ՀՀ-ն խնդիրների կբախվի, եթե Վրաստանն ընթանա եվրասիական ուղով․ կարծիք Երևանից
Վրաստանի ընտրությունների ազդեցությունը ՀՀ վրա
Հայ քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը չի բացառում, որ եթե Վրաստանն ընտրի եվրասիական ուղին, Հայաստանը կբախվի տարբեր խնդիրների՝ «ճանապարհի օգտագործումից ու պարենային անվտանգությունից մինչև զենքի ներմուծում»։ Բայց նաև կարող է Արևմուտքից ավելի շատ աջակցություն ստանալ՝ որպես տարածաշրջանի միակ գործընկեր։ JAMnews-ի հետ զրույցում նա նշել է, որ խոսքը ամեն տեսակի՝ հումանիտար, դիվանագիտական, տնտեսական ու ռազմական աջակցության մասին է։
«Նախկինում Վրաստանն ու Հայաստանը միասին էին։ Բայց եթե Վրաստանը գնա բռնապետացման ճանապարհով, կմնա միայն Հայաստանը։ Չեք պատկերացնում՝ որքան է մեր կարևորությունը մեծանում։ Դրան զուգահեռ մեծ պետք է լինի նաև մեր կամքը, որպեսզի Արևմուտքը կարողանա իր օժանդակիչ քաղաքականությունը բացազատել ՀՀ-ում»,- շեշտել է Սիմոնյանը։
Անդրադառնալով հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ հնարավոր է համարել ամենատարբեր զարգացումներ՝ մինչև անգամ հեղափոխություն։ Կարծում է՝ իրադարձությունների զարգացման ընթացքը պայմանավորված է «վրաց ժողովրդի կամքով, արտաքին դերակատարների միջամտության մասշտաբով և մի շարք այլ հանգամանքներով»։
- Եվրասիական Վրաստա՞ն․ քաղաքագետ Գիա Նոդիայի կարծիքը
- «Կաղաչեն, որ մտնենք ԵՄ». Բիձինա Իվանիշվիլիի նախընտրական հարցազրույցը
Վրաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին հոկտեմբերի 26-ին։ ԿԸՀ ներկայացրած տվյալների համաձայն՝ «Վրացական երազանք»-ը ստացել է 54 տոկոս քվե։ Էքզիթ պոլերը, սակայն, հայտարարել են 42 տոկոսի մասին։
Ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են չորս ընդդիմադիր ուժեր, որոնք միասին շուրջ 38 տոկոս ձայն են ստացել։ Վերջիններս, սակայն, չեն ճանաչել «Երազանքի» հաղթանակը։ Հայտարարել են մանդատներից հրաժարվելու որոշման մասին։
Խորհրդարանական ընտրութունները ոչ լեգիտիմ և ամբողջությամբ կեղծված է համարում նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նա դրանք անվանել է «ռուսական հատուկ գործողություն»։ Ընդդիմության հանրահավաքները գլխավորում է Նախագահը։ Հաղորդվում է, որ նախօրեին Թբիլիսիում կայացած հավաքին շուրջ 100 հազար մարդ է մասնակցել։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ բազմաթիվ երկրներ, ինչպես նաև Վրաստանի նախագահն ու ընդդիմությունը, հոկտեմբերի 26-ին կազմակերպված ընտրությունները չեն ճանաչել որպես ընտրական իրավունքի իրացման ակտ։ Նշել են, որ դրանք կեղծվել են։ Ըստ հայ քաղաքագետի՝ պետք է սպասել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցին և հասկանալ՝ արդյոք տեղի է ունեցել ժողովրդավարական և թափանցիկ եղանակով ընտրական իրավունքի իրացում, թե ոչ։
Ասում է՝ կեղծված ընտրությունների պարագայում «Վրացական երազանքը» ոչ թե ստանձելու է, այլ զավթելու է ժողովրդի իշխանությունը։
«Եթե ֆիքսվի, որ իշխանությունը բռնազավթված է, ապա իշխանափոխութուն հնարավոր է կատարել ոչ թե ընտրությունների միջոցով, այլ հեղափոխության մեթոդով։ Ո՞վ է բացառել այդ մեթոդը։ Բռնազավթած իշխանության պարագայում հեղափոխությունները մտնում են քաղաքական օրակարգ»,- նշել է նա և հավելել, որ պետք է սպասել և տեսնել՝ ինչպես կզարգանան իրադարձությունները։
Քաղաքագետի գնահատմամբ՝ «Երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին արտաքին քաղաքականության ռուսական ուղղությունը սպասարկողն է.
«Պատահական չէ, որ Թբիլիսին առաջինը շնորհավորական ուղերձներ ստացավ բռնապետական երկրներից՝ Հունգարիայից, Ռուսաստանից և Ադրբեջանից։ Իսկ Արևմուտքի քաղաքականությունը կարող է փոփոխվել, այդ մասին արդեն իսկ ազդակներ կան։
Բլինքենի հայտարարությունից պարզ է դառնում մի կարևոր ուղղություն, թե՝ մենք կարող ենք աչք փակել ընտրակեղծիքների վրա, եթե դուք ձեր հանձնառություններին տեր կանգնենք, լինելով չընտրված՝ Վրաստանը տանեք եվրոպական ուղղությամբ։ Կարճ ժամանակ անց դա լակմուսի թղթի նման կերևա»։
Սիմոնյանը հիշեցնում է՝ Վրաստանի վարչապետը հայտարարել է հաջորդ տարվանից դեպի Արևմուտք լայնածավալ շարժ սկսելու մասին։ Հնարավոր է համարում, որ Վաշինգտոնը աշխատի Թբիլիսիի հետ, եթե վրացական կողմը ձեռնարկի այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր, օրինակ՝ չեղարկի «օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրենքը։
JAMnews-ը հարցրել է՝ արդյո՞ք ՀՀ-ն Արևմուտքի համար հետաքրքիր կլինի՝ որպես գործընկեր, եթե չլինի եվրոպական ուղով ընթացող Հայաստան-Վրաստան դուետը։ Ի պատասխան վստահեցրել է՝ շատ ավելի հետաքրքիր կլինի, քան Վրաստանի հետ միասին, տարածաշրջանում «առաջնայնության դիրք» կզբաղեցնի։
«Հայաստանը ենթակառուցվածքների վրա նստած պետություն է։ ՀՀ-ում ներկա գտնվելը նշանակում է ներկա գտնվել Հարավային Կովկասում։ Իրան, Թուրքիա, Ադրբեջան․ չկա ժողովրդավարության օրրան, դիկտատուրաների հանրույթ է։ Մի փրկօղակ Արևմուտքի համար չլինի՞»,- ընդգծել է Սիմոնյանը։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ եթե Վրաստանն ընթանա եվրասիական ուղով, Հայաստանի կարևորությունը կմեծանա։ Երևանն, ըստ նրա, պետք է իր տնային աշխատանքն անի, ռազմավարական քաղաքականություն իրականացնի, ինչին օրվա իշխանությունները պատրաստ չեն։
«Նրանց համար ավելի հարմար է Վրաստանի հետ ձեռք ձեռքի տված բռնապետացվել, քան արևմտյան լայնածավալ բարեփոխումների ճանապարհով անցնել, ՀՀ իմունային համակարգի դիմադրողունակությունը մեծացնել»,-պարզաբանել է նա։
Գուրգեն Սիմոնյանը չի բացառել, որ եթե Վրաստանը դառնա Ռուսաստանի ազդեցության գոտի, Հայաստանը կբախվի տարբեր խնդիրների՝ ճանապարհի օգտագործումից ու պարենային անվտանգությունից մինչև զենքի ներմուծում։
«ՀՀ-ն պետք է ռազմավարական վերարժևորումների ենթարկի իր մոտեցումները և փորձի այլ մեթոդներ և ճանապարհներ գործարկել։ Օրինակ՝ ճանապարհը կարող է լինել օդային, ինչպես նաև Թուրքիայի միջոցով, եթե երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, փակ սահմանները բացվեն»,- ամփոփել է քաղաքագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Վրաստանի ընտրությունների ազդեցությունը ՀՀ վրա