Վրաստանը փոխում է օկուպացված տարածքների հանդեպ մոտեցումը
Ի՞նչ է տեղի ունենում
Վրաստանի նորընտիր խորհրդարանը պլանավորում է փոփոխություններ մտցնել «Օկուպացված տարածքների մասին» օրենքում: Պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական կոմիտեն արդեն նման որոշում է ընդունել: Այժմ հարցը քննարկվելու է խորհրդարանական նստաշրջանում:
Փոփոխությունների նախաձեռնողը «Վրացական երազանք» իշխանական կուսակցությունն է: Այն խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունի: Դա նշանակում է, որ առանց որևէ խնդրի կարող է ընդունել կամ փոփոխել ցանկացած օրենք:
Ծանոթացեք, թե ինչն է փոփոխվում «Օկուպացված տարածքների մասին» օրենքում, և ինչու է ընդդիմությունը դեմ արտահայտվում այդ փոփոխություններին:
Ի՞նչ է իրենից ներկայացնում «Օկուպացված տարածքների մասին» օրենքը
«Օկուպացված տարածքների մասին» օրենքը Վրաստանի իշխանություններն ընդունել են 2008թ-ի օգոստոսյան պատերազմից հետո:
Օրենքով նշվում է Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքների արդարացի դրությունը, այսինքն, դրանում գրանցված է, որ այդ տարածքներն օկուպացված են Ռուսաստանի Դաշնության կողմից:
Օրենքում նաև սահմանում կա, թե ինչպիսին պետք է լինի քաղաքակիրթ աշխարհի վերաբերմունքն այդ տարածաշրջաններին, որտեղ չի գործում Վրաստանի իրավազորությունը: Թե ինչպես մուտք գործել այդ տարածաշրջաններ, ինչպես պետք է վարվի տնտեսական գործունեությունը և այլն:
Օրենքի համաձայն, նշված տարածքներ մուտք գործելն, ինչպես նաև ցանկացած տնտեսական գործունեություն պետք է տեղի ունենա վրացական իշխանությունների համաձայնությամբ:
Առանց օրենք խախտելու այդ տարածքներ մուտք գործել կարելի է միայն Թբիլիսիի վերահսկողության տակ գտնվող շրջաններով. Աբխազիա՝ Զուգդիդիից, Հարավային Օսիա՝ Գորիից: Հետևաբար, Ռուսաստանի կողմից (Սոչի, Ռոքի թունել) այդ տարածքներ մտնողները խախտում են Վրաստանի օրենսդրությունը: Դա նշանակում է, որ եթե հետագայում խախտողը հայտնվի այն տարածքում, որտեղ գործում է Թբիլիսիի ենթադատությունը, նրա դեմ քրեական գործ է հարուցվելու՝ հնարավոր 2-4 տարի ազատազրկման հեռանկարով և տուգանքով, սահմանի ևս մեկ ապօրինի խախտումը կարող է 3-5 տարվա ազատազրկման դատապարտել խախտողին:
Աբխազիայում և Հարավային Օսիայում ապօրինի տնտեսական գործունեությունն իրավաբանական և ֆիզիկական անձի համար նախատեսված խոշոր տուգանքով է պատժվում և Վրաստանի տարածքում ձեռնարկատիրությամբ զբաղվելու արգելքով: Ընդ որում, այդ տարածքներում կնքած ցանկացած գործարք անվավեր է համարվում; արգելված է ցանկացած անշարժ գույքի առքուվաճառք; արգելված են ցանկացած ներդրումներ և ցանկացած տնտեսական ակտիվություն առանց կենտրոնական իշխանությունների հետ համաձայնեցնելու; կարգավորվում են քաղաքացիության ապօրինի տրամադրման և վերաբնակեցման դեպքերը:
Օրենքը չի տարածվում հումանիտար հարցերով միջազգային առաքելությունների վրա, չնայած որ ենթադրում է, որ նրանք պարտավոր են նախապես և պոստֆակտում վրացական կողմին տեղյակ պահել իրենց այցի մասին:
Ի՞նչն են պատրաստվում փոխել
Լրամշակումների համաձայն՝ առանց վրացական իշխանությունների թույլտվության և համաձայնեցման օկուպացված տարածքներ ինքնակամ մուտք գործելը քրեապես պատժելի հանցագործություն չի համարվելու: 2-4 տարվա ազատազրկման փոխարեն խախտողը պետք է ընդամենը 400 լարի վարչական տուգանք մուծի: Կրկնակի խախտումը կրկնակի տուգանք է ենթադրում:
Ինչո՞ւ են փոխում օրենքը: Գլխավոր փաստարկները
1. Միջազգային պարտավորություններ:
Որպես փոփոխություններ մտցնելու գլխավոր պատճառ իշխանությունները նշում են միջազգային կազմակերպությունների կողմից ճնշումը: Իշխանությունների ներկայացուցիչների խոսքով, հենց միջազգային գործընկերներն են խնդրում փոխել օրենքը: «Վրաստանին բազմիցս քննադատել են և անգամ պաժամիջոցներ են մտցվել այդ օրենքում փոփոխություններ չկատարելու պատճառով: Վրաստանի հանդեպ 2 տարով պատժամիջոցներ են կիրառվել, և երկու տարվա ընթացքում Վրաստանում ոչ մի միջազգային համաժողով և Եվրամիության հովանու ներքո միջոցառում չի անցկացվել» (Էկա Բեսելիա, իրավական հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ):
2. Անհրաժեշտ է վերականգնել մարդկանց միջև վստահությունը:
«Տարածքները պետք է միավորել: Չի կարելի մոռանալ, որ այդ տարածքներում մարդիկ են ապրում, և առաջին հերթին, այդ մարդկանց պետք է վերադարձնել և նրանց հետ հարաբերույթունները վերականգնել» (արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանի)
3. Ռեպրեսիաներն ու քրեական հետապնդումները չպետք է ինքնանպատակ լինեն:
Որո՞նք են փոփոխություններ մտցնելուն դեմ արտահայտվողների փաստարկները
1. Միջազգային լծակ:
Ընդդիմությունը կարծում է, որ «Օկուպացված տարածքների մասին» օրենքը լավ լծակ է միջազգային հանրության ուշադրությունը գրավելու համար, և դրանից հրաժարվելը կհարվածի Վրաստանի պետական շահերին:
2. Ազդեցությունն օկուպացված տարածքների վրա:
Այս օրենքը նաև Թբիլիսիի միակ հնարավորությունն է գոնե այս տեսքով տարածելու իր իրավազորությունը Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների վրա:
3. Միջազգային կազմակերպությունները չեն պահանջում և չեն խնդրում փոխել օրենքը: Ընդդիմությունը պնդում է, որ Եվրամիության ոչ մի ֆորմալ պահանջում տվյալ օրենքի ազատականացման անհրաժեշտության մասին հիշատակում չկա, հետևաբար, իշխանությունները ստում են՝ հայտարարելով, որ միջազգային կազմակերպություններն են պահանջում փոփոխել օրենքը: Իրոք, Եվրամիության ոչ մի փաստաթղթում նման պահանջ չկա, և երբ մենք իշխանություններին խնդրեցինք Եվրամիության այդպիսի մի պահանջ ցույց տալ, նրանք չկարողացան դա անել:
4. Ռուսաստանի ջրաղացին ջուր է լցնում: Ընդդիմության կարծիքով, «Օկուպացված տարածքների մասին» օրենքը փոփոխելով՝ Վրաստանի իշխանությունները գործում են՝ Ռուսաստանի շահերից ելնելով, քանի որ հենց Ռուսաստանն է պայքարում այդ օրենքի և «օկուպացիա» տերմինի դեմ:
Արդյո՞ք այդ օրենքն այսօր իրոք աշխատում է
Հավանաբար՝ ոչ միշտ: 2013թ-ի հոկտեմբերին Թբիլիսիում էր գտնվում ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն: Երեկոյան նա արդեն մեկնեց Բաքու, իսկ դրանից առաջ «սելֆի» արեց օդանավակայանի աշխատակիցների հետ, ճաշեց քաղաքի կենտրոնում գտնվող «Հացի տանը», հետո մեկնեց հարևան երկիր: Եթե Վրաստանի իշխանություններն ըստ օրենքի գործեին, ապա ֆրանսիացի դերասանը պետք է օդանավակայանում կալանավորվեր իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից: Բանն այն է, որ նույն տարվա հուլիսին Դեպարդիեն, որը մինչ այդ արդեն հասցրել էր ռուսական քաղաքացիություն ձեռք բերել և տեղափոխվել Մոսկվա, Աբխազիայում էր: Նա սահմանը հատել էր Ռուսաստանի կողմից, ինչով էլ խախտել էր Վրաստանի օրենսդրությունը, իսկ վրացական իշխանությունները ոչինչ այդ մասին չգիտեին:
Ո՞վ է ձերբակալվել այդ օրենքի խախտման հետևանքով
Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքում տեղաշարժվելու համար պատասխանատվությունը Վրաստանի ՆԳՆ վրա է, քանի որ սահմանին վերահսկողություն է իրականացնում հենց այդ մարմինը: Հետևաբար, հենց այդ մարմնի պարտականությունն է Աբխազիայում և Հարավային Օսիայում ապօրինի գտնվողներին հայտնաբերելը, նրանց հանդեպ նախանշված պատժամիջոցներ կիրառելը, երբ նրանք հայտնվում են Թբիլիսիի իրավազորության տակ գտնվող տարածքում:
ՆԳՆ տվյալների համաձայն, որոնք հենց այդ գերատեսչությունն է տրամադրել JAMnews-ին, 2009թ-ին 88 նման խախատում է հայտնաբերվել, 2010-ին՝ 83, 2011-ին՝ 55, 2012թ-ին՝ 26, 2013-ին՝ 45, 2014-ին՝ 36, 2015-ին՝ 17, 2016թ-ի հունվար-օգոստոսին՝ 14 դեպք:
ՆԳՆ-ն չի հստակեցնում խախտողների անձերը, ինչպես նաև տեղեկատվություն չի տրամադրում այն մասին, թե որտեղ է այժմ խախտողը:
Նոյեմբերի 10-ին «Ռոստուրիզմը» հայտարարություն է տարածել, որում հաղորդվում է, որ 2015թ-ին Վրաստանում «Օկուպացված տարածքների մասին» օրենքի խախտման հետևանքով կալանավորվել է Ռուսաստանի 3 քաղաքացի, ևս մի քանիսը տուգանվել են:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ: