«Վրաստանի ընդդիմության մանդատների հարցը կարող է դառնալ քաղաքական առևտրի առարկա»․ կարծիք
Վրաստանի իշխանությունները սպառնում են ընդդիմությանը
Սահմանադրագետ Վախուշտի Մենաբդեն մեկնաբանել է «Միասնություն-Ազգային շարժում» և «Հանուն փոփոխությունների» ընդդիմադիր կոալիցիաների հայտարարությունը, որտեղ խոսվում է հոկտեմբերի 26-ի ընտրություններում զանգվածային կեղծիքների մասին, ընդդիմադիր թեկնածուներն էլ պահանջում են չեղարկել իրենց մանդատները նոր խորհրդարանում։
«Միասնություն-Ազգային շարժում» և «Հանուն փոփոխությունների» կոալիցիաները նոյեմբերի 12-ին դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խնդրելով ամբողջությամբ չեղարկել համապատասխան պատգամավորական ցուցակները։ Դիմումը ստորագրել են կոալիցիաների 82 անդամներ։
Սակայն ԿԸՀ-ն պատասխանել է, որ գործող օրենսդրությունը չի նախատեսում կուսակցական ցուցակներում ընդգրկված թեկնածուների գրանցման չեղարկում, քանի դեռ խորհրդարանը չի հայտարարվել պաշտոնապես ձևավորված և նորընտիր պատգամավորները չեն իրազեկվել իրենց լիազորությունների մասին։
«ՊալիտրաՆյուս» հեռուստաալիքի «Ամփոփում» հաղորդման ժամանակ Մենաբդեն ասել է, որ քաղաքական կուսակցություններն ունեն իրենց խորհրդարանական ցուցակները բացելու երկու հնարավորություն՝ ընտրություններից 16 օր առաջ կամ մանդատները ստանալուց հետո։
Այսպիսով, իրավական տեսանկյունից այս պահին դա անելու փորձերն անհեռանկարային են, օրենսդրության համաձայն՝ այդ պատուհանն այժմ փակ է։
Մենաբդեն նաև ասել է, որ մանդատներից հրաժարվելու իրենց մտադրության մեջ կուսակցությունները շուտով կբախվեն դժվար երկընտրանքի։
«Խորհրդարանում իշխող կուսակցության մեծամասնությունը ցանկացած պահի կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ այս կամ այն քաղաքական կուսակցության գործունեությունն արգելելու նախաձեռնությամբ, դրա համար բավական է ընդամենը 30 պատգամավորի ստորագրություն։
«Վրացական երազանքը» կարող է փորձել օգտագործել դա «քաղաքական առևտրի» համար, որպեսզի ընդդիմությանը ստիպի աշխատել խորհրդարանում»,- կարծում է Մենաբդեն։
Մեկնաբանություն
Վախուշտի Մենաբդե. «Իհարկե, ոչ ոք չի կարող մարդկանց ստիպել զբաղեցնել որոշակի պաշտոն, սակայն կան ընթացակարգեր, որոնց այս մարդիկ պետք է հետևեն՝ հրաժարվելով այն պաշտոնից, որին ժամանակին հավակնել են։
Այս ընթացակարգերը սահմանված են Ընտրական օրենսգրքով, և ես չեմ կարծում, որ այնտեղ կա որևէ հակասություն սահմանադրության հետ։ Սահմանադրության մեջ ասվում է, որ դա կարգավորվում է ընտրական օրենսդրությամբ։
Ընտրական օրենսգրքում ասվում է՝
- Մանդատներից հրաժարվել ցանկացողները կարող են հայտարարել դրա մասին և չեղարկել իրենց կուսակցական ցուցակները ընտրություններից 16 օր առաջ։
- Դրա համար երկրորդ հնարավորությունը վրա է հասնում այն բանից հետո, երբ խորհրդարանը պաշտոնապես ձևավորում է և պատգամավորները ձայների մեծամասնությամբ ընդունում են նրա լիազորություններն առաջին նստաշրջանում։ Դրանից հետո կուսակցությունը կամ առանձին անձինք հայտարարություններով հանդես գալու և իրենց մանդատներից հրաժարվելու իրավունք ունեն։ Եթե խորհրդարանը չհամաձայնի դրան, դա կլինի հակասահմանադրական։
Նման կանոնների տրամաբանությունը հասկանալի է։ Խորհրդարանի անդամների 1/3-ը չի կարող կոլապսի հասցնել 2/3-ին։ Եթե «Վրացական երազանքը» պարտվեր ընտրություններում և ցանկանար հրաժարվել մանդատներից, նույնը կլիներ՝ նրանք չէին կարողանա չեղյալ հայտարարել նոր խորհրդարանը։
Եթե բոլոր ընթացակարգերը պահպանելուց հետո խորհրդարանը չհամաձայնի չեղարկել մանդատները, ընդդիմադիր պատգամավորներն իրավունք ունեն դիմել Սահմանադրական դատարան։
Վրաստանի խնդիրը, սակայն, այն է, որ կառավարությունն ազդեցություն ունի Սահմանադրական դատարանի վրա։ Եվ դա անօրինական է։
Կարծում եմ՝ ընդդիմադիր կուսակցությունների պահանջով մանդատների չեղարկումը կդառնա քաղաքական առևտրի առարկա։
Հիշենք իշխանությունների ներկայացուցիչների՝ նախքան ընտրություններն արած հայտարարությունները, մասնավորապես՝ այն մասին, որ «եթե ընդդիմությունը շարունակի գործել ապակառուցողական կերպով, եթե նրանք ապակայունացնեն երկիրը և հրաժարվեն մտնել խորհրդարան, մենք կմտածենք նրանց գործունեությունն արգելելու մասին, ընդդիմությունը հակասահմանադրական կհայտարարենք»։
Այս սպառնալիքով կառավարությունը կփորձի ընդդիմությունից ստանալ նոր խորհրդարանում մանդատներն ստանձնելու համաձայնություն։
Դեռևս այն ժամանակ, երբ «Վրացական երազանքը» հայտարարում էր, որ իրեն անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնություն՝ արգելելու «Ազգային շարժման» և, ինչպես ինքն էր ասում, նրա արբանյակների գործունեությունը, ես ասում էի, որ իրականում դա անելու համար նրանց սահմանադրական մեծամասնություն պետք չէ։
Կուսակցության լուծարման ընթացակարգը հետևյալն է.
- Առնվազն 30 պատգամավորներ նման նախաձեռնությամբ դիմում են Սահմանադրական դատարան,
- Սահմանադրական դատարանը քննում է նրանց փաստարկները և որոշում կայացնում։
Մենք կարող ենք խոսել այն մասին, թե ինչ փաստարկներ կարող էին լինել նման նախաձեռնության համար։ Այսօրվա դրությամբ, ելնելով բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունից, ես չեմ տեսնում նույնիսկ մեկ ծանրակշիռ փաստարկ խորհրդարանում որևէ կուսակցության գործունեություն արգելելու համար։
Բայց
«Վրացական երազանքը» հաստատ ունի 30 պատգամավոր խորհրդարանում, իշխանությունները վերահսկում են Սահմանադրական դատարանը։ Այսինքն՝ նրանք ունեն ամեն ինչ։
Իշխանությունները օրինակ են բերում Մոլդովան, որտեղ կուսակցություններից մեկի գործունեությունն արգելվել է Սահմանադրական դատարանի որոշմամբ։ Սակայն կարևոր է ուշադրություն դարձնել այն փաստարկներին, որոնց վրա հիմնվել է դատարանը։
Գլխավոր փաստարկը եղել է այն, որ կուսակցությունը ռուսամետ է, նախապատրաստում է ապակայունացում և ունի ոչ թափանցիկ ֆինանսավորում, դրանով իսկ սպառնալիք է ներկայացնում Մոլդովայի ազգային անվտանգության համար։ Եվ այդ փաստարկի վերաբերյալ նաև ապացույցներ են ներկայացվել»։