Վրաստանը այլևս «ժողովրդավարության փարոս» չէ
Արդեն հինգերորդ օրն է, ինչ Վրաստանից անհետացել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆգան Մուխթարլին, ով, ինչպես պարզ դարձավ, հայտնվել է Բաքվի բանտախցում: Գլխավոր հարցը մնում է անպատասխան. ինչպե՞ս է Թբիլիսիում անհետացած հայտնի լրագրողը հայտնվել Բաքվում, ինչպե՞ս է նա հատել պետական սահմանը առանց անձնագրի, որը մինչև հիմա գտնվում է Թբիլիսիում: Ո՞վ է կանգնած Մուխթարլիի՝ Թբիլիսիից անհետացման հետևում: Գիտե՞ին արդյոք այս մասին վրացական հատուկ ծառայությունները, արդյո՞ք նրանց գործողությունները համաձայնեցված էին ադրբեջանական կողմի հետ, թե՞ Մուխթարլիին Թբիլիսիից առևանգել են այնպես, որ դա անակնկալ էր դարձել վրաց իրավապահների համար:
Այս հարցերից և որևէ մեկը պատասխան չունի: Թբիլիսիում հնչեցված հայտարարությունները իրավիճակը չեն պարզում, հակառակը՝ ֆոբիաներ և կասկածներ են առաջացնում:
Ադրբեջանական կողմը պնդում է, որ Մուխթարլին ինքն է ապօրինաբար հատել սահմանը՝ իր մոտ ունենալով 10 հազար եվրո: Վրացական կողմը նույն բանն է կրկնում:
Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին երեկ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ խորհուրդ տվեց լրագրողներին ձեռնպահ մնալ վրացական պետական ինստիտուտները վարկաբեկող գնահատականներից, և միակողմանիորեն մեկնաբանել միջադեպը: Մգեբրիշվիլին լրագրողներին չներկայացրեց որևէ լրացուցիչ մանրամասն. ո՛չ սահմանին տեղադրված տեսախցիկի տեսագրությունները, ո՛չ այլ բան, որ կարող էր հստակություն մցնել Մուխթարլիի՝ սահմանը հատելու փաստում:
Ավելին՝ Մգեբրիշվիլին երեկ նպաստեց ևս մեկ կարևոր հարցի առաջացմանը. նախարարը նշեց, որ սահմանը, շրջանցելով սահմանապահներին, հատելու հավանականությունը փոքր է, սակայն կա: «Ստացվում է, որ Վրաստանի սահմանները պատշաճ կերպով պաշտպանվա՞ծ չեն», — հարց առաջացավ լրագրողների մոտ:
Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի մամուլի ասուլիսը իր բովանդակությամբ նախարարի ճեպազրույցի կրկնությունը դարձավ: Ըստ նրա՝ հասարակությունը պետք է ձեռնպահ մնա հապճեպ եզրակացություններ անելուց և հարկավոր է սպասել ադրբեջանական կողմի հետաքննության արդյունքներին:
Վրացի լրագրողները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարծում են, որ Մուխթարլիի գործը լուրջ նախադեպ է, որը վնաս է հասցնում երկրի հեղինակությանը: Վրաստանը, որը տարածաշրջանային լիդեր է համարվում մարդու իրավունքների պաշտպանության առումով, կարող է կորցնել այս դիրքը: Բացի այդ, Մուխթարլիի փաստաբանը մտադիր է հայտ ներկայացնել Ստրասբուրգի դատարան և՛ Ադրբեջանի, և՛ Վրաստանի իշխանությունների դեմ:
Վրաստանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի պատա՞նդ
Փորձագետները կարծում են, որ Մուխթարլիի գործում ամենից շատ տուժել է Վրաստանը: Լրագրողի գործը ամուր կապվեց Վրաստանի ապագայի և միջազգային հեղինակության հետ: Կա՛մ Վրաստանը պետք է հետաքննի, թե ինչպես է լրագրողը անհետացել Թբիլիսիից, և պատժի մեղավորներին, կա՛մ կներքաշվի իր ավտորիտար հարևանների խաղի մեջ:
Ադրբեջանն ու Թուրքիան այսօր Վրաստանի կարևորագույն հարևաններն ու գործընկերն են: Ադրբեջանական էներգետիկ ռեսուրսները Վրաստանի համար դարձել են այլընտրանք ռուսականին: Վրաստանին Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապում են նաև մի շարք այլ խոշոր էներգետիկ նախագծեր: Բացի այդ, Թուրքիան Վրաստանի ամենախոշոր առևտրային գործընկերներից մեկն է:
Թեև այսօր այս ռազմավարական գործընկերությունը, որը ազատել է Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից, Վրաստանի համար դառնում է վտանգավոր. Թուրքիայի և Ադրբեջանի ավտորիտար ռեժիմները փորձում են ներքաշել Վրաստանին իրենց քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարի մեջ: Իսկ Թբիլիսին այս փուլում չի կարող կամ ի զորու չէ դիմակայել այս տեսակի ճնշմանը:
Մուխթարլիի անհետացման հետ մեկտեղ Վրաստանը շուտով ևս մեկ թեսթ պետք է անցնի. Թուրքիան Թբիլիսիից պահանջում է արտահանձնել Դեմիրելի անվան վարժարանի կառավարիչ Մուստաֆա Էմրե Չաբուկին: Չաբուկը Վրաստանի իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել էր մայիսի վերջին թուրքական կողմի հարցմամբ: Անկարան վերջինիս համարում է Ֆետուլլահ Գյուլենի գաղափարակից և մեղադրում է վերջերս տեղի ունեցած ձախողված հեղաշրջման փորձի մեջ: Գյուլենի կողմնակիցներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետապնդում է ամբողջ աշխարհում և ոչ մեկ անգամ դիմել է եվրոպական երկրներին այս կամ այն անձի արտահանձման համար, բայց ամեն անգամ մերժում է ստացել: Սակայն կարո՞ղ է արդյոք Թբիլիսին հետևել եվրոպացիների օրինակին և մերժել Անկարային Չաբուկի արտահանձման հարցում:
Չաբուկի արտահանձումը թուրքական կողմին ծանր հարված կհասցնի Վրաստանի միջազգային իմիջին, քանի որ թուրք ուսուցչին հայրենիքում ոչ միայն խոշտանգումներ են սպառնում, այլ անգամ մահապատիժ:
«Մեր հարևանները Վրաստանի վրա ճնշում գործադրելու բազում լծակներ ունեն: Սակայն որքան շատ Վրաստանը զիջի, այնքան Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակը կմեծանա», — կարծում է Խաթունա Լագազիձեն:
Ըստ նրա՝ եթե Վրաստանը չսովորի կառուցել հարևանների հետ հավասար գործընկերային հարաբերություններ և պաշտպանել իր ինքնիշխանությունը, շանտաժին վերջ չի լինի. «Կգա օրը, երբ կպարզվի, որ մենք դարձել ենք Թուրքիայի զոհը, այնպիսին, ինչպիսին աժմ Ռուսաստանի համար ենք: Եվ ի՞նչ անել այդ դեպքում, վազե՞լ Ռուսաստանի մոտ: Վրաստանի փրկությունը Եվրոպայի և եվրոպական արժեքների մեջ է: Այլընտրանքային ճանապարհ չկա»: