Վրաստանի բարձրադիր շրջանում ավիավթարի հետևանքով երեք մարդ է զոհվել
Վրաստանի Կազբեգիի շրջանում մասնավոր ուղղաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Ուղղաթիռը պատկանում էր «Ավիատոր» ընկերությանը, որը սպասարկում է «Ռումս հոթել Կազբեգի» հյուրանոցը։ Զոհվել է օդաչուն և հյուրանոցի երկու աշխատակից։
Ավիավթարը տեղի է ունեցել ցերեկը Դաբա Ստեփանծմինդա բնակավայրի ամայի տարածքում։
Ի՞նչ է տեղի ունեցել Ստեփանծմինդայի մերձակայքում
«Ինտերպրեսնյուս» գործակալությունը հրապարակել է ականատեսների պատմությունները։ Նրանց խոսքով՝ «ուղղաթիռը հրդեհվել է օդում, կայծեր են թռել և ծուխ է արձակվել, այնուհետև այն վայր է ընկել»։
Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության աշխատակիցները, շտապօգնությունը, ոստիկանությունն ու փորձագետ-քրեագետները։
ՆԳՆ-ն գործ է հարուցել անվտանգության կամ տրանսպորտի շահագործման կանոնների խախտման փաստի առթիվ։
«Աչարա գրուպ» ընկերությունը, որին է պատկանում Կազբեգիում գտնվող «Ռումս հոթելը», հաստատել է օդաչուի և ընկերության երկու աշխատակիցների մահվան փաստը։ «Աչարա գրուպն» իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև պատրաստակամություն ՝ անպայման համագործակցել քննության հետ։
Էկոնոմիկայի նախարարություն․ ուղղաթիռը նոր էր և սարքին
Կազբեգիում վթարված ուղղաթիռը ամերիկա-կանադական արտադրության BELL-505 տիպին էր պատկանում։ Այն արտադրվել է 2018թ-ին, և Քաղավիացիայի գործակալության կողմից գրանցվել 2018թ-ի հունիսի 15-ին։ Այս մասին ասվում է Վրաստանի էկոնոմիկայի և զարգացման նախարարության հայտարարությունում։ Գերատեսչության տեղեկության համաձայն՝ ողբերգական միջադեպի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար դեպքի վայր է մեկնել ավիացիայի և ծովային տրանսպորտի ոլորտում միջադեպերի և պատահարների հետաքննության բյուրոյի ղեկավարը։
«Տվյալ պահին մենք տեղեկություններ ունենք այն մասին, որ ուղղաթիռը հաջողությամբ տեխնիկական զննում է անցել, իսկ այն ղեկավարող օդաչուն փորձառու է եղել։ Ուղղաթիռը պատկանում էր «Ավիատոր+» (Աչարա խումբ) ընկերությանն», — ասված է գերատեսչության հայտարարությունում։
Բախում էլեկտրահաղորդակցման լարերի՞ն
Վթարն էլեկտրահաղորդակցման լարերի հետ բախման հետևանք չէ։ Այս մասին հայտարարել է «Էներգոպրո Ջորջիա» ընկերությունը։ Այն կտրականապես հերքում է այս վարկածն՝ ընդգծելով, որ Կազբեգիում էլեկտրահաղորդակցման լարերը վնասված չեն և անխափան աշխատում են։