Վրաստանը Եվրամիությունից 500 միլիոն եվրո կստանա։ Արդյո՞ք դրանից է կախված ընդդիմության հետ համաձայնության կատարումը
Վրաստանը 500 միլիոն եվրո կստանա Եվրամիությունից և այլ միջազգային գործընկերներից՝ կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու համար, հայտարարել է Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրյուս Կուբիլյուսը` Եվրանեսթի Միջխորհրդարանական վեհաժողովում։ Դրան մասնակցում են Եվրախորհրդարանի և Արևելյան գործընկերության պետությունների պատգամավորները։
Նրա խոսքով՝ այդ օգնությունը ստանալու նախապայմանն այն պարտավորությունների կատարումն է, որոնք իր վրա է վերցրել վրացական կառավարությունը և որոնք կապված են ընտրական համակարգի և օրենքի գերակայության հետ։
Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարը Վրաստանի իշխող կուսակցությանը հիշեցրել է ընտրական բարեփոխման մասին մարտի 8–ին ընդդիմության հետ ձեռք բերված համաձայնության մասին, որը մեծ վեճեր է առաջացրել վերջին օրերին։
Կուբիլյուսն իր հայտարարությունը Թվիթերում է հրապարակել։
«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ավելի քան 500 մլն եվրո հսկայական աջակցության վրա, որը ԵՄ–ն ու նրա միջազգային գործընկերները տրամադրում են Վրաստանին, որպեսզի այն կարողանա բարեփոխումներ իրականացնել, պայքարել COVID -19–ի համավարակի և դրա սոցիալական ու տնտեսական հետևանքների դեմ», — գրել է Կուբիլյուսը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունն ընդհանուր 3 մլրդ եվրո կտրամադրի ԵՄ բոլոր հարևաններին։ Այս գումարից 962 միլիոնը կստանան Արևելյան գործընկերության անդամ պետությունները, ներառյալ՝ Վրաստանը։
«Այդ աջակցության առանցքային բաղկացուցիչը կապված է Վրաստանի պարտավորությունների հետ, հատկապես՝ օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, ընտրական բարեփոխման, տնտեսական կառավարման և թափանցիկության հետ», — գրել է Կուբիլյուսը։
Ըստ Եվրախորհրդարանի անդամի՝ հասցեական օգնությունից բացի Եվրամիությունը բանակցություններ է վարում միջազգային կազմակերպությունների հետ Վրաստանին տրամադրվող վարկերի ծավալների մեծացման համար։
Կուբիլյուսը նշել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը համաձայնել է Վրաստանին 345 մլն եվրո տրամադրել, որոնցից ավելի քան 280 միլիոնը տրամադրվելու է 2020 թ–ին։
Իր հայտարարության վերջում Անդրիաս Կուբիլյուսը ևս մեկ անգամ ընդգծել է կառավարության ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը․
«Մենք պետք է միասին աշխատենք վստահության մթնոլորտում, որպեսզի պաշտպանենք ժողովրդավարությունն ու մեր նպատակներին հասնենք։ Այդ վստահությունը կարելի է ամրապնդել՝ միայն կատարելով պարտավորություններն ու տրված խոստումներն, այդ թվում՝ 2020 թ–ի մարտի 8–ին ձեռք բերված պայմանավորվածությունները Վրաստանի բոլոր հիմնական քաղաքական կուսակցությունների հետ»։
2020 թ–ի մարտի 8–ին ստորագրված հուշագրի համաձայն՝ իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը համաձայնության են եկել, որ
- 2020 թ–ի հոկտեմբերին պլանավորված խորհրդարանական ընտրություններում, 150 պատգամավորներից 120–ն ընտրվելու է կուսակցական ցուցակներով, իսկ 30–ը՝ մեծամասնական համակարգով՝ միամանդատ ընտրատարածքներից;
- կուսակցությունների համար 5 տոկոսանոց ընտրական շեմը իջեցվելու է մինչև 1%;
- ներդրվելու է նաև կանոն այսպես կոչված 40-տոկոսանոց դաշինքի մասին, ինչը նշանակում է, որ 40 տոկոս ձայն չհավաքած կուսակցությունը չի կարող խորհրդարանում միակուսակցական մեծամասնություն ձևավորել։
Բացի այդ, ինչպես նշել են ընդդիմության ներկայացուցիչները, որոնք մասնակցում էին հանդիպմանը, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին։
Սակայն իշխանություններն ասում են, որ ընդդիմությունը ստում է, համաձայնագրում նման պայման չկա, քանի որ Վրաստանում քաղբանտարկյալներ չկան։