Վրաստանի կառավարությունը բյուջեից կհատկացնի 600 հազար եվրո՝ ռուս զբոսաշրջիկներին Ռուսաստանի օդանավակայաններից Երևանի տարածքով Թբիլիսի և Բաթումի տեղափոխելու համար:
Տարանցիկ չվերթները սուբսիդավորելու մասին որոշումը կառավարությունն ընդունել է հուլիսի 24-ին: Հատուկ որոշումը տեղադրված է կառավարության կայքում:
Նման որոշում Վրաստանի կառավարությունն ընդունել է այն բանից հետո, երբ հուլիսի 8-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ դադարեցվեց օդային հաղորդակցությունը Վրաստանի և Ռուսաստանի միջև:
Օդային հաղորդակցությունը դադարեցնելու պատճառ են դարձել Վրաստանում բողոքի ցույցերը, որոնք հաջորդեցին այդ երկիր ռուս պատգամավոր Գավրիլովի այցին: Ակցիաների գլխավոր կարգախոսերից մեկն էր՝ «Ռուսաստանն օկուպանտ է»:
Ծրագրի շրջանակում Վրաստանի կառավարությունը կֆինասավորի մեկ ուղևորի համար ոչ ավել քան 90 եվրո (առանց ԱԱՀ):
Համաձայնությունն ավիաընկերությւնների հետ, որոնք կիրականացնեն տարանցիկ չվերթները Ռուսաստանից Վրաստան Երևանի տարածքով, կձևակերպի «Պետական օդանավակայանների միություն» ընկերությունը:
Որոշման մեջ նշված չէ՝ ինչ ավիաընկերությունների մասին է խոսքը: Բայց գրված է, որ«Պետական օդանակավակայանների միությունն» իրավունք ունի ընտրելու միայն երկու ավիաընկերություն:
Փաստաթղթի համաձայն՝ ավաընկերությունը մեկ տարվա ընթացքում պետք է ապահովի անխափան հաղորդակցություն՝ ոչ պակաս, քան շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր առաջնահերթ տարանցիկ ուղղությամբ:
Այս փուլում Ռուսաստանից Երևան տարանցիկ չվերթներ իրականացնում է միայն «Ջորջիա Էյրվեյսը»՝ հայկական գործընկեր ավիաընկերության աջակցությամբ:
Վերջին տարիներին ռուս զբոսաշրջիկների թիվը Վրաստանում զգալիորեն աճել է։
Եթե 2012թ. Վրաստան այցելել էր 410 հազար զբոսաշրջիկ, ապա 2018թ. նրանց թիվն աճել էր 3.5 անգամ՝ հասնելով մեկ միլիոն 405 հազարի:
Վրաստանի զբոսաշրջության վարչության տվյալներով՝ յուրաքանչյուր ռուս զբոսաշրջիկ Վրաստանում ծախսում է միջինը մոտ 520 դոլար:
Ընդդիմությունը քննադատում է կառավարության այդ որոշումը: «Ազգային շարժման» առաջնորդներից մեկը՝ Վրաստանի ազգային բանկի նախկին նախագահ Ռոման Գոցիրիձեն ասում է.
«Եթե կառավարությունը պատրաստվում է զբոսաշրջիկներ բերել մեր հաշվին, ապա ինչո՞ւ Ռուսաստանից, թող բերեն իռլանդանցի և իսլանդացի զբոսաշրջիկներ: Դա ճիշտ որոշում չէ, դա մեկ ավիաընկերության սուբիսադվորում է: 600 հազար եվրո նշանակում է, որ եթե մեկ զբոսաշրջիկի բաժին է ընկնում սուբսիդիայից 100 եվրո, ստացվում է 6000 զբոսաշրջիկ: Ինչ 6000 զբոսաշրջիկի մասին է խոսքը, երբ Վրաստան թռիչքների արգելքից հետո չեն կարողացել այստեղ գալ մոտ 300 հազար զբոսաշրջիկ: Սա խաղ է: Ինքնախաբեոություն», — ասում է Գոցիրիձեն: