Վրաստանի ընդդիմությունն ու իշխանությունը չեն կարողացել պայմանավորվել, եվրոպական միջնորդությունը չի օգնել
Անհաջողությամբ է ավարտվել մարտի 18-ին Վրաստանի կառավարության և ընդդիմության տասը ժամ տևած հանդիպումը։ Այն վերջինն էր հանդիպումների շարքում, որոնք կազմակերպվել էին Եվրախորհրդի նախագահի անձնական բանագնաց Քրիստիանա Դանիելսոնի միջնորդությամբ և սկսվել էին մարտի 12-ին։ Վրաստանի ընդդիմությունն ու իշխանությունը չեն կարողացել պայմանավորվածության գալ։
Մամուլի ասուլիսին Դանիելսոնն ասել է, որ կողմերի միջև որոշակի հարցերի շուրջ պայմանավորվածություն կա, սակայն կան հարցեր, որոնց շուրջ կոնսենսուս չի ձևավորվել։
«Դա առաջնորդների գործն է, նրանք պարտավոր են ելք գտնել քաղաքական ճգնաժամից», — ասել է Դանիելսոնը։
Նա մեկնում է մարտի 19-ին, որից հետո Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելին զեկուցելու է Վրաստանում տիրող իրավիճակի մասին։
Ընդդիմությունը հայտարարում է, որ բանակցություններին խանգարել է իշխանությունը
«Ափսոս, որ ժամեր տևած աշխատանքից հետո մենք չկարողացանք դրսևորել ո՛չ [երկխոսության] մշակույթ, ո՛չ եվրոպական չափանիշներ։ Եվ ես ուզում եմ բացահայտ հայտարարել, որ ամեն ինչի համար մեղավոր է [իշխող] «Վրացական երազանքը», — լրագրողներին ասել է «Աղմաշենեբելիի ռազմավարություն» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն։
«Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գիգի Բոկերիան, ասել է, որ իշխող կուսակցությունը քաղաքականապես վիրավորական դիրքորոշում է զբաղեցրել քաղբանտարկյալների և արտահերթ ընտրությունների հարցում։ Կառավարությունը ցույց տվեց, թե ինչ է իրենից ներկայացնում, ասել է Բոկերիան։
«Նրանք ամեն ինչ փչացրին», — տապալված հանդիպումը մեկնաբանել է «Գիրչի – ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն։ «[Կառավարության] պահանջներն անվերջ էին։ Բանակցողները փորձում էին այնպիսի փաստաթուղթ կազմել, որին կհամաձայնի «Վրացական երազանքը»։ Մեր առաջարկած փաստաթուղթը մի քանի անգամ լրամշակվել է։ Պարզ է դարձել, որ իշխանությունը չի համաձայնելու ոչ մի բանի, փոխզիջումների մասին խոսք անգամ չկար», — ասել է Ջափարիձեն։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն, ընդհակառակը, բանակցությունների տապալման համար մեղադրել է ընդդիմությանն ու ասել, որ «նրանք վերջնագրեր են ներկայացրել, որոնք խախտում են օրենքի գերակայությունը»։
«Դա հետաքրքիր գործընթաց էր, առաջընթաց կա։ Սակայն, ցավոք, ընդդիմության համար, կարծես, ինքնանպատակ էր համաձայնության չգալը», — ասել է Կոբախիձեն։