Վլադիմիր Պուտինի ինչի՞ն է պետք Բելառուսն, ու ի՞նչ է պլան «Բ»–ն
«Ա» և «Բ» պլանները
Հունվարի 15–ին Վլադիմիր Պուտինը ցրել էր Ռուսաստանի կառավարությունն ու հայտարարել երկրի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին։
Հնարավոր է, որ դա պլան «Բ»–ն է, որը գործարկվելու է այն դեպքում, եթե չաշխատի պլան «Ա»–ն, պնդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով երկու աղբյուր Կրեմլում։
Իսկ պլան «Ա»–ն այն էր, որ Ռուսաստանն ու Բելառուսը միավորվեն և նոր պետություն ստեղծեն։
Նպատակ և մեթոդներ
Երկու պլանների նպատակը նույնն է՝ Վլադիմիր Պուտինի իշխանությունը պահպանել այն բանից հետո, երբ 2024 թ–ին լրանան նախագահի պաշտոնը զբաղեցնելու նրա բոլոր օրինական ժամկետները։
Ռուսաստանի և Բելառուսի միավորումն այդպիսի հնարավորություն էր տալիս։ Ֆորմալ առումով աշխարհի քարտեզի վրա նոր պետություն էր հայտնվում, որն ունենալու էր նոր սահմանադրություն, և ղեկավաներին կարելի կլիներ «զրոյից» ընտրել։
Սակայն այդ պլանը չաշխատեց․ կտրականապես դեմ հանդես եկավ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ կոլտնտեսության նախկին նախագահը, որը միանձնյա կառավարում է Բելառուսը ավելի քան 25 տարի։
Եվ այժմ նա վճարում է իր անզիջում լինելու համար․ ինտեգրումից հրաժարվելուց հետո Ռուսաստանը կտրուկ (20 տոկոսով) բարձրացրել է անմշակ նավթի գինը, որը մատակարարվում է Բելառուսի նավթամշակման գործարաններին։ Նավթի վերամշակումը բելառուսական տնտեսության կարևոր բաղկացուցիչ է։
Ինչո՞ւ էր ժամանել պետքարտուղար Պոմպեոն
Վլադիմիր Պուտինի վարած ագրեսիվ արտաքին քաղաքականության ֆոնին Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունները կարևոր աշխարհաքաղաքական թեմա են դարձել։
Փետրվարի սկզբին Մինսկ էր այցելել պետքարտուղար Պոմպեոն։ Դա վերջին 26 տարում նման մակարդակի ամերիկյան պաշտոնյայի առաջին այցն էր Բելառուս։
Մինսկում Պոմպեոն հայտարարել էր անմշակ նավթի Բելառուսի պահանջումնքն ամբողջությամբ ապահովելու ամերիկյան ընկերությունների պատրաստակամության մասին։
«Մենք հարաբերություններ ենք զարգացնում մեծագույն կայսրության, աշխարհի առաջատար երկրի հետ», — հայտարարել էր Լուկաշենկոն այդ այցից հետո։
«Երբեք»
Ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում Լուկաշենկոն ասել էր, որ Վլադիմիր Պուտինն իրեն առաջարկում էր գլխավորել Ռուսաստան–Բելառուս դաշնակցային պետության խորհրդարանը երկու երկրների միավորման դեպքում։ Սակայն ինքը մերժել է առաջարկը։
Այն հարցին, թե ինչպես է նա վերաբերվում Վլադիմիր Պուտինի իշխանության պահպանման պլաններին իր մասնակցությանը, Լուկաշենկոն ասել էր․
«Ինձ պետք չէ ոչ մի խորհրդարանական պաշտոն Ռուսաստանում, անգամ եթե ինձ այնտեղ տանեն ձեռնաշղթաներով։ Երբեք»։