Վրաստանի կառավարությունը հերքում է Հայաստանի հետ Աբխազիայի տարածքով երկաթուղու հարցի քննարկումը
Վրաստանի իշխանությունները, հնարավոր է, կուլիսային բանակցություններ են վարում Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցությանվերականգնման մասին, կարծում են ընդդիմադիր «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչները:
Հատուկ մամուլի ասուլիսին ելույթ ունենալով՝ կուսակցության ներկայացուցիչ Նիկա Ռուրուան հայտարարել է «հիմնավորված կասկածների մասին», որ այդ հարցը քննարկվել է փետրվարի 23-24-ին Հայաստանի վարչապետի Վրաստան կատարած այցի ժամանակ:
Վրացական ընդդիմության անհանգստության առիթ է դարձել Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, որը նա արել է Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում: «Եթե ձեզ հետաքրքրում է՝ արդյոք լարսին այլընտրանք կլինի (սահմանային անցակետ ռուս-վրացական սահմանին, Հայաստանից դեպի Ռուսաստան միակ ցամաքային ուղին), ապա կարող եմ վստահեցնել, որ, այո, կլինի: Մնացածի մասին՝ հետո, փակագծերը դեռ չեմ բացում: Մենք պայմանավորվել ենք ինչպես Լարսի, այնպես էլ էներգետիկ միջանցքի վերաբերյալ», — հայտարարել է Կարապետյանը:
«Ազգային շարժման» կարծիքով՝ Հայաստանի վարչապետը կարող էր նկատի ունենալ երկաթուղու աբխազական հատվածը:
«Աբխազական երկաթուղու բացումը բոլորովին անթույլատրելի է… Դա ազգային շահերի բացահայտ դավաճանություն կլինի, դա կլինի քայլ, որից շահում են միայն Ռուսաստանն ու անջատողականները, իսկ Վրաստանը միայն վնասներ կկրի, քանի որ դա կհանգեցնի վրացական նավահանգիստներում բեռների շրջանառության անկման, ինչպես նաև կփչացնի Ադրբեջանի հետ հարաբերությունները», — հայտարարել է Նիկա Ռուրուան: Նա իշխանություններից պահանջել է հստակություն մտցնել այդ հարցում, հակառակ դեպքում «ժողովրդական հուզումներով» է սպառնացել:
«Ազգային շարժման» բողոքին է միացել նաև Եվրոպական Վրաստանը, որը կառավարությունից պահանջել է լիակատար տեղեկատվություն բանակցությունների մասին:
Սակայն Վրաստանի կառավարության փոխվարչապետ Կախա Կալաձեն ի պատասխան ընդդիմության մեղադրանքների հայտարարել է, որ հայկական պատվիրակության այցի ժամանակ Աբխազիայի տարածքով երկաթուղու մասին չի խոսվել, ավելին՝ Վրաստանի կառավարությունն այդ հարցը նույնիսկ չի քննարկում: Իսկ ընդդիմադիրների հայտարարությունը նա սուտ է անվանել:
Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն նույնպես կտրականապես հերքել է Աբխազիայի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության բացման քննարկումը: «Այդ հարցն ուղղակիորեն կապված է Վրաստանի տարածքային ամբողջականության խնդրի հետ, և այն կարելի է դիտարկել միայն այդ համատեքստում», — հայտարարել է Աբաշիձեն:
Միաժամանակ հայկական պատվիրակության հայրենիք վերադառնալուց հետո հայ պաշտոնյաներից ոչ ոք չի հայտարարել Վրաստանի հետ տարանցման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին:
Վրաստանի և ՌԴ միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը բազմիցս բարձրացվել է 2012թ-ին Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, այդ թվում՝ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Ամեն անգամ այդ հարցի քննարկումը կտրուկ բացասական արձագանք էր առաջացնում ընդդիմության և հասարակության մի մասի կողմից: