Վրաստանի կլիմայի գլոբալ փոփոխության 3 ակնհայտ օրինակ
Սառույցների հալոցքը
Սառույցների հալոցքն առավել ակնհայտ է բարձրադիր լեռնային հատվածներում: Բայց դա տեսնում են միայն լեռնագնացները, ովքեր այդ երևույթին հետևելու հնարավորություն ունեն: Այսինքն, մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունն անտեղյակ է այս խնդրից: Բայց դա երկար չի տևի:
«Սառույցների ընդհանուր մակերեսը շատ է կրճատվել», — ասաց Թբիլիսիի պետական համալսարանի Ճշգրիտ ու բնագիտական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Նոդար Էլիզբարաշվիլին, երբ խնդրեցինք փոփոխությունների ամենավառ օրինակը բերել: Ամեն տարի օդում փոշու և մրի քանակն ավելանում է, դրանք նստում են սառույցների վրա, երբեմն նույնիսկ ամբողջությամբ ծածկում դրանք: Եվ եթե հայելային մաքուր սառույցներն անդրադարձնում են արևի ճառագայթներն, ապա փոշով ու մրով պատվածներն, ընդհակառակը, կլանում են դրանք, սկսում են հալչել ու քայքայվել: Լրագրող Օլիկո Ցիսկարիշվիլին, ով ոչ միայն գրում է Վրաստանում էկոլոգիական հարցերի մասին, այլ նաև մշադիտարկում է անցկացնում, նույն հարցին այսպես պատասխանեց. «Ես ամեն տարի Սվանեթիի Չալաաթի սառցապատ լեռը տեսնելու եմ մեկնում: Այս տարի այն 157 մ-ով ավելի հեռու է, քան նախորդ տարի»:
Տարերային աղետներ
Երաշտն ու ջրհեղեղները Վրաստանում վերջին տարիներին սովորական են դարձել: Ըստ վիճակագրական տվյալների՝ 90-ականներից ի վեր տարերային աղետներն ավելի հաճախակի են դարձել. 1998թ.-ից մինչև 2008թ. Վրաստանում մոտ 130 ջրհեղեղ է եղել, ընդ որում՝ տասնյակ բնակավայրերում երաշտ է գրանցվել:
Այս ամառ Վրաստանի ողջ տարածքում տարբեր ժամանակահատվածներում ուժեղ կարկուտ է տեղացել, որը շատ գյուղատնտեսական շրջաններում բերքն ամբողջությամբ փչացրել է: Մասնագետները զգուշացնում են, որ մոտ ապագայում անխուսափելի է հողերի ուժասպառությունը, բացի այդ, ամենալավատեսական հաշվարկներով՝ գյուղատնտեսական բնակավայրերի 10%-ը մշակման համար անպիտան կդառնան սելավների ու սողանքների պատճառով: Ապագա վնասը նվազեցնելու համար վաղուց է պետք միջոցներ ձեռնարկել. օրինակ, կարելի է ջրհեղեղնրի մասին նախազգուշացնող համակարգը բարեկարգել, պաշտպանիչ պատվարներ կառուցել, երաշտի հետ պայքարի ծրագիր մշակել և այլն: Բայց, ցավոք սրտի, այս թեմայով Վրաստանում ոչ ոք լուրջ չի զբաղվում:
Խելագար կլիմա
16 աստիճան՝ օգոստոսին և 26՝ փետրվարին, ամպրոպ՝ դեկտեմբերին և ձյուն՝ մայիսին կամ էլ ծայրահեղ ցուրտ՝ ձմռանը և անհնարին շոգ՝ ամռանը: Իհարկե, այսպիսի բան նախկինում էլ է եղել, բայց հիմա մենք բախվում ենք կլիմայի գլոբալ փոփոխության դրսևորումներին համարյա ամեն տարի:
Ձմեռները Վրաստանում ավելի խստաշունչ ենք դառնում, իսկ ամառներն՝ ավելի շոգ: Եթե վիճակագրությունը նայենք, վերջին 20 տարում կլիման Վրաստանում մոտ կես աստիճանով տաքացել է: Եվ սա Վրաստանի լուման է կլիմայի գլոբալ փոփոխությունների գործում. սպասվում է, որ Երկիր մոլորակի վրա ջերմաստիճանը 21-րդ դարի վերջում միջինում 4 աստիճանով կբարձրանա:
Այս կատակլիզմների գլխավոր պատճառը ջերմոցային գազերն են: Ամբողջ աշխարհի բնապահպանները կոչ են անում ամեն գնով կրճատել դրանց արտանետումը, և 1997թ. աշխարհի համարյա բոլոր երկրները այս մասին համաձայնագիր են ստորագրել՝ Կիոտոյի պայմանագիրը: Ի սկզբանե, ջերմոցային գազերի արտանետումը կրճատելու պարտավորությունը վերաբերում էր միայն զարգացած տնտեսություն ունեցող ԱՄՆ, Ճապոնիային, Կանադային և Եվրամիության երկրներին: Բայց 2021թ.-ից նման պարտավորություններ կդրվեն նաև պակաս զարգացած տնտեսություն ունեցող երկրների, այդ թվում նաև՝ Վրաստանի վրա:
Հեղինակ՝ Գիորգի Զեդգինիձե