«Վերջնանպատակը լիարժեք կարգավորումն է»․ կայացել է Ռուբինյան-Քըլըչ երկրորդ հանդիպումը
Փետրվարի 24-ին Վիեննայում կայացել է Ռուբինյան-Քըլըչ երկրորդ հանդիպումը։ Հայաստանի արտաքին գերատեսչությունն արդեն հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ՝ տեղեկացնելով, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են գործընթացն առանց նախապայմանների շարունակելու համաձայնությունը։
Հատուկ ներկայացուցիչների հանդիպման, Երևանի և Անկարայի ակնկալիքների մասին, ինչպես նաև գործընթացի գնահատականը Հայաստանի ընդդիմության կողմից և փորձագիտական կարծիք։
- Հայաստանը՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև․ ճիշտ ընտրության երաշխիքներ չկան
- Հայ-թուրքական կարգավորում․ կայացավ հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը
- Ստամբուլ-Երևան. «Տրանսպորտային և տնտեսական կապերը բացվում են»
ՀՀ արտգործնախարարության փոխանցմամբ՝ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը վերահաստատել են, որ բանակցությունների «վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն» է։
«Նրանք մտքեր են փոխանակել այդ կապակցությամբ համատեղ հնարավոր կոնկրետ քայլեր ձեռնարկելու շուրջ և վերահաստատել իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների», — ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
Սա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն էր։ Առաջինը կազմակերպվել էր հունվարի 14-ին, Ռուսաստանի մայրաքաղաքում։ Թեև պաշտոնական Անկարան մի քանի անգամ ակնարկել էր հաջորդ հանդիպումները Երևանում կամ Անկարայում անցկացնելու ցանկության մասին, բայց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաղորդեց, որ հայկական կողմի ցանկությամբ այս անգամ ևս հանդիպումը կկայանա երրորդ երկրում՝ Ավստրիայում։
Ռուբինյան-Քըլըչ առաջին հանդիպումից հետո Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները հանդես էին եկել նույնաբովանդակ հաղորդագրություններով՝ տեղեկացնելով, որ հանդիպումն ընթացել է դրական և կառուցողական մթնոլորտում, կողմերն էլ համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցություններն՝ առանց նախապայմանների։
Ի՞նչ ակնկալիքներ ունեին Երևանն ու Անկարան
Երկրորդ հանդիպումից պաշտոնական Երևանն ակնկալում էր «առարկայական քննարկումներ»՝ ուղղված Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։
Վիեննայի հանդիպումից ժամեր առաջ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Անկարան կարող է բացել սահմանն ու վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, եթե Երևանը «հավատարիմ մնա գործընթացը շարունակելու գաղափարին»։
Փետրվարի 9-ին Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ «Անկարայից եկող ազդակները, ուղերձներն ու ակնարկները առավելապես դրական կոնտեքստի մեջ են», ըստ այդմ՝ դրական են նաև հայկական կողմի ակնկալիքները։
Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրավիրված են մարտի 11-ից 13-ը Թուրքիայում՝ Անթալիայում անցկացվելիք դիվանագիտական ֆորումին։ Պաշտոնական Երևանը դեռ չի հրապարակել մասնակցության վերաբերյալ որոշում, սակայն հայտնել է, որ այդ որոշումը «մեծապես կախված է» Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման արդյունքներից։
«Վստահ ենք՝ ԵՄ-ն կաջակցի խաղաղության հաստատմանը»․ ԱԺ փոխնախագահ
Հատուկ ներկայացուցիչների հանդիպման օրը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն անդրադարձ է եղել նաև ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ժամանակ։
Հայաստանի ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ Թուրքիան կվերանայի 1993 թ․-ից ի վեր Հայաստանի նկատմամբ վարվող փակ սահմանների քաղաքականությունը: Արշակյանի խոսքով՝ Հայաստանը մշտապես պատրաստ է առողջ ու իրատեսական երկխոսության։
«Մենք պատրաստակամ ենք համագործակցության կամուրջներ ունենալ ինչպես հարևան երկրների, այնպես էլ տարբեր ձևաչափերում գործող միջազգային կազմակերպությունների հետ` ի նպաստ մեր երկրի զարգացման ու տարածաշրջանում խաղաղության ամրապնդման», — նշել է խորհրդարանի փոխնախագահն ու վստահություն հայտնել, որ Եվրոպական միությունը կաջակցի խաղաղության ու կայունության հաստատմանը։
«Նախապայմաններ կան»․ ընդդիմություն
Հայաստանի ընդդիմությունը չի ողջունում սկսված գործընթացը։ Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները վստահ են՝ գործընթացում կան նախապայմաններ։
ԱԺ փոխնախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը կարծում է՝ կողմերը փաստաթուղթ են քննարկում, հակառակ դեպքում՝ պարզ չէ, թե ինչի շուրջ են ընթանում Ռուբինյան-Քըլըչ բանակցությունները, քանի որ դրանք, ըստ նրա, արվում են ընթացակարգից դուրս։
«Եթե իրենք շարունակում են բանակցությունները, դա նշանակում է՝ քննարկում են հայ-թուրքական հաշտեցման փաստաթուղթ, որտեղ ոտնահարված են լինելու մեր բոլոր շահերը ու, ըստ էության, հրապարակային կամ գաղտնի կերպով արտացոլված են լինելու Թուրքիայի և Ադրբեջանի պայմանները», — ընդգծում է պատգամավորը։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը դժվարանում է մեկնաբանել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացը։ Ասում է՝ ինֆորմացիան սուղ է, հստակ տեղեկություններ չկան։ Մյուս կողմից նկատում է՝ նմանատիպ բանակցությունների բնույթն է այդպիսին։
«Բնականաբար, այդ տիպի բանակցությունները գաղտնի բնույթ են կրում։ Օրինակ՝ երբ Սերժ Սարգսյանը բանակցում էր պրոտոկոլների շուրջ, հայաստանյան հանրությունը տեղյակ չէր դրանց բովանդակությունից մինչև հրապարակման պահը, ինչը նորմալ է», — JAMnews-ի հետ զրույցում նշել է Գրիգորյանը։
Անդրադառնալով ընդդիմության պնդումներին, թե գործընթացը գաղտնի է պահվում՝ Գրիգորյանն ասել է, որ ընդդիմությունը փորձում է հարցը բերել ներքաղաքական դաշտ, ներքաղաքական պայքարի մեջ մտնել։
Քաղաքագետի գնահատմամբ՝ «լիարժեք կարգավորումն», ամենայն հավանականությամբ, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է։ Ինչ վերաբերում է «նախապայմաններին», ըստ նրա, այս պարագայում, երբ բանակցություններն արդեն ընթանում են, խոսք կարող է գնալ ոչ թե նախապայմանների, այլ պայմանների մասին․
«Պարզ չէ, թե այդ բանակցությունների ավելի բովանդակային մասում Թուրքիան ի՞նչ պահանջներ է դնելու սեղանին, հայկական կողմի կարմիր գծերը որո՞նք են»։
Տիգրան Գրիգորյանի համոզմամբ՝ գործընթացը շարունակելու՝ կողմերի պատրաստակամությունը խոսում է այն մասին, որ խոչընդոտ հանդիսացող լուրջ միջադեպեր չեն գրանցվել։