Վրաստանի կառավարությունը սուբսիդավորում է խաղողագործությունը
Վրաստանի կառավարությունը բյուջեից 60 մլն լարի (մոտ 20 մլն դոլար) կտրամադրի խաղողի բերքահավաքի համար։ Սակայն դա կվերաբերի խաղողի միայն երկու տեսակների՝ ռկածիթելիին և կախուրի մծվանեին։
Այս բերքահավաքի համար սուբսիդավորում կստանան այն ընկերությունները, որոնք պատրաստ են այդ տեսակի ավելի քան 1000 տոննա խաղող մթերել։
Ձեռքբերված խաղողի յուրաքանչյուր կիլոգրամի համար նրանք պետությունից 30 թեթրի կստանան (մոտ 10 ցենտ), եթե իրենք էլ գյուղացուց գնեն ռկածիթելիի և կախուրի մծվանեի մեկ կիլոգրամը 80 թեթրիից ոչ էժան։
Ըստ վարչապետ Գիորգի Գախարիայի՝ սուբսիդավորման մասին որոշումն ընդունվել է՝ համավարակի ճգնաժամային իրավիճակից ելնելով։
Կրճատվել է ոչ միայն վրացական գինու արտահանումն, այլ նաև ներքին սպառումը․ երկրի սահմաններն արդեն չորս ամիս է՝ փակ են, զբոսաշրջիկներ չկան, փակ էին սրճարանները, բարերն ու ռեստորանները։
«Գինեգործներն այժմ բարդ իրավիճակում են։ Եվ ոչ միայն Վրաստանում, այլ նաև այնպիսի գինեգործական երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, որոնք արտադրում են գինու համաշխարհային ընդհանուր ծավալի 70 տոկոսը։ Նման բարդ պայմաններում մենք, այնուամենայնիվ, կարողացել ենք մեր գինեգործներին նվազագույն երաշխիքներ առաջարկել», — ասում է շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին։
- Վրաստանի կառավարության հակաճգնաժամային պլանը
- Համավարակի տնտեսություն։ Զրույց Բեսո Նամչավաձեի և Անդրիա Գվիդիանիի հետ
Վրաստանում խաղողի բերքի ընդհանուր ծավալն այս տարի կազմելու է 280-300 հազար տոննա։
Վրաստանի կառավարությունը սուբսիդավորում է խաղողագործությունը 2008–ից, երբ Ռուսաստանն առևտրային էմբարգո սահմանեց վրացական արտադրանքի նկատմամբ։
Միայն 2019 թ–ին իշխանությունները գումար չեն հատկացրել այդ ոլորտին՝ համարելով, որ այն բավականին ամուր է կանգնած ոտքերի վրա, և ժամանակն է, որ սկսի ապրել շուկայական օրենքներով։
2008-2018 թթ–ին խաղողագործության համար ընդհանուր առմամբ տրամադրվել է 175.8 մլն լարի (մոտ 60 մլն դոլար այսօրվա փոխարժեքով)։