Վրաստանի խորհրդարանը համաներման մասին կարևոր օրենքի ընդունման փոխարեն արձակուրդ է գնացել
Վրաստանի խորհրդարանն արձակուրդ է գնացել։ Այսպիսով, 2019 թ․ հունիսի 20-ի ցույցերի գործով համաներում հայտարարելու մասին կարևոր օրինագծի քննարկումը հետաձգվել է ևս երկու շաբաթով։ Այս օրենքն իշխանության և ընդդիմության միջև համաձայնագրի կետերից մեկն է, որն առաջարկել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Օրինագծի քննարկումը նշանակված էր երեքշաբթի՝ մայիսի 11-ին։ Սակայն գործընթացը հետաձգվել է․ պատճառն իշխող «Վրացական երազանք» կուսակցության արձակուրդ գնալու մասին որոշումն է։ Ենթադրվում է, որ բյուրոյի և կոմիտեների նիստեր օրենսդիրում չեն անցկացվելու երկու շաբաթ։
«Վրաստանում հանգստյան օրեր են։ Սա նշանակում է, որ հանգստյան օրերը տարածվում են նաև խորհրդարանի վրա։ Այդ պատճառով էլ, երբ այս օրերից հետո կայանա մոտակա բյուրոն, կգրանցվեն օրինագծեր, որոնք նախաձեռնել են և «Վրացական երազանքը», և ընդդիմությունը»,- հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Գուրամ Մաճարաշվիլին։
Ընդդիմությունը կտրուկ է արձագանքել իշխանության այս որոշմանը։ Ըստ իշխանության ընդդիմախոսների՝ երբ երկրում լուրջ խնդիրներ են, և խորհրդարանը կարևոր հարցեր ունի քննարկելու, երկշաբաթյա արձակուրդն անհարկի է, և «Վրացական երազանքը», հնարավոր է, գիտակցաբար ձգձգում է համաներման մասին օրենքի քննարկումը։
«Կարևոր ենք համարում պարզաբանել որոշ սկզբունքային հարցեր այն բանից առաջ, երբ խորհրդարանը կվերականգնի իր լիարժեք աշխատանքն ընդդիմության մասնակցությամբ։ Եթե իշխանությունն այս ժամանակն օգտագործի սկզբունքային հարցերի լուծմանը մասնակցելու համար, ապա դա կարելի է միայն ողջունել։ Հակառակ դեպքում, եթե պետությունն այս ժամանակահատվածն արդյունավետ չօգտագործեց, դա ժամանակի վատնում կլինի, ինչը կարող է հանգեցնել մի շարք հարցերի լուծման ձգձգման»,- ասում է Սաբա Բուաձեն՝ «Լելո» ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը։
Ներկա պահին երկրում հունիսի 20-ի իրադարձություններին վերաբերող օրինագծի երկու վարկած կա․ մեկը՝ իշխանությունների կողմից, որը նախատեսում է բոլոր մեղավորների համաներում, մյուսն՝ ընդդիմությունից, որտեղ խոսվում է միայն մի քանի ոստիկանների համաներման մասին, այդ էլ այն դեպքում, եթե համաձայնեն տուժածները։ Համաներումը չպետք է տարածվի հանցագործների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների վրա։
Իշխող կուսակցությունն ու ընդդիմադիր կուսակցությունների մի մասն ապրիլի 19-ին փաստաթուղթ են ստորագրել, որն առաջարկել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Համաձայնագիրը, մասնավորապես, ենթադրում է ընդդիմադիր պատգամավորների կողմից խորհրդարանի բոյկոտի դադարեցում, կալանքի տակ գտնվող ընդդիմադիր քաղաքական գործիչների ազատ արձակում, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում, եթե 2021 թ-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող կուսակցությունը ստանա 43 տոկոսից պակաս ձայն։
2019 թ․ հունիսի 20-ի անկարգությունների գործերով համաներման մասին օրենքը համաձայնագրի կարևոր կետերից մեկն է։ Այս գործով, մասնավորապես, մեղադրանք է առաջադրվել «Միասնական ազգային շարժում» ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիային։ Նա կալանավորվել է փետրվարի 23-ին, հատուկջոկատայինների կողմից կուսակցության գրասենյակի գրոհից հետո, և ներկա պահին նախնական կալանքի տակ է։