնտեսական հողերի մասին օրենքը։
● Անհնար է վավերացնել կամ չեղարկել միջազգային համաձայնագրերը, որոնք վերաբերում են պետության տարածքային ամբողջականությանը կամ պետական սահմանի փոփոխմանը։
Նաև բարդ կամ անհնարին կլինի անհրաժեշտության դեպքում խորհրդարանի քննչական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը, քանի որ, ըստ նոր կանոնների, հանձնաժողովի անդամների առնվազն կեսը պետք է ընդդիմությունից լինի։
Բացի այդ, խորհրդարանի աշխատանքի մասին թարմացված դրույթների համաձայն, մեկ կուսակցություն, այս դեպքում՝ «Վրացական երազանքը», չի կարող խորհրդարանում մեկից ավելի խմբակցություն ձևավորել։
«[Ընդդիմությանը] կստիպենք աշխատել խորհրդարանում»
Ելնելով թվարկվածից՝ իշխող թիմը նոր խորհրդարանի աշխատանքը կաթվածահար անելու սպառնալիք չի տեսնում, անգամ եթե ընդդիմությունն այդպես էլ դրանում ներկայացված չլինի։
Սակայն իշխող կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն հույս ունի, որ ընդդիմությունն ի վերջո կաշխատի խորհրդարանում։
«Հակառակ դեպքում կարող է կիրառվել շանտաժի դեմ սահմանադրությունում ամրագրված մեխանիզմը, որն ընդդիմությանը կստիպի աշխատել խորհրդարանում», — ասել է Կոբախիձեն «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը։
Նրա խոսքով՝ կարգը հետևյալն է․ բոլոր 150 պատգամավորների լիազորությունները կհաստատվեն խորհրդարանի նիստում, քանի որ, օրենքի համաձայն, 150 պատգամավորները պատգամավոր են համարվում այն բանից հետո, երբ 76 պատգամավորներն առաջին նիստին հաստատում են իրենց լիազորությունները։
«Այնուհետև յուրաքանչյուր պատգամավոր իհարկե կարող է խորհրդարանից հեռանալու դիմում ներկայացնել։ Սակայն խորհրդարանը հետո պետք է դա թույլատրի», — ասել է Կոբախիձեն։
Մի՞թե ընդդիմությունն այդպես էլ չի սկսի աշխատել խորհրդարանում
Ըստ ամենայնի՝ ոչ։ Այս փուլում ոչ ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի, ոչ մյուս միջազգային մոդերատորների միջամտությունը չի օգնել լուծել քաղաքական ճգնաժամը Վրաստանում և ընդդիմությանը համոզել հրաժարվել խորհրդարանը բոյկոտելուց։
«Ճգնաժամը կլուծվի միայն 2021 թ-ի գարնանը նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման դեպքում», — հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Բակրաձեն նոյեմբերի 25-ին ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումից հետո։
«Բոյկոտն ընդդիմության ընտրությունը չէ։ Դա հարկադիր քայլ է, քանի որ ընտրությունները կեղծվել են», — այդ նույն հանդիպումից հետո հայտարարել է «Լելո» կուսակցության առաջնորդ Բադրի Ջափարիձեն։
Ընդդիմության առաջնորդները հերքում են այն լուրերը, թե Վրաստանի սահմանադրությունը թույլ է տալիս ստիպել պատգամավորներին աշխատել խորհրդարանում իրենց կամքին հակառակ։
«Այն, ինչ ասում է Կոբախիձեն, իրավաբանական անհեթեթություն է, ինչ-որ տոտալիտար հայտարարություններ», — ասել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Թամար Կորձայան։
Վրացական մեդիայում տեղ գտած տարբեր հրապարակումներում նրա հետ համաձայնել են մի քանի փորձագետ և սահմանադրական իրավունքի մասնագետ։
Որո՞նք են միակուսակցական խորհրդարանի գլխավոր խնդիրները
Նախևառաջ, միակուսակցական խորհրդարանը մեծ հարված է երկրի հեղինակությանն ու նրա ժողովրդավարական ինստիտուտներին։
Նման բան չկա աշխարհի ոչ մի ժողովրդավարական երկրում։
«Քիչ հավանական է, որ միակուսակցական խորհրդարանը կարողանա երկար գոյություն ունենալ ներկայիս իրողություններում», — «Ազատություն» ռադիոկայանին ասել է «Լելո» կուսակցության անդամ, սահմանադրագետ Վախթանգ Խմալաձեն։
Նրա կարծիքով՝ միակուսակցական խորհրդարանը կարծես «մեկ դերասանի թատրոն» լինի, այն Վրաստանի համար լուրջ խնդիր կդառնա միջազգային հանրության աչքերում։ Այն նաև տևական քաղաքական ճգնաժամի հենք է ստեղծում երկրում։